Ճանաչենք իսլամը (126)
Մուսուլմանների անկումն սկսվեց այն ժամանակ, երբ Ղուրանի ու մարգարեի գերդաստանի միջև տարածություն ընկավ ու ժողովրդի մոտ տարածվեց այն կրոնական մտածողությունն ու հայացքը, թե «Աստծո գիրքը մեզ բավարար է»: Այն որ մարգարեն Ղուրանն ու իր գերդաստանը որպես երկու արժեքավոր ավանդ դրել է իրար կողքի վկայում է այն մասին, որ դրանց երկուսի ընթացքը նույն ուղղությամբ ու նույն նպատակին հասնելու համար է, որոնցից մեկը երկնային օրենքն ու Աստծո խոսքը, իսկ մյուսը՝ դրա մեկնաբանները, գործադրողներն ու պաշտպաններն են:
«Ճանաչենք իսլամը» հաղորդաշարում շարունակելով իմամաթի թեման կանդրադառնանք իսլամի մարգարեի գերդաստանի զբաղեցրած դիրքին: Մարգարեի գերդաստանի միջոցով է սկիզբ առել Իմամաթի և մարգարեից հետո առաջնորդության լուսավոր ուղին:
Ինչպես ասացինք, արժեքավոր հեղինակություն՝ Իմամ Ալիի ու մարգարեի հարգարժան դստեր՝ Հազրաթ Ֆաթիմայի ամուսնությամբ պատմության ընթացքում եզակի ու օրինակելի ընտանիք է ձևավորվում: Այս գերդաստանում դաստիարակվել են այնպիսի մեծ մարդիկ, որոնք պատմության ընթացքում կարևոր իրադարձություններ են ծնունդ տվել: Նրանց վարքագիծը հիշեցնում է Աստծո մարգարեի ընթացքը: Քանի որ նրանք ամենամոտիկ անձնավորությունն են եղել մարգարեին ու շարունակ օգտվել են նրա իմաստնության ու գիտության անծայրածիր ծովից:
Մի քանի հաղորդումների ժամանակ անդրադարձանք Իմամ Ալիին: Արժեքավոր մի անձ, որ դարձավ իսլամի մեծ մարգարեի տեղակալն ու ժառանգորդը և Աստված այնպես կարգադրեց, որ իսլամի անաղարտ տնկին ոռոգվի ու գոյատևի Ալիի ու Ֆաթիմայի սերնդի միջոցով: Այդ պատճառով էլ մարգարեն տարբեր առիթներով մեծարել ու դրվատել է այս ընտանիքը:
«Ահզաբ» սուրայի 33-րդ այայում ակնարկ է կատարվում մարգարեի դիրքին: Աստված այս այայի մի բաժում ասում է. «Ահա Աստված ցանկանում է մեղքի գեշությունը հեռացնել ձեզանից ու ձեզ մաքուր ու անաղարտ դարձնել»:
Այս այայում անաղարտությունն ու գեշությունը կարող է մտքով, հավատքով, գործով ու բարոյականությամբ մեղավորության մեջ լինել: Հստակ է, որ այս այայում Աստված ոչ թե սովորական ու ընդհանրացած ձևով այլ յուրահատուկ միջոցով ցանկանում է այս գերդաստանը մեղքից անաղարտ դարձնել: Այդ պատճառով էլ այս այան հայտնի է դարձել «Թաթհիր» կամ «Մեղքից մաքրել» անունով: Իհարկե այստեղ «Թաթհիր»-ը մաքուր պահելու իմաստով է, ոչ թե նախկին մեղքերից մաքրելու, քանի որ նրանք միշտ մաքուր են ապրել ու երբևե մեղքով աղտոտված չեն եղել:
Հետևաբար այն ինչ նկատվում է այս այայում վեր է կանգնած սովորական ու ընդհանրացած փառաբանումից: Այս այան իրականության մեջ նկարագրում է մեծարժեք մարդկանց, որոնք հասել են մաքուր, անմեղության ու անաղարտության բարձր աստիճանի:
Հարց է ծագում թե այստեղ մարգարեի գերդաստանից ի՞նչ է հասկացվում: Ոմանք դա սահմանափակել են մարգարեի կանանցով: Նրանք հղում են կատարում այն կետին, որ այս այայից առաջ ու հետո եկած այաներում, այսինքն «Ահզաբ» սուրայի 28-ից 34-րդ այաներն ուղղված են մարգարեի կանանց և նրանց կապակցությամբ կարգադրություններ են կատարվել: Այս այայի սկիզբն էլ ակնարկում է մարգարեի կանանց: Սա պատճառ է դարձել, որ որոշ մեկնաբաններ մարգարեի կանանց դասեն նրա գերդաստանի շարքը: Ուսումնասիրելով «Թաթհիր» այան ու նաև դրանից առաջ ու հետո հայտնված այաները պարզ է դառնում, որ երբ Ղուրանն ակնարկում է մարգարեի կանանց օգտագործում է հոգնակի իգական դերանուն մինչդեռ «Թաթհիր» այայում դերանունները բոլորն էլ արական ու հոգնակի են: Հետևաբար այայում ուղղության այս փոփոխությունը նպատակ է հետապնդում և դա անտեղի չէ: Սա ինքնին վկայում է այն մասին, որ այան ցանկանում է այլ կետի ակնարկել և դա ուղղված է մարգարեի կանանցից բացի այլ խմբի:
Հետևաբար մարգարեի մեծ ընտանիքը չի կարելի նրա գերդաստանը համարել: Այլ միայն նրանք ովքեր օժտված են անմեղության յուրահատկությամբ մարգարեի գերդաստան են համարվում: Այնպես որ նույն կապակցությամբ մարգարեին վկայակոչելով ասված է. «Ես ու իմ գերդաստանը զերծ ենք մեղքից»:
Այստեղ հարց է ծագում, թե այդ այան ինչպես է հայտնվել մարգարեի կանանց վերաբերող այաների միջև և ներկայացնում է մի թեմա, որ մարգարեի կանանց չի առնչվում: Սա նման է նրան, որ խոսքի ընթացքում միջանկյալ մի այլ խոսք է ասվում ու ապա շարունակվում է նախկին թեման: Ղուրանի մեծ մեկնաբան Թաբարսին «Մաջմա-ալ-բայան» մեկնաբանության մեջ գրում է. «Դա առաջին անգամ չէ, որ Ղուրանում հանդիպում ենք այնպիսի այաների, որոնք եկել են իրար կողքի, սակայն տարբեր թեմաներ են ներկայացնում: Ղուրանում դրա օրինակները բազմաթիվ են»: Նա ասում է, որ արաբ գրողների ու հռետորների մոտ սովորություն է եղել սովորական խոսքերի արանքում նոր ու կարևոր խնդիրներ արծարծելը, որպեսզի դրա ազդեցությունն ավելի խիստ լինի:
«Ալ-Միզան» մեկնաբանության հեղինակ Ալամե Թաբաթաբային այն տեսակետն ունի, որ այայի այս բաժինը, որն ակնարկում է մարգարեի գերդաստանի անաղարտությանը, առանձին է հայտնվել, սակայն Ղուրանի այաների հավաքագրման ժամանակ տեղավորվել է մարգարեի կանանց վերաբերող այաների կողքին:
Իհարկե սա այլ պատճառ ևս ունի և դա այն որ Աստված մարգարեի կանանց կատարած տարբեր կարգադրությունների կողքին ցանկանում է նրանց հիշեցնել, որ դուք գտնվում եք մի ընտանիքում, որ որոշ անդամները զերծ են մեղքից: Բնականաբար նա ով նման մի ընտանիքում է հայտնվել առավել զգույշ պիտի լինի արարքների մասին:
Ինչպես ասվեց, այս այայում երբ խոսքը գնում է մարգարեի գերդաստանի մասին, դերանունները փոխվում ու արական հոգնակի են դառնում, որպեսզի պարզ դառնա, որ այայի նպատակը մարգարեի կանայք չեն: Բացի այս շիաների ու սունիների բազմաթիվ վկայություններում ասված է, որ այս այան վերաբերում է Ալիին, Ֆաֆեմեին, նրանց երկու որդիներին՝ Իմամ Հասանին ու Իմամ Հոսեյնին և չի վերաբերում մարգարեի կանանց, թեև նրանք էլ հարգանքի արժանի են:
Այդ վկայություններից մեկը Սաըլբին իր մեկնաբանության մեջ հիշատակել է հղում կատարելով մարգարեի կանանցից՝ Օմ-ե Սալամեին: Մարգարեն իր տանն էր, երբ Ֆաթիման նրա մոտ է բերում մի կտոր: Մարգարեն ասում է՝ կանչիր ամուսնուդ և երկու որդիներիդ՝ Հասանին ու Հոսեյնին: Նրանք ներկայանում ու միասին ճաշում են: Հետո մարգարեն նրանց ուսերին թիկնոց է գցում ու ասում է. «Տեր Աստած, սրանք իմ գերդաստանն են: Նրանց հեռու պահիր գեշությունից ու նրանց անաղարտ դարձրու ամեն տեսակ մեղքից»: Այդ պահին է հայտնվում այս այան: Օմ-ե Սալամեն հարցնում է. «Ով Աստծո մարգարե, արդյոք ես էլ ձեզ հետ եմ»: Մարգարեն ասում է. «Դու բարի ու մաքուր ես, բայց սրանց շարքը չես դասվում»:
«Թաթհիր» այան հայտնվելուց հետո մարգարեն ապացուցելու համար, որ իր գերդաստանը միայն սահմանափակվում է այդ քանիսով, առավոտյան աղոթքի պահին, երբ անցնելիս է լինում Հազրաթ Ֆաթիմայի տան մոտով, բարձրաձայն կանչում է. «Ով գերդաստանի անդամներ, աղոթքի պահն է: Աստված ցանկանում է ձեզ հեռացնել գեշությունից ու ձեզ անաղարտ դարձնել»: Այս հադիսը վկայել են Աբու Սաիդ Խեդրին ու բազմաթիվ այլ վկայողներ:
Մարգարեն մի առ ժամանակ, որը ոմանք 6-ից 9 ամիս են հիշատակել, ամեն օր Ֆաթիմայի տան մոտով անցնելիս կրկնում է նույն նախադասությունը, որպեսզի բոլորի համար հստակ դառնա, որ այս այան միայն այս քանիսի համար է հայտնվել ու այդ կապակցությամբ որևէ կասկած չմնա: Հատկապես նրանից հետո երբ մարգարեն հրահանգում է փակվեն դեպի մզկիթ բացվող բոլոր տների դռները, միակ տունը, որի դուռը բացվում էր մարգարեի մզկիթի կողմը Ֆաթիմայի տունն էր: Հետևաբար մզկիթ գնալիս շատերը լսում էին մարգարեի այդ արտահայտությունը:
Մագարեի հայտնի աջակիցներից՝ Աբու Սաիդ Խեդրիից բազմաթիվ վկայություններ գոյություն ունեն, որոնք հաստատում են, որ այս այան միայն հինգ հոգու համար է ուղարկվել: Իսլամի շատ մեծ շիա ու սունի հոգևորականներ այդ այան սահմանափակում են հիշյալ հինգ անձերով: Հաքեմ Հասքանին էլ «Շավահեդ-ալ-թանզիլ» գրքում, որն ի դեպ սունիների հայտնի աղբյուրներից է համարվում, այս այայի մասին ավելի քան 130 տարբեր վկայություններ է ներկայացրել, որոնք բոլորն էլ ընդգծում են, թե այս այան սահմանափակ մարդկանց է վերաբերում:
Ընդհանուր առմամբ կարելի է եզրակացնել, որ վավերական աղբյուրների ու վկայությունների համաձայն «Թաթհիր» այան մասնավոր կերպով վերաբերում է հինգ անձերի, որոնք են Աստծո մեծ մարգարեն, Ալին, Ֆաթիման, Հասանն ու Հոսեյնը: Այս վկայություններն այնքան շատ են, որ դրանց իսկության մասին որևէ կասկած չի մնում:
Այս այայի կապակցությամբ վերջին հիշեցումն այն է, որ դա հստակ կերպով ակնարկում է մարգարեի գերդաստանի անդամների անաղարտությանը: Մարգարեների ու իմամների անաղարտության մասին նախորդ հաղորդումների ժամանակ մանրամասն զրույց ունեցանք: Այստեղ կրկին պիտի ընդգծել, որ անաղարտությունը բարեպաշտության յուրահատուկ մի իրավիճակ է, որ Արարչի օգնությամբ ստեղծվում է մարգարեներ ու իմամների մոտ: Նրանք մեղք գործելու հնարավորություն ու ուժ ունենալով հանդերձ երբևե դա չեն կատարում: Նրանք նման են այն գիտուն բժշկին, որ թունավոր նյութի վտանգներից տեղյակ լինելով հրաժարվում է դա խմելուց: Այս կանխարգելումն իրականության մեջ այն վիճակն է, որը ծավալուն գիտության ու աչալրջության պատճառով բխում է անհատի միջից ու նրան հրաժարեցնում է մեղք գործելուց: Մարգարեի գերդաստանի անդամներն էլ կամք ու ուժ ունեն, սակայն մեղքի վնասաբեր հետևանքների մասին նրանց տեղեկացված լինելը պատճառ է դառնում, որ դրանից հեռու մնան: