Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (126)
Ներկայացնում ենք «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի հերթական թողարկումը: Այսօր կշարունակենք նախորդ շաբաթ սկսած Սեֆևյան շրջանի հայտնի բանաստեղծ՝Օրֆի Շիրազիի մասին մեր զրույցը: Բանաստեղծ, որ թեև նրա կարճատև կյանքը թույլ չտվեց ծաղկեն նրա երևակայության բողբոջները, սակայն իր ապրած կարճ տարիների ընթացքում էլ կարողացավ արժեքավոր բանաստեղծություններ գրել ու շատերին իր հետևորդը դարձնել: Նրան պարսից պոեզիայում հնդկական կամ Էսֆահանի ոճի հիմնադիրն են համարում:
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ լուսնային հիջրեթի 10-րդ դարի՝ փրկչական 16-րդ դարի հայտնի բանաստեղծ Մոհամմեդ Ջեմալլեդդին Օրֆի Շիրազին ծնվել է լուսնային հիջրեթի 963 թվականին՝ Շիրազում: Իր ծննդավայր քաղաքում գրականության, բժշկության, տրամաբանության, նկարչության ու գեղագրության դասեր է առնում: Օրֆին շատ երիտասարդ տարիքից սկսել է բանաստեղծել ու շատ կարճ ժամանակում դարձել է ժամանակի հայտնի բանաստեղծներից մեկը: 26 տարեկան հասակում գաղթում է Հնդկաստան և Ֆեյզի Դաքանիի միջոցով մուտք է գործում Հնդկաստանի Թեյմուրյանների արքունիքը: Նա Հնդկաստանի թագավոր Աքբար Շահի արքունիքում առաջադիմելով բարձր դիրք է զբաղեցնում: Օրֆին լուսնային հիջրեթի 999 թվականին, երբ ընդամենը 36 տարեկան էր վախճանվում է: Նրան նախ հողին են հանձնում Լահուրում, իսկ 30 տարի անց վերահուղարկավորում են Նաջաֆում:
Շատ բանասերների ու պոեզիայի մասնագետների համոզմամբ Օրֆին լուսնային հիջրեթի 10-րդ դարում կասիդայի անվիճելի վարպետ է համարվում: Օրֆիից 14 հազար երկտողերով բանաստեղծությունների դիվան է հիշատակ մնացել և այդ բանաստեղծությունները հիմք ընդունելով շատ գրաքննադատներ նրան համարում են Օրֆիից հետո բանաստեղծների ու գրողների ուշադրության կենտրոնում հայտնված հնդկական ոճի վարպետն ու առաջատարներից մեկը: Պիտի հիշեցնենք, որ լուսնային հիջրեթի 11-րդ և 12-րդ դարերում պարսից պոեզիայում նոր ոճ առաջացավ, ինչը որոշ վերապահումներով հայտնի դարձավ Հնդկական ոճ անունով:
Լուսնային 12-րդ դարի բանաստեղծ Վալե Դաղեստանիի համոզմամբ Օրֆիի բանաստեղծական ոճը նրա ապրած տարիներին ու նույնիսկ մինչև նրա Հնդկաստան գաղթելն արդեն հատել էր նրա ծննդավայր Շիրազի սահմանները և ասվում է, թե նրա գաղթից հետո էլ Հնդկաստանի բանաստեղծների հավաքներին ջերմություն էին պարգևում նրա բանաստեղծությունները:
Օրֆին իրեն համարել է լուսնային հիջրեթի 6-րդ դարում պարսից պոեզիայի կասիդա հորինող հայտնի բանաստեղծ Խաղանիի հետևորդը: Օրֆին իր կասիդաներում հետևել է այդ մեծ բանաստեղծին: Ժամանակակից բանասեր և Իրանի գրականության պատմության հեղինակ Զաբիոլլահ Սաֆայի ընդգծմամբ Օրֆին մի քանի պատճառներով հայտնի է կասիդայի բնագավառում: Նախ այն որ Օրֆին օժտված է եղել իրեն նախորդած վարպետների ոճին հետևելու ընդունակությամբ: Հետո այն որ Օրֆին սահուն և պաճուճանքից հեռու, սակայն նուրբ ու նոր թեմաներ շոշափող խոսք հորինելու արտակարգ կարողություն է ունեցել և նրա բանաստեղծության հենց այդ յուրահատկությունն էլ հետագային օրինակ է ծառայել այլ բանաստեղծների համար: Օրֆիի կասիդաների վայելած հռչակի երրորդ պատճառը բանաստեղծության մեջ գիտական գաղափարների ու ճշգրիտ կետերի զետեղումն է: Այդուհանդերձ չնայած կասիդայի բնագավառում վարպետության, Օրֆին ինքն իրեն գազել գրող է համարում ու գազելը գերադասում է կասիդային:
Կասիդան կրքերին հետևողների գործն է, Օրֆի,
Դու սիրահար ես, քո առաքելությունը գազելն է:
Օրֆին իր կարճ կյանքի ընթացքում կարողացավ Բաբա Ֆեղանի Շիրազիի պոեզիան միացնել հնդկական ոճին: Լուսային 10-րդ դարի առաջին կեսի ապրած Բաբա Ֆեղանին հրաժարվել էր իր ժամանակաշրջանում տարածված պաճուճանքներով լեցուն կասիդայից և կարողացավ հուզմունքով ու քնարական զգացմունքներով լեցուն բանաստեղծություններ հորինել: Զաբիոլլահ Սաֆայի համոզմամբ Բաբա Ֆեղանիի ոճն իր ժամանակներում կողմ ու դեմ երկու տեսակետների հանդիպեց: Ոմանք հավանելով նրա ոճը նրա տվել էին Փոքրիկ Հաֆեզ կոչումը, իսկ մյուս խումբը նրա ոճին դեմ լինելով ծաղրում էին նրա բանաստեղծություններն ու ցանկացած թույլ բանաստեղծություն «Ֆեղանիանե» էին կոչում: Բաբա Ֆեղանի Շիրազին հրաժարվելով խոսքի պաճուճանքներից, օգտագործելով պարզ լեզու ու նաև բարձրացնելով բանաստեղծության զգացական չափերը հորինեց հուզող գազելներ՝ դառնալով հնդկական ոճի հիմնադիրը: Ժամանակակից բանասեր դոկտ. Սիրուս Շամիսայի համոզմամբ Օրֆի Շիրազիի պոեզիան լուսնային հիջրեթի 7-րդ դարում ապրած Սաադիի, 8-րդ դարում ապրած Հաֆեզի և 10-րդ դարում ապրած Բաբա Ֆեղանի Շիրազիի և Ահլի Շիրազիի պոեզիայի բաղադրության արդյունք է, որը ծնունդ է տալիս հնդկական ոճին՝ ազդելով հետագա տարիներին ապրած շատ բանաստեղծների, այդ թվում Թալեբ Ամոլիին, Հազին Լահիջիին ու Սաեբ Թաբրիզիին:
Պարսկերեն գազելը բանաստեղծի զգացական պահերի ու անձնական ապրումների արտահայտիչն է ու առավելապես սիրո, զգացմունքի ու երևակայության խառնուրդ է համարվում: Գազելը չի կարելի գերազանց գաղափարների ներկայացման կաղապար համարել, բացառությամբ Իրանի Սահմանադրության պայքարի շրջանը, երբ բանաստեղծները դա օգտագործեցին արտահայտելու համար իրենց քաղաքական ու հերոսական գաղափարները: Գազելը հիմնականում բանաստեղծի ներաշխարհի արտահայտման միջոց է: Այս կաղապարը սիրային արկածների, տարածված իմաստասիրության ու ծանոթ զգացմունքների գեղարվեստական նկարագրությունն է: Գրաքննադատ Դիփչեզը հավատացած է, որ գրական մի ստեղծագործության մեջ վերլուծության արդյունքում հանգում է մի տեսակ ճանաչողության ու մի տեսակ ընկալման ներկայացման եզակի միջոց է դառնում: Քննարկելով Օրֆի Շիրազիի բանաստեղծությունների դիվանը կարելի է ասել, որ նրա բանաստեղծությունները ներկայացնում են նրա յուրահատուկ ընկալումները: Նրա բանաստեղծությունը շրջապատի անձնական ընկալումն ու գեղարվեստական ճանաչողությունն է: Շամս Լանգռուդին Օրֆիի բանաստեղծությունը ժողովրդային իմաստասիրության հավաքածու է համարում, որը գիտակցաբար ու մտքի ուժի շնորհիվ ծնունդ է առել նրա բանաստեղծության մեջ: Օրֆին կրկնում է իր նախորդների թեմաները, սակայն դրանց մշակումը յուրահատուկ է: Նա իր բանաստեղծություններում օգտագործում է լեզվական, երաժշտական ու գրական յուրահատուկ հնարքներ: Օրֆի Շիրազին շարունակելով Բաբա Ֆեղանի Շիրազիի նման բանաստեղծների ոճը իր դիվանում ստեղծում է գազելի ու կասիդայի նոր ձևեր, իսկ նրան հաջորդած բանաստեղծները հետևելով նրա օրինակին կատարելագործում են հնդկական ոճը:
Թալեբ Ամոլին, Շեյխ Բահային, Նազիրի Նեյշաբուրին, Սաեբ Թաբրիզին, Զոհուրի Թարշիզին և Հազին Լահիջին այն բանաստեղծներից են, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով ազդվել են Օրֆի Շիրազիի գազելներից:
Շեյխ Բահային Սեֆևյան շրջանի կրոնական հակումներով գործիչներից է, ով իր ուսուցումներն ամփոփել է բանաստեղծություններում: Շեյխ Բահային իր հայտնի ստեղծագործության՝ «Քաշքուլ»-ի մեջ ազդված է Օրֆիից ու այդտեղ զտեղել է Օրֆիի մի քանի երկտողերն ու ռուբայինները:
Նազիրի Նեյշաբուրին էլ հնդկական ոճի առաջատար ու ճաշակի տեր բանաստեղծներից է, ով հետևել է Օրֆի Շիրազիին: Նազիրի Նեյշաբուրին ապրած ժամանակաշրջանի, իրադարձությունների, բանաստեղծական ոճի ու գովերգած անձանց տեսակետից շատ նմանություններ ունի Օրֆի Շիրազիին: Այս երկու բանաստեղծների միջև բանաստեղծական վիճարկումներ ու մրցակցություններ են տեղի ունեցել: Քանի որ երկուսն էլ ներբողներ են նվիրել Աբոլռահիմ Խան Խանանին, երբեմն մրցակցության կամ նախանձից ելնելով բանաստեղծական սանձարձակություններ են կատարել իրար դեմ: Գրաքննադատները գրական այս տեսակի վեճերը գրական առևտուր են համարել, որը դրական ազդեցություն գործելով գրաքննադատության ծաղկման պատճառ է դառնում: Քանի որ համոզված են այդ գրական վեճերը ինչ-որ տեսակետից պարունակում են այդ ժամանակաշրջանի բանաստեղծների միմյանց հանդեպ ունեցած քննադատական տեսակետները:
Հնդկական ոճի ամենահայտնի բանաստեղծներից Սաեբ Թաբրիզին բացահայտ կերպով ընդգծում է Օրֆիից կրած ազդեցությունը: Սաեբը Օրֆի Շիրազիի նման գազելներ հորինելով իր պարտականությունն է համարել հետևել Օրֆիի գրական ու գեղարվեստական ուղղությանը և հաստատել է լուսնային հիջրեթի 10-րդ և 11-րդ դարերի պոեզիայում Օրֆիի իշխանությունը: Օրֆիի բանաստեղծությունը դաջվելով ժամանակի բանաստեղծների ու ժողովրդի հիշողության մեջ մեծ տարածում է գտել: Սաեբ Թաբրիզիի բնութագրմամբ Օրֆիի բանաստեղծությունը հագեցել է կենաց աղբյուրից և հավերժացել է մարդկանց հիշողության մեջ: