Ողջույն բարեկամ - Դռները բացեք գարուն է գալիս
Դռները բացեք գարուն է գալիս
Ձմեռը հալվել, դարձել է առու,
Դարձել է առու, դարձել է վտակ,
Արաքսի հունով գնում է հեռու,
Գնում է դեպի ծովը անհատակ:
Հոգնած թևերը քսելով ամպին,
Կրծքին դեռ ճերմակ ծվենը նրա,
Արագիլն իջել Արաքսի ափին,
Հանգստանում է մի ոտքի վրա:
Աղբյուրներն ուրախ իրար են կանչում,
Իրար են փարվում հովերն արթնացած,
Ծաղկունքի բույր է հողն արտաշնչում,
Մեղուն քանդում է ակնամոմը թաց:
Մեղուն ուզում է դուրս գալ ու թռչել,
Խաղալ է ուզում արևի շողով,
Ուզում է իր նուրբ թևերը թրջել
Երազում տեսած ծաղկունքի ցողով:
Ողջ բնությունն է հրճվանքից լալիս,
Դռները բացեք, գարուն է գալիս:
Ծիծառներն անցնում փարախի կողքից
Եվ պատուհանի փեղկին են դիպչում,
Իսկ գառը ներսում արևի շողքից
Խրտնել, անկյունից անկյուն է թռչում:
Կանգնել է ներին փարախի դռան`
Հեռու լեռների երազն աչքերում,
Նեղվել է հովվի սիրտը անվարան`
Չորս պատերի մեջ էլ չի համբերում:
Լեռներն իրարու ողջույն են տալիս,
Դռները բացեք, գարուն է գալիս...