Մի գավաթ անդորր - Մարդկային հույզեր (1)
Մարդկային հույզերը հոգեբան ՝ Սոնա Մանուսյանի մասնակցությամբ Աղբյուր: boon.am
Հույզերի արտաքին արտահայտությունները դրսևորվում են դեմքի վրա, դեմքը գունատվում է կամ կարմրում։ Այդ այնքան ցայտուն է արտահայտում հոգեվիճակը, որ Հուլիոս Կեսարը, զինվոր ընտրելիս, առաջնորդվում էր հենց դրանով. վտանգի ժամանակ ում դեմքը կարմրում էր, նրան վերցնում էր, ումը գունատվում՝ մերժում էր։
Յուրաքանչյուր հույզ կամ հուզական վիճակ ունի երեք կողմ.
1. Հույզերի զուտ հոգեբանական, այսինքն այս կամ այն չափով գիտակցվող և ապրումների ձև ունեցող կողմ (ուրախություն, զայրույթ, վախ, հիասթափություն)։
2. Հույզերի ֆիզիոլոգիական կողմ։ Հուզական վիճակների ժամանակ մարդու էնդոկրին, շնչառական և այլ համակարգերում բարդ գործընթացներ են կատարվում։
3. Հույզերը դրսևորվում են մարդու դիմախաղում և այլ արտահայտիչ շարժումներում։
Հուզական վիճակների ֆիզիոլոգիական հիմքում մեծ է ուղեղի տարբեր բաժինների դերը։ Այսինքն մարդու կողմից զգացմունքների ապրումը կեղևի և ենթակեղևային կենտրոնների համատեղ աշխատանքի հետևանքն է։ Մեծ կիսագնդերի կեղևից ցած գտնվող ուղեղային բաժիններում տեղավորված են օրգանիզմի ֆիզիոլոգիական գործունեության տարբեր կենտրոններ՝ շնչառական, սրտանոթային, մարսողական, արտազատման և այլն։ Այդ պատճառով ենթակեղևային կենտրոնների գրգռումը առաջանում է մի շարք ներքին օրգանների բուռն գործունեություն։ Սրա հետևանքով հույզերը ուղեկցվում են հետևյալ փոփոխություններով՝ շնչառական ռիթմի, սրտի գործունեության, օրգանիզմի տարբեր մասերին արյան մատակարարման, արտազատման գեղձերի աշխատանքի խախտմամբ և այլն։
Գրգռումները գլխուղեղում նյարդային ենթագիտակցական զգացողություն է առաջացնում։ Ուղեղի փոխանցվող այդ զգացողությունը կարող է առաջացնել պահանջմունք, ինչպիսկ ՝ սնունդ ընդունելը։ երբ ենթակեղևն ընկալում է մոտիվները, դրանք դառնում են ցանկություններ։ Հույզերը դառնում են արարմունքների, խոսքային արտահայտությունների դրդիչներ, մեծացնում են մկանների և օրգանիզմի ուժերի լարումը։ Ուրախությունից մարդը պատրաստ է լեռներ շուռ տալ։ Կարեկցելով ընկերոջը՝ նա օգնության միջոցներ է փնտրում։ Գործուն հույզի դեպքում մարդու համար դժվար է լռելը, դժվար է ակտիվորեն չշարժվելը։ Այլ դեպքերում հույզերը բնորոշվում են պասիվությամբ կամ հայեցականությամբ, զգացմունքները թուլացնում են մարդուն։ Երբեմն, ուժեղ զգացում ունենալով, մարդը պարփակվում է իր մեջ, ինքնամփոփ է դառնում։ ամոթը վերածվում է միայն ներքնապես ապրվող խղճի թաքուն և տանջալից խայթոցների։
Մարդն իր առօրյա կյանքում ունենում է տխրության, ուրախության, հաճույքի և տհաճության պահեր։ Այսինքն մարդը շրջապատող առարկաների, երևույթների նկատմամբ արտահայտում է իր վերաբերմունքը։ Զգացմունքը այն ապրումն է, որ նա ունենում է այս կամ այն օբյեկտի նկատմամբ՝ կապված պահանջմունքների բավարարման հետ։ Պահանջմունքների բավարարումը կամ անհաջող ավարտը մարդու մեջ առաջացնում են համապատասխան ապրումներ՝ զգացմունքներ, որոնք և արտահայտվում են տարբեր տիպի հույզերում, այսինքն զգացմունքը կարող է իրագործվել տարբեր հույզերում։ Օրինակ՝ հայրենիքի նկատմամբ սիրո զգացմունքը կարող է ծնել բերկրանքի կամ թախիծի հույզեր։
Հույզերի դասակարգումը
Ա. Հիմնական կամ առաջնային հույզեր
Մարդկանց հույզերի աշխարհը շատ հարուստ է ու բազմազան։ Բայց ուսումնասիրությունները թույլ են տվել պարզել, որ հիմնական հույզերը մի քանիսն են, իսկ մյուսները ստացվում են դրանց խառնումից։
մարդու հիմնական հույզերն են՝ կանխազգացումը, հետաքրքրվածությունը, ուրախությունը, համակրանքը, վախը, զարմանքը, տխրությունը, զզվանքն ու զայրույթը։ Սրանք անհրաժեշտ են ինչպես անհատի, այնպես էլ տեսակի պահպանման համար։
Այդ հույզերից յուրաքանչյուրը, առաջ է բերում այնպիսի ակտիվություն, որը նշանակություն ունի կյանքի պահպանման համար։ Օրինակ՝ վախը կամ սարսափը պաշտպանական հուզական հակազդում է և անհատին հեռու է պահում վտանգներից։
Զայրույթն առաջ է բերում ավերիչ, ագրեսիվ վարք և վերացնում է օրգանիզմի պահանջմունքների բավարարման ճանապարհին հանդիպող արգելքները։ Մնացած հույզերը կամ ավելի բարդ են, կամ էլ թվարկված հույզերի ուժգնության տարբեր աստիճաններն են։ Ինչո՞ւ են սրանք կոչվում հիմնական կամ առաջնային։ Դրա պատճառն այն է, որ դրանք նախ մարդուն տրված են ժառանգականորեն և հոգեկանում ծագում են ինքնաբերաբար, այլ ոչ թե ուսուցման հետևանքով։ Երկրորդ՝ դրանցից յուրաքանչյուրը մարդուն մղում է այնպիսի գործողությունների, որոնք էական նշանակություն ունեն կյանքի պահպանման համար։
Միևնույն հույզը մարդու կյանքում տարբեր իրադրություններում ունենում է ուժգնության տարբեր աստիճաններ։ Դրանք տարբեր անուններ են կրում։ Օրինակ՝ վրդովմունքը, զայրույթը ու կատաղությունը միևնույն հույզի ուժգնության տարբեր աստիճաններն են։ Դրանք առաջ են գալիս, օրինակ, այն դեպքում, երբ մարդու գործունեության ճանապարհին արգելքներ են հանդիպում, կամ երբ նա իրեն այլ մարդկանց անարդար գործողությունների զոհի դերում է զգում։ Բայց թե հիշյալ հույզի երեք տարբերակներից որը կծագի մարդու մեջ, կախված է նրանից, թե ինչպիսի նշանակություն է նա տալիս իր նպատակին, ինչ ուժ ունի իր կրած վիրավորանքը և այլն։ Այստեղ պետք է նկատենք նաև, որ մեկ հույզից կարող են ծնվել նորերը։ Օրինակ՝ վիրավորանք կրելով՝ մարդիկ զայրանում են։
Միևնույն հույզի տարբեր աստիճաններ են նաև տագնապը, վախը և սարսափը։ Որքան ավելի ուժգին է հույզը, սովորաբար այնքան ավելի ակտիվ գործողությունների է մղում մարդուն։
Մարդիկ ունեն 10 հիմնական հույզեր, որոնք ամենայն հավանականությամբ ժառանգական պայմանավորվածություն ունեն։ Դրանք են՝ հետաքրքրություն-հուզմունք, ուրախություն, զարմանք, վիշտ-տառապանք, զայրույթ, զզվանք, արհամարհանք, սարսափ, ամոթ և մեղավորություն։
Բ. Երկրորդային հույզեր
Երկրորդային են կոչվում այն հույզերը, որոնք ծագում են առաջնային հույզերի հիման վրա, հաճախ նրանցից երկուսի ձուլման հետևանքով։ Օրինակ՝ ուրախության և համակրանքի հիման վրա կարող է սեր առաջ գալ, իսկ համակրանքի և վախի միացումը հանգեցնում է ենթակայության։ Ըստ այս տեսության ՝ լավատեսությունը կանխազգացման և ուրախության միացման արդյունքն է, իսկ զարմանքի և տխրության միացումից առաջանում է հուսախաբություն։ Զայրույթն ու զզվանքը միաձուլվելով հանգեցնում են արհամարհանքի։
Այսպիսով մենք տեսնում ենք, որ երկու կամ ավելի հույզերի միացումից կարող է ծագել այլ հույզ։ Բայց նման դեպքերում դժվար չէ նաև նկատել, որ այդ բարդ կազմավորումների մեջ կան իմացական գործողություններ և դրանց արդյունքներն են՝ մտապատկերներն և մտքերը։
Օրինակ երբ մենք զարմանալով և տխրելով հուսախաբություն ենք ապրում, մենք նաև գիտենք, թե ինչն է մեզ հուսախաբ արել։ Եվ հենց դա էլ նշանակում է, որ հույզերն ու իմացական գործընթացները մեր կյանքում անբաժան են և կազմում են մտահուզական բարդույթներ։ Հույզերն անբաժան են նաև շարժումներից :
Շարունակելի ...