Մի գավաթ անդորր - Մարդկային հույզեր (2)
«Երկարժեք հույզեր» և «Ակտիվացնող և պասիվացնող հույզեր» Հոգեբան ՝ Սոնա Մանուսյանի մասնակցությամբ Աղբյուր: boon.am
Ա. Հիմնական կամ առաջնային հույզեր
Բ. Երկրորդային հույզեր
Գ. Երկարժեք հույզեր
Որակական առումով հույզերը լինում են հաճելի և տհաճ։ Որոշ հուզական վիճակներ մեզ հաճույք են պատճառում, այլ հուզական վիճակներ մեզ համար տհաճ են, և մենք կցանկանայինք որքան հնարավոր է արագ ազատվել դրանցից։ Օրիանկ եթե որևէ երևույթ մեզ զզվանք է պատճառում, ապա ձգտում ենք հեռանալ նրանից և վերացնել մեր մեջ առաջ եկած այդ տհաճ հույզը կամ գոնե մեղմացնել այն։
Ընկալվող հարցի իրական կամ թվացյալ, վերագրվող հատկություններն են մեր մեջ ծնում այս կամ այն հույզը։ Իսկ երբ դրանք կրկնվում են, ապա կարող են կայուն զգացմունքներ, այսինքն՝ հուզական դիրքորոշումներ դառնալ։
Բայց կյանքի փորձ ձեռք բերելու ընթացքում կարելի է առանց դժվարության նկատել, որ շատ քիչ են այն մարդիկ, առարկաներն ու երևույթները, որոնք մեր մեջ առաջ են բերում միայն մեկ տեսակի, միանշանակ հույզեր։ Դա նշանակում է, որ շատ քիչ են զուտ տհաճ և զուտ հաճելի երևությները։ Որպես կանոն, շատ երևույթներ, ունենալով բազմաթիվ հատկություններ, ինչ-որ առումներով մեզ դուր են գալիս, հաճելի են, իսկ այլ առումներով՝ տհաճ և անցանկալի։ Ահա այսպիսի փաստերից ելնելով էլ հոգեբանները եզրակացրել են, որ բացի զուտ հաճելի և զուտ տհաճ հույզերից կան նաև երկարժեք կամ, ինչպես ընդունված է ասել հոգեբանության մեջ, ամբիվալենտ կամ հակասական հույզեր։ Դա նշանակում է, որ որևէ օբյեկտ ընկալելիս մենք ապրում ենք բարդ հուզական վիճակ, որի մեջ միաձուլված են և´ հաճելին, և´ տհաճը։
Երկարժեք կամ նույնիսկ բազմարժեք հույզերն առաջանում են երկու խումբ պատճառների հիման վրա։ Առաջինը մեր պահանջմունքներն են, այն կարիքները, որ ունենք և ցանկանում ենք բավարարել, իսկ երկրորդը այն առարկաներն են, վիճակներն ու ընդհանրապես նրանք , որոնք մենք ցանկանում ենք տիրել։ Դրանք մեր նպատակներն են։
Հույզի երկարժեքությունը պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ մարդու մեջ սովորաբար միաժամանակ ակտիվանում են մեկից ավելի դրդապատճառներ։ Երբ մենք բավարարում ենք դրանցից մեկը, ապա մյուսը ճնշվում է։ Ահա թե ինչու տհաճություն ենք զգում։ Երբ մենք որևէ նպատակ ենք ընտրում, որի միջոցով կարող ենք բավարարել մեր պահանջմունքը, ապա գոնե ժամանակավորապես հրաժարվում ենք այլ նպատակներից, իսկ դա միշտ տհաճ է։
Բացի այդ չկա այնպիսի կատարյալ օբյեկտ, որն իր մեջ ունենա միայն մեզ համար հաճելի հատկություններ։ Հետևաբար, ամեն մի օբյեկտ, որն ընտրում ենք որպես նպատակ, և´ հաճելի է, և´ տհաճ։
Դ. Ակտիվացնող և պասիվացնող հույզեր
Ինչպես հասկացանք, տարբեր հույզեր տարբեր կերպ են ազդում մարդու վարքի վրա, նրանում տարբեր փոփոխություններ են առաջ բերում։ Այս չափանիշից ելնելով՝ հոգեբաններն առանձնացրել են մարդկային հույզերի ևս երկու տեսակ՝ ակտիվացնող և պասիվացնող։
Ակտիվացնող հույզերը գիտական գրականության մեջ կոչվում են ստենիկ հույզեր (հունարեն sthenos – ուժ բառից)։ Իսկապես, կան հույզեր ոււ հուզական վիճակներ, որոնց ընթացքում մարդն իրեն ավելի ուժեղ ու ճարպիկ է զգում և իր գործողություններում հենց այդպես էլ դրսևորում է իրեն։ Օրինակ՝ ուրախության ու զայրույթի հուզական վիճակը գրգռում է մարդուն, նա շատ գործունյա ու շարժուն է դառնում և մեծ քանակությամբ եռանդ է ծախսում։ Այդ հույզերի ազդեցության տակ մարդու մեջ կարծես եռանդի նոր աղբյուրներ բացված լինեն։
Ստենիկ հույզերի ազդեցության տակ մարդիկ երբեմն այնպիսի արդյունքներ ու նվաճումներ են ցույց տալիս, որոնք սովորական, հանգիստ հոգեվիճակում անհասանելի են։ Ոգեշնչվածությունը, օրինակ, անհավատալի արդյունքների է հանգեցնում, քանի որ նրա ազդեցության տակ շարժման մեջ են դրվում մարդու իմացական և ֆիզիկական կարողություններիի թաքուն պաշարները, որոնք սովորական հոգեվիճակում նրա համար մատչելի չեն։ Նույնանման արդյունքի կարող է հանգեցնել նաև վախը։ Օրինակ՝ վայրի գազանից սարսափահար փախչող մարդը կարող է կապկի ճարպկությամբ ծառը բարձրանալ կամ բարձր պատի վրայից թռչել ու փրկվել՝ զարմանալով, թե դա ինչպես կատարվեց։ Մարդու զարգացման ընթացքում ակտիվացնող հույզերը ծագել են որպես վտանգի պահին անհատի հոգեկան ու ֆիզիկական ուժերն ի մի բերելու, եռանդի պաշարներն ակտիվացնելու մեխանիզմներ։ Հասկանալի է, որ դրանք օգնել են վտանգավոր պայմաններում մարդկանց հարմարվելուն։ Իսկ եթե մարդիկ անընդմեջ բարձր ակտիվության վիճակում լինեն, ապա արագորեն կսպառեն իրենց ուժերն ու կծերանան։
Մարդուն պասիվացնող, թուլացնող ու անգործունյա դարձնող հույզերին գիտնականները տվել են աստենիկ հույզեր անունը (հունարեն ա մասնիկը, ժխտելով sthenos – ուժ բառը, դարձնում է թուլություն)։ Օրինակ՝ թախիծն ու վիշտը, անկասկած, աստենիկ հույզեր են։ Վիշտ ապրող մարդը կարող է անգործունյա դառնալ և նոր նպատակներ չունենալ: Նա իրեն հոգնած, ուժասպառ է զգում և կարող է նույնիսկ կյանքի իմաստի կորուստ ապրել։ Ոմանց մոտ այդ աստենիկ վիճակը կայունանում և համանուն նևրոզի տեսք է ընդունում։
Բայց արդեն նշվել է, որ հույզերի ակտիվացնող կամ պասիվացնող ազդեցությունը կախված է նաև նրանց ուժից, ինչպես նաև մարդու այնպիսի անհատական հատկություններից, ինչպիսին խառնվածքի գծերն են։ Ահա թե ինչու սարսափը՝ որպես վախի բարձրագույն արտահայտություն, կարող է կաշկանդել մարդու գործողությունները։ Մինչդեռ միջին ուժի վախը սովորաբար ակտիվացնում է մարդուն՝ ստիպելով դիմել ինքնապաշտպանական, հարամարվողական գործողությունների։
Մարդու հուզական ոլորտը նկարագրելու համար հոգեբանության մեջ բազմաթիվ եզրեր կան՝ հուզական վիճակներ, հույզեր, աֆեկտ, տրամադրություն, սթրես և այլն: Հույզերն, ընդհանուր առմամբ, կարելի է սահմանել որպես մարդու արձագանքն իրավիճակին՝ ապրումների ձևով: Հույզերը գիտակցված և հարաբերականորեն կարճատև արձագանք են համարվում: Հոգեբանության մեջ ընդունված է տարբերակել բազային հույզերը՝ զարմանք, զայրույթ, զզվանք, ուրախություն, տխրություն, վախ: Բազային հույզերը հիմք են կազմում բազմաթիվ այլ հուզական բարդ վիճակների համար: Ամեն բազային վիճակ ունի սեփական ֆիզիոլոգիական և դիմախաղային արտահայտումները, կոգնիտիվ տարրերը և այլն: Հույզերի ուսումնասիրությունը մտնում է նաև մշակութային հետազոտությունների դաշտ: Կարծիք կա, որ բազային հույզերն ունիվերսալ են և միաձև են արտահայտումների առումով, սակայն հետազոտություններ կան, որ ցույց են տալիս դրանց տարբերությունն ըստ մշակույթների:
Հույզերի ֆունկցիոնալիստական տեսությունը պնդում էր, որ հուզական ապրումը երկրորդական է, իսկ առաջնայինը ֆիզիոլոգիական ռեակցիաներն են: Էվոլյուցիոնիստական մոտեցումը հույզերը դիտում է կենսապահովման համար անհրաժեշտության տեսակետից: Հույզերի հասարակամշակութային տեսությունները պնդում են, որ հուզական էքսպրեսիան չի կարելի դիտարկել համապատասխան համատեքստից դուրս: Հույզերի կոգնիտիվ տեսությունը հույզը դասում է ճանաչողական գործողություններին: Մտքի և հույզի կապի և տարանջատումն առանձնահատուկ կարևորություն ունի թերապևտիկ գործընթացներում: