Մի գավաթ անդորր - Զգայության և ընկալման խանգարումներ
Հոգեբույժ ՝ Արամ Հովսեփյանի մասնակցությամբ Աղբյուր: boon.am
Ընկալումը այն գործընթացն է, որի միջոցով ձեռք է բերվում արտաքին միջավայրի մասին ինֆորմացիա: Եթե ինֆորմացիան աղավաղված է, մարդու վարքը դառնում է հիվանդագին, ապահարմարված:
Ընկալումը սկսվում է զգայությունից, որի հիման վրա կազմվում է ամբողջական ընկալումը:
Ընկալման խանգարումներն այն խանգարումներն են, երբ տեղի է ունենում զգայարաններից որևէ մեկի կողմից իրականության սխալ ընկալում՝ առանց այդ զգայարանի աշախատանքի խանգարման: Ընկալման խանգարումները տարբերում ենք ըստ զգայարանների՝ տեսողական, համի, հոտառության, շոշափողական, ինչպես նաև ներքին օրգանների և տարածքում կողմնորոշվելու հետ կապված:
Հիմնական երկու խանգարումները պատրանքները և ցնորքներն են: Ի՞նչ բան է պատրանքը.
Պատրանքը իրական երևույթների աղավաղված ընկալումն է: Այսինքն՝ կա որևէ երևույթ (տեսողական կամ լսողական), որը մարդու կողմից աղավաղված է ընկալվում: Օրինակ՝ եթե մտնում ենք սենյակ, պատից հագուստ է կախված, բայց հագուստի փոխարեն տեսնում ենք մարդ կամ որևէ կենդանի:
Ցնորքը այն ընկալման խանգարումն է, երբ տեղի է ունենում իրականում գոյություն չունեցող երևույթի ընկալում: Այսինքն՝ եթե նույն սենյակում ոչինչ կախված չէ, բայց մենք այնտեղ որևէ բան ենք տեսնում, ցնորքի հետ գործ ունենք:
Պարեյդոլիկ պատրանքի դեպքում ընկալման աղավաղումը դրսևորվում է գերբնական պատկերների ձևով, օրինակ՝ պատերի, խալիների վրայի նկարները կամ պատկերները սկսում են ձևափոխվել՝ ընդունելով տարօրինակ չափեր, զանազան գերբնական կերպարանքներ։ Օրինակ՝ շատ երեխաների մոտ պատահում է, երբ նրանք նայում են խալու վրայի նախշերին և այնտեղ տեղափոխվող, շարժվող ինչ-որ կենդանիներ են տեսնում: Սրանք ավելի ֆանտաստիկ բնույթի խաբկանքներ են:
Լսողական պատրանքները հիմնականում հիմնված են մարդկանց խոսքի վրա: Երբ մենք լսում ենք որևէ խոսակցություն, մենք այդ խոսակցության մեջ սկսում ենք լսել ինչ-որ հատվածներ, մեր անունը, մեզ վերաբերող ինչ-որ ակնարկներ, բառեր, որոնք մեկնաբանում ենք այնպես, ինչպես իրականում չէ:
Ցնորքները լինում են երկու տեսակ. իրական և կեղծ ցնորքներ.
Իրական ցնորքը հիվանդի համար բացարձակ իրականություն է, որը տեղակայված է արտաքին աշխարհում և ընկալվում է որպես իրականություն: Այսինքն՝ պատկերները նրա համար բացարձակ իրական են:
Կեղծ ցնորքը միջանկյալ տեղ է զբաղեցնում ընկալման և մտածողության խանգարման միջև: Կեղծ ցնորքը հիվանդի ներսում տեղակայված երևույթ է: Այսինքն՝ նա չի ասում՝ դրսից ձայն լսեցի, ասում է՝ իմ ներսից ձայներ են հնչում: Սա հիվանդի ներսում առաջացող երևույթ է:
Կեղծ ցնորքներն իրենց բովանդակությամբ բաժանվում են մի քանի մասի. Հրամայողական ցնորքները ամենավտանգավորներն են, որովհետև հիվանդին ուղղակի հրամաններ են տալիս: Օրինակ՝ «Գնա, քեզ պատուհանից դուրս նետիր». սա պսիխոզների ժամանակ ինքնասպանության դրդող հիմնական հրամայողական կեղծ ցնորքներից մեկն է:
Զգայության շեղումները լինում են քանակական և որակական: Քանակական շեղումները կապված են շեմի իջեցման կամ բարձրացման հետ:
Հիպոեսթեզիա - զգայության անբավարարվածություն: Ծայրահեղ դրսևորումը լրիվ անզգայացումն է` անեստեզիա (anestesia): այս վիճակը բնորոշ է հետևյալ հիվանդություններին` հիսթերիա, աֆեկտիվ վիճակ, գիտակցության խանգարում: Այս մարդիկ ունեն ամբողջովին առողջ ծայրամասային նյարդային համակարգ: կարող է դիտվել կարճ կամ երկար: մաշկային անեսթեզիան լինում է ինֆեկցիաներից, նաև տառապում են թմրամոլները:
Հիպերեսթեզիա (hyperestesia) – ասթենիա: Այս ժամանակ զգայական շեմը ցածր է: Այն բոլոր ազդակները միջին վիճակում մենք համարում ենք նորմալ, այս մարդկանց թվում են գերուժեղ: հիպերեսթեզիայի ժամանակ առաջին սիմպտոմը գրգռվածությունն է: Այսպիսի վիճակներ կարող է լինել ծանր ինֆեկցիաների ժամանակ: Հիպերեսթեզիայի երևույթը կարող է հասնել այնպիսի վիճակի, երբ նույնիսկ շորի կպնելը մարմնին հիվանդի համար տհաճ է:
Որակական փոփոխություններ` Պարեսթեզիաներ և սինեսթոպատիաներ.
Պարեսթեզիաների ժամանակ դիտվում են ոչ հաճելի զգայություններ մարմնի տարբեր մասերում: Այն կապված է նևրոլոգիական խանգարումների հետ` դիտվում են ծակծկոցներ, լարվածություն, այսինքն անբնական զգայություններ:
Սինեսթոպատիաների ժամամանակ զգայությունները չունեն կայուն տեղավորվածություն:Հիվանդը այդ ժամանակ դժգոհում է, որ ստամոքսի մեջ գտնվում է կենդանի, որը շարժվում է:
Ընկալման խանգարումները ըստ բովանդակության.
Արտահայտվում են պատրանքների և հալյուցինացիաների ձևով: Պատրանքը ունի ռեալ հիմք, հալյուցինացիան լիովին հնարված է, հոգեկան պաթոլոգիայի արդյունք է:
Սենսորային դեպրիվացիայի ժամանակ մարդու մոտ առաջանում են պատրանքներ: Պատրանքները դրանք աղավաղված ընկալումներն են, երբ սուբյեկտիվ ընկալումը չի համապատասխանում առարկայի օբյեկտիվ պատկերին: Պսիխոզների ժամանակ, երբ մարդը գտնվում է վախի , տագնապային սպասողական վիճակում նա լսում է և տեսնում է այն, ինչը համապատասխանում է իր տրամադրությանը: Սա կոչվում է աֆեկտիվ պատրանքներ: Կարող է լինել նաև մեկնաբանական պատրանքներ: Դրանք պաթոլոգիկ պատկերացումներն են և դատողությունները: Հիվանդը նայում է հայելու մեջ և տեսնում է գայլի դեմք: