Տնտեսական հանդես
Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է Իրանի անցած շաբաթվա տնտեսական կարևոր իրադարձությունների քննարկմանը: Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք լուրեր ու վերլուծություններ Իրանի տնտեսական կարևոր իրադարձությունների մասին:
Իրանի 12-րդ կառավարությունը շեշտը դնելով երկրի տնտեսական հարցերի վրա վստահության ձայն ստացավ իսլամական խորհրդարանից: Ժողովրդի պատգամավորները մեկ շաբաթ տևած կողմ ու դեմ ելույթներից ու քննարկումներից հետո բացառությամբ էներգետիկայի նախարարի իրենց վստահությունը հայտնեցին մյուս նախարարների հանդեպ: ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կիրակի օրը խորհրդարանի նիստում շնորհակալություն հայտնելով իր կառավարության 17 նախարարներին կողմ ու դեմ պատգամավորներից, ասաց. «Կառավարությունն ու խորհրդարանն իրենց ուսերին են կրում Իրանի մեծ ժողովրդի ակնկալիքների բեռը»:
Իրանի կառավարության գերակայություններից են համարվում տնտեսության հետ կապված հարցերը, ինչպես նաև ժողովրդի կենցաղն ու բարօրությունը: Դիմադրողական տնտեսության գլխավոր քաղաքականություններն Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդի կողմից փոխանցվելուց հետո դա դարձավ 11-րդ կառավարության մշակած քաղաքականությունների բնաբանը և 12-րդ կառավարությունն էլ նույն քաղաքականությունների հիմամբ է ձևավորվել: Վերջին մի քանի տարիների ընթացքում և ընթացիկ տարվա սկզբին հեղափոխության մեծապատիվ առաջնորդը պարզաբանել է դիմադրողական տնտեսության նպատակների իրագործման անհրաժեշտ ռազմավարությունը:
Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդն ընդգծելով այս հարցի նշանակությունը, իրանական 1396 թվականը «Դիմադրողական տնտեսություն՝ արտադրություն և զբաղվածություն» կոչեց: Այս տարի դիմադրողական տնտեսության գլխավոր նպատակը կենտրոնացած է արտադրության ու զբաղվածության տարրերի վրա:
Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդն ասում է. «Տնտեսական հարցերի հետ կապված մենք պետք է մեր բոլոր ջանքերը կենտրոնացնենք ներքին խնդիրների վրա: Այն առաջադիմությունն ու այն ելքն է արժեք ներկայացնում, որոնք հիմնված են մի ժողովրդի ներքին ուժի վրա: Մի ժողովուրդ եթե իր ուժի ,իր կարողությունների վրա հիմնված լինի, այլևս մի այլ երկրի զայրույթից, մի այլ երկրի շրջափակումներից չի ալեկոծվի: Մենք սա պիտի կարգավորենք»:
Անկասկած կառավարությունը ծանր պարտականություն է կրում իր ուսերի վրա և այս վստահության ձայնը ամուր հենարան է համարվում կառավարության համար, որպեսզի ներկա զգայուն պայմաններում երբ ճնշումներն ու շրջափակումները շարունակվում են, կարողանա ամրապնդել դիմադրողական տնտեսության հիմքերը: Խորհրդարանում կատարված քննարկումների ժամանակ ակնարկված զեկույցները վկայում են պետական այրերի հզոր ու թույլ կողմերի մասին: Այս զեկույցները վկայում են, որ ժողովրդի և մեծապատիվ առաջնորդի ակնկալիքների իրագործման համար դեռ երկար ճանապարհ պիտի կտրել:
-----------------------
Իրանի պետրոքիմիական արտադրանքների արտահանումը վերջին չորս ամիսների ընթացքում 7 միլիոն 188 հազար տոննայի հասավ, որի արժեքը ավելի քան 3 միլիարդ 496 միլիոն դոլար է գնահատվում:
Վիճակագրական տվյալներն ապացուցում են, որ Իրանի պետրոքիմիական արտադրանքների արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում 6 միլիոն 847 հազար տոննա է եղել, որի արժեքը գնահատվել է 3 միլիարդ 28 միլիոն դոլար: Իրանի պետրոքիմիական արտադրության տարողունակությունը մինչև 2018 թվականի մարտ ամսվա ավարտը վեց նախագծերի շահագործմամբ հասնելու է 72 միլիոն տոննայի, որի վաճառքից գոյացող գումարը կազմելու է 17 միլիարդ դոլար: Այս պահին Իրանի պետրոքիմիայի արդյունաբերության արտադրական տարողունակությունը 62 միլիոն տոննա է:
Այս պահին տարբեր արտասահմանյան ընկերություններ, այդ թվում ֆրանսիական «Թոթալ»-ը ձգտում են մասնակցություն ունենալ Իրանի պետրոքիմիայի արդյունաբերությանը և զբաղված են ներդրման ֆինանսական ու տեխնիկական կողմերի քննարկմամբ: Ֆրանսիական «Թոթալ»-ը նպատակ ունի շուրջ երկու միլիարդ դոլար ներդրում կատարել Իրանի հարավում գտնվող Ասալույեի պետրոքիմիայի նախագծերում: Ֆրանսիայի «Թոթալ» նավթային ընկերության միջազգային կոնսերցիումը Հարավային Փարսի 11-րդ բլոկի ընդլայնման համար անցած հուլիսի 3-ին Իրանի նավթի ազգային ընկերության հետ 4 միլիարդ 800 միլիոն դոլարի արժող պայմանագիր ստորագրեց:
Ֆրանսիական «Թոթալ» ընկերության գործադիր տնօրեն Փաթրիկ Փույանեն այս կապակցությամբ ասում է. «Իրանի Հարավային Փարս հանքավայրի 11-րդ բլոկի ընդլայնման նախագծին մասնակցությունը հանգեցնելու է առևտրական գրավիչ շրջանակի ստեղծման»:
Իրանում «Թոթալ» ընկերության ներկայացուցիչ Էռիկ Քենեն որոշ ժամանակ առաջ ՇԱՆԱ լրատվական գործակալության հետ զրույցում անդրադառնալով նավթի ու գազի ծավալուն ռեսուրսներին, ինչպես նաև Իրանում հմուտ ու կրթված մարդուժի ներկայությանը, ասաց. «Իրանը նավթի ու գազի ստորին բաժիններում զարգացման ընդունելի և մեծ տարողություններ ունի և Իրանն ընդունակ է վերածվելու տարածաշրջանում ու աշխարհում պետրոքիմիական արդյունաբերության խոշոր արտադրողներից մեկին»:
Անցած հուլիսին բրիտանական ընկերությունների ներկայությամբ Թեհրանում գումարվեց Իրանի նավթի, գազի ու պետրոքիմիայի բնագավառում արտաքին ներդրման ներգրավման նախնական նիստը:
Նիստը գումարվեց Լոնդոնում ներդրման միջազգային տարեկան նիստերի կազմակերպիչ բրիտանական «Exchange Frontier», «International Smith Adam» միջազգային խորհրդատվական ընկերությունների, ինչպես նաև իրանցի տնտեսական գործարարների մասնակցությամբ:
ԻԻՀ-ն 2017 թվականին ձգտում է պայմանագիր կնքել նավթային խոշոր ընկերությունների, այդ թվում Ռուսաստանի «Լուքօյլ»-ի, Դանիայի «Մաարեսկ»-ի և Ինդոնեզիայի «Փեթրամիայ»-ի հետ:
Վերջին 18 ամիսների ընթացքում Իրանը 10 միլիարդ դոլար արժողությամբ պետրոքիմիայի արդյունաբերության բնագավառում ուղղակի ներդրման համաձայնագիր է ստորագրել եվրոպական, ինչպես նաև արևելյան Ասիայի երկրների հետ: Այս պայմանագրերի խոշոր մասն ստորագրվել է Գերմանիայի, Բրիտանիայի, Ֆրանսիայի և Չինաստանի հետ:
---------------------------
Անցած հինգշաբթի օրը Իրանի ազատ առևտրի գոտիների համադրման խորհրդի քարտուղար Աքբար Թորքանի Երևան կատարած ուղևորության ընթացքում Իրանի ու Հայաստանի առևտրական ու հատկապես տնտեսական ազատ գոտիների միջև համագործակցության ընդլայնման ուղղությամբ մեծ քայլ վերցվեց:
Մեր հաղորդման վերջին բաժնում կանդրադառնանք այս թեմային:
Այս այցի շրջանակներում Աքբար Թորքանը և Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրման նախարար Սուրեն Կարայանն ստորագրեցին երկու երկրի առևտրի ազատ գոտիների և հատկապես Իրանում Արաքսի ազատ գոտու և Հայաստանում Մեղրիի ազատ գոտու միջև համագործակցության ընդլայնման մասին համաձայնագիրը:
Այս համաձայնագրի հիման վրա տնտեսական ու առևտրական հարաբերություններում նոր հնարավորություններ ստեղծվելուց բացի, նաև Մեղրիի ազատ գոտի գազ փոխադրելու, Իրանի կողմից էներգակիրների արտահանման, համատեղ գործարանների կառուցման և համատեղ ներդրման ենթահող է պատրաստվում:
Իրանն ու Հայաստանը շահագրգռված են ընդլայնել երկկողմ ու բազմակողմ հարաբերությունները: Այս դիտանկյունից հիշյալ համաձայնագիրը մեծ նշանակություն ունի: Անցած հուլիսին ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի ու առևտրի փոխնախարար Մոջթաբա Խոսրոթաջի մասնակցությամբ Երևանում գումարված Իրան-ԵԱՏՄ-Հայաստան տնտեսական նիստում քննարկվեցին տարբեր բնագավառներում համագործակցության ծավալներն ու նաև Թեհրանի և ԵԱՏՄ-ի միջև արտոնյալ սակագների մասին համաձայնագիրը:
Նիստի ընթացքում ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ընդգծելով, որ Իրանի հետ ԵԱՏՄ-ի արտոնյալ սակագների մասին համաձայնագիրը երեք տարով է և դա դրական ազդեցություն է գործելու միմյանց կարողություններին ծանոթանալու ուղղությամբ, ասաց. «Ձևավորված համագործակցությունը ոչ միայն որևէ մտահոգություն չի առաջացնում, այլև հարաբերությունների առավել ընդլայնման հող է նախապատրաստում»: Նա նաև անդրադառնալով տնտեսական համագործակցության բնագավառում ԵԱՏՄ-ի ու ԻԻՀ-ի կարողություններին ու հնարավորություններին ընդգծեց առևտրական հարաբերությունների մակարդակի բարձրացմանն ուղղված երկու կողմերի ջանքերի անհրաժեշտությունը և հույս հայտնեց, որ բանակցությունների այդ շրջանի ավարտին կստորագրվի արտոնյալ սակագների համաձայնագիրը:
Ակնկալվում է, որ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև արտոնյալ սակագների մասին համաձայնագիրը վերջնական դառնալով մոտ ապագայում երկու կողմերի միջև առևտրական հարաբերությունների ծավալն ուշագրավ չափերով մեծանա: Իրանն ու Հայաստանը երկկողմ ու տարածաշրջանային պոտենցիալներից օգտվելով նպատակ ունեն համատեղ ներդրման նոր հնարավորություններ ստեղծել:
Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ միակ երկիրն է, որ ԻԻՀ-ի հետ ցամաքային սահման ունի: Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ մյուս երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի ու Ղրղզստանի հետ առևտրական ազատ գոտու ստեղծման ուղղությամբ ծրագրավորումներ է կատարել: Իրանի հետ տնտեսական ու առևտրական ծավալուն համագործակցության ծրագրի մշակած ԵԱՏՄ-ն շուրջ 180 միլիոն բնակչություն ունի:
Իրանը ևս տարածաշրջանի 7 երկրների այդ թվում Հայաստանի հետ էլեկտրաէներգիայի փոխանակման ցանցի ստեղծման փորձ ու տարողություն ունի: Հայաստանն էլ հանքային և հատկապես պղնձի հանքի բնագավառում մեծ պոտենցիալ ունի: Իրանը մտադիր է օգտվելով Հայաստանի պղնձի քարից համատեղ արտադրություն կատարել: Այս հնարավորություններն իրենց ամբողջության մեջ համագործակցության ընդլայնման նպաստավոր հող են նախապատրաստում Իրանի ու Հայաստանի համար: