Սեպտեմբեր 26, 2017 17:29 Asia/Yerevan

Այս հաղորդման ընթացքում կշարունակենք մեր զրույցը իրանցի բանաստեղծ ու բառարանագիր հեղինակ Թաղիեդդին Օհադի Բալիանիի գլխավոր ստեղծագործությունը համարվող «Արաֆաթ-ալ-Աշեղին» վերտառությամբ գրքի մասին:

Ողջույն թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք իրանցի պանծալի դեմքերի ծանոթացմանը նվիրված մեր զրուցաշարի հերթական համարը: Այս հաղորդման ընթացքում կշարունակենք նախորդ շաբաթներում սկսած մեր զրույցը  լուսնային հիջրեթի 10-րդ և 11-րդ դարերի բանաստեղծ և բառարանագիր Թաղիեդդին Օհադի Բալիանիի  մասին:

---------------------------

Ասացինք, որ Թաղիեդդին Մոհամմեդ Օհադի Դաղաղի Բալիանի Քազերունին ծնվել է լուսնային հիջրեթի 973 թվականի մոհառամ ամսվա 3-ին՝ Սպահանում: Բալիանի հայտնի գերդաստանի բոլոր անդամները միստիկ շեյխեր են եղել: Օհադին տարրական ուսումն ստանում է Սպահանում և իր հոր վախճանումից հետո Շահ Թահմասբի միջոցով ազնվական ընտանիքի երեխաների համար հիմնադրված որբանոցում աշակերտում է ժամանակի հայտնի ուսուցիչների: Նա մինչև 12 տարեկան սերտում է ժամանակի տարածված գիտությունները, այդ թվում արաբերեն լեզվի քերականությունը, տրամաբանությունը,  մաթեմատիկան ու Ղուրանը, այնուհետև հակվում է իմաստասիրությանու բարոյագիտության կողմը:  Նրա պատանեկության ու երիտասարդության տարիների որոշ մասն անց է կենում Յազդում ու Շիրազում օրվա մեծ ուսուցիչներին աշակերտելով: Այդ տարիներին էլ նա մուտք է գործում միստիցիզմի ու սուֆիզմի բնագավառները: Շիրազում ու Սպահանում մասնակցում է բանաստեղծական հավաքույթների և հիացմունք է պատճառում բոլորին: Օհադին ուզբեկների դեմ Շահ Աբբասի տարած հաղթանակի տոնակատարության ժամանակ ընթերցած քառյակով ստանում է «Շահ Փասանդ» կոչումը: Այդ տարիների ընթացքում Օհադին ճամփորդում է տարբեր քաղաքներ և չորս տարի մնում է Քյարբալա, Նաջաֆ, Քազեմեյն ու Բաղդադ քաղաքներում: Լուսնային հիջրեթի 1014 թվականի վերջերին իր բարեկամների հետ մեկնում է Հնդկաստան: Այդ ուղևորության ընթացքում մի խումբ պարսկագետների ու բանաստեղծների ընկերակցությամբ Շիրազի, Քերմանի ու Ղանդահարի ճանապարհով մեկնում է Լահուր: Օհադին մի քանի տարի շրջագայում է Հնդկաստանի բազմաթիվ քաղաքներում: Նրա կյանքի վերջին տարիների և վախճանման վայրի մասին որևէ տեղեկություն գոյություն չունի: Այդուհանդերձ հստակ է, որ նա 1038-1039 թվականներին դեռ ողջ է եղել, քանի որ պահպանվել են այդ թվականներին գրված նրա բանաստեղծությունները:

Օհադիից հիշատակ են մնացել «Արաֆաթ-ալ-Աշեղին վա Արասաթ-ալ-Արեֆին», «Քյաբե-ե Էրֆան», «Ֆերդոս-ե Խիալ» և «Սորմե-ե Սոլեյմանի» գրքերն ու բանաստեղծությունների ժողովածուն:

Իրանցի բանաստեղծ ու բազմաշխատ հեղինակ Թաղիեդդին Օհադիի գլխավոր ստեղծագործությունը «Արաֆաթ-ալ-Աշեղին վա Արասաթ-ալ-Արեֆին»-ն է: Կենսագրությունների հավաքածու համարվող այս գիրքը մինչ այսօր երկու անգամ և երկու տարբեր խմբագրությամբ հրատարակվել է, իսկ դրա ձեռագիր օրինակը պահվում է «Մալաք»-ի ազգային գրադարանում: 8 հատորներից բաղկացած այս գիրքը պարսկերեն լեզվով գրված կենսագրականների ամենաստվարածավալ ու կարևոր հավաքածուն է, որը գրվել է լուսնային հիջրեթի 1022-ից 1024 թվականների ընթացքում:

«Արաֆաթ-ալ-Աշեղին վա Արասաթ-ալ-Արեֆին»-ը կենսագրականների ընդարձակ հավաքածու է, որտեղ ներկայացված են  պարսից գրականության վաղ շրջանի պարսկագիր ավելի քան 3400 բանաստեղծների կենսագրականներն ու բանաստեղծությունների ընտրանին:

 «Արաֆաթ-ալ-Աշեղին վա Արասաթ-ալ-Արեֆին»-ը պարսկագիր բանաստեղծների կենսագրականների ամենընդարձակ հավաքածուն է և ընդգրկելով մինչև  լուսնային 11-րդ դարն ապրած բանաստեղծներին, թե ծավալի և թե բովանդակության տեսակետից համարվում է պարսիկ բանաստեղծների ամենագլխավոր կենսագրականներից մեկը: «Արաֆաթ-ալ-Աշեղին վա Արասաթ-ալ-Արեֆին»-ի ոճը միատարր չէ և դրա տարբեր բաժիններում ոճային տարբերություններ են նկատվում: Նրա արձակը արհեստական ու բարդ է և հատկապես բանաստեղծներին նկարագրելիս ընդհանրապես չափածո արձակ է դառնում:

«Արաֆաթ-ալ-Աշեղին վա Արասաթ-ալ-Արեֆին»

 

 «Արաֆաթ-ալ-Աշեղին վա Արասաթ-ալ-Արեֆին»-ը գրելիս Թաղիեդդին Օհադիի ոճը քննադատական է և որոշ պարագաներում նաև հեղինակավոր կարծիք է հայտնում: Նա փորձում է հնարավոր չափով հեռու մնալ կողմնակալությունից և յուրաքանչյուր բանաստեղծի ստեղծագործություններից ներկայացնում է մի փունջ։ Օհադին նաև հրաժարվում է ուրիշներին վատաբանելուց և կամ գեշ քննադատություն կատարելուց, սակայն որոշ պարագաներում հստակ տեսակետն հայտնելուց չի խուսափում: Օրինակ Մոլանա Ալի Մողանիի մասին ասում է. «Նաև չափածո է գրում՝ հատկապես կասիդա, սակայն ընտրում ու օգտվում է անսովոր ու անտեղի բառերից» և կամ Մոլանա Ամր Քերմանիի մասին գրում է. «Երբ տեսա նրա դիվանը, նրա բոլոր բանաստեղծությունները ճիշտ, սահուն ու ճարտար էին»:

Թաղիեդդին Օհադին «Արաֆաթ»-ում հրաժարվում է արաբերեն բանաստեղծություններ հիշատակելուց, սակայն նախաբանում խոստանում է հնարավորության դեպքում արաբագիր բանաստեղծների կենսագրականները գրի առնել: Նա նաև փորձել է իր գրքում ներկայացնել բանաստեղծների սուֆիական ու սիրային բանաստեղծությունների օրինակները:

«Արաֆաթ-ալ-Աշեղին վա Արասաթ-ալ-Արեֆին» գիրքը գրական արժանիքներից ու նաև բանաստեղծների կենսագրությունները ներկայացնելուց բացի նաև այլ օգուտներ ունի: Այս գիրքն ընթերցելով կարելի է ծանոթանալ Սեֆևյան շրջանում Իրանի ու Հնդկաստանի գրական դիմագծին, սովորություններին ու ավանդույթներին, ինչպես նաև հասարակական կյանքին: «Արաֆաթ-ալ-Աշեղին վա Արասաթ-ալ-Արեֆին»-ը կարևոր աղբյուրներից մեկն է, որը բացահայտ ու շոշափելի կերպով ուրվագծում է Սեֆևյան շրջանի գրական միջավայրը: Բացի այդ Օհադին ակնարկում է բանաստեղծների ու Սպահանի որոշ թաղամասերի անունների, որոնց մասին այլ աղբյուրներում քիչ հիշատակություններ կան և կամ ընդհանրապես չկան: Շատ բանասերների համոզմամբ այդ ժամանակաշրջանի գրական ու հասարակական իրավիճակի մասին ուսումնասիրությունն առանց այս արժեքավոր աշխատություն ընթերցելու թերի կլինի: Այս գրքում պատմական բազմաթիվ հիշատակություններ կան: Դրանցից մեկը Շահ Աբբասի պատերազմն է Նաղթույանների դեմ: Նա մի քանի տեղ և ամենաշատն ակնարկում է Մոհամմեդբաղեր Խորդե Քաշանուն, որն այդ խմբի հետևորդներից է եղել, ինչպես նաև մի շարք պատմական դեպքերի և Շահ Աբբասի միջոցով նրանց կոտորածի ենթարկվելուն:

Սպահանի համալսարանի դասախոս դոկտ. Շաֆիիունը հավատացած է. «Դրանով հանդերձ, որ Սպահանը Խոռասանից և նույնիսկ Իրաքի որոշ շրջաններից ավելի ուշ է պարսից գրականության ու հատկապես չափածոի կենտրոն դարձել, Սեֆևյան շրջանում ու դրանից մեկ դար անց եղել է պարսից պոեզիայի ջահակիրը և ձևավորել ու առաջնորդել է գրական շատ հոսանքներ»: Նրա համոզմամբ «Մի կողմ թողած այս բանաստեղծությունների գրական արժեքը, հատկապես մոնղոլներին նախորդող շրջանի համեմատությամբ, հստակ կերպով կարելի է ասել, որ որևէ ժամանակահատվածում պոեզիան այսպես մուտք գործած չի եղել ժողովրդի կյանքի մեջ: Բարեբախտաբար այս կապակցությամբ տարբեր դիվանների, կենսագրականների ու պատմական աղբյուրների միջոցով բազմաթիվ փաստաթղթեր են մեզ փոխանցվել...Առաջին կենսագրականը, որի հեղինակը մեթոդաբանական հայացք է ունեցել, Օհադիի աշխատությունն է: Օհադին իր աղբյուրների ու ստեղծագործությունների համաձայն հավատացած էր, որ որոշ բանաստեղծներ միջին շրջաններում են ապրել, սակայն նրանց պոեզիան պատկանում է ավելի վաղ շրջանին և հիմնականում մինչև Օհադին չեմ տեսել որևէ մեկին, որ վաղ, միջին և ավելի մոտիկ շրջանի հիման վրա բաժանում կատարած լինի»:

«Արաֆաթ-ալ-Աշեղին վա Արասաթ-ալ-Արեֆին»-ն իր համապարփակության ու ընդգրկունության տեսակետից մինչև իր շրջանը եզակի է եղել և գուցե այսօր էլ կարելի լինի դրան պարսկերեն լեզվով երկու կամ երեք ընդգրկուն կենսագրականներից մեկը համարել: Այս աշխատությունն առաջին օրից հայտնվել է ուշադրության կենտրոնում: Առաջին անգամ Մոլա Ղաթեի Հերավին, որն ապրելով նույն ժամանակաշրջանում Ջահանգիրի արքունիքի բանաստեղծների կենսագրականները ի մի հավաքեց ու նույն օրերին վախճանվեց 103 տարեկան հասակում, անդրադարձել է այս աշխատությանը: Նրա ընդգծմամբ «Արաֆաթ-ալ-Աշեղին վա Արասաթ-ալ-Արեֆին»-ը լավ ու կարևոր գիրք է, որը սակայն մեծ համբավ ձեռք չբերեց: Իհարկե պիտի նշել, որ Հերավին վախճանվել է լուսնային 1024 թվականին՝ նույն տարում երբ ավարտին է հասնում «Արաֆաթ-ալ-Աշեղին վա Արասաթ-ալ-Արեֆին»-ը և բնականաբար նրա այդ տեսակետը ներկայացվել է աշխատություն ավարտվելուց անմիջապես հետո: Բնականաբար նման ծավալով ստեղծագործությունը մինչև ավարտին հասնելն ու ամբողջացվելը չի կարող իր իրական դիրքը զբաղեցնել: Սակայն Իրանի գրականության մասին ուսումնասիրություն կատարող արևելագետներն ու իրանագետները Հերման Էթեի վկայությամբ երկար ժամանակ անտեղյակ են եղել «Արաֆաթ-ալ-Աշեղին վա Արասաթ-ալ-Արեֆին»-ի գոյության մասին և դրա պատճառը հավանաբար դրա ձեռագիր սահմանափակ օրինակներն ու ընդարձակ լինելու պատճառով դրա արտագրման բարդությունն է եղել:

«Արաֆաթ-ալ-Աշեղին վա Արասաթ-ալ-Արեֆին»-ը Թաղիեդդին Օհադիից հետո աղբյուր է ծառայել անցյալի ու ժամանակակից կենսագիրների ու բանասերների համար: Առաջին անգամ Ալիղոլի Խան Վալե Դաղեստանին «Ռիազ-օլ-Շոարա» գիրքը գրելիս օգտվել է դրանից և նկատի առնելով «Արաֆաթ-ալ-Աշեղին վա Արասաթ-ալ-Արեֆին»-ի ընդգրկուն լինելը որոշ բանաստեղծների մասին ուղղակի մեջբերումներ է կատարել իր գրքում: Նրանից հետո Ռեզա Ղոլի Խան Հեդայաթը, որի տրամադրության տակ էր գտնվում «Արաֆաթ-ալ-Աշեղին վա Արասաթ-ալ-Արեֆին»-ի միակ ձեռագիր օրինակն իր «Մաջմա-օլ-Ֆոսահա» և «Թազքարե Ռիազ-օլ-Արեֆին» աշխատություններում մեծապես օգտվել է այս գրքից, սակայն Ալի Ղոլի Խանի նման չի հիշատակել իր աղբյուրները: Նրանցից հետո Աֆթաբ Ռայ Լաքհանվին, որը լուսնային 1300 թվականին «Ռիազ-ալ-Արեֆին» անունով կենսագիրների գիրք է հեղինակել, օգտվել է «Արաֆաթ-ալ-Աշեղին վա Արասաթ-ալ-Արեֆին»-ից և բազմաթիվ անգամ հիշատակել է աղբյուրի անունը: Ժամանակակից շրջանում էլ Ահմեդ Գոլչին Մաանին և ապա Զաբիոլլահ Սաֆան մեծապես օգտվել են այդ աշխատությունից: