Ճանաչենք իսլամը (175)
Շարունակելով մեր զրույցը այսօր էլ կանդրադառնանք Էմամ Մահդիի համաշխարհային իշխանության յուրահատկություններին:
Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի այս համարում ձեզ կծանոթացնենք աշխարհի փրկիչ Էմամ Մահդիի համաշխարհային իշխանության որոշ այլ յուրահատկություններին: Նախորդ զրույցների ժամանակ պարզվեց, որ իսլամի իդեալական հասարակության մեջ իշխանության փոխանցումն ու աշխարհի իշխանության կառույցի մեջ փոփոխությունն անխուսափելի է: Ի հետևումն այս փոփոխության նաև հոլովույթի են ենթարկվելու աշխարհի մարդկանց հասարակական ու քաղաքական հարաբերությունները: Էմամ Մահդին որպես մարդկության վերջին փրկիչ Արարչի կամքով ու օգնությամբ հաջողելու է չորացնել բռնության ու նեխածության արմատները և աշխարհը փրկելու է տգիտությունից ու կործանումից:
Կրոնական աղբյուրների համաձայն նրանից հետո երբ Էմամ Մահդին հայտնվում է պատերազմում է բռնակալ ու ըմբոստ ուժերի հետ և ի վերջո իր ձեռքն է առնում աշխարհի արևելքի ու արևմուտքի իշխանությունը: Այդ ժամանակ նրա եզակի արդարությունը տարածվում է ամենուր և ալեկոծ այս աշխարհի բոլոր կողմերում անվտանգություն ու անդորր է հաստատվում: Մահդիի հասարակության մեջ մարդիկ միմյանց հանդեպ չարիք չեն գործում, խտրականությունը, նենգությունն ու խաբեություն իմաստազրկվում են և արմատախիլ են դառնում պատերազմը, սադրանքն ու վայրագությունները: Մարդիկ չեն փորձում ոտնձգել միմյանց իրավունքների դեմ կամ բռնազավթել միմյանց գույքն ու ունեցվածքը և ամեն մարդ տիրանում է իր իրավունքին:
Այդ ժամանակ մարդկանց միջև անվստահության ու վախի պատճառով առաջացած ու բազմաթիվ հասարակական բարդությունների ու խնդիրների պատճառ դարձած աննպատակ ու անառողջ մրցակցությունները վերանալու են: Ընդհանրապես վախի, սարսափի ու տագնապի ժամանակաշրջանը վերջ է գտնելու: Նույնիսկ կենդանիները բռնություններից զերծ են մնալու:
Հազրաթ Մահդիի իշխանության շրջանում և նրա ծրագրերի լույսի ներքո տնտեսական բարեկեցությունը կզուգակցվի հասարակության արդարության: Մարդկանց ջանք ու աշխատանքը բարոյական մղումներ կունենան և բնական ու աստվածատուր ռեսուրսների օգտագործումը կկրկնապատկվի:
Հիշատակության արժանի է, որ իսլամի դիտանկյունից բարեպաշտությունը, բարեգործությունն ու արդարությունը երկնային շնորհների ու բարիքների արժանանալու պատճառ են դառնում: Անկասկած երբ մարդիկ զարդարվում են բարոյական հատկանիշներով և մարդկանց կապերը հիմնվում են արդարության ու ճշտապահության վրա, ամեն մարդ ճանաչում է իր սահմանները և չի ոտնձգում մյուսների իրավունքների դեմ:
Էմամ Մահդիի ժամանակաշրջանում Արարչի կողմից անհամար բարիքներ են շնորհվելու մարդկանց, կյանք ու թարմություն պարգևող անձրևներ են տեղալու, ջրառատ առուներ են հոսելու և ամբողջ երկիրը շեն ու կանաչ է դառնալու: Նա այն աստիճան հոգ է տանելու Երկրի շենության ու բարօրության համար, որ դրա որևէ անկյունում ավերակներ չեն լինելու:
Իսլամի մեծ մարգարեն ասել է. «Մահդին երևան կգա, Աստված իր բարիքների անձրևը կտեղացնի, Երկիրը կծլեցնի իր բույսերն ու աշխարհում անասունները կաճեն: Նա հարստությունը հավասարապես կբաժանի և իսլամ ժողովուրդը կփառավորվի»:
Էմամ Մահդիի իշխանության մեջ գիտության ու տեխնոլոգիայի արագ տեմպերով աճի պատճառով նոր ու անհայտ ռեսուրսներ երևան կգան ու Երկիրը դուրս կնետի այն ինչը, որ պահել է իր ընդերքում, որպեսզի մարդիկ դրա օգուտներից շահեն: Այդ պահին նոր հնարավորություններ կփոխանցվեն մարդկությանը, որոնք մինչ այդ օրը նրան անծանոթ են եղել: Հնարավոր է դառնալու ջրի ռեսուրսների ճիշտ շահագործումը: Չոր ու բերք չտվող հողը բերքառատ կդառնա ու ծառերին բազմաթիվ մրգեր կաճեն: Նրա արդարությունը կտարածվի ամենուր, նույնիսկ դաշտերում, ձորերում, անտառներում, լեռներում ու քաղաքներում, այնպես որ աղբյուրների ու գետերի ջրերը չեն վատնվի և ծառից որևէ միրգ անտեղի չի պոկվի ու չի շռայլվի:
Իսլամի մեծ մարգարեն ասել է. «Մահդիի ժամանակ իմ հետևորդներն այնպիսի անդորրի ու բարիքների կտիրանան, որ մինչ այդ երբևէ դրանք վայելած չեն եղել: Այդ ժամանակ երկնքից հորդ անձրևներ կտեղան ու Երկիրը կծլեցնի իր բույսերը»:
Էմամ Մահդիի արդարություն տարածող իշխանության շրջանում արտադրության ու բաժանման համակարգը առողջ ու արդար կդառնա: Բոլորը կվայելեն առողջ և վախից, սարսափից ու մտահոգությունից զերծ կյանքը, բարիքներն ու շնորհները կբազմապատկվեն ու տնտեսությունը ծաղկում կապրի:
Երկրի ու երկնքի բարիքների առատության պատճառով տնտեսական բարեկեցություն ու անդորր կհաստատվի: Էմամ Ալին Հազրաթ Մահդիի հայտնվելու ժամանակ Երկրի բարիքների մասին ասում է. «Երկիրն իր ընդերքի հարստությունները նրա համար դուրս կնետի ու նրան կփոխանցի հաշտության բանալիները»:
Էմամ Ալիի այս արտահայտությունը վկայում է այն մասին, որ Էմամ Մահդիի ժամանակաշրջանում ամեն ինչ, այդ թվում Երկիրը ենթարկվելու են նրա հրահանգներին:
Հազրաթ Մահդիի իշխանության հիմնասյուներից մեկը նրա իշխանության հիմնական կառույցում մաքուր, բարեպաշտ ու ազնիվ մարդկանց ներկայությունն է: Այս ականավոր մարդիկ մասնակից են դառնալու նրա իշխանության կարևոր բաժինների աշխատանքներին: Նա հստակ ծրագրերով արժանավոր կառավարիչներ է նշանակելու տարբեր շրջանների ու տարածքների համար և նրանց միջոցով արդարությունը տարածելու է աշխարհում:
Նրա իշխանության գործակատարները իմաստուն անձինք են ու դիրքի, պաշտոնի ու աշխարհիկ հարստության աչք չեն հառելու: Այդուհանդերձ Էմամ Մահդին խոշորացույցի տակ է պահելու իր իշխանության գործակատարներին և տարբեր միջոցներով հսկելու է նրանց աշխատանքն ու վերաբերմունքը, որ հանկարծ նրանք ճիշտ ճանապարհից չշեղվեն: Իրականության մեջ Էմամը հստակ ու մանրամասն հաշվետվություն է պահանջելու իր իշխանության գործակատարներից:
Ժողովրդի զանգվածների, հատկապես ընչազուրկների ու կարիքավորների հանդեպ Էմամ Մահդին խոնարհ ու բարի է լինելու: Էմամ Սադեղն այս մասին ասում է. «Մահդին առատաձեռն է: Երկրի պատասխանատուների հանդեպ խիստ, իսկ ընչազուրկների հանդեպ չափազանց բարի է լինելու»:
Իհարկե նրա իշխանության մեջ պակասությունն ու զրկվածությունը մշտական չեն լինելու և մի առ ժամանակ անց չքավորությունն ու աղքատությունը փոխարինվելու են բարեկեցությամբ ու անդորրով:
Էմամ Մահդիի իշխանության շրջանում իրականացվելիք աշխատանքներից մեկը լինելու է այն, որ նրա ներկայացուցիչները պատասխանատվության են կանչելու բռնության ու չարագործության հեղինակներին: Նրանք պաշտոնազրկելու են հանցագործ ու օրինախախտ դատավորներին ու կառավարիչներին: Հետևաբար Հազրաթ Մահդիի իշխանության շրջանում Երկիրը մաքրվելու է ամեն տեսակ բռնությունից ու նեխածությունից:
Էմամ Մահդիի իշխանության ամենակարևոր ու ուշագրավ յուրահատկություններից մեկն անվտանգությունն ու դատական արդարություն է: Այդ իշխանության շրջանում տարբեր տեսակի հասարակական ու տնտեսական նեխածությունները, այդ թվում սպանությունն ու ոճրագործությունը, ցեղասպանությունը, անբարոյականությունը, վաշխառությունը, գողությունը, դրամաշորթությունն ու այլ հանցագործությունները վերացվելու են և նեխած ու չարագործ անձանց աշխատելու իրավունք չի տրվելու:
Անկասկած Էմամ Մահդիի քայլերից մեկը լինելու է այն դավաճան հանցագործներին պատժելը, ովքեր աշխարհն առաջնորդել են դեպի ոչնչացում ու կործանում: Նրանք հիմնվելով իրենց ուժի ու ռազմական հնարավորությունների վրա բռնության են ենթարկում թույլ ժողովուրդներին ու նրան հալածում են: Հենց նրանք, ովքեր սպանում են անմեղ մարդկանց և խոչընդոտում են մարդկության վեհացման ուղին: Հազրաթ Մահդիի հրահանգով նման մարդիկ հետապնդման են ենթարկվում, դատի են տրվում ու պատժվում են: Քանի որ հատկապես Էմամի ժամանակաշրջանում դավաճանների ու հանցագործների պարագային աստվածային օրենքի գործադրումը պարտադիր է, նման անձանց պատասխանատվության կանչվելն անվիճելի է:
Էմամ Սադեղն անդրադառնալով Էմամ Մահդիի արդար դատերին, ասում է. «Երբ Մահդին ընդվզի կդատի Դավիթ մարգարեի օրինակով ու ապացույցների կարիք չի զգալու: Աստված նրան ներշնչելու է աստվածային օրենքները և նա դատելու է համաձայն իր գիտության»:
Հենց այնպես որ հոգին տիրապետում է մարդու մարմնի բոլոր անդամներին, այդ թվում աչքին, ականջին ու լեզվին, Հազրաթ Մահդին էլ, որ Երկրի վրա Աստծո ներկայացուցիչն է, տիրապետում է աշխարհին ու մարդկանց ներքին խոհերին: Էմամի իշխանության ներքո մարդկանց միտքը կատարելագործվում է և մարդկությունը տիրանում է այնպիսի մտային աճի, որ բարին ընդունելը նրա համար դառնում է քաղցր ու հեշտ:
Էմամ Մահդիի իշխանության շրջանում դատական արդարությունն այնպես է, որ ամեն մարդ տիրանում է իր իրավունքին: Նույնիսկ եթե մեկի իրավունքը խլված լինի ոտնձգող անձի կողմից, նա դա հետ է ստանալու ու վերադարձնելու է իսկական տիրոջը: Հետևաբար որևէ մեկն իր իրավունքը ոտնահարվելու կապակցությամբ չի մտահոգվելու:
Դա այն պատճառով է, որ Հազրաթ Մահդին Աստծո հրահանգների գործադրման ու արդարություն հաստատելու ճանապարհին որևէ զիջում չի կատարելու և չի սարսափելու պախարակումներից:
Վկայություններում Էմամ Մահդիի դատական վարքագիծը նկարագրված է այնպես որ վկայում է դատական արդարություն հաստատելու նրա յուրահատուկ մեթոդների մասին: Նույնիսկ աստվածային մարգարեները նման մեթոդներով դատելու հնարավորություն չեն ունեցել: Բայց կամոքն Աստծո Էմամ Մահդիի համար հնարավորություններ են ստեղծվելու, որպեսզի բացարձակ արդարություն հաստատի Երկրի վրա: Էմամ Սադեղն ասում է. «Երբ Մահդին ընդվզի դատողությունը հաստատելու է արդարության հիման վրա: Նրա ժամանակաշրջանում չարիքն ու բռնությունը վերանալու են: Ճանապարհները նրա գոյության շնորհիվ ապահով ու անվտանգ են դառնալու: Երկիրն արտաբերելու է իր բարիքները: Նա ամեն մարդու իրավունքը վերադարձնելու է նրան...Եվ մարդկանց մեջ դատելու է Դավթի ու Մոհամմեդի օրինակով»: