Ապրիլ 10, 2018 20:44 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք ԻԻՀ ԱԳ նախարարի Աֆրիկա ու Հարավային Ամերիկա կատարած ուղևորությանը, նավթի համաշխարհային շուկայում տիրող վիճակին և Իրանի ու Աֆղանստանի հարաբերություններին:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը քաղաքական ու տնտեսական հարաբերությունների ընդլայնման նպատակով այս շաբաթ բանակցությունների նոր շրջան անցկացրեց:

 

Զարիֆը  քաղաքական ու տնտեսական բարձրաստիճան մի պատվիրակության ընկերակցությամբ կիրակի օրը Սենեգալ, Բրազիլիա, Ուրուգվա ու Նամիբիա ուղևորվեց, այդ երկրների քաղաքական, տնտեսական ու խորհրդարանական պաշտոնատարների հետ  հանդիպում ու բանակցություն ունենալու  նպատակով:

Այս ուղևորության ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարարին ընկերակցում են առևտրական, տնտեսական, ֆինանսական ու գիտահեն տասնյակ ընկերությունների ներկայացուցիչներ ու գործարարներ:

ԻԻՀ ԱԳ նախարարն անցած շաբաթ ևս չորսօրյա այց կատարեց Թուրքիա, Ադրբեջան ու Նախիջևանի ինքնավար հանրապետություն:

Երկկողմ հարաբերությունների ամրապնդման նպատակով քաղաքական համագործակցության ընդլայնումը, մասնավոր բաժնի համագործակցությամբ տնտեսական պոտենցիալների օգտագործումը, նաև տարածաշրջանի ու Կասպից ծովի հարցերի շուրջ խորհրդակցությունն այս ուղևորության ընթացքում տեղի ունեցած բանակցությունների առանցքներից էին:

Այս շրջագծում անցած երկուշաբթի օրը Թեհրանում գումարվեց Իրանի ու Ուզբեկստանի տնտեսական, առևտրական, գիտական ու տեխնիկական համագործակցությունների միջպետական հանձնաժողովի 12-րդ նստաշրջանը: Այս նստաշրջանում Իրանի ու Ուզբեկստանի պետական ու մասնավոր տարբեր բաժինների ներկայացուցիչներ տրանսպորտի, մաքսային ծառայությունների, բանկային հարցերի, ներդրման, սպորտի, տուրիզմի, ստանդարտի, արդյունաբերության ու կապի ոլորտներում երկու երկրի տնտեսական ու առևտրական համագործակցությունների ընդլայնման ուղիների շուրջ մտքեր փոխանակեցին և երկու երկրի պաշտոնատարները ստորագրեցին առևտրական ու տնտեսական մի քանի կարևոր փաստաթղթեր:

-------------------

Իրանի դիտանկյունից Աֆրիկայի ընդարձակ մայրցամաքը համատեղ շահերի ձևավորված համագործակցության լավ հնարավորություններ ունի: Այդ պատճառով էլ Աֆրիկայի երկրների, այդ թվում Սենեգալի ու Նամիբիայի հետ տնտեսական համագործակցությունը համարվում է Իրանի արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը: Աֆրիկայի մայրցամաքը բաղկացած է տարբեր աստիճանի առաջադիմությամբ զարգացող երկրներից: Աֆրիկան ընդհանուր առմամբ անմշակ ու հանքային նյութերի, գյուղատնտեսական  ու տնտեսական հնարավորություններով հարուստ տարածք է:

Թեհրանում Սենեգալի դեսպան Բաբաքար Բան ասել է. «Իրանի ու Աֆրիկայի տնտեսական համագործակցության ռազմավարական նախագծի հստակեցումը և Իրանի հնարավորությունների ու կարողությունների օգտագործումն առևտրական ու տնտեսական հարաբերությունների համար անհրաժեշտություն է համարվում»:

Նա Թեհրանում գումարված Իրանի ու Սենեգալի տնտեսական համաժողովում ասաց. «Սև մայրցամաքի հետ Իրանի տնտեսական հարաբերությունները կարող են ընդլայնվել հատկապես նավթի ու գազի, առողջապահության, բուժման, դեղորայքի ու տեխնոլոգիական օժանդակությունների բաժիններում»:

Իրանն արտադրության ցուցանիշների, այդ թվում կապիտալի, մարդուժի և արտադրության տարբեր ռեսուրսների, ներառյալ նավթի ու գազի և անմշակ ու հանքային նյութերի տեսակետից պարարտ ենթահող ունի: Նավթի ու գազի պաշարների տեսակետից Իրանն առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում:

----------------------

Իրանի տնտեսական վիճակն այսօր այնպես է, որ կարող է տնտեսական ու առևտրական բնագավառներում տարածաշրջանի այլ երկրների հետ ու նաև համաշխարհային մասշտաբով համագործակցություն ունենալ: Աֆրիկյան ու ամերիկյան երկրներն էլ կարող են արդյունաբերական, գյուղատնտեսական ու առևտրական տարբեր բնագավառներում ընդլայնել Իրանի հետ իրենց հարաբերությունները: Իրանի հյուսիս-արևելքում գտնվող Խորասան Ռազավի նահանգի «Դողարուն»-ի մաքսատան վիճակագրական տվյալների համաձայն 2017 թվականին «Դողարուն»-ի մաքսակետից մեկ միլիարդ 510 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ մեկ միլիոն 877 հազար 545 տոննա ապրանք է արտահանվել Աֆղանստան:

Արտահանման այս ծավալը 34 տոկոսով գերազանցում է 2016 թվականին գրանցված թվերին:

Միևնույն ժամանակ 2017 թվականին «Դողարուն»-ի մաքսակետից երեք միլիարդ 592 միլիոն դոլար  արժողությամբ մեկ միլիոն 93 հազար 70 տոննա բեռ է տարանցվել Աֆղանստան, ինչն արժեքի տեսակետից 28 տոկոս հավելում է կրել:

«Դողարուն»-ի մաքսակետից արտահանված բեռների 90 տոկոսը փոխադրվել է Աֆղանստանի երկրորդ խոշոր շուկան համարվող Հարաթ քաղաքը:

«Դողարուն»-ն ավելի քան 100 տարվա վաղեմությամբ համարվում է Իրանի ամենահին մաքսակետերից մեկը և ակտիվ է արտահանման, ներկրման, տարանցման ու ուղևորների ընդունման բնագավառում:

Իրանը 936 կմ երկարությամբ սահմանով, Աֆղանստանի հյուսիսում գտնվող Հարաթին միացած առևտրական ճանապարհներով, Հելմանդ գետի ջուրը բաժանելու, ինչպես նաև ռեսուրսների ընդլայնման համար փոխադարձ առիթներով համարվում է Աֆղանստանի զարգացման անբաժանելի տարրը: Հնդկաստանի համագործակցությամբ Իրանի Չաբահար նավահանգստի օգտագործումն էլ կարևոր քայլերից մեկն է, որը տարանցման այդ ճանապարհի միջոցով Աֆղանստանին միացնում է ծովային կարևոր կետերին: Չաբահարի նավահանգիստը մեծ նավերի ընդունման հնարավորություն ունի:

Իրանը որպես կարևոր մի հարևան կարող է որպես կենսական գործընկեր մասնակցություն ունենալ Աֆղանստանի երկարաժամկետ ծրագրերին:

«Իսթ Վեսթ» ամերիկյան հետազոտական կենտրոնը մի առ ժամանակ առաջ Իրանի ու Աֆղանստանի հարաբերությունների կապակցությամբ վերլուծության մեջ հայտարարեց. «Իրանի ու Աֆղանստանի միջև առևտրի ու տնտեսական համագործակցությունների ընդլայնման բացառիկ հնարավորություն գոյություն ունի»:

---------------------------

Նավթի համաշխարհային շուկայի վերլուծաբանները հավատացած են, որ աշխարհի նավթային պահեստների մակարդակի իջնելն ու գեոպոլետիկական ռիսկերի բարձրացումը կօգնի առաջիկա ամիսներին նավթի շուկայում առավել կայունության ստեղծմանը: Անցած շաբաթ նավթի գինը շուրջ 4,5 տոկոս անկում արձանագրեց:

Ամերիկյան «Վալսթրիթ Ժուռնալ» պարբերաթերթի հարցմանը մասնակցած ներդրման 15 բանկեր առաջիկա տարվա համար նավթի միջին գինը յուրաքանչյուր բարելի համար 60-ից 63 դոլար են գնահատել կախված դրա տեսակից ու որակից:

Նավթի գնի կապակցությամբ այդ գնահատումներն այն պայմաններում են հրապարակվում երբ անմշակ նավթի ներկա գինը գերազանցում է դրան: Հունվար ամսին նավթի գինը յուրաքանչյուր բարելի դիմաց գերազանցեց 70 դոլարը, սակայն ԱՄՆ-ի թերթաքարային նավթի արտահանման աճի կապակցությամբ հաղորդումներ հրապարակվելուց հետո դա կրկին իջավ 60 դոլարի: Այդուհանդերձ անցած ամսվա ընթացքում ԱՄՆ-ից դուրս անմշակ նավթի պահեստների մակարդակի իջնելն ու ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարման հավանականության հետ կապված գեոպոլետիկական ռիսկերի ավելացումը պատճառ դարձան, որ Բրենթ տեսակի նավթի գինը կրկին մոտենա 70 դոլարին: Սակայն անցած շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև լարվածությունների սրվելը, որը բրոքերների կողմից աշխարհում առևտրական պատերազմի մեկնարկ է գնահատվել, պատճառ դարձավ, որ նավթի գները կրկին անկում ապրեն:

Չնայած ընթացիկ տարվա ընթացքում նավթի գների միջին բարձրացման կապակցությամբ կատարված կանխատեսումներին «Վալսթրիթ Ժուռնալ»-ի ներկայացրած տվյալները վկայում են, որ այդ բանկերից շատերն ակնկալում են նավթի գինը մինչև տարեվերջ անկում արձանագրի: Հարցմանը մասնակցած 15 բանկերից 8-ը նավթի գների անկման կանխատեսում են կատարել: Օրինակ «Ջի Փի Մորգան»-ը, որ մյուս բանկերի համեմատությամբ նավթի գնի մասին ամենաբարձր գնահատումն է կատարել, համոզված է, որ ԱՄՆ-ի թերթաքարային նավթի արտադրման ծավալի մեծացմամբ տարվա վերջին երեք ամիսներին Բրենթ տեսակի նավթի գինը կկազմի  շուրջ 50 դոլար:

«Ջի Փի Մորգան»-ի վերլուծաբանն ասում է. «Երկարատևում նավթի գներն անկում ունենալուց առաջ երկար ժամանակ շարունակելու են մնալ կայուն վիճակում»: Նրա համոզմամբ 70 դոլարը նավթի համար լավ գին է համարվում:

«Մորգան Սթանլի»-ի վերլուծաբան Մարտին Ռաթսն էլ ասել է. «Նավթային պահեստների մակարդակի նվազումը բարձրացրել է շուկայի զգայնությունը: Հետևաբար նավթի գները նախկինի համեմատությամբ առավել խիստ հակազդեցություն են ցուցաբերում գեոպոլետիկական ռիսկերին»:

Ի դեպ հակառակ որոշ կանխատեսումներին նավթի արդյունահանման ծավալների կրճատման կապակցությամբ ՕՊԵԿ-ի և նրա գործընկերների ստանձնած պարտավորությունը հարգվում է և ասվում է, որ 2019 թվականին ՕՊԵԿ-ն ու նրա նրա  անդամ չհանդիսացող նավթ արդյունահանող 11 երկրները 2016 թվականի դեկտեմբերին պայմանավորվեցին օրական 1,8 միլիոն բարելով կրճատել իրենց արդյունահանման ծավալը, ինչը նավթի համաշխարհային առաջարկի 2 տոկոսն է կազմում: Այս համաձայնության գործադրման ժամկետը երկարացվել է մինչև 2018 թվականի ավարտը, սակայն առաջիկա հունիսին Վիեննայում գումարվելիք ՕՊԵԿ-ի հաջորդ նիստում քննարկվելու է այդ համաձայնությունից հրաժարվելու հնարավորությունը:  

 

 

 

 

Պիտակ