Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանների անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին:
Հաղորդման առաջին բաժնում հպանցիկ հայացք կնետենք անցած շաբաթվա գլխավոր իրադարձություններին:
Անցած երկուշաբթի օրը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գումարվեց Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը:
Նիստը նախագահող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի բացման խոսքից հետո դահլիճ բերվեցին Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանշանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակը և Վեհամոր Ավետարանը:
Ձեռքը դնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակին և Վեհամոր Ավետարանին՝ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը հանդես եկավ երդմամբ և պաշտոնապես ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը:
----------------
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ում երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ երկուշաբթի, մտադիր է առաջիկայում այցելել Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին նա ասել է ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում:
«Բնականաբար, շատ հետաքրքրված կլինեմ որպես Հայաստանի նախագահ մոտ ապագայում այցելել Մոսկվա: Ավանդաբար Հայաստանի ղեկավարներն առաջին պաշտոնական այցը կատարում են հենց Մոսկվա: Դեռևս հստակ ժամկետներ չկան», - ասել է նա:
Սարգսյանն ընդգծել է, որ որպես Հայաստանի նախագահ իր խնդիրն է համարում հայ-ռուսական ռազմավարական համագործակցության հետագա խորացումը, երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդումը, մարդկային կապերի զարգացումը:
----------------------
Իրանը պատրաստ է կազմակերպել բժշկական ծառայությունների արտահանում Նախիջևանի Ինքնավար հանրապետություն: Այս մասին ՆԻՀ-ի Բարձրագույն մեջլիսի նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ դա նաև ենթադրում է ՆԻՀ-ի հիվանդանոցներում իրանցի բժիշկների կողմից ծառայությունների մատուցում:
«Հրաշալի հնարավորություններ կան առողջապահության, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, այդ թվում՝ դեղագործական, զբոսաշրջության, տրանսպորտի, արդյունաբերական անասնաբուծության ոլորտներում համագործակցության ընդլայնման համար»,- ասել է Զարիֆը՝ հավելելով, որ արդեն իրականացվում են էլեկտրաէներգիայի և պատնեշների շինարարության ոլորտների մի շարք նախագծեր:
-----------------------
Ապրիլ 11-ին Ադրբեջանում կայացան 8-րդ շրջանի նախագահական ընտրությունները:
Հարկ է նշել, որ Իլհամ Ալիևի կառավարության ընդդիմադիր կուսակցությունները, բոյկոտել էին այս ընտրությունները: 56-ամյա Ալիևը 2003 թվականից ի վեր զբաղեցնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնը: 2013-ի ընտրություններում Իլհամ Ալիևը քվեների 85 տոկոսով ընտրվեց երկրի նախագահ: Այնուհետև նա փոխեց երկրի սահմանադրությունը, որով նախագահի պաշտոնավարման հինգ տարի ժամկետն ավելացավ մինչև յոթ տարի: Ալիևի ընդիմադիրները դատապարտում են 2016 թվականի հանրաքվեն, որպես նրա իշխանության և կառավարության ամրապնդման միջոց:
--------------------
TRT World-ին տված հարցազրույցում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է կրկնապատկել կամ եռապատկել ջանքերը:
Հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում տիրող իրավիճակը գնահատելով անբավարար՝ Մամեդյարովն ասել է. « Մենք դա համարում ենք պարբերաբար կատարվող հրաձգություն, որը կարող է հանգեցնել ավելի լուրջ բախումների: Շփման գծի խրամատները շատ մոտ են գտնվում միմյանց: Որոշ վայրերում նրանց միջև հեռավորությունը 100 մետրից քիչ է, ինչը իհարկե մեծ վտանգ է առաջացնում: Ես չեմ համարում, որ դիվանագիտության հնարավորությունները սպառված են: Բայց մենք պետք է կրկնապատկենք կամ եռապատկենք մեր ջանքերը»,- ասել է նա:
-------------------
Ադրբեջանի «Մուսուլմանների միասնություն» շարժման առաջնորդը միջազգային կազմակերպություններին և մարդու իրավունքների պաշտպան խմբերին կոչ է արել կանխել այդ երկրում կրոնական ակտիվիստների նկատմամբ գործադրվող ճնշումները:
---------------------
Իսկ այժմ բարեկամներ առավել հանգամանորեն կանդրադառնանք տարածաշրջանի գլխավոր իրադարձություններին, որոնց գլխավորում է Հայաստանի ներքաղաքական փոփոխությունները: Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի կարծիքով, շատ տրամաբանական է, որ Սերժ Սարգսյանի թեկնածությունը ներկայացնելու մասին խոսեց հենց Կարեն Կարապետյանը: Այս կապակցությամբ լսենք լրագրող Աստղիկ Բեդևյանին:
---------------------
Ռուսաստանը նախկինի պես անխոս առաջատարն է այն երկրների թվում, որտեղից ֆիզիկական անձինք դրամային փոխանցումներ են իրականացնում։ Բանկերի միջոցով Հայաստան փոխանցվող գումարների ընդհանուր ծավալում ՌԴ մասնաբաժինը ընթացիկ տարվա հունվար-փետրվարին հատել է 54 տոկոսի սահմանը։
Հայաստանի Կենտրոնական բանկի հրապարակումներում մասնավոր դրամային փոխանցումները բերվում են ԱՄՆ դոլարով (թեեւ Ռուսաստանից կարող են իրականացվել եւ ռուբլով)։ Այդ արժույթով փոխանցումներում անկումը 2015 թվականին էր, եւ հիմնականում կապված էր ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու թուլացման հետ։
Այսպես, ընթացիկ տարվա հունվար-փետրվարին, 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ, Ռուսաստանից դրամային փոխանցումների հոսքը կրճատվել է 1,6 անգամ։ Սակայն եթե ԱՄՆ դոլարը փոխարկենք ռուբլու, պատկերն արմատապես փոխվում է։ Անկման փոխարեն նույնիսկ աճ կա, գրեթե 7 տոկոս։ Դրան, ըստ էության, նպաստել են Ռուսաստանի տնտեսության դրական տեղաշարժերը։
Պաշտոնական տվյալներով, հունվար-փետրվարին Ռուսաստանի բնակչության եկամուտները աճել են տարեկան կտրվածքով 2,5 տոկոսով։ Իրական աշխատավարձի մասով ֆանտաստիկ աճ է գրանցվել՝ 10,5 տոկոս։ Հայտնի է, Հայաստանի աշխատանքային միգրանտների հիմնական մասը զբաղված է շինարարության, նաեւ առեւտրի մեջ։ Ռուսաստանյան վիճակագրությամբ, այդ ոլորտներում էլ դրական դինամիկա է արձանագրվել։ Ռուսաստանում հունվար-փետրվարին շինարարության ֆիզիկական ծավալը աճել է տարեկան կտրվածքով 3,4 տոկոսով, մանրածախ առեւտրինը՝ 10,3 տոկոսով։
Ավելորդ չէ նշել, որ Ռուսաստանից փոխանցումների գումարը զգալի գերազանցում է այդ երկիր Հայաստանի արտահանման ծավալը։ Այսպես, անցած տարվա տվյալներով, տրանսֆերտների գումարը կրկնակի գերազանցել է դեպի Ռուսաստան արտահանումների ծավալը։ Հունվար-փետրվարը բացառություն չէին, Ռուսաստանից դրամային փոխանցումները կազմել են 12 մլն դոլար, իսկ Հայաստանի արտահանումն այդ երկիր՝ մոտ 90 մլն դոլար։ Հասկանալի է, որ մեր երկրի տնտեսության համար շահավետ է ԱՄն դոլարի նկատմամբ ռուբլու ամրապնդումը, այլ ոչ թուլացումը։
----------------------------
Ադրբեջանի «Մուսուլմանների միասնություն» շարժման առաջնորդ Թալեհ Բաղիրզադեն Ղուբուստանի բանտից հղած ուղերձում նշել է, որ այդ երկրում կրոնական ակտիվստների վիճակը ծանր ու անմարդկային է:
Ուղերձում, մտահոգություն հայտնելով տնային կալանքի տակ պահվող ազերի կրոնական ակտիվիստ՝ Աբոլֆազլ Բոնիադովի առողջական ծանր վիճակի կապակցությամբ, Բաղիրզադեն հավելել է.«Ազերի պատասխանատուները բժիշկներին, նույնիսկ Բոնիադովի հարազատներին թույլ չեն տալիս մուտք գործել նրա բնակարան ու բուժել նրան»:
Աբոլֆազլ Բոնիադովը Բաքվի արվարձանում գտնվող Նարդարանում Իմամ Հոսեյնի նահատակության քառասունքի առիթով արարողության կայացման վայրի տերն է: Նա 2015 թվականին ոստիկանության կողմից այդ արարողության մասնակիցների վրա իրականացված հարձակման հետևանքով հաշմանդամ դարձավ, այնուհետև ձերբակալվեց, բայց հաշմանդամության պատճառով բանտից դուրս բերվեց և ենթարկվեց տնային կալանքի:
Ադրբեջանի «Մուսուլմանների միասնություն» շարժման առաջնորդն իր ուղերձում մարդու իրավունքների պաշտպաններին և միջազգային կազմակերպություններին կոչ է արել քայլեր ձեռնարկել այդ երկրում կրոնական ակտիվիստների համար ստեղծված անմարդկային պայմանները բարելավելու համար:
Թալեհ Բաղիրզադեն Ադրբեջանի նախագահին քննադատողներից է: Նա 2015 թվականի նոյեմբերին Նարդարանում Իմամ Հոսեյնի նահատակության քառասունքի՝ Արբաինի առիթով սգո արարողության ժամանակ ձերբակալվեց անհիմն մեղադրանքով: Սպանության փորձ անելու և հրազեն կրելու մեջ մեղադրված Թալեհ Բաղիրզադեն դատապարտվեց 20 տարվա ազատազրկման: