Ապրիլ 18, 2018 12:55 Asia/Yerevan

Զարգացման հոգեբան ՝ Լանա Ֆալլահի մասնակցությամբ

 

Նախանձ, բացասական դիրքորոշում ուրիշների հաջողությունների հանդեպ։

Այդ դիրքորոշումն ունեցող մարդը չի ցանկանում, որ ուրիշները բարվոք վիճակում գտնվեն։ Նախանձը վկայում է այն մասին, որ նրա գործունեությունը բավարար չափով հաջող ընթացք չունի և հոգեվիճակն էլ տառապալից է։ Երբեմն նախանձը կարող է հանգեցնել ագրեսիվ գործողությունների։

 

Ասում են՝ նախանձը բնածին է, ծնունդ է առնում մարդու գիտակցական կյանքից եւ շարունակում է ապրել նրա հետ: Սակայն մեզանից ոմանք կարողանում են ինքնատիրապետել եւ չցուցադրել այն, ոմանք իրենց մատնում են դեմքի արտահայտության (միմիկայի) միջոցով: Նախանձը առաջանում է թերարժեքության զգացումի հենքի վրա, առաջին հերթին վնասում սեփական անձի նկատմամբ հարգանքին:

Նախանձը, խանդը, ատելությունն ու վրեժխնդրությունը իրականություններ են, որոնց հետ մարդկությունը պայքարի մեջ է հարյուրամյակներ շարունակ: Բազմաթիվ հետազոտություններ ապացուցել են, որ գոյություն ունի նախանձի մի քանի տեսակ՝ դեպրեսիվ նախանձ, թշնամական նախանձ եւ հիացմունքային նախանձ: Առաջինի դեպքում նախանձն առաջանում է այլոց երջանկության պատճառով եւ ուղեկցվում է դեպրեսիվ մտքերով, ինչպիսիք են՝ «երբեք չեմ կարող (չեմ ունենա) եւ այլն»: Երկրորդի ժամանակ նկատվում են ավելի ագրեսիվ բնույթ ունեցող արտահայտություններ կամ մտքեր, շեշտադրվում է թերարժեքության բարդույթը: Նախանձի երրորդ ձեւը անվանում են «բարի նախանձ», որը այնքան էլ բարի չէ, սակայն վերոհիշյալ տարբերակներից ամենաընդունելին է: Այս դեպքում հաճախ օգտագործվում են՝ «արժանի է, շատ է աշխատել (երանի նրան)» այսօրինակ արտահայտություններ: Վերջին տարիների հետազոտությունները բացահայտել են տխուր իրականություն, երբ մարդիկ կարող են նախանձել մոտիկ, նույնիսկ մտերիմ մարդկանց: Նախանձը վտանգավոր է մի պարզ պատճառով, որ այն կարող է առաջ բերել բացասական մտքեր, որոնք էլ կնպաստեն մարդու ամբողջ օրգանիզմի քայքայմանը: «Հենց դրա համար խելացիներն աշխատում են չցուցադրել կամ չպատմել իրենց հաջողությունների մասին»,  մարդու գլխուղեղի միջին նախաճակատային կեղեւի (ՄՆՃԿ) զննումը թույլ տվեց գիտնականներին պարզել, թե ուղեղի որ մասն է արձագանքում նախանձի առկայության դեպքում: ՄՆՃԿ-ն ակտիվանում է միայն այն ժամանակ, երբ մարդը մտածում է սեփական անձի կամ այլոց մասին: Ի զարմանս մասնագետների, այն ժամանակ, երբ անհատը զզվանք է զգում որեւէ նկարի (լուսանկարի) նկատմամբ՝ ուղեղի ՄՆՃԿ շրջանում ոչ մի ակտիվություն չի նկատվում: Մի քանի փորձի ընթացքում ուղեղի այս շրջանն ակտիվանում է միայն հպարտության, նախանձի կամ խղճահարության զգացողությունների առկայության ժամանակ՝ ասոցացված լուսանկարների առկայության հետ (այնուամենայնիվ, գլխուղեղի այլ հատվածներ, ինչպիսիք են՝ ամիգդալոյիդ կորիզը՝ զգացմունքների եւ վարքագծի պատասխանատուներից մեկը, եւ կղզյակը, որոնք ակտիվանում են նաեւ զզվանք առաջացնող մարդկանց եւ հակամարդկային օբյեկտների առկայության դեպքում):