Ապրիլ 18, 2018 20:20 Asia/Yerevan
  • Տնտեսական հանդես

Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք շաբաթվա կարևոր իրադարձություններին: Իրանի արտարժույթի շուկան անցած շաբաթ թեժ օրեր ապրեց: Այդ թեմային էլ հատկացված է մեր այսօրվա հաղորդման առաջին զրույցը:

Արտարժույթի համար մեկ փոխարժեք հստակեցնելու և այն կայունացնելու կապակցությամբ կառավարության ընդունած որոշումը, որպես տարբեր արտարժույթների դիմաց Իրանի ազգային արժույթի փոխարժեքի կեղծ տատանումներից խուսափելու միջոց, գլխավորեց շաբաթվա տնտեսական լուրերի խորագրերը:

 

Արտարժույթի գնի տատանման հետ կապված գլխավոր հարցերից մեկը իրական արտադրության և երկրի ընդհանուր պահանջարկը ներկայացնող ապրանքների իրական արժեքի վրա դրա գործած ազդեցությունն է: Դա նաև ազդում է տնտեսական աշխատանքների ու երկրում արտադրության վրա: Արտարժույթի փոխարժեքի տատանումը կամա թե ակամա արտադրության վրա ազդելուց բացի նաև իր ներազդեցության տակ է առնում ընտանիքի ծախսերը, մասնավոր ներդրումը, ոչ-նավթային արտահանումներն ու երկրի ներկրումները:

Սեմնանի համալսարանի տնտեսության ամբիոնի գիտական խորհրդի անդամ Աբդոլմոհամմեդ Քաշիանը «Թասնիմ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասում է. «Արտարժույթի շուկայի զարգացումներն ուղղակի և առանց միջնորդի ազդեցություն են գործում տնտեսական գործարարների աշխատանքի և ժողովրդի կենցաղի վրա ու եթե այդ շուկայում լուրջ փոփոխություններ ու տատանումներ լինեն անմիջապես իրենց ազդեցությունն են գործում տնտեսական շուկայի վրա: Դրա գլխավոր պատճառն այն է, որ երկրում արտադրության հում նյութերի, նաև ժողովրդի միջոցով սպառվող ապրանքների խոշոր մասը ներկրվում է և արտարժույթի փոխարժեքի հավելումը ուղղակի կերպով հանգեցնում է ներկրվող ապրանքների, իսկ անուղղակի կերպով՝ արտադրվող ապրանքների գների հավելմանը, ինչը երկրում տնտեսական լճացման վիճակի պատճառով ցանկալի երևույթ չէ»:

Այս տնտեսագետի համոզմամբ ներքին շուկայում դոլարի փոխարժեքի հավելումը բացասական հետևանքներին զուգահեռ նաև դրական հետևանքներ կարող է ունենալ, որոնցից մեկը ներկրման ծավալի կրճատումն ու արտահանման խրախուսումն է, իսկ բարձր փոխարժեքով նավթային դոլարների վաճառքը կարող է մեծ օգուտ բերել կառավարությանը: Այդուհանդերձ բացասական հետևանքների նժարն իր ծանրությամբ գերազանցում է դրական նժարի ծանրությանը և արտարժույթի փոխարժեքի հավելումն ընդհանրապես բացասական ազդեցություն է գործում արտադրության մակարդակի վրա: Այդուհանդերձ արտարժույթի փոխարժեքը ցածր պահելն էլ իր տեսակի մեջ սխալ քաղաքականություն է, որը հնարավոր չէ երկար ժամանակ գործադրել: Հետևաբար միաժամանակ ինֆլյացիայի ու տնտեսական աճի համապատասխան հաշվարկված միջին փոխարժեքն առավել տրամաբանական է թվում:

Իրանական 1396 թվականի վերջին օրերին արտարժույթի շուկայում դոլարի փոխարժեքի հավելումն ու նոր տարվա ընթացքում այդ կուրսի պահպանումը նոր տարվա առաջին օրերին ցնցում էր առաջացրել Իրանի կապիտալի շուկայում: Այս միջոցին սոցիալական ցանցերն, այդ թվում «Թելեգրամ»-ն էլ տագնապ հարուցող խեղաթյուրումներ կատարելով սրեցին առկա մտահոգություններն ու այդ գործոնները միասնաբար մարտահրավեր առաջացրեցին երկրի տնտեսության համար:

Նման պայմաններում հասարակական հուզումներին ակունք առած ոչ-տնտեսական գործոններն էլ անիրական կերպով ազգային արժույթի թուլացման պատճառ դարձան: Այդ պատճառով Կենտրոնական բանկի և կառավարության տնտեսական հարցերով պատասխանատուների ընդունած որոշումը թեև մասամբ ուշացած լինելով, սակայն կարողացավ տագնապից հանել երկրի տնտեսությունը:

Իրանի Կենտրոնական բանկի գլխավոր տնօրեն Սեյֆն ընդգծելով, որ Կենտրոնական բանկի ընդունած վերջին որոշումը սկզբունքային ու ամուր հիմնավորում ունի, ասում է. «Այս ձևաչափը մեզ դիմադրող է դարձնելու թշնամիների տնտեսական սպառնալիքների դիմաց, իսկ մեր ընդունած որոշումը երկարաժամկետ է և միտում է տնտեսական անդորրի ստեղծմանը»:

Իրանի Կենտրոնական բանկի գլխավոր տնօրենը դոլարի փոխարժեքը 4200 թուման որոշելու չափանիշի մասին ասում է. «Այդ թիվը հստակեցվել է նկատի առնելով մեր պայմանները, այդ թվում 3800 թումանի և ազատ գնով փոխարժեքը»:

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության տնօրեն Մոջթաբա Խոսրոթաջի ընդգծմամբ այդ որոշումն ընդունվել է նպատակ ունենալով կանխել ապօրինի գործարքները:

Փորձը ցույց է տվել, որ համեմատական գներում հստակեցում չլինելը, փոքրացնում է ներդրման հորիզոնը, խափանում է որոշում ընդունելու գործընթացները, կանխում է ապագայի համար ծրագրավորումն ու հեղինակազրկում է Կենտրոնական բանկին:

Իրանի իսլամական խորհրդարանի ծրագրի, բյուջեի և հաշվեքննության հանձնաժողովի նախագահության անդամ Ղավամին ասում է. «Եթե չօգտվենք արտարժույթի փոխարժեքը միատեսակ դարձվելու առիթից, դա կարող է թույլ կողմի վերածվել և հնարավոր է, որ կրկին այլ փոխարժեքներ ստեղծվեն»:

Նկատի առնելով այդ ցուցանիշները պիտի ասել, որ կառավարության ընդունած վերջին որոշումը վերցված ամենաօգտավետ քայլն է, որի միջոցով կարելի է տիրապետել տնտեսական մթնոլորտին ու նրան անխոցելի դարձնել տագնապների դիմաց:

---------------------------------

Իսկ այս շաբաթ նաև Իրանի ու աշխարհի էներգիայի ամենամեծ բևեռ Հարավային Փարսի գազադաշտի հետ կապված նոր լուրեր հրապարակվեցին:

Հարավային Փարսի 14-րդ բլոկի ծովային առաջին պատվանդանի և 13-րդ, 22-րդ և 24-րդ բլոկներում գազի քաղցրացման երկու գծերի ու նոր մի խողովակագծի շահագործմամբ այդ համատեղ գազադաշտում քաղցր գազի արտադրման նոր մրցանիշ արձանագրվեց և Իրանն առաջ անցավ Կատարից:

Այս նոր մրցաշարով Հարավային Փարս գազադաշտում Իրանի քաղցր գազի արտադրման թողունակությունն օրական 550 միլիոն խմ-ից բարձրացվեց շուրջ 565 միլիոն խմ-ի:

Իրանի Նավթի ազգային ընկերության հայտարարության համաձայն այս տարի Հարավային Փարս գազադաշտի 13-րդ, 22-րդ և 24-րդ բլոկները լիարժեքորեն շահագործման են հանձնվելու, որի դեպքում Իրանի քաղցր գազի արտադրության թողունակությունը 80-ից 100խմ հավելում կրելով բարձրանալու է օրական 630-ից 650 միլիոն խմի և Իրանն այդ համատեղ գազադաշտում գործնականում առաջ է անցնելու իր կատարցի գործընկերոջից:

Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկը «Ժողովուրդների փոփոխվող հարստությունը» խորագրով վերջին զեկույցում կանխատեսել է, որ Իրանի նավթային պաշարները գոյատևելու են 155 տարի:

Համաձայն այս զեկույցի Վենեսուելայից ու Լիբիայից հետո Իրանը նավթային պաշարների կայունության տեսակետից նավթային խոշոր երկրների շարքում երրորդ դիրքն է զբաղեցնում:

-------------------------

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը տնտեսական դիվանագիտության շրջագծում տարածաշրջանային այցի մեկնելով անցած շաբաթ Աֆրիկա և Հարավային Ամերիկա ուղևորվեց:

Զարիֆն այս ուղևորությունը սկսեց Սենեգալից ու ապա ուղևորվեց Բրազիլիա և Ուրուգվայ և ապա վերադարձի ճամբին նաև այցելեց Նամիբիա: Այս ուղևորության ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարարին ընկերակցում էին մասնավոր ու պետական բաժինների առևտրական, տնտեսական, ֆինանսական ու գիտահեն բաժինների տասնյակ ընկերությունների պատասխանատուներ ու գործարարներ: Սենեգալի մայրաքաղաք Դաքարում Սենեգալի առևտրի նախարար Ալիուն Սաարի և Իրանի ու Սենեգալի առևտրականների ու գործարարների մասնակցությամբ կայացավ Իրանի ու Սենեգալի տնտեսական համատեղ համաժողովը: Այդ համաժողովում Զարիֆը տեղեկացրեց Սենեգալի կառավարության ու մասնավոր բաժնի հետ համագործակցության Իրանի պատրաստակամության մասին, որի արդյունքում այդ երկիրը դառնալու է Աֆրիկայի արևմուտքում ավտոշինության բևեռը:

 

Զարիֆի երկրորդ հանգրվանը Բրազիլիան էր: Առևտրական ոլորտներում համագործակցության փաստաթղթերի ստորագրումը Զարիֆի Հարավային Ամերիկա կատարած ուղևորության ձեռքբերումներից է: ԻԻՀ ԱԳ նախարարն ու նրան ընկերակցող պատվիրակությունը այնուհետև ուղևորվեց Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեո, որտեղ քաղաքական ու դիվանագիտական հանդիպումներից բացի Ուրուգվայի ԱԳ նախարար Ռուդոլֆո Նին Նուաի հետ միասին մասնակցեց երկու երկրի տնտեսական նիստին:

Զարիֆի ու նրան ընկերակցող պատվիրակության տարածաշրջանային այցի վերջին հանգրվանը Աֆրիկայի հարավում գտնվող Նամիբիան էր:

Առևտրական ու գործարարների միջև ճանաչողությանը ստեղծումը և երկու երկրի համագործակցության տարողությունների շահագործումն այս այցի գլխավոր նպատակներից էին: Այդ պոտենցիալները վերաբերում են նավթի, գազի ու պետրոքիմիայի, ենթակառուցվածքային ու բարեշինական, էլեկտրակայանների կառուցման, բնակարանի, բժշկական ու դեղագործական արդյունաբերության, բիո և նանո տեխնոլոգիաների և գյուղատնտեսական սարքավորումների բաժիններին:

Զարիֆը Թուիթերում կատարած գրառման մեջ այդ ուղևորությունը հաջող ու արդյունավետ համարեց ու հավելեց. «Բազմաթիվ պայմանագրեր ստորագրվեցին ու ավելի շատ պայմանագրեր ճամբին են գտնվում: Իրանը պատրաստ է աշխարհում իր բազում գործընկերների հետ համագործակցության համար»: