Մայիս 09, 2018 20:38 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ:  Իրաքի Քուրդիստանի տարածքի կենտրոնն անցած շաբաթ Իրանի և այդ տարածքի տարբեր բնագավառների գործարարների մասնակցությամբ տնտեսական մեծ համաժողովի կազմակերպման ականատես էր: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի այս շաբաթվա համարը կսկսենք այդ մասին զրույցով:

«Իրանի և Իրաքի Քուրդիստանի տնտեսական առիթները» երկօրյա համաժողովն ապացուցեց, որ կողմերը ոչ միայն տնտեսական առումով իրար մոտիկ են կանգնած, այլև Իրաքում ու Սիրիայում հետիլիպյան շրջանում ստեղծված տնտեսական պոտենցիալները բացառիկ հնարավորություն են ընձեռել Թեհրանին ու Էրբիլին, որպեսզի առավելագույն չափերով մեծացնեն իրենց համագործակցության ծավալը: ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմեդ Շարիաթմադարին չորեքշաբթի օրը Էրբիլ քաղաքում գումարված «Իրանի և Իրաքի Քուրդիստանի տնտեսական առիթները» երկօրյա համաժողովի բացման ելույթում ներքին ու արտաքին ներդրման ու բանկային ոլորտների օրինական դաշտում կայունությունը տնտեսական հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտություններից համարեց և ասաց. «ԻԻՀ-ն պատրաստ է այդ բնագավառներում կայունության ստեղծման համար անհրաժեշտ պարտավորություններ ստանձնել»:

«Իրաքի Քուրդիստանի տարածքի վարչապետ Նեչիրվան Բարզանիի հետ բանակցություններում տնտեսական հարաբերությունների զարգացման ճանապարհին առկա խոչընդոտների քննարկման ու վերացման ուղիներ գտնելու համար երկու երկրի տնտեսական գործարարներից բաղկացած համատեղ կոմիտե ստեղծելու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվեց»,-հայտարարեց Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարարը:

Թեև այդ համաժողովը չորրորդ անգամ է ինչ գումարվում է, սակայն երկու պատճառներով հիմնական կարևորություն էր ներկայացնում: Նախ այն որ ԻԼԻՊ-ը տարածքային առումով Իրաքում պարտություն է կրել և այդ երկրում սկսվել է ահաբեկչական այդ խմբի պատճառած ավերածությունների վերակառուցումը: Գնահատումների համաձայն ոչ միայն ԻԼԻՊ-ի պատճառած ավերածությունների, այլ նաև արևմուտքի տարիներ տևած պատժամիջոցների և Սադամ Հոսեյնի բռնապետության պատճառած հետամնացությության վերականգնման համար Իրաքը հարյուրավոր միլիարդ դոլար ներդրման կարիք է ունենալու:

Իրաքում ու Սիրիայում Իրանի տնտեսական հարաբերությունների զարգացման քարտուղար Սաիդ Օհադին Իրանի տեխնիկական ու ինժեներական ծառայությունների տարեկան արտահանման արժեքը 25 միլիարդ դոլար է հայտարարել և ասել է. «Հետիլիպյան շրջանում Իրաքում ինժեներական ու տեխնիկական ծառայությունների կարիքը 500 միլիարդ դոլար է գնահատվում, սակայն Իրանի պոտենցիալից տարեկան միայն մեկ միլիարդ դոլարն է օգտագործվում»:

Իրանի բարձրաստիճան պատվիրակության Էրբիլ կատարած այցը վկայում է Իրաքի շուկայում ակտիվ ներկայության համար կառավարության վճռակամության մասին: Այս շրջագծում Իրանն ու Իրաքի Քուրդիստանի տարածքը տնտեսական համագործակցությունների զարգացման փոխհուշագիր ստորագրեցին:

Փոխհուշագիրը ստորագրեցին ԻԻՀ արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարար Մոհամմեդ Շարիաթմադարին և այդ տարածքի մի խումբ նախարարներ:

Երկու երկրի պատասխանատուների կանխատեսմամբ Իրանի ու Իրաքի միջև առևտրաշրջանառությունը կարող է գերազանցել 20 միլիարդ դոլարը և ակնկալվում է, որ այդ հարաբերություններին զուգահեռ նաև ընդլայնվեն տնտեսական կապերը: Դա ի տես այն բանի, որ այդ նպատակի իրագործումը պահանջում է կարգավորել բանկային հարաբերությունների, տրանսպորտի, վիզաների և մաքսային ոլորտներում առկա որոշ արգելքները:

------------------------------

Այս շաբաթ Թեհրանում նավթի ու գազի ցուցահանդեսի կայացմանը զուգահեռ Իրանի նավթի նախարարի և Գազ արտահանող երկրների ֆորումի գլխավոր քարտուղարի հանդիպման ժամանակ քննարկվեցին այդ ֆորումի հետ կապված վերջին զարգացումները:

Գազ արտահանող երկրների ֆորումի գլխավոր քարտուղար Յուրի Սենթիյուրին շաբաթ օրը ԻԻՀ նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեի հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց այդ ֆորումի վերջին զարգացումներն ու ձեռքբերումները և Իրանի նավթի նախարարին տեղեկացրեց այդ ֆորումի առաջիկա անելիքների մասին:

Գազ արտահանող երկրների ֆորումը բնական գազի արտադրման ու արտահանման ոլորտներում համադրման և գների վերահսկման նպատակով հիմնադրվեց 2008 թվականի դեկտեմբերի 23-ին:

Գազ արտահանող երկրների ֆորումի անդամներն արտահանում են աշխարհի գազի 44 տոկոսը, վերահսկում են աշխարհի գազի պաշարների 67 տոկոսը և նրանց կողմից է իրականացվում խողովակագծի միջոցով գազի արտահանման 64, իսկ բնական հեղուկ գազի առևտրի 66 տոկոսը:

Ալժիրը, Բոլիվիան, Եգիպտոսը, Հասարակածային Գվինեան, Իրանը, Լիբիան, Նիգերիան, Կատարը, Ռուսաստանը, Վենեսուելան, Էմիրությունները և Տրինիդադն ու Տոբագոն Գազ արտահանող երկրների ֆորումի 12 լիիրավ անդամներն են, իսկ Նիդերլանդները, Նորվեգիան, Իրաքը, Օմանը, Պերուն ու Ադրբեջանը դիտորդի կարգավիճակով են մասնակցում  ֆորումի նիստին:

Ի դեպ այս շաբաթ Թեհրանի միջազգային ցուցահանդեսների մշտական վայրում իր դռները բացեց Նավթի, գազի, զտման ու պետրոքիմիայի 23-րդ միջազգային ցուցահանդեսը:

Թեհրանի Նավթի միջազգային ցուցահանդեսի գլխավոր նպատակներից են նավթի ու գազի արդյունաբերության բնագավառում տեխնոլոգիական վերջին նվաճումների ծանոթացումը, այլ երկրների հետ համագործակցության ընդլայնումը և աշխարհում նավթային նմանօրինակ ընկերությունների հետ մրցակցությունը, նաև տեխնիկական տեղեկությունների փոխանակման միջոցով ներքին արտադրության հզորացմանը խթան հանդիսանալը:

Համաշխարհային բանկը «Ժողովուրդների փոփոխվող հարստությունը» խորագրով իր վերջին զեկույցում կանխատեսել է, որ Իրանի նավթային պաշարները 155 տարի գոյատևելու են: Նավթի ու գազի ընդհանուր պաշարների տեսակետից Իրանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում:

---------------------

Իրանի ճանապարհի և քաղաքաշինության նախարարությունն այս շաբաթ հայտարարեց, որ երկրի հաղորդակցական ճանապարհների ընդլայնման մեծ նախագծով ձգտում է հեշտացնել հաղորդակցության տասը ճանապարհների միջոցով բեռների և ուղևորների փոխադրումը, որպեսզի Իրանը կարողանա տարածաշրջանային տնտեսական ու ապահովական կայունության ոլորտում  ակտիվ դերակատարություն ունենալ:

Իրանի տրանսպորտի համապարփակ նախագծում երկրի առաջին կարևոր միջանցքը 1920կմ երկարությամբ սկիզբ է առնելու Իրանի հարավ-արևելյան Գուաթերի տարածքից և անցնելով Ջասքից, Բանդար Աբբասից, Բանդար Լենգեից ու Բուշեհրի նավահանգստից հասնելու է Հենդիջան և Աբադան ու Խոռամշահր նավահանգիստները:

Երկրորդ միջանցքը 825կմ երկարությամբ սկիզբ է առնելու Իրանի կենտրոնական տարածքից և անցնելով Սավեից ու Քերմանշահից հասնելու է Խոսրավիի սահմանակետը: Այս միջանցքի լրացման համար այս պահին երկրի արևմուտքում 105կմ ճանապարհ է կառուցվում:

Երկրի երրորդ կարևոր միջանցքը 1940կմ երկարությամբ սկսվելու է Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Բազարգանի տարածքից և անցնելով Թավրիզից, Զանջանից, Ղազվինից, Աբիեքից, Թեհրանի հարավային մայրուղու միջոցով հասնելու է Ղոմ և ապա անցնելով Գարմսարից, Սեմնանից, Շահռուդից ու Սաբզեվարից միանալու է Մաշհադին: Այս միջանցքը Եվրոպայից դեպի Իրանի արևելք ու Աֆղանստան բեռների տարանցման ուղղությամբ խոշոր դերակատարություն է ունենալու:

Իրանն իր ռազմավարական դիրքի պատճառով գտնվում է աշխարհի միջանցքների քառուղիում «Հյուսիս-հարավ»-ը, «Արևելք-արևմուտք»-ը, «Ասիայի հարավ»-ը և «Տրասիկա»-ն աշխարհում այն չորս կարևոր կապի միջանցքներն են, որոնց մի բաժինն անցնում է Իրանի տարածքով:

«Տրասիկա»-ն միջազգային միջանցք է, որ Ասիան միացնում է Եվրոպային: Այս միջանցքին մաս են կազմում Սև ծովի եզերքին գտնվող Բուլղարիան, Ուկրաինան, Ռումինիան, Մոլդովան և Թուրքիան, Կովկասի տարածաշրջանում գտնվող Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը և Միջին Ասիայում գտնվող Թուրքմենստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, տաջիկստանն ու Ղրղզստանը: Իրանն այս միջանցքի անդամ 14-րդ երկիրն է համարվում:

Հյուսիս-հարավ միջանցքի նախագծի լիարժեք իրագործմամբ Կասպից ծովի հյուսիսում գտնվող երկրներն Իրանի տարածքով կմիանան Պարսից ծոցին և դրան զուգահեռ Ասիայի հարավում ու հարավ-արևելքում գտնվող երկրները Կասպից ծովի հյուսիսում գտնվող երկրներին ու Եվրոպային միանալու հնարավորություն կունենան:

Թեհրանում Հնդկաստանի դեսպան Սաուրաբ Քումարը հյուսիս-հարավ միջանցքի շահագործումը տարածաշրջանի բոլոր երկրների համար չափազանց կարևոր է բնութագրել և համոզված է, որ այս միջանցքի շահագործումը տարածաշրջանի երկրների տնտեսական ծաղկման ու զարգացման պատճառ է դառնալու:

Այս առևտրական պոտենցիալը Թեհրանում առևտրական պատվիրակությունների բանակցությունների համար հարմար առիթ է ստեղծել: Այս շրջագծում Վրաստանի փոխվարչապետ և էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Դմիտրի Կոմշիշվիլին այս շաբաթ Թեհրանում հանդիպելով Իրանի էկոնոմիկայի նախարար Մասուդ Քարբասիանի հետ զրուցեց երկու երկրների համագործակցության շուրջ:

Հանդիպման ժամանակ Վրաստանի փոխվարչապետը Իրանի հետ տնտեսական համատեղ համագործակցության հետ կապված որոշ տվյալներ ներկայացնելով երկկողմ առևտրական ու տնտեսական հարաբերությունների առավել ընդլայնման համար հայտնեց իր երկրի պատրաստակամությունը: