Մայիս 30, 2018 20:44 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք անցած շաբաթվա տնտեսական կարևոր իրադարձություններին:  

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին անցած չորեքշաբթի օրը համակարգի մի խումբ պատասխանատուների ու գործակատարների հետ հանդիպման ժամանակ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումը ՄԱԿ-ի 2231 բանաձևի  խախտում համարեց և ընդգծեց. «Եվրոպացիները պիտի ԱՄՆ-ի դեմ բանաձև  ներկայացնեն ԱԽ և բողոքեն ԱՄՆ-ի այդ քայլի դեմ»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը նաև պարզաբանելով եվրոպացիների հետ ՀԳՀԾ-ն շարունակելու անհրաժեշտ նախապայմաններն, ասաց. «Եվրոպացիները պիտի ԱՄՆ-ի դեմ բանաձև ներկայացնեն ԱԽ-ին, պիտի պարտավորություն ստանձնեն այն կապակցությամբ, որ առաջ չեն քաշելու Իրանի հրթիռային ծրագիրն ու տարածաշրջանային ներկայության հարցը, պիտի դիմակայեն Իրանի դեմ ԱՄՆ-ի ցանկացած պատժամիջոցին, պիտի երաշխավորեն Իրանին անհրաժեշտ չափերով Իրանից նավթի գնումը, եվրոպական բանկերն էլ պիտի երաշխավորեն պետական ու մասնավոր բաժինների առևտրից գոյացած գումարների ԻԻՀ-ին վճարվելն ու փոխանցվելը»:

Անկասկած եթե Եվրոպան ցանկանա Իրանի հետ բանակցությունները ԱՄՆ-ի հավակնություններին ու պահանջներին պատասխանելու համար սակարկության վերածել ու շարժվել Իրանի դեմ Թրամփի ու Պարսից ծոցի տարածաշրջանի որոշ երկրների ներշնչումների ու ներկայացրած սխալ հասցեների ազդեցության ներքո, ՀԳՀԾ-ն շարունակելն ապարդյուն քայլ կլինի:

Կիրակի օրը Իրանի Իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նիստին մասնակցելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում Աբբաս Էրաղչին  ՀԳՀԾ-ի մյուս անդամների հետ բանակցության մասին ասել է. «Իրանը եվրոպական երկրներին կոչ է արել առանց ԱՄՆ-ի ներկայության ձեռնամուխ լինել միջուկային համաձայնագրով Իրանի պահանջների բավարարմանը, և համապատասխան երաշխիքներով Իրանին  ներկայացնել իրենց առաջարկները, մեխանիզմներն ու գործնական լուծումները, որպեսզի Թեհրանը կարողանա որոշում կայացնել»:  

Էրաղչին հավելել է. «Իրանը շարունակելու է բանակցել այնքան ժամանակ, քանի դեռ զգում է, որ բանակցություններն ընթանում են բնականոն հունով»:

ԱՄՆ-ի վերտարածքային քայլերն, այդ թվում միակողմանի պատժամիջոցները և համաշխարհային տնտեսության վրա դրա ազդեցությունն այն բաղադրիչներից են, որոնք բազմաթիվ դժվարությունների առջև են կանգնեցնում Եվրոպայի տնտեսությունը: Այս կապակցությամբ արծարծված հարցերից մեկը միջազգային կազմակերպությունների հանդեպ հարգանքն է, ինչը եվրոպացիների համար չափազանց կարևոր ու զգայուն հարց է համարվում: Բուշի շրջանում ու հատկապես Իրաքի դեմ հարձակման և ԱՄՆ-ի միակողմանի ու կամայական պատժամիջոցների պարագային նման միահեծանության ականատես եղանք: Այս իրավիճակը Օբամայի նախագահության շրջանում որոշ չափով բարելավեց: Սակայն Թրամփի շրջանում կրկին միջազգային կազմակերպությունների ու պայմանագրերի հանդեպ անարգալից վերաբերմունքի ականատես ենք: Թրամփը «Տրանս-Փասիֆիկ»-ի համագործակցությունը չեղարկելուց բացի նաև հրաժարվեց Փարիզի պայմանագրից: Այս պարագային կարևորություն վայելող թեման Համաշխարհային առևտրի կազմակերպությունից հրաժարումն է: Եվրոպացիների վրա գործադրվող ԱՄՆ-ի ճնշումը և Իրանի ու Եվրոպայի միջև տնտեսական համագործակցության խաթարումն առևտրի ազատ հարաբերությունները խանգարելու և միջազգային առևտրական համաձայնություններն ու պարտավորություններն անտեսելու իմաստով է:

Իրանի հարցերի ավստրիացի փորձագետ Վալթեր Փուշը Շվեյցարիայի «Էս Առ Էֆ»-ին տված հարցազրույցում ընդգծել է. «ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի հրաժարումը կարող է Ատլանտյան օվկիանոսի երկու ափերում խոր ճեղքվածք առաջացնել և առավել թուլացնել արդեն «Բրէքզիթ»-ի հետևանքով թուլացող ԵՄ-ն:

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումն Իրանին ու Եվրոպային առաջնորդել է նոր փորձի ուղղությամբ, որ եվրոպացիների անկախ վերաբերմունքի դեպքում կարող է ընդլայնել Իրանի հետ համագործակցությունները: Իրանն ու Եվրոպան օգտվել են միմյանց տնտեսական ու ներդրումային հնարավորություններից: Հնարավորություններ, որոնք անցած մեկ տասնամյակում ԱՄՆ-ի խափանումների ու ԱԽ-ի բանաձևերի հետևանքով սահմանված պատժամիջոցների պատճառով մոռացության էին տրվել:

Ներկա պայմաններում այլևս անցել է պատժամիջոցների ու սպառնալիքի լեզվով խոսելու ժամանակը: Այդուհանդերձ պիտի սպասել ու տեսնել որ այս նոր փորձում Եվրոպան ինչքանով է հաջողվելու իր ճամփան բաժանել ԱՄՆ-ից:

-----------------------

Անցած շաբաթ Իրանի ծովային կառույցների փորձագետների ու ինժեներների ջանքերով Իրանի հարավում գտնվող Հարավային Փարս գազադաշտում տեղադրվեց Իրանի ծովային արդյունաբերության ընկերության մեջ արտադրված Հարավային Փարսի 22-ից 24-րդ բլոկների ընդլայնման նախագծի քառյակ պատվանդաններից առաջինը:

Այս պատվանդանի տեղադրմամբ ու շահագործմամբ Իրանի քաղցր գազի արտադրման օրական ծավալը 14 միլիոն 200 հազար խորանարդ մետրով ավելացել է:

Իրանի ծովային արդյունաբերության ընկերության  կողմից  կառուցվում են 22-ից 24-րդ բլոկների ընդլայնման նախագծի մյուս երեք պատվանդանները և այդ ուղղությամբ 84 տոկոս առաջընթաց գոյություն ունի:

Իրանի Հարավային Փարս գազադաշտը գտնվում է Պարսից ծոցում և Իրանի ու Կատարի տարածքային ջրերում և համարվում է աշխարհի ամենամեծ գազադաշտը:

Հարավային Փարս գազադաշտը պարունակում է 14 տրիլիոն խմ գազ և 18 միլիարդ բարել գազային կոնդենսատներ՝ ինչը կազմում է աշխարհի ընդհանուր պաշարների 8 տոկոսը, իսկ Իրանի գազի պաշարների գրեթե կեսը:

--------------------

Չնայած պատժամիջոցներին Իրանի տնտեսությունը տարբեր շուկաներ է մուտք գործել և դա այն իմաստով է, որ Իրանում միջին ու երկար ժամկետներով ներդրումները կայուն են: Այս շրջագծում Իրանի ու տարբեր երկրների միջև երկկողմ ու բազմակողմ համաձայնագրեր են ստորագրվել, որոնք առավել մեծացրել են Իրանի տնտեսական շուկայի ծավալները:

Իրանի կողմնորոշումներից մեկը հատկապես ասիական երկրներում առևտրական ու տնտեսական շուկաների բազմավեկտորության ապահովումն է:

Այս շրջանակներում Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի տան նախագահ Աբդոլվահաբ Սահլ Աբադին Իրանի ու Ճապոնիայի տնտեսական համագործակցությունների ընդլայնման նպատակով անցած շաբաթ Տոկիո մեկնեց:

Այս այցի ընթացքում նա Տոկիոյում հանդիպեց Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության Միջին Արևելքի ու Եվրոպայի բաժինների տնօրեններին:

Այս պահին Իրանի ու Ճապոնիայի տնտեսական գործարարների միջև համագործակցությունների ընդլայնման հարմար առիթ է ստեղծվել:

Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի տան նախագահը տուրիզմի արդյունաբերության ընդլայնումը և արդյունաբերական տարբեր բնագավառներում վերապատրաստման շրջանների կազմակերպումը երկու երկրի միջև համագործակցության բնագավառներից համարեց և ասաց, որ տարածաշրջանային դիրքի, հարևանների, անվտանգության ու տրանսպորտային ուղղությունների հետ կապված Իրանի մեծ հնարավորություններ ունի և դրանք տրամադրում է բոլորին:

Իրանը նավթի արտահանման ոլորտում մեծ կարողություններ ունի: Պետրոքիմիայի արդյունաբերության բնագավառում էլ Իրանն ու Ճապոնիան համատեղ ներդրմամբ կարող են այդ բնագավառում տեխնիկական, կրթական ու հետազոտական ոլորտում համագործակցության հող ստեղծել:

-------------------------

Տարածաշրջանային համագործակցությունների ընդլայնման շրջանակներում ԻԻՀ ԱԳ նախարարն այս շաբաթ Հնդկաստան ուղևորվեց:

Իրանի տնտեսական ու քաղաքական գործընկերների հետ խորհրդակցությունները շարունակելով ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն այս շաբաթ Նոր Դելիում հանդիպեց Հնդկաստանի ԱԳ նախարար Սուշմա Սուարաջի հետ և նրա հետ զրուցեց ՀԳՀԾ-ի, այդ համաձայնությունից ԱՄՆ-ի հրաժարման և ներկա պայմաններում երկու երկրների շահերի ապահովման շուրջ:

Վերջին տարիներին Իրանի ու Հնդկաստանի միջև առևտրական ու տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը թափ է հաղորդվել: Այս համագործակցության կարևոր կողմերից մեկը Իրանի հարավ-արևելքում գտնվող Չաբահար նավահանգստի ընդլայնման նախագծում Հնդկաստանի կատարած ներդրումն է։ Այս նավահանգիստը տարածաշրջանի երկրներին կապող կամուրջ է համարվում ու այդ պատճառով էլ «Ժողովուրդների դարպաս» է կոչվում:

Չաբահարի եռակողմ տարանցման համաձայնագիրը 2016 թվականի մայիսին ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի ներկայությամբ ստորագրեցին երեք երկրների ճանապարհի նախարարները:

Իրանի Չաբահարի նավահանգստի ընդլայնման շրջագծում Չաբահարում 85 միլիոն դոլար ներդրման դիմաց  Հնդկաստանը 10 տարով ստանձնում է այդ նավահանգստի երկու նավամատույցների կառավարումը:

Այս նավահանգստի ընդլայնումն Իրանից, Հնդկաստանից ու Աֆղանստանից շահավետ է լինելու այլ երկրների, այդ թվում Ռուսաստանի ու Վրաստանի համար:

Հնդկաստանի տրանսպորտի և նավարկության նախարար Նիթին Գադքարին անդրադառնալով Չաբահարի նավահանգստի նշանակությանն ասել է. «Հնդկաստանը հետաքրքրված է Իրանի հետ առևտրական համագործակցությունների ընդլայնմամբ և Չաբահարի նավահանգիստը որպես ռազմավարական նշանակությամբ մի տարածք. Իրանի ու Հնդկաստանի միջև հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ կարևոր դերակատարություն է ունենալու»: