Հունիս 09, 2018 14:40 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի այս համարում կշարունակենք նախորդ շաբաթներում սկսած մեր զրույցը Իրանում ու աշխարհում փիլիսոփայության ու իմաստասիրության հայտնի դեմքերից Սադր-օլ-Մոթեալեհին կամ Մոլասադրա անունով հայտնի դարձած Մոհամմեդ Էբրահիմ Ղավամի Շիրազիի մասին:

Մոլասադրա անունով հայտնի Սադրեդդին Մոհամմեդ Ղավամ Շիրազին ծնվել է լուսնային հիջրեթի 980 թվականի ջամադի-ալ-ավալ ամսվա 9-ին (1571) Շիրազ քաղաքում: Տարրական ուսումն ստացել է տանը՝ սովորելով մասնավոր ուսուցչի մոտ և իր արտակարգ ուշիմության ու ընդունակության շնորհիվ կարճ ժամանակում տիրապետել է պարսկերեն և արաբերեն լեզուներին ու գրականությանը և գեղագրության արվեստին: Պատանի հասակում Մոլասադրան գիտելիքներ է ձեռք բերում մաթեմատիկայի ու աստղագիտության ու որոշ չափով բժշկության, իսլամական իրավունքի ու օրենսգիտության և տրամաբանության բնագավառներում: Իր սերտած բոլոր առարկաների միջից նրան ամենաշատը հետաքրքրում էին փիլիսոփայությունն ու մասնավորապես միստիցիզմը: Նա ընտանիքի հետ միասին Շիրազից Ղազվին գաղթելով Սադրեդդին Մոհամմեդը տարրական ու միջնակարգ ուսումը Ղազվինում շարունակում է քաղաքի հայտնի ուսուցիչների մոտ ու ժամանակից շուտ անցնում է բարձրագույն ուսման փուլը: Ղազվինում նրան բախտ է վիճակվում աշակերտել ժամանակի երկու հայտնի ու տաղանդավոր գիտնականներին՝ Շեյխ Բահայիին ու Միրդամադին և կարճ ժամանակում շնորհիվ իր ընդունակություններին գերազանցում է նրանց բոլոր աշակերտներին: Սեֆևյանների մայրաքաղաքը Ղազվինից Սպահան փոխադրվելով Սադրեդդին Մոհամմեդն էլ իր ուսուցիչների հետ փոխադրվում է Սպահան և որոշ ժամանակ անց իր ուսուցիչների կողմից դասավանդության թույլտվություն է ստանում: Այդ ժամանակվանից սկսած նա սկսում է մշակել իր փիլիսոփայական նոր ուղղության հիմունքները: Նաև նշեցինք, որ կարճ ժամանակ անց նրա միստիկական ուղղության հետ հակառակ որոշ հոգևորականների ճնշման ներքո Մոլասադրան պարտավորվում է հեռանալ Սպահանից: Գնում է Ղոմ քաղաքի մերձակայքում գտնվող Քահաք գյուղն ու 5 տարիներ և որոշ վկայությունների համաձայն 15 տարիներ անց վերադառնում է Շիրազ:Մոլասադրան իր աշխատությունների գլխավոր մասը կատարել է այս շրջանում: Մոլասադրան վախճանվել է լուսնային հիջրեթի 1050՝ փրկչական 1640 թվականին, 71 տարեկան հասակում, Բասրայում, 7-րդ անգամ Հաջի ուխտագնացության մեկնելու ճանապարհին: Իրանցի մեծ մտավորականի ու փիլիսոփայի գերեզմանը գտնվում է Նաջաֆ քաղաքում՝ շիաների առաջին առաջնորդ Իմամ Ալիի դամբարանի  ձախ կողմում գտնվող «Իվան Օլամա»-ում:

Մոլասադրա

 

Մոլասադրա կամ Սադր-օլ-Մոթեալեհին անունով հայտնի Սադրեդդին Մոհամմեդ Ղավամ Շիրազին  իսլամական փիլիսոփայության բնագավառում վարժ գրիչ ունեցող ու բազմաշխատ հեղինակներից է և նրա գրավոր ստեղծագործությունները հռետորության ու ճարտասանության տեսակետից եզակի են: Բանասերների համոզմամբ շիա մշակութային պատմության անցյալում երկու անձինք վարժ գրիչներ են ունեցել: Առաջինը Շահիդ Սանի Զեյնեդդին Ջաբալ Ամելին է, որ իսլամական օրենսգիտության ոլորտում վարժ ու գրավիչ գրիչ է ունեցել և Սադր-օլ-Մոթեալեհին Շիրազին, ով փիլիսոփայությունը ներկայացրել է պարզ ու գրավիչ լեզվով:

Մոլասադրան ավելի քան 40 անուն գրքերի հեղինակ է, որոնցից յուրաքանչյուրը մի գլուխ գործոց է համարվում: Բացի բարոյագիտության ոլորտում գտնված «Երեք Սկզբունք» աշխատությունից ու մի քանի նամակներից, նրա մյուս բոլոր ստեղծագործություններն արաբերենով են: Դա այն պատճառով է, որ այդ օրերին արաբերենը գիտական կենտրոնների պաշտոնական լեզուն էր: Այդ բոլոր ստեղծագործություններում Մոլասադրա Շիրազիի արձակը պարզ ու քնարական է, ինչը փիլիսոփայության ոլորտի բանասերների համոզմամբ փիլիսոփայության ու միստիցիզմի ուսուցման համար չափազանց դյուրին է համարվում: Մոլասադրայի ստեղծագործությունների մի մասի փիլիսոփայական են, իսկ մյուսներում գերակա միստիցիզմի յուրահատկությունը: Որոշ ստեղծագործություններում էլ գերակշռում է տրամաբանությունն ու պատճառաբանությունը, թեև բոլորն էլ միստիկական երանգներ ունեն: Սադր-օլ-Մոթեալեհին Շիրազիի ստեղծագործություններն իրենց ընդհանրության մեջ առանձնանում են իրենց համապարփակությամբ, տարբեր տեսակետների միջև արդար դատողությամբ, անորոշությունների պարզաբանման համար մտքի, ճաշակի ու հայտնության օգտագործմամբ, անցյալների տեսակետներին տիրապետելով և պարզ, սակայն չընդօրինակվող ոճով:

Մոլասադրան բազմաշխատ փիլիսոփաներից մեկն է: Թեև որոշ ժամանակ ապրել է մեկուսացած պայմաններում, չի ստեղծագործել ու դրանից հետո էլ իր կյանքի խոշոր մասը հատկացրել է դասավանդության ու փիլիսոփայության բնագավառներում աշակերտներ դաստիարակելուն, սակայն թե ուղևորությունների և թե հանգստի բոլոր հնարավոր պահերն օգտագործել է փիլիսոփայության բնագավառում համառոտ ու ընդարձակ աշխատությունների ու գրքերի շարադրմանը: Նրա մտածողության արդյունքը փիլիսոփայական չափազանց օգտակար և տարբեր նպատակներ հետապնդող մի հավաքածո է, որն այսօր հիշատակ է մնացել մեզ համար:

Նրա աշխատություններից որոշները դասագրքեր են և չափազանց հարմար են նրա հատուկ ուսմունքի՝ «Հեքմաթ Մոթեալիե»-ի դիտանկյունից փիլիսոփայության ու միստիցիզմի նախնական կամ լրացուցիչ ուսուցման համար: Որոշներն էլ գրվել են որոշակի տեսություններ բացատրելու կամ ապացուցելու նպատակով: Նրա մի քանի գրքերն էլ բարոյագիտական բնույթ են կրում ու անդրադառնում են մարդկային վարքագծին:

Նա իր ստեղծագործությունների խոշոր մասը հատկացրել է Ղուրանի մեկնաբանությանը ու թեև մահը նրան ժամանակ չտվեց, որպեսզի ամբողջ Ղուրանը փիլիսոփայական ու միստիկական դիտանկյունից մեկնաբանի, սակայն հենց այդքան էլ նրա մեկնաբանությունը դարձնում է եզակի:

Իսլամի մեծարգո մարգարեի ու նրա գերդաստանի վկայությունների ու ասույթների բնագավառում էլ Մոլասադրան հմուտ էր: Այս բնագավառում նրա հայտնի ստեղծագործությունը բացատրություն է, որ գրել է Շեյխ Քոլեյնիի հայտնի գրքի ,Ալ-Քաֆի»-ի համար: Մոլասադրան բացատրություն է գրել այդ գրքի «Սկզբունքներ» բաժնի համար, որը նրա մահով անավարտ է մնացել:

«Ալ-Հեքմա ալ-Մոթեալիա ֆել-Ասֆար ալ-Առբաա ալ-Աղլաիա»-ն, Ղուրանի մեկնաբանությունը, «Շարհ Ալ-Հեդայա»-ն, «Ալ-Վարեդաթ Ալ-Ղալբիա»-ն, «Ալ-Մաբդա վալ-Մաադ»-ը, «Թանղիհ ալ-Ալմանթեղ»-ը և «Թասավոր ու Թասդիղ» աշխատությունը նրա 40 ստեղծագործություններից մի քանիսի խորագրերն են: Բացի փիլիսոփայական ու միստիկական այս աշխատություններից Մոլասադրայից հիշատակ է մնացել բանաստեղծությունների մի ժողովածու, որը գրվել է պարսկերեն լեզվով և պարունակում է միստիկական ու գիտական թեմաներով բանաստեղծություններ:

Մոլասադրայի ստեղծագործությունների միջից կարելի է առանձնացնել նրա գիտական ու գրական գրառումները: Նա երիտասարդ տարիքում փիլիսոփայության ու միստիցիզմի բնագավառում ընդարձակ ուսումնասիրություն ու ընթերցանություն է կատարել և իր բանաստեղծական տաղանդի շնորհիվ նաև ընթերցել է տարբեր բանաստեղծների դիվանները: Նրա երիտասարդության տարիներից հիշատակ են մնացել բանաստեղծություններ, գիտնականների ու միստիկների հայտնի ասույթներ ու գիտական այլ նյութեր պարունակող կարճ գրառումներ, որն իր հերթին արժեքավոր մի հավաքածո է, որի ընթերցման միջոցով հնարավոր է ծանոթանալ Մոլասադրայի նուրբ ճաշակին: Այս գրառումները երկու առանձին հավաքածոներ են և հնարավոր է, որ ավելի փոքր հավաքածոն խմբագրված լինի նրա ուղևորությունների ընթացքում:

Մոլասադրայի ստեղծագործությունների պարագային գլխավոր հարցերից մեկը դրանց շարադրման վայրն ու թվականն է: Մոլասադրայի ստեղծագործություններից որոշները պարզ է, որ գրվել են այսինչ թվականին, Քահաքում կամ Շիրազում, բայց նրա աշխատություններից շատերը թվական չունեն: Գիտական հարցերին ցուցաբերած ուշադրությամբ հանդերձ Մոլասադրան ուշադրություն չի դարձրել գրքի շարադրման թվականին և կամ  արտագրած գրիչը մոռացել է դա հիշատակել: Բանասերները համոզված են, որ Մոլասադրա Շիրազիի ստեղծագործությունների վայրը գտնելու համար պիտի նկատի ունենալ, որ նա լուսնային հիջրեթի 1040 թվականի՝ փրկչական 1630 թվականին Ղոմից Շիրազ է հասել և նախքան լուսնային հիջրեթի 1015 թվականը՝ փրկչական 1605 թվականը Շիրազից մեկնած է եղել Ղոմ կամ դրա մերձակայքը: Հետևաբար մինչև լուսնային հիջրեթի 1040 թվականը գրված գրքերը ստեղծվել  են Ղոմում ու դրա մերձակայքում, միթե այն որ դրանցից որոշները գրված լինեն նրա երկար ուղևորությունների ընթացքում:

Բարեկամներ հաջորդ հաղորդման ընթացքում համառոտ կերպով կանդրադառնանք նրա գլխավոր ստեղծագործությունը համարվող «Ալ-Հեքմա ալ-Մոթեալիա ֆել-Ասֆար ալ-Առբաա ալ-Աղլաիա» գրքին: