Արաղչիի հարցազրույցը Fox News-ին. Միջուկային հարստացումից մինչև «Մահ Ամերիկային» կարգախոսը
Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Fox News-ին տված առցանց հարցազրույցում բացատրել է Իրանի դիրքորոշումը միջուկային ծրագրի, արտաքին սպառնալիքների և տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ։ Հարցազրույցը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ շարունակվում են միջուկային բանակցությունները և տարածաշրջանում լարվածությունը։
Երկրում հարստացված ուրան արտադրելու փոխարեն, այն դրսից ներմուծելու մասին Fox News-ի հարցին պատասխանելով, Արաղչին կարևորել է Իրանի «գիտական նվաճումները» և նշել է. «Ինչո՞ւ պետք է ներմուծենք այն, ինչ կարող ենք ինքներս արտադրել»։
Ուրանի հարստացումը մինչև 90% բարձրացնելու մեղադրանքներին պատասխանելով՝ Արաղչին ասել է. «Մենք երբեք 90% ուրան չենք հարստացնի։ Մենք հանձնառու ենք ատոմակայանի վառելիքի արտադրության համար մնալ 5%-ից ցածր սահմանում»։
20% հարստացում և Թեհրանի հետազոտական ռեակտորը
Իրանի արտգործնախարարը բացատրեց, որ մինչև 20% հարստացումն իրականացվում է «Թեհրանի հետազոտական ռեակտորի» (ԹՀՌ) կարիքները բավարարելու համար։ Նա նաև անդրադարձավ անցյալում 60% հարստացմանը՝ հավելելով. «Մենք մեկ անգամ հասանք 60%-ի, և դա մեր միջուկային օբյեկտներում իրականացված դիվերսիայից հետո էր։ Եվ այո, մենք այդ ժամանակ հասանք 60%-ի, բայց բանակցությունների ժամանակ ես մյուս կողմերին ասացի, որ եթե միջուկային համաձայնագիր կնքվի, մենք անմիջապես կվերադառնանք ավելի ցածր մակարդակի»։
Ուրանի հարստացման ժամանակավոր դադարեցում և դրա ազգային նշանակությունը
Ուրանի հարստացման ծրագրի ներկայիս կարգավիճակի վերաբերյալ Արաղչին հաստատեց. «Ուրանի հարստացման գործընթացն առայժմ դադարեցվել է, քանի որ միջուկային օբյեկտներին հասցված վնասը շատ լուրջ է եղել»։ Այնուամենայնիվ, նա վճռականորեն հայտարարեց, որ Իրանը չի հրաժարվի այս նվաճումից՝ ընդգծելով.«Մենք, անշուշտ, չենք կարող հրաժարվել ուրանի հարստացումից, քանի որ սա մեր գիտնականների նվաճումն է, և այժմ այն դարձել է ազգային պարծանք, ուրանի հարստացումը մեզ համար շատ արժեքավոր է»։
Միջուկային օբյեկտների վայրը և արտաքին սպառնալիքները
Ի պատասխան միջուկային օբյեկտների խորը գետնի տակ գտնվելու վերաբերյալ մտահոգություններին, Արաղչին հայտարարեց. «Անցյալում Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից շարունակական սպառնալիքների և ճնշումների պատճառով մենք այլընտրանք չունեինք, քան պաշտպանել մեր օբյեկտները, միջուկային նյութերը և գիտնականներին»։ Նա նշեց, Իրանի ուղերձն է Միացյալ Նահանգներին՝ «Բանակցային լուծում գտնել Իրանի միջուկային ծրագրի համար»։
Ամերիկացի պաշտոնյաների սպանության պլանավորման հերքում
Զրույցի մեկ այլ հատվածում Իրանի արտաքին գործերի նախարարը պատասխանել է այն մեղադրանքներին, որ Իրանը փորձում է սպանել Թրամփի վարչակազմի պաշտոնյաներին, այդ թվում՝ նախկին արտգործնախարար Մայք Պոմպեոյին և ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Բոլթոնին։ Նա կտրականապես հերքել է մեղադրանքները՝ ասելով. «Ոչ, մենք երբեք նման բան չենք ասել։ Հնարավոր է՝ որոշ մարդիկ այստեղ-այնտեղ ինչ-որ բան են ասել, բայց սա երբեք Իրանի պաշտոնական դիրքորոշումը չի եղել»։
«Մահ Ամերիկային» կարգախոսի մեկնությունը
«Մահ Ամերիկային» կարգախոսի և Դոնալդ Թրամփի գլխի համար գումար հավաքելու համար «Արյան երդում» արշավին Fox News-ի անդրադարձին արձագանքելով, Արաղչին դրանք անվանել է «պրոպագանդա» և ասել. «Մենք միշտ ասել ենք, և սա բազմիցս կրկնվել է մեր առաջնորդի և այլ պաշտոնյաների կողմից, որ «Մահ Ամերիկային» կարգախոսը իրականում վերաբերում է Միացյալ Նահանգների քաղաքականությանը, այլ ոչ թե այս երկրի ժողովրդին»։ Նա հավելել է, որ որոշ անհատների կամ խմբերի ծայրահեղական հայտարարությունները, լինեն Իրանի ներսում, թե դրսում, երբեք չեն եղել և երբեք չեն լինի Իսլամական Հանրապետության պաշտոնական քաղաքականությունը։ Նա նաև ընդգծեց. «Մենք չունենք երկրից դուրս որևէ մեկին սպանելու քաղաքականություն, առավել ևս՝ մեկ այլ երկրի նախագահին»։