Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (179)
Ողջույն թանկագին բարեկամներ: «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» նոր համարում ձեզ կներկայացնենք իրանցի մեկ այլ պանծալի գործչի: Այսօր ձեզ հետ զրուցելու ենք իրանցի մեծ փիլիսոփաներից ու մտավորականներից մեկի մասին: Այս հաղորդման ընթացքում ձեզ կծանոթացնենք Իրանում ու աշխարհում փիլիսոփայության ու իմաստասիրության հայտնի դեմքերից Սադր-օլ-Մոթեալեհին կամ Մոլասադրա անունով հայտնի դարձած Մոհամմեդ Էբրահիմ Ղավամի Շիրազիին:
Մոլասադրա անունով հայտնի Սադրեդդին Մոհամմեդ Ղավամ Շիրազին լուսնային հիջրեթի 980 թվականի ջամադի-ալ-ավալ ամսվա 9-ին (1571) ծնվեց Շիրազ քաղաքում: Տարրական ուսումն ստացավ տանը՝ մասնավոր ուսուցչի միջոցով և իր արտակարգ ուշիմության ու ընդունակության պատճառով կարճ ժամանակում տիրապետեց պարսից և արաբ լեզուներին ու գրականությանը և գեղագրության արվեստին: Պատանի հասակում մաթեմատիկայի ու աստղագիտության ու որոշ չափով բժշկության, իսլամական իրավունքի ու օրենսգիտության և տրամաբանության բնագավառներում գիտելիքներ է ձեռք բերում: Իր սերտած բոլոր առարկաների միջից նրան ամենաշատը հետաքրքրում էին փիլիսոփայությունն ու մասնավորապես միստիցիզմը: Ընտանիքի հետ միասին Շիրազից Ղազվին գաղթելով Սադրեդդին Մոհամմեդը տարրական ու միջնակարգ ուսումը Ղազվինում շարունակում քաղաքի հայտնի ուսուցիչների մոտ ու ժամանակից շուտ անցնում է բարձրագույն ուսման փուլը: Ղազվինում նրան բախտ է վիճակվում աշակերտել ժամանակի երկու հայտնի ու տաղանդավոր գիտնականներին՝ Շեյխ Բահայիին ու Միրդամադին և կարճ ժամանակում շնորհիվ իր ընդունակություններին գերազանցում է նրանց բոլոր աշակերտներին: Սեֆևյանների մայրաքաղաքը Ղազվինից Սպահան փոխադրվելով Սադրեդդին Մոհամմեդն էլ իր ուսուցիչների հետ փոխադրվում է Սպահան և մի առ ժամանակ անց իր ուսուցիչների կողմից դասավանդության թույլտվություն է ստանում: Այդ ժամանակվանից սկսած նա սկսում է մշակել իր փիլիսոփայական նոր ուղղության հիմունքները: Նաև նշեցինք, որ կարճ ժամանակ անց նրա միստիկական ուղղության հետ հակառակ որոշ հոգևորականների ճնշման ներքո Մոլասադրան պարտավորվում է հեռանալ Սպահանից: Գնում է Ղոմ քաղաքի մերձակայքում գտնվող Քահաք գյուղն ու 5 տարիներ և որոշ վկայությունների համաձայն 15 տարիներ անց վերադառնում է Շիրազ: Մոլասադրան իր աշխատասիրությունների գլխավոր մասը կատարել է այս շրջանում: Մոլսադրան վախճանվեց լուսնային հիջրեթի 1050՝ փրկչական 1640 թվականին, 71 տարեկան հասակում, Բասրայում, 7-րդ անգամ Հաջի ուխտագնացության մեկնելու ճանապարհին: Իրանցի մեծ մտավորականի ու փիլիսոփայի գերեզմանը գտնվում է Նաջաֆ քաղաքում՝ շիաների առաջին առաջնորդ Իմամ Ալիի դամբարանի ձախ կողմում գտնվող «Իվան Օլամա»-ում:

Մոլասադրան իսլամ աշխարհի գլխավոր փիլիսոփաներից է: Այսօր նրա մտածողությունը հատել է ազգային սահմաններն ու համաշխարհային բնույթ է կրում: Իսլամական փիլիսոփայության հետ արևմուտքի պաշտոնական ծանոթությունը տեղի է ունեցել 11-րդ դարում փիլիսոփայական ստեղծագործությունների թարգմանությամբ: Հիմնականում այս ծանոթությունն իրականացվել է Իբն Ռոշդի, Ավիցեննայի ու Ղազալիի ստեղծագործությունների միջոցով ու մի շրջանում հիմնական շեշտը դրված է եղել Ավիցիեննայի վրա: Բանասերների համոզմամբ Ավրելիոս Օգոստինիոսի ուսմունքի հետևորդների խոշոր մասը իսլամական փիլիսոփայության հետևորդներ են: Այս շրջանում իսլամական փիլիսոփայությունը խիստ ներազդեցություն է ունեցել արևմտյան մտածողության ու փիլիսոփայության մեջ: Այս ազդեցությունը երկու դիտանկյունից խորհելու արժանի է: Մեկն այն որ իսլամական փիլիսոփայությունը կամուրջ է համարվել, որի միջոցով հնարավոր էր հետադարձ կատարել դեպի հունական փիլիսոփայությունն ու մտածողությունը և ապա վերադառնալ դեպի արևմուտք: Միևնույն ժամանակ մուսուլման փիլիսոփաները նոր տեսություններ հիմնելով մեծ դերակատարություն են ունեցել աշխարհում և Իբն Ռոշդի, Ավիցեննայի ու Ղազալիի նման անձանց մտքերը կարողացել են փիլիսոփայական շարժում առաջացնել Եվրոպայում: Մոլասադրայի փիլիսոփայական ստեղծագործությունների արտադրությունը զուգադիպում է Դեկարտի միջոցով արևմտյան մոդեռն փիլիսոփայության ծննդի: Սակայն մոդեռն շրջանում արևմուտքն իրեն լիովին վեր է դասել արևելքից և արևելագիտական հայացքով է նայել արևելքին ու համարել է, որ որևէ կարիք չի զգում արևելյան ու իսլամական մտածողությանը: Այդ պատճառով էլ Սադրայի փիլիսոփայությունն արևմուտքի խանդավառության շրջանը համարվող անցած երեք դարերում նրանց համար որևէ գրավչություն չի ունեցել: Արևելյան մտածողության ու բարոյականության հանդեպ արևմուտքի հակման վերականգնման հարցում դերակատար են եղել մի քանի ազդակներ: Արդիական ժամանակաշրջանը սկսվելով և արևմուտքի մտածողության ու բարոյականության մեջ խնդիրներ առաջանալով, ինչպես նաև Երկրի վրա դրախտ կառուցելու գաղափարը ձախողելով ու մասնավորապես համաշխարհային առաջին և երկրորդ արյունալի պատերազմների պատճառով արևմուտքում կրկին երևան եկավ արևելյան ու իսլամական բարոյականության ու ընդհանրապես արևելքի հանդեպ հակումը: Այս շարժման նախակարապետները ֆրանսիացի ավանդապաշտ փիլիսոփա Ռենե Գենոնն ու Հենրի Քորբինն էին:
20-րդ և 21-րդ դարերում արևմուտքում Մոլասադրայի փիլիսոփայության քարոզիչներին կարելի է երեք սերնդի բաժանել:
Սադրայի փիլիսոփայության ուսուցիչների առաջին սերնդի մեջ են մտնում Հենրի Քորբինը, Ֆազլոլռահման Մալաքը, Սեյեդ Հոսեյն Նասրը, Մեհդի Հաերին, Մեհդի Մոհաղեղը, Թուշիհիկո Իզոտսոն և Ջավադ Ֆալաթուրին: Բացառությամբ Հենրի Քորբինի սրանք բոլորն էլ արևելքցիներ են, ովքեր գաղթել են արևմուտք և Սադրայի փիլիսոփայությունը ակադեմիական մեթոդով և համալսարաններում դասավանդության, նաև փիլիսոփայական հոդվածների ու գրքերի միջոցով ծանոթացրել են արևմուտքին:

Երկրորդ սերունդն առաջինի աշակերտներն են: Նրանց խոշոր մասը կամ իրանցիներ են, ինչպես լուսահոգի Հոսեյն Զիային և կամ Իրան ուղևորված և իրանցի ուսուցիչների աշակերտելով Մոլասադրայի փիլիսոփայության հետ ծանոթացած արտասահմանցիներ են: Ջոն Քուփերը, Վիլիամ Չիթիքը, Ջեյմս Մուրիսը, Հերման Լանդվելթը և Օլիվեր Լիմանը արևմուտքում իսլամական ու Մոլասադրայի փիլիսոփայությունը քարոզողների երկրորդ սերնդի հայտնի դեմքերից են:
ԱՄՆ-ում, Կանադայում ու Եվրոպայում իսլամական փիլիսոփայության դասախոսների երրորդ սերունդը պրոֆ. Նասրի և իրանցի դասախոսների աշակերտներից են: Այս սերնդի մեջ են գտնվում Ժիլբեր Դորանը, Փոլ Հարդին, Ջոզեֆ Լոմբարդը, Ահմեդշահ Քազեմին, Բալալ Քասփինարը, Մարիա Դեքաքեն, Յաթիս Աշուցը, Քրիսթիան Բոնոն և Մոհամմեդ Ռուստամը:
Սադրայի փիլիսոփայության դասախոսների երեք սերնդի քննարկման հարցում կարևոր կետն այն է, որ այդ երեք սերնդի մտածողության կենտրոնն ու ուղեղը Ալամե Սեյեդ Մոհամմեդ Հոսեյն Թաբաթաբային է, իսկ Հենրի Քորբինը Ֆրանսիայի փիլիսոփայության մտածողության ընթացքում իսլամական փիլիսոփայության հիմնավորման հարցում գլխավոր դերակատարություն է ունեցել: Ֆրանսիայում Հենրի Քորբինի և նրա մի շարք աշակերտների, այդ թվում Ժիլբեր Դորանի, Քրիստիան Ժամբեի ու Անթուան Ֆորի մեծ ներազդեցության պատճառով իսլամական փիլիսոփայություն իր տարբեր ծավալներով մտել է Ֆրանսիայի փիլիսոփայական մտածողության մեջ: Եվրոպական այլ երկրներում էլ Քորբինի, Իզոտսոյի, Ֆազլոլռահմանի և Սեյեդ Հոսեյն Սադրի ստեղծագործությունների տարածմամբ իսլամական ու մասնավորապես Սադրայի փիլիսոփայությունը համալսարանական շրջանակներում մեծ ծաղկում է ապրել: Այս պահին իսլամական փիլիսոփայությունն ու Մոլասադրայի փիլիսոփայությունը դասավանդվում են ԱՄՆ-ի Ջորջ Վաշինգտոնի, Հարվարդի, Չիկագոյի ու Կալիֆորնիայի համալսարաններում, Բրիտանիայի Էքզիթեր համալսարանում և Կանադայի ՄաքԳիլ համալսարանում, իսկ Ֆրանսիայում իսլամական ու Սադրայի փիլիսոփայությունը ներկայացրել են Ժիլբեր Դորանը, Քրիստիան Բոնոն, Քրիստիան Ժամբեն ու Անթուան Ֆորը:
Իսլամական փիլիսոփայությունն ու մասնավորապես Մոլասադրայի փիլիսոփայությունը իսլամի ու արևմուտքի միջև երկխոսության կամուրջի դեր են կատարում: Այսօր Սադրայի փիլիսոփայության ուսմունքի վրա հիմնվելով կարելի է բանավեճ ունենալ արևմուտքում անկրոն անձանց հետ և տրամաբանական փաստարկներով ապացուցել նրա մատերիալիստական մտածողության սնանկությունը:
Գոյության, Աստծո գոյության ապացուցման, հոգու անկախության ու գոյատևման, մահից հետո եկող կյանքի և բարոյականության ընկալման ու դրան ունեցած կարիքի նման հիմնական հարցերի մասին Մոլասադրայի փիլիսոփայության մեջ հստակեցումներ կան: Իսլամական փիլիսոփայության լեզուն երկխոսության համար իսլամի ու արևմտյան աշխարհի տրամաբանական ընդհանուր լեզուն է: Այլ կրոնների և կամ անկրոն անձանց հետ հնարավոր չէ ուղղակի կերպով Ղուրանին կամ հադիսներին հղում կատարելով վիճարկություն կատարել, քանի որ նրանք չեն ընդունում Ղուրանի ու նաև իմամների ասույթների աստվածային ծագումը, սակայն տրամաբանությունը ընդհանուր ու համաշխարհային լեզու է: Հետևաբար հիմնվելով իսլամական փիլիսոփայության վրա կարելի է անուղղակի կերպով Աստծո և իմամների խոսքը ներկայացնել արևմտյան աշխարհին:
Արևմտյան երկրներում Մոլասադրայի մասին բազմաթիվ ստեղծագործություններ են հրատարակվել, որոնց խոշոր մասը հոդվածներ, գրքեր կամ համալսարանական ավարտաճառեր են: Դժբախտաբար Մոլասադրայի ստեղծագործություններից շատ քչերն են եվրոպական լեզուներով թարգմանվել: Մինչ այսօր «Մաշաեր»-ը՝ Սեյեդ Հոսեյն Նասրի, «Աըրշիե»-ն ՝ Ջեյմս Մուրիսի, «Էքսիր-ալ-Արեֆին»-ը՝ Չիթիքի և «Ասֆար»-ի 8-րդ և 9-րդ հատորները թարգմանվել են անգլերենի: Նաև անցած տարիների ընթացքում Սեյեդ Հոսեյն Նասրի և Մեհդի Ամիր Ռազավիի խմբագրությամբ անգլերենով հինգ հատորներում հրատարակվել է «Իրանցի ու իսլամական փիլիսոփայական մտքի ծանոթացումը՝ Զրադաշտից մինչև այսօր» արժեքավոր ստեղծագործությունը: Այս եզակի ուսումնասիրության նշանակությունը նրա մեջ է, որ յուրաքանչյուր փիլիսոփայի մտքերը ներկայացվելուն զուգահեռ նաև թարգմանվել ու ծանոթացվել է նրա գրքի մեկ բաժինը: Այս աշխատասիրության չորրորդ հատորը հատկացված է Սոհրեվարդիի իլլումինացիայի փիլիսոփայությանը, իսկ հինգերորդ հատորը նվիրված է Շիրազի, Սպահանի ու Թեհրանի դպրոցներին պատկանող փիլիսոփաների ծանոթացմանը: Այս աշխատասիրության հինգերորդ հատորում վերլուծության ենթարկվելով Մոլասադրայի փիլիսոփայության հիմնադրման ենթահողերն ու այդ ժամանակաշրջանի մտածողության վիճակը, ներկայացվել է Մոլասադրայի փիլիսոփայությունը և ապա վերլուծության է ենթարկվել Մոլասադրային հաջորդած Սադրայի փիլիսոփայությունը մինչև Ղաջարների ժամանակաշրջանը: