Գեղարվեստական հաղորդում (129)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:
Իրանահայ անվանի կինոգործիչ Զավեն Ղուկասյանի անվան մրցանակն առաջին անգամ հանձնվելու է Սպահանի մանկապատանեկան միջազգային 31-րդ կինոփառատոնի ընթացքում:
ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, Զավեն Ղուկադյանի անվան մրցանակի ժյուրիի անդամ Ղոլամռեզա Աբաբը նշել է, որ այդ մրցանակով ունի մեծարվում է անվանի կինոգործիչի հիշատակը:
Մրցանակը հանձնվելու է Սպահանի մանկապատանեկան միջազգային 31-րդ կինոփառատոնի իրանական կինոյի մրցության բաժնին մասնակցող 11 ֆիլմերից մեկին, որը կհամապատասխանի մրցանակի համար նկատի առնված չափանիշները, որոնցից են ֆիլմի կառույցում ստեղծարարության ու նորարարության տարրերի, նաև երիտասարդ ու կենսունակ մտքի գոյությունը:
Մրցանակը հանձնելիս նաև նկատի են առնվելու մարդկային արժեքները, որոնք կենդանացնում են Զավեն Ղուկասյանի հիշատակը:
Իրանահայ անվանի կինոքննադատ և կինոռեժիսոր Զավեն Ղուկասյանը ծնվել է 1950 թվականին Սպահանում: Չնայած նրան որ մասնագիտությամբ քիմիկոս էր, այդուհանդերձ իր կյանքը նվիրեց արվեստին ու հատկապես կինոյին, ստեղծելով մի քանի գեղարվեստական ու կարճամետրաժ ֆիլմեր և հեղինակելով իրանցի կինոգործիչներին նվիրված ավելի քան 20 հատոր գրքեր:
Զավեն Ղուկասյանը վախճանվեց 2015 թվականին:
Հայաստանից, Թուրքիայից, Իրաքից ու Աֆղանստանից 7 ֆիլմեր ցուցադրվելու են Իրանի մանկա-պատանեկան ֆիլմերի միջազգային 31-րդ կինոփառատոնի «Հարևան երեխաներ» ոչ-մրցութային բաժնում:
Իրանի մանկա-պատանեկան ֆիլմերի միջազգային 31-րդ կինոփառատոնի տեղեկատվական շտաբը հայտարարել է Իրանի մանկա-պատանեկան ֆիլմերի միջազգային 31-րդ կինոփառատոնի ոչ-մրցութային բաժնում ցուցադրվելիք ֆիլմերի անունները:
Այս հայտարարության համաձայն փառատոնին «Հարևան երեխաներ» ոչ-մրցութային բաժնում ցուցադրվելու են «Շփում», (Հայաստան), «Ամպերից այն կողմ» (Թուրքիա), «Իմ կարճ բառերը» (Թուրքիա), «Մարիամի ճամբան» (Իրաք) և «Գայլն ու գառը» (Աֆղանստան) ֆիլմերը:
Իրանի մանկա-պատանեկան ֆիլմերի միջազգային 31-րդ կինոփառատոնն անց է կացվելու օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը՝ Սպահանում:
ՀՀ մշակույթի նախարարությունը նպատակ ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտների ցանկը համալրել նոր հուշարձաններով:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը: Նրա խոսքով՝ այս համատեքստում ընթանում են լուրջ աշխատանքներ:
«ՅՈՒՆԵՍԿՕ-ում ընդամենը մի քանի հուշարձան ունենք գրանցված, ինչն աբսուրդային է: Այդ թիվը պետք է տասնապատկվի, հարյուրապատկվի, որովհետև մենք իրոք ունենք արժանի հուշարձաններ: Այդ ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում, բայց դա հեշտ աշխատանք չէ»,-նշեց Տիգրան Գալստյանը: Հիշեցնենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ- ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ցայսօր ընդգրկված են Հաղպատի և Սանահինի վանական համալիրները, Գեղարդավանքը՝ Ազատ գետի հովտով, Էջմիածնի եկեղեցիներն ու Մայր տաճարը, «Զվարթնոց» հնավայրը:
«Կան հուշարձաններ, որոնք կցանկանայինք ներառված լինեին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում, օրինակ՝ Նորավանքը, որն անպայման պետք է մտնի այդ ցանկ: Բացի դրանից, բազմաթիվ այլ հուշարձաններ կան, որոնք արժանի են լինել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում»,-նշեց նախարարի տեղակալը:
Տիգրան Գալստյանն առանձնահատուկ շեշտում է՝ հուշարձանների պահպանության թեման ամենազգայունն է մշակույթի ոլորտում, քանի որ ամեն մի հուշարձանի քանդումը նախորդ տարիներին ուղեկցվել է շատ բուռն ցույցերով: «Մշակույթի նախարարությունն ունի երկու մեծ ֆունկցիա՝ մշակութային քաղաքականության ձևավորում և հուշարձանների պահպանություն: Վերջինս մեծ նշանակություն ունի նախարարության համար»,-առանձնահատուկ նշում է նախարարի տեղակալը՝ հիշեցնելով, որ փորձագիտական հանձնաժողովը վերջերս միաձայն կողմ քվեարկեց մի շարք կառույցներ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ընդգրկելու առաջարկին:
«Սա շարունակական գործընթաց է, հուշարձանների ցուցակը միշտ պետք է համալրել: Մեր աչքի տակ հուշարձաններ կան: Մենք առաջարկել ենք նաև, որ հանրությունը ևս մասնակցի այդ գործընթացին, և բոլոր առաջարկները կքննարկվեն փորձագիտական հանձնաժողովի նիստում»,-նշեց Տիգրան Գալստյանը:
Անդրադառնալով հայաստանյան թանգարանների հետ կապված հարցերին՝ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալն ընդգծեց, որ այս առումով ևս մեծ աշխատանքներ կան կատարելու: Տիգրան Գալստյանի խոսքով՝ Եվրոպայում իր սովորելու տարիներին տեղի ուսանողներն անվճար էին օգտվում բոլոր թանգարանների ծառայություններից: Նախարարությունը ցանկություն ունի նման համակարգ ներդնել նաև մեր ուսանողների համար, որպեսզի նրանք նույնպես կարողանան անվճար այցելել բոլոր թանգարանները:
Նախարարի տեղակալի խոսքով՝ հայաստանյան տարբեր թանգարաններում մենք ունենք բացառիկ նմուշներ, որոնք տեսնելու համար մարդիկ պետք է հերթեր կանգնեն: Այս համատեքստում պետք է աշխատել այն ուղղությամբ, որ առարկաները լավ, ճիշտ ներկայացված լինեն: Մյուս կողմից, ըստ Տիգրան Գալստյանի, որոշ թանգարաններում առկա են օդափոխության հետ կապված խնդիրներ, որոնք ևս լուծում պետք է ստանան:
Դուդուկի Վարպետը ՀՀ մշակույթի նախարությունում` նախարար Լիլիթ Մակունցի հետ քննարկել է իր համերգի մանրամասները:
Աշխարհահռչակ երաժիշտ Ջիվան Գասպարյանն այս տարի տոնում է 90-ամյակը:
Վարպետի ծննդյան օրը հոկտեմբերի 12-ին է, բայց Երևանում հոբելյանական համերգը տեղի կունենա նոյեմբերի 26-ին:
ՀՀ մշակույթի նախարարությունից հայտնում են՝ Ջիվան Գասպարյանի ցանկությունն է, որ այս տարի այն նշվի «գեղեցիկ, բայց համեստ»:
«Պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այն լինի տարվա ամենավառ միջոցառումներից մեկը»,- ամփոփելով հանդիպումը՝ նշել է մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
Օգոստոսի 31-ին՝ Վիլյամ Սարոյանի ծննդյան 110-ամյակին, Ֆրեզնոյում կբացվի գրողի տուն-թանգարանը: ՀՀ մշակույթի նախարարության հաղորդմամբ, բացման միջոցառումը կկայանա տեղի համալսարանի «Սեթըլիթ Յունիըն» դահլիճում: Միջոցառումը կմեկնարկի Սարոյանի կյանքին նվիրված ցուցահանդեսով, որին կհաջորդի Վիլյամ Սարոյանի և «Սարոյան Հաուս» նախագծի մասին պատմող վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:
«Սարոյան Հաուս» նախագծի սկիզբն ազդարարվել է 2016 թվականին, երբ «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը ձեռք է բերել Վիլյամ Սարոյանի՝ Ֆրեզնոյի Գրիֆիթ Վեյ (W Griffith Way) 2729 հասցեում գտնվող տունը, որտեղ գրողն անցկացրել է կյանքի վերջին 17 տարիները:
Նշանավոր գրողին լիարժեք ներկայացնելու համար «Սարոյան Հաուս» նախագիծը ստեղծել է սարոյանական ամենամեծ թվայնացված արխիվը, հավաքագրել ու շարունակում է տարբեր միջոցներով ձեռք բերել Սարոյանին առնչվող իրեր, լուսանկարներ, գունանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, ֆիլմեր, ձայնագրություններ: Ամբողջ նյութը թանգարանում ներկայացվելու է տեխնոլոգիական ինտերակտիվ լուծումներով: Սրահներից մեկում «ներկա» կլինի հենց գրողը՝ հոլոգրաֆիկ պատկերով:
Հետագայում տուն-թանգարանը կդառնա նաև սարոյանագիտության կենտրոն: Նորարարական բոլոր լուծումներով թանգարանը տարածաշրջանում առաջինն է, իսկ որպես Սարոյանի տուն-թանգարան՝ առաջինն աշխարհում:
Ի դեպ, Վիլյամ Սարոյանի՝ երբևե չտպագրված պիեսներից որոշ հատվածներ սեպտեմբերի 15-ին կբեմադրվեն Լոս Անջելեսի կենտրոնական գրադարանում:
Հանրահայտ ռեժիսոր Արամ Կույումջյանի «Վիլյամ Սարոյան. Չտպագրված պիեսների ներկայացում» նախագիծը կներկայացվի տաղանդավոր Վիստա Փլեյերս թատերախմբի կողմից, հաղորդում է Armenian Mirror Spectator-ը:
Կույումջյանը դրանք բեմադրելու հատուկ թույլտվություն է ստացել Սթենֆորդի համալսարանի կողմից, որտեղ պահվում են ձեռագրերը: Պիեսների շարքը ներառում է «Հայկական պիես», «Հայաստանի տունը» և «Ուզենք, չուզենք՝ հայ ենք» ստեղծագործությունները, որոնցում արծարծվում են մի շարք թեմաներ, ներառյալ՝ գաղթականի կյանքը, ցեղասպանության վիշտը և հայրենադարձության գաղափարը:
Կենտրոնական գրադարանում ներկայացումը կբեմադրվի որպես «Պատրաստված է Լոս Անջելեսում» շարքի մի մաս՝ քաղաքի խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանի համաֆինանսավորմամբ: Վերջինը Լոս Անջելեսի խորհրդում Սարոյանի մասին հատուկ ելույթով հանդես կգա օգոստոսի 31-ին, ինչպես նաև ներկայացման օրը՝ Կենտրոնական գրադարանում:
Օգոստոսի 31-ին լրանում է Սարոյանի 110-րդ տարեդարձը. այդ առիթով կներկայացվեն դրամատուրգի անհայտ ստեղծագործությունները Կալիֆորնիայում հարավային եւ կենտրոնական մասերում, հավելյալ ներկայացումներ կլինեն նաև Ֆրեզնոյում, Օրինջ Քաունթիում, Լոս Անջելեսում: Կենտրոնական գրադարանում մուտքն ազատ է լինելու:
Ամերիկացի դրամատուրգ և սցենարիստ Նիլ Սայմոնը մահացել է 91 տարեկան հասակում: Ինչպես հաղորդում է Fox News հեռուստաալիքը, դրամատուրգի ընկերոջ՝ Բիլ Էվանսի փոխանցմամբ՝ Սայմոնը մահացել է հիվանդանոցում՝ թոքաբորբի բարդացումից:
Նիլ Սայմոնը հանդիսանում է թատրոնի ասպարեզում ձեռքբերումների համար շնորհվող «Թոնի» մրցանակի բազմակի դափնեկիր, «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր, որին արժանացել է «Հաջողություն, սիրելիս» ֆիլմի սցենարի համար:
Սայմոնը նաև Պուլիտցերյան մրցանակի է արժանացել լավագույն դրամատիկ ստեղծագործության համար:
Ճարտարապետության պատմաբան Կիրիլ Պաստերնակը հայտնաբերել է, որ Սանկտ Պետերբուրգում Ալեքսանդրյան այգում յոթ տարի է տեղադրված է ոչ այն մարդու հուշարձանը։ Նա պարզել է, որ ֆրանսիացի ճարտարապետ դե Տոմոնի փոխարեն տեղադրված է շոտլանդացի քիմիկոս Թոմսոնի հուշարձանը։ Քանդակագործ Ալեքսանդր Տարատինովը խոստովանել է, որ պատմական անձերի կերպարները նա վերցրել է ինտերնետից։
«Մենք դարձել ենք ոչ հավաստի տեղեկատվության գերիները, որոնք կան բաց տիրույթում, որոնք հենց պատմաբաններ են տարածել, իսկ մյուսները կրկնօրինակել։ Բոլորը մոլորության մեջ են եղել, նույնիսկ ես»,- ասել է քանդակագործը։
Թյուրիմացության պատճառն այն է, որ ճարտարապետին նվիրված Վիքիպեդիայի էջում ներկայացված է եղել քիմիկոսի դիմանկարը (այժմ այն հեռացված է)։ Իրականում դե Տոմոնի պատկերը մեր օրեր չի հասել և համացանցում արմատավորվել է այս պատմական սխալը։ Այժմ գլխավոր հարցն այն է՝ պե՞տք է ապամոնտաժել քանդակը, թե թողնել այն որպես հուշարձան, որը ցույց է տալիս անուշադրությունն և անսահման վստահությունն ինտերնետին։