Հայաստանն առաջիկա օրերին կվերսկսի հեղուկ գազի ներմուծումը Իրանից. Պապոյան
Հայաստանն առաջիկա օրերին կվերսկսի հեղուկ գազի ներմուծումը Իրանից։
Ապարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ընթացքում լրագրողներին այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Իրանում Էկոնոմիկայի նախարարության կցորդը երեկ ինձ զեկուցեց, որ Իրանից հեղուկ գազի արտահանման խնդիրը լուծվել է։ Դա նշանակում է, որ առաջիկա օրերին Հայաստան է մտնելու նաև իրանական հեղուկ գազ, որը կրկին կազդի գների վրա»,– ասաց Պապոյանը։
Նա նշեց, որ մայիսի սկզբին Հայաստան մուտք էր գործում շատ քիչ քանակի հեղուկ գազ, ինչի հետևանքով շուկայում խնդիրներ էին առաջացել, հեղուկ գազ չկար։
«Մենք աշխատում էինք Հայաստանում ապահովել հեղուկ գազի ծավալը, և այսօր դա արդեն ապահովված է. Հայաստանում կա հեղուկ գազ բոլոր տեղերում։ Եթե գազի գինը նախկինում գերազանցում էր 300 դրամը, այն արդեն նվազել է։ Ապարանում հեղուկ գազի գինը հիմա 240 դրամ է։ Արդյոք դա այն գի՞նն է, որը պիտի լինի։ Ես կարծում եմ՝ ոչ, պետք է իջնի, թեև պրոցեսը դանդաղ գնում է։ Այս փուլում վերադարձ հին գներին պակաս իրատեսական եմ համարում, բայց եթե մի շաբաթ հետո անգամ 200 դրամ լինի, դա ֆանտաստիկ կլինի»,– ընդգծեց նախարարը։
Ըստ նրա` բոլոր ուղղություններով աշխատում են, որ գներն իջնեն, ու դրա վրա կարող է ազդել իրանական հեղուկ գազի մուտքը։
Պապոյանը վստահեցրեց, որ Ռուսաստանից հեղուկ գազն այս օրերին անխափան գալիս է Հայաստան, սակայն ՌԴ–ում գների աճ է եղել, ինչը նույնպես ազդեցություն է ունեցել մեր տեղական շուկայի վրա։
Հեղուկ գազի գինը Հայաստանում մոտ մեկ ամիս առաջ մեկ խմ–ի դիմաց 170-180 դրամ էր։ Ապրիլի կեսերից հեղուկ գազի գները սկսեցին բարձրանալ՝ հասնելով 280–300 դրամի։ Հայաստանը հեղուկ գազ է ներմուծում Ռուսաստանից և Իրանից։