Գեղարվեստական հաղորդում (134)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:
Աշխարհի ավելի քան 100 երկրներից կարճամետրաժ ու լիամետրաժ 4000 ֆիլմերի բեմադրիչներ «Կիո-ճշմարտություն» 12-րդ միջազգային կինոփառատոնին մասնակցելու հայտ են ներկայացրել:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, կինոփառատոնի այս շրջանին մասնակցության հայտ են ներկայացրել Հայաստանը, Իտալիան, Բրազիլիան, ԱՄՆ-ն, Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը և շուրջ 100 այլ երկրների փաստագրական կինոյի հեղինակները:
«Կիո-ճշմարտություն» 12-րդ միջազգային կինոփառատոնի տարբեր բաժիններում ցուցադրվելու են աշխարհի տարբեր հեղինակավոր փառատոներում մեծարված վավերագրական ֆիլմեր:
«Կիո-ճշմարտություն» 12-րդ միջազգային կինոփառատոնն անցկացվելու է դեկտեմբերի 9-ից 16-ը՝ Թեհրանում:

Իրանի Հայ Ճարտարապետների եւ Ճարտարագետների միության եւ Թեհրանի «Արտակ Մանուկյան» ազգային թանգարանի համագործակցությամբ սեպտեմբերի 27-ին, թանգարանի հարկի տակ բացումը կատարվեց ճարտարապետ՝ Արամազդ Նազարյանի գեղանկարչական ցուցահանդեսի: Հանդիսությանը, որին ներկա էր Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը, գնահատեց նման համագործակցության արդյունքում կազմակերպվող միջոցառումները եւ ցուցահանդեսները, արժեւորելով գեղանկարիչ-արւեստագետի նուրբ եւ մասնագիտական ճաշակը:
Ցուցահանդեսը շարունակվելու է մինչեւ հոկտեմբերի 8-ը: Միջոցառմանը ներկա էին ազգային իշխանության, նաեւ ՀՃՃՄ-ի եւ «Արտակ Մանուկյան» թանգարանի հետ համագործակցող այլ ցուցասրահների ներկայացուցիչներ: Թեմակալ առաջնորդի ձեռամբ՝ համագործակցող կողմերի պատրաստած գնահատագիրը հանձնվեց գեղանկարիչ ճարտարապետ Արամազդ Նազարյանին:

«Հինգ տարի առաջ ծնունդ առած փառատոնը մեկնարկում է արդեն մրցութային փուլ անցած 174 ֆիլմով»,- այս մասին նշել է «Սոսե» միջազգային կինոփառատոնի համահիմնադիր և գեղարվեստական ղեկավար Ռիտա Խալաթյանը՝ փառատոնի նախաշեմին Երևանի «Հայրենիք» կինոթատրոնում ներկայացնելով կինոփառատոնի այս տարվա ծրագրերի ու հետաքրքիր նախաձեռնությունների մասին։
Նա նշել է, որ ընդհանուր առմամբ ստացվել է 742 ֆիլմ հայտ՝ 39 երկրից (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իրան, Ռուսաստան, Իտալիա, Իսպանիա, Շվեյցարիա, Ֆրանսիա, Գերմանիա, Չինաստան, Նոր Զելանդիա)։
Կինոփառատոնի լրատվության ծառայության փոխանցմամբ՝ վավերագրական ֆիլմերի ծրագրի ղեկավար Սեգ Կիրակոսյանը վստահեցնում է, որ շատ բծախնդիր են ընտրվել վավերագրական ֆիլմերը։
Կինոփառատոնի համահիմնադիր և տնօրեն Սիմոն Սահակյանը խոսել է մոռացության մատնված կինոթատրոնների մասին․ «Հիշեցնելով մոռացության մատնված կինոթատրոնների մասին ուզում ենք պատասխանատուների ուշադրությունը կենտրոնացնել դեպի այդ կինոթատրոններ։ Նպատակ ունենք կինոն վերադարձնել մեծ էկրան և վերականգնել կինոթատրոն գնալու մշակույթ»։
Կինոփառատոնը կանդրադառնա ևս երկու չգործող կինոթատրոնի, այս անգամ մարզերում՝ Եղեգնաձորի «Արագիլ» և Դիլիջանի կինոթատրոններին։
«Սա մշակութային յուրօրինակ հեղափոխություն է, որ կուզեինք վարակիչ լիներ»,- նշել են կինոփառատոնի կազմակերպիչները։
«Սոսե» միջազգային կինոփառատոնի՝ մոռացված կինոթատրոններին անդրադառնալու նախաձեռնությանը միացել է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։
«Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնին կներկայացվեն նաև հեղինակավոր կինոփառատոնների էկրան բարձրացած և մրցանակների արժանացած ֆիլմեր։ Կինոփառատոնի մրցութային փուլ անցած ֆիլմերը կներկայացվեն հետևյալ անվանակարգերում՝ հիմնական մրցութային ծրագիր (15 խաղարկային լիամետրաժ, 63 խաղարկային կարճամետրաժ և 21 վավերագրական ֆիլմ), «Բովանդակությունը՝ կին» (27 ֆիլմ), «Ուսանողական» (48 ֆիլմ)։ Կինոփառատոնի ժյուրիների կազմում են կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանը /Հայաստան/, կինոօպերատոր Աշոտ Մովսեսյանը /Հայաստան/, կինոռեժիսոր Նինո Կիրտաձեն /Վրաստան/, դերասանուհի Զառա Անտոնյանը /Հայաստան/, ռեժիսոր և դերասան Սլավա Ստեփանյանը /ՌԴ/, ռեժիսոր և դերասանուհի Ջուլիա Կամպանելլին /ԱՄՆ/, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը /Հայաստան/, պրոդյուսեր և ռեժիսոր Արմինե Անդան /Հայաստան/։
Փառատոնի ընթացքում ցուցադրությունները չեն կենտրոնանա միայն մայրաքաղաքում։ Արդեն երրորդ տարին է մարզերի հանդիսատեսը ևս հնարավորություն է ունենում դիտել փառատոնի ֆիլմերը։ Այս տարի «Սոսե»-ի ֆիլմերը կցուցադրվեն Եղեգնաձորում, Դիլիջանում, Գյումրիում։ Կինոփառատոնը կանդրադառնա նաև Վիլյամ Սարոյանի ծննդյան 110 ամյակին։ Սարոյանական օրերը կանցկացվեն «Ըստ Սարոյանի» խորագրով։ Կցուցադրվեն Վ․ Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմեր։
«Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնը բացվեց սեպտեմբերի 28-ին դեպի «Հայրենիք» կինոթատրոնում։
«Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

«Սասնա ծռեր» հայկական ժողովրդական էպոսի հիման վրա բեմադրված համանուն ներկայացման առաջնախաղը թատերասերները հոտնկայս և բուռն ծափողջյուններով ընդունեցին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պրեմիերան տեղի ունեցավ սեպտեմբերի 27-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
Վարկածի և բեմադրության հեղինակ Սամսոն Մովսեսյանը պահպանել էր ասքի հերոսական ոգին, ազատասիրական մղումները՝ նոր, ժամանակակից լուծումներով ներկայացնելով էպոսի չորս ճյուղերը:
Ռեժիսորի խոսքով՝ ողջ ստեղծագործական խումբն իր հեքիաթն է պատմում: Նա շեշտեց, որ մի ներկայացումը մյուսից տարբերվում է ձևաչափով, մոտեցումներով, կատարված աշխատանքի ծավալներով: Մովսեսյանը խոստովանեց, որ «Սասնա ծռերի» խնդիրը մարդկանց մեր ազգային հարստության մասին հիշեցնելն է, այն նոր շնչով ներկայացնելը:
«Այս ներկայացմամբ ցանկանում ենք ասել, որ հայրենիքը սկսվում է մեզանից: Հայրենասիրությունը պարզապես վերացական հասկացություն չէ. այն արտահայտվում է քո և մտերիմներիդ հետ հարաբերություններում, դրսևորվում է մեր արարքներով: Այս էպոսում մեր ժողովուրդը դա ցույց է տալիս»,-եզրափակեց բեմադրիչը:
Ներկայացման մեջ ներգրավվել են դերասաններ Խորեն Լևոնյանը, Հովհաննես Գասպարյանը, Սոնա Մաթևոսյանը, Դավիթ Գասպարյանը, Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Խաչատրյանը, Ծովինար Մարտիրոսյանը, Լուսինե Կոստանյանը, Ռուզաննա Հախնազարյանը, Ռոման Բաբայանը, Մեսրոպ Աբտոյանը, Տաթև Հոռոփյանը, Գուրգեն Դավթյանը, Գևորգ Խաչիկյանը, Շահեն Հախվերդյանը, Ռոզի Վարդանյանը:

Մանչեսթրի բնակիչ Քրիս Հոլլիվելը 1940-ականների մյունխենյան ռմբապաստարաններից մեկի պատերին հայտնաբերել է մարդկանց տասնյակ պատկերներ։ Վեստի.ռու-ն, հղում անելով Daily Mail-ին, գրում է, որ տղամարդը հրաժարվում է նշել «պատկերասրահի» վայրը, վախենում է, որ բարբարոսները այն կփչացնեն։
Հոլլիվելի խոսքով, սիրում է ուսումնասիրել լքված վայրերը, իսկ մյունխենյան նկարներով ռմբասպաստարանի գոյության մասին ինչ-որ տեղ կարդացել էր։ Երեք օր է անցկացրել Գերմանիայում և իր համար իսկական բացահայտում է արել։
Հայտնի է, որ բրիտանացու կողմից հայտնաբերված ռմբապաստարանը Համաշխարհային պատերազմի ավարտին արդեն լքված էր։ Ուսումնասիրողը կարծում է, որ նկուղի պատերին նկարված են այն մարդիկ, ովքեր թաքնվել են այդտեղ։ Գրեթե բոլոր նկարները լավ պահպանված են, պատկերների մոտ նշված են սկզբնատառերը, բայց անհնար է պարզել, թե ովքեր են նկարված պատերին:
Դեռ անհայտ է, արդյոք պատմաբանները կգնան Մանչեսթրի բնակչի հետքերով, որպեսզի պահպանեն աշխատանքները և փորձեն պարզել դրանց հեղինակին։

Նոբելյան հիմնադրամի ղեկավար Լարս Հեյքենսթենը Ռոյթերզին ասել է, որ Շվեդական ակադեմիան կարող է զրկվել գրականության ոլորտում մրցանակ շնորհելու իրավունքից, եթե չանի էական վերակազմավորում:
«Եթե ամեն ինչ շարունակվի նման կերպ, և եթե նրանց չհաջողվի վերականգնել լեգիտիմությունը, մենք ստիպված կլինենք վճռական քայլեր կատարել: Դրանցից մեկը կարող է լինել թույլտվության հարցումը, որ որևէ այլ կազմակերպությունը շնորհի մրցանակը»,-Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ ասել Հեյքենսթենը:
Ակադեմիան համաձայնել է որոշ փոփոխություններ կատարել և Նոբելյան կոմիտեի կազմում ներառել մարդկանց, որոնք կոմպետենտ են և սկանդալների մեջ ներքաշված չեն: Շվեդական ակադեմիայում ճգնաժամ էր սկսվել, երբ անցած տարվա աշնանը 18 կին Ստոկհոլմի գրական ակումբներից մեկի տնօրեն Ժան-Կլոդ Առնոյին մեղադրել էին սեռական բնույթի բազմամյա ոտնձգությունների մեջ: Քանի որ նրա գործունեությունն առնչվում էր Շվեդական ակադեմիայի հետ, ներքին հետաքննություն էր սկսվել:
Առնոն հերքում է բոլոր մեղադրանքները: Բացի այդ նա ամուսնացած է ակադեմիայի անդամ Կատարինա Ֆրոսթենսոնի հետ: Մայիսի սկզբին հայտնի դարձավ, որ ակադեմիան, ճգնաժամի ֆոնին, որոշել է գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի շնորհում տեղափոխել հաջորդ տարի և 2018-ի մրցանակը հանձնել 2019-ի դափնեկիրներին զուգահեռ: Սակայն, ինչպես հաղորդել է Հեյքենսթոնը, եթե ակադեմիան չկարողանա լուծել իր խնդիրները մոտակա շրջանում, ապա 2019 թվականին էլ չի ստանա գրական մրցանակ հանձնելու թույլտվություն:
Բրիտանացի երաժիշտ, «Բիթլզ» խմբի երգիչ Փոլ ՄաքՔարթնին հայտարարել է, որ երեխաների համար գիրք է գրել, որը պատմում է պապի և նրա չորս թոռների արկածների մասին։ Այն նախատեսվում է վաճառքի հանել 2019 թվականի սեպտեմբերին, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ես երեխաների համար նոր գիրք եմ գրել։ Այն կոչվում է «Hey GrandDude»։ Ինչո՞ւ, որովհետև ես ութ թոռ ունեմ և նրանք բոլորն էլ հիասքանչ են», - ասել է երաժիշտը Twitter- ի իր պաշտոնական էջում տեղադրված տեսանյութում: «Ես ուզում էի այն գրել ողջ աշխարհի պապիկների համար, որպեսզի նրանք իրենց թոռներին քնեցնելուց առաջ կարդալու ինչ-որ բան ունենան»,- ավելացրել է նա:
Նրա խոսքերով, գիրքը պատմում է պապիկի արկածների մասին, «ով ներկայացնում է ամբողջ աշխարհի պապերին» և ունի կախարդական ունակություններ: Բացի այդ, նա ունի չորս թոռ, «որոնք սիրում են նրան»: