Հոկտեմբեր 13, 2018 12:12 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանի անցած շաբաթվա իրադարձություններին:

Այս շաբաթ Երևանում գումարվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը, որին մասնակցեցին Ֆրանսիայի նախագահը, Կանադայի վարչապետը, Լիբանանի նախագահը և ֆրանսախոս մի շարք երկրների ղեկավարներն ու բարձրաստիճան պաշտոնատարներ:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Երեւանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի բացմանը հայտարարեց. «Մեր պարտքն է կրկնապատկել մեր ջանքերը` կանխելու նոր ցեղասպանությունները, պատերազմական հանցագործությունները եւ մարդկության դեմ հանցագործությունները»:

Վարչապետի խոսքով՝ հակամարտությունների հետեւողական գոյությունը նաեւ պարտավորեցնում է մեզ վերահաստատել ճանաչված միջազգային բանակցային ձեւաչափերի շրջանակում հակամարտությունների խաղաղ կարգավորման մեր հանձնառությունը:

«Դա նաեւ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, որի շուրջ բանակցային գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի համանախագահության ձեւաչափում։ Խոսքն արդեն տասնամյակներ տեւող եւ բազմաթիվ տառապանքներ պատճառած հակամարտության մասին է։

Հակամարտությունը հակադրության մեջ է դրել արդեն ավելի քան 25 տարի իր ինքնորոշման իրավունքն իրականացնող Լեռնային Ղարաբաղին եւ Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների հետ երկխոսությունը մերժող Ադրբեջանին։

Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում, եւ իր կարգավիճակը պետք է որոշվի՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման իրավունքը»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ միաժամանակ Լեռնային Ղարաբաղի համար առանցքային նշանակություն ունի անվտանգության հարցը. «Վերջինս այնքան հաճախ է դարձել իր իրավունքների ոտնահարման, խտրականությունների եւ վայրագությունների զոհ, որ երկխոսության եւ ուժի կիրառման կրկնվող փորձերը լուրջ վտանգի տակ են դնում Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական գոյությունն իսկ։

Մենք հավատում ենք, որ խաղաղությանը միտված մթնոլորտի ստեղծումն առանցքային է կարգավորման գործընթացի առաջմղման համար, եւ մեր ողջ ջանքներն ուղղված են փոխվստահության միջոցների շուրջ արագ եւ համապարփակ համաձայնությունների ձեռքբերման խրախուսմանը, որոնք կենսական նշանակություն ունեն հակամարտության բոլոր կողմերի բնակչություններին խաղաղությանը պատրաստելու համար»,-իր խոսքն ամփոփեց ՀՀ վարչապետը:

------------------------

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլայի հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունից։

Վարչապետը ողջունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի աշխատանքներին, որը լավ հնարավորություն է ինչպես ՖՄԿ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր, այնպես էլ երկկողմ ծրագրերն ու հետագա անելիքները քննարկելու համար:

ՀՀ Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կայուն համագործակցության շարունակական ամրապնդումը և կազմակերպության հետևողական ուշադրությունը տարածաշրջանում մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը նախ շնորհավորել է Հայաստանի վարչապետին ՖՄԿ գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու կապակցությամբ` նշելով, որ ուրախ է գտնվել Երևանում և մասնակցել ֆրանկոֆոն երկրներին միավորող այս կարևոր միջոցառմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հայաստանի միջև գործակցության, Կազմակերպության գործունեության նպատակների և ուղղությունների վերաբերյալ, անդրադարձել, մասնավորապես, գիտության, կրթության և մշակութային ժառանգության պահպանման ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարներին:

-----------------------------

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն այսօր՝ հոկտեմբերի 12-ին, հաստատել են ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև 2019թ. երկկողմ համագործակցության պլանը: ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:

Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգի հարցերը և ստորագրվել 20-ից ավելի որոշումներ` պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև տարաբնույթ համագործակցության ուղղությամբ:

ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի ծրագրի շրջանակներում Դավիթ Տոնոյանն առանձին արարողակարգային հանդիպում է ունեցել նաև Ուզբեկստանի պաշտպանության նախարար Աբդուսալոմ Ազիզովի հետ:

-------------------------------

Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է տնտեսական թռիչքի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը:

-------------------------

Անցած շաբաթ Թուրքիայի լրատվական դաշտն ազդված էր սաուդացի քննադատ լրագրողի անհետացմանը վերաբերող լուրերով: Արաբիայի քննադատ լրագրող Ջամալ Խաշողջին Ստամբուլում Արաբիայի դեսպանատուն դիմելուց հետո կասկածելի պայմաններում անհետացավ:

Նրա ճակատագրի մասին հակասական լուրեր են հրապարակվել: Մինչ Թուրքիայում Արաբիայի դեսպանատունը հայտարարում է, որ Ջամալ Խաշողջին այդ դեսպանատուն չի դիմել, նրա հարսնացուն լրատվական կայքերից մեկին տված հարցազրույցում պնդել է, որ նա երեքշաբթի հոկտեմբերի 2-ի կեսօրին մտել է Ստամբուլում Արաբիայի հյուպատոսարանն ու այլևս այդտեղից չի հեռացել: Արաբիայի ընդդիմադիրները համոզված են, որ սաուդացի պաշտոնատարները նրան առևանգել են, քանի որ նա վերջին շրջանում քննադատում էր Արաբիայի իշխանավորների քաղաքականությունները: Արաբիայում ընդդիմադիր գործիչների կալանավորման ալիքը սրվելով Խաշողջին արտասահման մեկնեց: Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ մի դատախազ և մի քննիչ հատուկ կերպով զբաղված են Արաբիայի քննադատ լրագրող Ջամալ Խաշողջիի անհետացման շուրջ հետաքննությամբ:  

Այս կապակցությամբ Ստամբուլի գլխավոր դատախազության հետաքննության պաշտոնական եզրակացությունը չի հրապարակվել, սակայն մինչ այս պահը դեպքի հանդեպ հանրության արձագանքը եղել է շատ խիստ, այնպես որ Վաշինգտոնում որոշ պետական այրեր պահանջել են Խաշողջիի ենթադրյալ սպանության գործին Արաբիայի ռեժիմի դերակատարությունն ապացուցվելու դեպքում վերատեսության ենթարկել Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները:

-----------------------------

Անցած երեքշաբթի օրը Թուրքիայի Անթալիայում գումարվեց Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների 3-րդ համաժողովը, որին մասնակցեցին եվրոպական ու ասիական 40 երկրների խորհրդարանների նախագահներն ու պատգամավորները:

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լառիջանին այս եռօրյա համաժողովին մասնակցելուց ու ելույթով հանդես գալուց բացի երկկողմ հանդիպում ու զրույց ունեցավ նաև Սերբիայի, Իրաքի, Ղազախստանի ու Կատարի խորհրդարանների նախագահների հետ:

-------------------------------

Ադրբեջանի նավթի ընկերությունն ու Չինաստանի նավթի ազգային ընկերությանը կից BGP Inc ընկերությունը Կասպից ծովում երկրաբանական հետազոտությունների համատեղ միավոր ստեղծելու մասին պայմանագիր ստորագրեցին: Այս պայմանագիրը Բաքվում ստորագրեցին Ադրբեջանի նավթի ընկերության տնօրեն Ռոնաղ Աբդոլլահովն ու BGP Inc ընկերության տնօրեն Գեո Լիանգը:

Ստորագրված պայմանագրի համաձայն այս համատեղ միավորը երկրաբանական հետազոտության աշխատանքներ է իրականացնելու Ադրբեջանում ու Կասպից ծովում:

---------------------------

Ղազախստանի նախագահը Ուզբեկստանի  համագործակցությամբ Կենտրոնական Ասիայի առևտրական միջազգային գոտու ստեղծման և առևտրաշրջանառության ծավալների մեծացման ցանկություն հայտնեց:

Նուրսոլթան Նազարբաևը Թորքեստան նահանգում գումարված տնտեսական ու առևտրական զարգացման նիստում ասաց. «Ղազախստանն ընդունակ է մինչև 2020 թվականը տարեկան 5 միլիարդ դոլարի բարձրացնելու Ուզբեկստանի հետ առևտրաշրջանառության ծավալները»:

Ղազախստանի նախագահը հավելեց. «Աստանան Թորքեստան նահանգում ուզբեկների հետ քննարկելու է առևտրական միջազգային գոտի և Թորքեստանի միջազգային նոր անցուղու ստեղծման հարցը»:

Ավելի վաղ Նազարբաևը պահանջել էր վերացնել ԱՊՀ երկրների միջև առկա առևտրական արգելքները:

Ղազախստանն այս պահին համարվում է Ուզբեկստանի տնտեսական ու առևտրական ամենախոշոր գործընկերը: Երկու երկրի միջև առևտրաշրջանառությունը 2017 թվականին գերազանցեց 2 միլիարդ դոլարի սահմանագիծը: