Մեյբոդ՝ զիլույի համաշխարհային քաղաք
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i104902-Մեյբոդ_զիլույի_համաշխարհային_քաղաք
Զիլուն Իրանի ամենահին ձեռագործ գորգի տեսակ է, որն օգտագործվում է ամեն տեղ՝ մզկիթներում, հանրային վայրերում, տներում, ուխտագնացության ժամանակ:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Փետրվար 27, 2019 20:47 Asia/Tehran

Զիլուն Իրանի ամենահին ձեռագործ գորգի տեսակ է, որն օգտագործվում է ամեն տեղ՝ մզկիթներում, հանրային վայրերում, տներում, ուխտագնացության ժամանակ:

 

Վերջերս կայացած համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ Իրանի կողմից ներկայացվեց զիլուն և Մեյբոդ քաղաքը հռչակվեց զիլույի համաշխարհային քաղաք:

Իսկ անցած շաբաթ, Մեյբոդ քաղաքում կայացավ զիլույի ազգային տոնը: Տոնակատարության ընթացքում, զիլույի 400 մետրանոց նախշի շուրջ ստեղծվեց մարդկային շղթա: Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև Օքսֆորդի համալսարանի կողմից հրապարակված Մեյբոդ քաղաքի մասին պատմող գրքի շնորհանդեսը և զիլույի հրապարակի բացումը:

Ձեռարվեստի համաշխարհային խորհրդի Ասիա-օվկիանիա տարածաշրջանի նախագահ տիկին Ղադա Հիջավին, ով ներկա էր միջոցառմանն ասել է. «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Մեյբոդում բոլորը սիրում են զիլուն և պետք է օգտագործելով բոլոր միջոցները, պահպանել զիլուն գործելու մշակույթը»: Նա հավելել է. «Զիլուն, որպես էկո գորգ, ճանաչված է ամբողջ աշխարհում»: Խոսելով այն մասին, որ Իրանի ժողովուրդը մշտապես պահպանել է և շարունակում է  պահպանել իր մշակութային արժեքները, Տիկին Հիջավին Մեյբոդի բնակիչներին կոչ է արել շարունակել պահպանել զիլուն ու այն ներկայացնել աշխարհին:

Գորգագործության մշակույթը տարածված է տարբեր երկրներում և Իրանում նույնպես ունի իր պատմությունը: Հին ժամանակ, կենդանիների կաշին և բուրդն օգտագործում էին գորգագործության մեջ: Սակայն դա հնարավոր չէր մշտապես անել որսի միջոցով, քանի որ մորթին ու կաշին փտում ու քայքայվում էին: Հետևաբար մարդիկ ստեղծեցին զիլուն, որը փոխարինեց բրդին ու կաշվին: Զիլույի գործելու ընթացքը նման է խսիրագործությանը և կարելի է ասել, որ դրա զարգացած տեսակն է: Զիլուն համարվում է Իրանի ամենակարևոր արհեստներից մեկը: Զիլուն հին ժամանակներում օգտագործվել է հիմնականում մզկիթներում: Սակայն չկան հստակ փաստեր այն մասին, թե առաջին անգամ զլիուն որտեղ է օգտագործվել:

Անշուշտ, զիլուն կիրառվել է դեռևս իսլամից առաջ: Փաստերը վկայում են, որ իսլամի տարածման առաջին իսկ դարերում, զիլուն ճանաչված է  եղել և օգտագործվել է երկրի տարբեր շրջաններում: Զիլուն շատ է  կիրառվել հատկապես կրոնական վայրերում: Երբ հողագործները սկսեցին բամբակ մշակել ու թել մանել, այս թելերը սկսեցին օգտագործել ինչպես կտորի արտադրության, այնպես էլ գորգերի ու կարպետների արտադրության մեջ: Զիլուն հատկապես տարածված է եղել այն վայրերում, որտեղ աճեցրել են բամբակ: Լավագույն  զիլուն արտադրվել է Յազդում:

Զիլու

 

Սակայն զիլույի հայրենիքը Մեյբոդ քաղաքի Բաշնիղան թաղամասն է: Մեյբոդ քաղաքը զբաղեցնում է  845 քկմ տարածություն և գտնվում է  Յազդ նահանգում: Մեյբոդը հռչակված է հատկապես թելագործությամբ: 1102թ Մեյբոդի մեծամեծներից մեկը՝ Խաթիր Օլ Մոլք անունով, ով Սուլթան Մալեք շահի նախարարն էր, պաշտոնանկ եղավ և նրա պաշտոնակիցները հորինեցին մի բանաստեղծություն, որում ուրախություն հայտնեցին, որ մի թելագործ պաշտոնանկ եղավ իր աշխատանքից: Մինչև վերջերս Մեյբոդը հայտնի էր որպես փակ և ինքնաբավ գյուղատնտեսական քաղաք, որի մարդիկ իրենց բոլոր կարիքներն ապահովում էին քաղաքում արտադրված ապրանքների միջոցով: Նրանք նաև կարում էին իրենց հագուստը: Մեյբոդի զիլուները նույնպես գործում էին քաղաքի բնակիչները: Արդյունքում այս արհեստը զարգացավ և Իրանի բոլոր մզկիթներն ու ուխտագնացության վայրերը զարդարվեցին Մեյբոդի զիլուներով:

Զիլուն պարսկերեն զիրու բառից է: Զիր նշանակում է  տակ: Իսկ զիրու՝  որևէ իր որը գտնվում է  ոտքի տակ: Պատմությունը վկայում է , որ զիլուգործությունը տարածված է եղել նաև Փարս, Խորասան, Ատրպատական և այլ նահանգներում: Այս արհեստը հատկապես տարածված է եղել անապատային շրջաններում:

Ինչպես արդեն նշեցինք, զիլուգործությունը շատ նման է  խսիրագործության և կարելի է  նույնիսկ ասել, որ դրա զարգացած տեսակն է, որն ավելի է գեղեցկացել Մեյբոդ քաղաքի արհեսավորների աշխատանքի արդյունքում: Մեյբոդ քաղաքի զիլուգործներն օգտագործում են երկրաչափական նախշեր և հիմնականում երեք գույն, որոնք ունեն բուսական ծագում: Նրանք օգտվում են ռոնասից՝ կարմիր գույնի համար,  նիլից՝ կապույտ գույնի և ընկույզի կեղևից՝ սրճագույն ստանալու համար: Այս գույները շատ մնայուն են և հատկապես պահպանվում են անապատային շրջաններում: Կապույտ և սպիտակ զիլուներն օգտագործվում են հիմնականում կրոնական վայրերում և մզկիթներում: Կարմիր և կապույտ զիլուներն օգտագործվում են տներում: Իսկ կարմիր և կանաչ զիլուները համարվում են լավագույնը:

Զիլույի և կարպետի տարբերությունը մեծ է: Տարբերությունը հիմնականում գալիս է կիրառվող թելերից և գործելու տեխնիկայից: Զիլույի տեխնիկան ավելի բարդ է և այն ուղղակի կապ ունի հողագործների կյանքի հետ: Զիլույի հիմքում ընկած է բամբակը: Իսկ կարպետը տարածված է հիմնականում այն վայրերում, որտեղ մարդիկ զբաղվում են անասնապահությամբ, քանի որ այն գործում են բրդից: Հետևաբար կարպետը տարածված է ցուրտ վայրերում, իսկ զիլուն՝ տաք: Այդուհանդերձ, շատերը պնդում են որ զիլուն կարպետի ավելի զարգացած տեսակն է:

 

Մեյբոդում կա զիլուգործության թանգարան, որը միակն է աշխարհում և իր վրա է գրավում բազմաթիվ զբոսաշրջիկների ուշադրությունը: Թանգարանում ներկայացված են զիլուների 55 նմուշներ՝ նոր և հին բաժիններում: Թանգարանի ամենահին զիլուն գործվել է 1405թ և օգտագործվել է քաղաքի կենտրոնական մզկիթում: Այս զիլուն գործվել է Ալի Բեյգի կողմից, հատուկ տեխնիկայով և կապույտ սպիտակ ու կարմիր գույներով: Զիլուգործությունը համարվում է Իրանի ազգային ժառանգությունը: Այս ձեռքի աշխատանքը ձեռարվեստի համաշխարհային խորհրդի կողմից, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությունն է, ստացել է Ա գնահատական:

Երկու տարի առաջ, զիլուն ներկայացվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ում՝ համաշխարհային գրանցման համար: Մասնագետները Մեյբոդի զիլուգործության թանգարան ու արհեստանոցներ այցելելով, հաստատեցին դրա վաղեմությունն ու արժեքը և Բրիտանիայիում տեղակայված ձեռարվեստի համաշխարհային խորհրդի կողմից գրանցվեց որպես համաշխարհային արժեք:

Զիլուն արտահանվում է ՌԴ, Իրաք, Միջին Ասիա, Թուրքիա, Վրաստան, ԱՄՆ, Իտալիա, Բրիտանիա, Գերմանիա և պարսիցծոցյան երկրներ, ինչպես՝ Քուվեյթ, Կատար և Աբու Դաբի:

Զիլույի թանգարան

 

Պետք է ասել, որ Մեյբոդ քաղաքի տնտեսության վրա զիլուգործությունը տնտեսական մեծ ազդեցություն է ունենում: Ներկայումս քաղաքում գործող 200 արհեստանոցներում աշխատում է մոտ 500 մարդ: Դրանից բացի, հարակից գյուղերում նույնպես մարդիկ զբաղված են զիլուգործությամբ: Այս ոլորտի մասնագետներից մեկի ասելով. «Տների կողքին գտնվող արհեստանոցները քաղաքի ճարտարապետության մի մասն են: Զիլուգործությունը համարվում է ընտանեկան բիզնես և ընտանիքի բոլոր անդամները մասնակցում են զիլուգործությանը»:

Այսպիսով, կարելի է ասել, որ զիլուգործությունը աղերսվում է  Մեյբոդի բնակիչների կյանքի, կրոնի հետ և իսկապես այս քաղաքը կարելի է  համարել զիլույի համաշխարհային քաղաք: