Մեյբոդ՝ զիլույի համաշխարհային քաղաք
Զիլուն Իրանի ամենահին ձեռագործ գորգի տեսակ է, որն օգտագործվում է ամեն տեղ՝ մզկիթներում, հանրային վայրերում, տներում, ուխտագնացության ժամանակ:
Վերջերս կայացած համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ Իրանի կողմից ներկայացվեց զիլուն և Մեյբոդ քաղաքը հռչակվեց զիլույի համաշխարհային քաղաք:
Իսկ անցած շաբաթ, Մեյբոդ քաղաքում կայացավ զիլույի ազգային տոնը: Տոնակատարության ընթացքում, զիլույի 400 մետրանոց նախշի շուրջ ստեղծվեց մարդկային շղթա: Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև Օքսֆորդի համալսարանի կողմից հրապարակված Մեյբոդ քաղաքի մասին պատմող գրքի շնորհանդեսը և զիլույի հրապարակի բացումը:
Ձեռարվեստի համաշխարհային խորհրդի Ասիա-օվկիանիա տարածաշրջանի նախագահ տիկին Ղադա Հիջավին, ով ներկա էր միջոցառմանն ասել է. «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Մեյբոդում բոլորը սիրում են զիլուն և պետք է օգտագործելով բոլոր միջոցները, պահպանել զիլուն գործելու մշակույթը»: Նա հավելել է. «Զիլուն, որպես էկո գորգ, ճանաչված է ամբողջ աշխարհում»: Խոսելով այն մասին, որ Իրանի ժողովուրդը մշտապես պահպանել է և շարունակում է պահպանել իր մշակութային արժեքները, Տիկին Հիջավին Մեյբոդի բնակիչներին կոչ է արել շարունակել պահպանել զիլուն ու այն ներկայացնել աշխարհին:
Գորգագործության մշակույթը տարածված է տարբեր երկրներում և Իրանում նույնպես ունի իր պատմությունը: Հին ժամանակ, կենդանիների կաշին և բուրդն օգտագործում էին գորգագործության մեջ: Սակայն դա հնարավոր չէր մշտապես անել որսի միջոցով, քանի որ մորթին ու կաշին փտում ու քայքայվում էին: Հետևաբար մարդիկ ստեղծեցին զիլուն, որը փոխարինեց բրդին ու կաշվին: Զիլույի գործելու ընթացքը նման է խսիրագործությանը և կարելի է ասել, որ դրա զարգացած տեսակն է: Զիլուն համարվում է Իրանի ամենակարևոր արհեստներից մեկը: Զիլուն հին ժամանակներում օգտագործվել է հիմնականում մզկիթներում: Սակայն չկան հստակ փաստեր այն մասին, թե առաջին անգամ զլիուն որտեղ է օգտագործվել:
Անշուշտ, զիլուն կիրառվել է դեռևս իսլամից առաջ: Փաստերը վկայում են, որ իսլամի տարածման առաջին իսկ դարերում, զիլուն ճանաչված է եղել և օգտագործվել է երկրի տարբեր շրջաններում: Զիլուն շատ է կիրառվել հատկապես կրոնական վայրերում: Երբ հողագործները սկսեցին բամբակ մշակել ու թել մանել, այս թելերը սկսեցին օգտագործել ինչպես կտորի արտադրության, այնպես էլ գորգերի ու կարպետների արտադրության մեջ: Զիլուն հատկապես տարածված է եղել այն վայրերում, որտեղ աճեցրել են բամբակ: Լավագույն զիլուն արտադրվել է Յազդում:
Սակայն զիլույի հայրենիքը Մեյբոդ քաղաքի Բաշնիղան թաղամասն է: Մեյբոդ քաղաքը զբաղեցնում է 845 քկմ տարածություն և գտնվում է Յազդ նահանգում: Մեյբոդը հռչակված է հատկապես թելագործությամբ: 1102թ Մեյբոդի մեծամեծներից մեկը՝ Խաթիր Օլ Մոլք անունով, ով Սուլթան Մալեք շահի նախարարն էր, պաշտոնանկ եղավ և նրա պաշտոնակիցները հորինեցին մի բանաստեղծություն, որում ուրախություն հայտնեցին, որ մի թելագործ պաշտոնանկ եղավ իր աշխատանքից: Մինչև վերջերս Մեյբոդը հայտնի էր որպես փակ և ինքնաբավ գյուղատնտեսական քաղաք, որի մարդիկ իրենց բոլոր կարիքներն ապահովում էին քաղաքում արտադրված ապրանքների միջոցով: Նրանք նաև կարում էին իրենց հագուստը: Մեյբոդի զիլուները նույնպես գործում էին քաղաքի բնակիչները: Արդյունքում այս արհեստը զարգացավ և Իրանի բոլոր մզկիթներն ու ուխտագնացության վայրերը զարդարվեցին Մեյբոդի զիլուներով:
Զիլուն պարսկերեն զիրու բառից է: Զիր նշանակում է տակ: Իսկ զիրու՝ որևէ իր որը գտնվում է ոտքի տակ: Պատմությունը վկայում է , որ զիլուգործությունը տարածված է եղել նաև Փարս, Խորասան, Ատրպատական և այլ նահանգներում: Այս արհեստը հատկապես տարածված է եղել անապատային շրջաններում:
Ինչպես արդեն նշեցինք, զիլուգործությունը շատ նման է խսիրագործության և կարելի է նույնիսկ ասել, որ դրա զարգացած տեսակն է, որն ավելի է գեղեցկացել Մեյբոդ քաղաքի արհեսավորների աշխատանքի արդյունքում: Մեյբոդ քաղաքի զիլուգործներն օգտագործում են երկրաչափական նախշեր և հիմնականում երեք գույն, որոնք ունեն բուսական ծագում: Նրանք օգտվում են ռոնասից՝ կարմիր գույնի համար, նիլից՝ կապույտ գույնի և ընկույզի կեղևից՝ սրճագույն ստանալու համար: Այս գույները շատ մնայուն են և հատկապես պահպանվում են անապատային շրջաններում: Կապույտ և սպիտակ զիլուներն օգտագործվում են հիմնականում կրոնական վայրերում և մզկիթներում: Կարմիր և կապույտ զիլուներն օգտագործվում են տներում: Իսկ կարմիր և կանաչ զիլուները համարվում են լավագույնը:
Զիլույի և կարպետի տարբերությունը մեծ է: Տարբերությունը հիմնականում գալիս է կիրառվող թելերից և գործելու տեխնիկայից: Զիլույի տեխնիկան ավելի բարդ է և այն ուղղակի կապ ունի հողագործների կյանքի հետ: Զիլույի հիմքում ընկած է բամբակը: Իսկ կարպետը տարածված է հիմնականում այն վայրերում, որտեղ մարդիկ զբաղվում են անասնապահությամբ, քանի որ այն գործում են բրդից: Հետևաբար կարպետը տարածված է ցուրտ վայրերում, իսկ զիլուն՝ տաք: Այդուհանդերձ, շատերը պնդում են որ զիլուն կարպետի ավելի զարգացած տեսակն է:
Մեյբոդում կա զիլուգործության թանգարան, որը միակն է աշխարհում և իր վրա է գրավում բազմաթիվ զբոսաշրջիկների ուշադրությունը: Թանգարանում ներկայացված են զիլուների 55 նմուշներ՝ նոր և հին բաժիններում: Թանգարանի ամենահին զիլուն գործվել է 1405թ և օգտագործվել է քաղաքի կենտրոնական մզկիթում: Այս զիլուն գործվել է Ալի Բեյգի կողմից, հատուկ տեխնիկայով և կապույտ սպիտակ ու կարմիր գույներով: Զիլուգործությունը համարվում է Իրանի ազգային ժառանգությունը: Այս ձեռքի աշխատանքը ձեռարվեստի համաշխարհային խորհրդի կողմից, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությունն է, ստացել է Ա գնահատական:
Երկու տարի առաջ, զիլուն ներկայացվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ում՝ համաշխարհային գրանցման համար: Մասնագետները Մեյբոդի զիլուգործության թանգարան ու արհեստանոցներ այցելելով, հաստատեցին դրա վաղեմությունն ու արժեքը և Բրիտանիայիում տեղակայված ձեռարվեստի համաշխարհային խորհրդի կողմից գրանցվեց որպես համաշխարհային արժեք:
Զիլուն արտահանվում է ՌԴ, Իրաք, Միջին Ասիա, Թուրքիա, Վրաստան, ԱՄՆ, Իտալիա, Բրիտանիա, Գերմանիա և պարսիցծոցյան երկրներ, ինչպես՝ Քուվեյթ, Կատար և Աբու Դաբի:
Պետք է ասել, որ Մեյբոդ քաղաքի տնտեսության վրա զիլուգործությունը տնտեսական մեծ ազդեցություն է ունենում: Ներկայումս քաղաքում գործող 200 արհեստանոցներում աշխատում է մոտ 500 մարդ: Դրանից բացի, հարակից գյուղերում նույնպես մարդիկ զբաղված են զիլուգործությամբ: Այս ոլորտի մասնագետներից մեկի ասելով. «Տների կողքին գտնվող արհեստանոցները քաղաքի ճարտարապետության մի մասն են: Զիլուգործությունը համարվում է ընտանեկան բիզնես և ընտանիքի բոլոր անդամները մասնակցում են զիլուգործությանը»:
Այսպիսով, կարելի է ասել, որ զիլուգործությունը աղերսվում է Մեյբոդի բնակիչների կյանքի, կրոնի հետ և իսկապես այս քաղաքը կարելի է համարել զիլույի համաշխարհային քաղաք: