Սոցիալական ցանցերը և ծերերի բուժման հարցը
Ծերությունը հաճախ զուգակցվում է մարդու հասարակական դերի փոփոխմամբ կամ կորստով: Երբ մարդը ծերանում է, հաճախ կորցնում է իր դերակատարությունը ընտանիքում, աշխատանքում, հասարակության մեջ: Սակայն առողջ տարեցները փորձում են իրենց հասարակական ակտիվությունը պահպանել սոցիալական ցանցերի օգնությամբ:
Ամբողջ աշխարհում քիչ չէ այն տարեցների թիվն ովքեր համացանցի միջոցով կապվում են իրենց երեխաների, թոռների, ընկերների ու բարեկամների հետ: Այսպիսով, մարդկանց միջև տարածությունը վերանում է և դա ծերերին օգնում է վերականգնել իրենց հասարակական կապը: Հատկապես ներկայումս, երբ շատ ծերեր ապրում են միայնակ, համացանցը մեծ դեր է կատարում իրենց երեխաների հետ նրանց կապը պահպանելու հարցում:
Շատ ծերեր, միայնության արդյունքում ընկնում են դեպրեսիայի մեջ: Իսկ ի՞նչ է առաջարկվում անել այս դեպքում, որպեսզի ծերերը կարողանան պահպանել իրենց հասարակական կապերը և ակտիվ մտավոր կյանքը, քանի որ հակառակ դեպքում, նրանց սպառնում է Ալցհեյմերի հիվանդությունը:
Հոգեբանների տեսակետից, տարեցները բաժանվում են երեք խմբի՝ երիտասարդ տարեցներ՝ 60-70 տարեկան, միջին տարիքի ծերեր՝ 71-80 և 81-ից բարձր տարիք ունեցող ծերեր: Այս խմբերից յուրաքանչյուրն ունի հատուկ կարիքներ, և նրանց կյանքը պետք է հագեցած լինի տարբեր ծրագրերով, որպեսզի նրանք ավելի կենսուրախ լինեն, ապահովվի նրանց հասարակական ակտիվությունը, նրանք իրենց ապահով զգան և չբախվեն կենցաղային խնդիրների հետ:
Բարձր տարիքային խմբի ամենակարևոր խնդիրներից մեկը հասարակական կապն է: Ուստի այստեղ շատ է կարևորվում հեռուստատեսությունը, գրականությունը, սոցիալական ցանցերը, որպեսզի ճիշտ ծրագրման արդյուքնում, տարեցներն իրենց միայնակ չզգան և պահպանեն հասարակական կապը: Խորը ծերության ժամանակ, անձի կյանքը հաճախ դառնում է աննպատակ: Հետևաբար, այս ծերերին պետք է հակառակը ներշնչել, որպեսզի նրանք զգան, որ իրենց ներկայությունը հասարակության մեջ և ընտանիքում, կարևոր է: Ծերերի մասին խոսելիս, հիմնականում խոսվում է նրանց առողջական կամ լավագույն դեպքում, ֆիզիկական ակտիվության մասին: Սակայն նրանց հասարակական հարաբերությունների մասին շատ չի խոսվում:
2004թ. նոյեմբերի տվյալներով, աշխարհի տարբեր երկրներում, շուրջ 11 միլիոն ծեր օգտվում էր համացանցից: Դա 2000թ. համեմատ 55 տոկոսով ավելի էր: 2008թ նոյեմբերին այդ թիվը հասավ 18 միլիոնի: Ծերերն արդեն ավելի շատ ժամանակ էին հատկացնում համացանցին: Եթե 2000 թվկանին ծերերը համացանցում անցկացնում էին տարեկան 30 ժամ, 2009թ այդ ցուցանիշը դարձավ 60 ժամ:
Բարսելոնայում տեղաայված Pompeu Fabra հետազոտական կենտրոնի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տարեցները շատ են ցանկանում մուտք գործել համացանց, առաջին հերթին որպեսզի կարողանան իրենց գտնել որոշակի խմբերի մեջ: Տարեցները ցանկանում են լիարժեք ապրել և զգալ, որ այս աշխարհի մի մասնիկն են: Հենց այդ պատճառով էլ ծերերը ցանկանում են ծանոթություններ հաստատել վիրտուալ աշխարհում:
ԱՄՆ-ի մեդիա հետազոտթւյունների կենտրոնի տվյալներով, համացանցից օգտվող ծերերը 20 տոկոսով ավելի քիչ են տառապում դեպրեսիայով: Հատկանշական է, որ բժիշկները նույնպես տարեցներին առաջարկում են օգտվել համացանցից:
Լուիզիանայի համալսարանի հետազոտողները հայտարարել են, որ համացանցից օգտվող ծերերի ուղեղն ավելի արդյունավետ է աշխատում և նրանց ավելի քիչ է սպառնում Ալցհեյմերը: Հետազոտողները նշում են, որ վեբ կայքերում փնտրտուքը նման է մտքի մարզասրահի, հատկապես տարեցների համար, քանի որ նրանց միքտն ավելի ակտիվ պետք է լինի: Սակայն հարց է ծագում, թե տարեցներին ի՞նչն է ավելի շատ հետաքրքրում համացանցում: Ավստրալացի հետազոտողների ուսումնասիրությունները վկայում են, որ էլեկտրոնային նամակները տարեցների ամենասիրելի մասն են: Նրանք էլեկտրոնային նամակներով կապվում են իրենց ընտանիքների անդամների հետ, որոնք գտնվում են այլ քաղաքներում, ստանում են ԶԼՄ-ների հաղորդագրությունները և ծանոթանում լուրերին: Տարեցներին նաև հետաքրքրում են քարտեզները: Նրանք ցանկանում են քարտեզների միջոցով տեղեկանալ եղանակի մասին, տեսնել գեղեցիկ լուսանկարներ բնությունից և այն վայրերից, որտեղ իրենք չեն եղել: Օնլայն բանկային ծառայությունները և գնումները նույնպես հետաքրքրում են տարեցներին: Նրանք հետաքրքրվում են նաև այնպիսի կայքերով, որոնց միջոցով ծանոթանում են օրվա լրահոսին: Ուսումնասիրությունների համաձայն, նման կայքերը, հասարակության այս խավի համար առաջ են անցնել անգամ ռադիոյից ու հեռուստատեսությունից: Բացի բժշկական ուսումնասիրություններից, մի ընկերության անցկացրած հարցման արդյունքում պարզվել է, որ համակարգիչը շատ մեծ դեր ունի տարեցների կյանքում և նպաստում է նրանց առողջությանը: Հարցման մասնակիցների 2/3-ը համոզված է, որ ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելը դրական է ազդել իրենց կյանքի վրա: Հետարքիքր է, որ հարցման մասնակիցների 50 տոկոսը, ովքեր հատել են 50 տարեկանի սահմանը, նշել են, որ իրենց կյանքը չեն պատկերանցում առանց համացանցի: Այստեղ շատ կարևոր է նաև գերարագ ինտերնետը, քանի որ նման օգտատերերն ավելի մեծ հնարավորություն են ունենում դիտել ֆիլմեր, լսել իրենց սիրելի երաժշտությունը կամ խաղալ խաղեր: Անցյալում տարեցների կյանքում շատ մեծ էր հեռուստատեսության դերը: Սակայն այսօր, գերարագ ինտերնետ ունեցողների մեծ մասը գերադասում է իր ժամանակն անցկացնել համացանցում: Վեբ կայքերի ոլորտի մասնագետներից մեկի ասելով. «Տարեցները համացանցում հետաքրքիր ինֆորմացիա են ստանում առողջապահական հարցերի վերաբերյալ և ակտիվորեն շփվում իրենց ընկերների, բարեկամների ու ընտանիքի անդամների հետ: Եվ հենց այստեղ կարևորվում է նրանց սովորեցնելը, թե ինչպես օգտվեն համացանցից»: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ինտերնետը կարող է օգնել պայքարել տարքիային դեպրեսիայի դեմ: Վերջին ուսումանսիրությունները ցույց են տվել, որ շուրջ 10 միլիոն տարեց ամերիկացիներ տառապում են դեպրեսիայով, իսկ պատճառը մեկուսացումն է: Հետազոտությունները ցույց են տալիս, որ համացանցից օգտվելը տարեցների մոտ կարող է մինչև 30 տոոսով նվազեցնել դեպրեսիայի վտանգը:
Միչիգանի համալսարանի մեդիա ոլորտի դասախոս Շիլա Քաթենի ասելով. «Այս ազդեցությունը շատ մեծ է, քանի որ ծերերը կարող են համացանցի միջոցով կապ հաստատել ուրիշների հետ և իրենց պակաս միայնակ զգալ»: Այս հետազոտությունները կարևոր են նաև այն առումով, որ դրանցում նկատի են առնվել դեպրեսիայի մակարդակը համացանցից օգտվելուց առաջ և հետո: Այսինքն՝ այս հետազոտությունը թույլ է տալիս հասկանալ, թե դեպրեսիան նախկինում և ներկա դրությամբ փոփոխությա՞ն է ենթարկվել թե՝ ոչ: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ այս հարցի պատասխանը դրական է, քանի որ որոշ անձինք, համացանցից օգտվելով հանդերձ, շարունակում էին տառապել դեպրեսիայով: Իհարկե հետազոտողները նշել են, որ համացանցից օգտվելը հատկապես դրական է ազդում նրանց վրա, ովքեր մենակ են ապրում և նպաստում է, որպեսզի նրանց դեպրեսիայի մակարդակն իջնի: Հասարակական հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն տարեցների հոգեբանության վրա: Որքան նման մարդիկ ավելի շատ են շփվում հասարակության հետ, ավելի կենսուրախ են դառնում:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ տարեցների անդամակցությունը սոցիալական էջերին, ոչ միայն մեծացնում է նրանց հասարակական դերակատարությունն այլ նաև բարձրացնում է նրանց կյանքի որակը: Տարեցները, թոշակի անցնելուց հետո, իրենց հասարակական կապերը պահպանելու նպատակով, օգտվում են համացանցից և նրանց 25 տոկոսը պարզապես նպատակ ունի պահպանել հասարակական կապերը: Տարեցները սոցիալական ցանցեր մուտք գործելով, իրենց զգում են ավելի օգտակար և իրենց համարում հասարակության ակտիվ անդամ:
Հետազոոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ սոցիալական ցանցերից օգտվելը և կյանքի նկատմամբ գոհունակությունն, ուղիղ կապի մեջ են: Հետևաբար, որքան շատ են սոցիալական ցանցերը հասանելի տարեցներին, նրանց գոհունակությունը կյանքի նկատմամբ, ավելի է աճում: Մյուս կողմից, սոցիալական ցանցերը դրական են ազդում տարեցների մոտ գոհունակության զգացողության վրա: Դրանից բացի, այս գոհունակությունը նաև օգնում է, որպեսզի նրանք ավելի շատ օգտվեն համացանցից:
Չմոռանանք նաև նշել, որ երբ մարդը ծերանում է, սկսվում է նրա կյանքի ամենակարևոր ժամանակաշրջաններից մեկը և կարևոր է կյանքի այդ փուլում նրա խնդիրներին ուշադրություն դարձնելը: Եվ սա հատկապես կարևոր է այն առումով, որ այդ ուշադրությունը նպաստում է նրանց կյանքի որակի աճին: