Երեխաներն ու դեռահասները՝ վիրտուալ տարածքի շրջափակման մեջ(1.Ֆիզիկական վնասներ)
(last modified Tue, 20 Feb 2024 10:51:16 GMT )
Փետրվար 20, 2024 14:21 Asia/Tehran

Հաշվի առնելով այն բոլոր վտանգները, որ համացանցը կրում  է երեխաների ու դեռահասների համար, պատրաստել ենք 26 մասից բաղկացած «Երեխաներն ու դեռահասները՝ վիրտուալ տարածքի շրջափակման մեջ» թեմայով հաղորդաշար,որի առաջին թողարկումը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը, ընկերակցեք մեզ։

Մի դարաշարջանում, երբ համացանցից օգտվելը վերածվել է  առօրյա զբաղմունքի բոլոր տարքիային խմբերի համար, երեխաներից մինչև մեծահասակներ, անհնար է պատկերացնել կյանքն առանց համացանցի։

Երեխաներն ու դեռահասները երկար ժամանակ են անցկացնում համացանցում՝ խաղերի, զվարճանալու, կրթության հետ կապված հարցերի համար։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ դեռահասները համացանցում անցկացնում են օրական միջինը 7 ժամ 22 րոպե։ Դա նրանց արթուն եղած  ժամանակի 43 տոկոսն է։  

Վերջին երկու տարիների տվյալների համաձայն՝ 8 տարեկան երեխաներն առավել քան երբևէ  շատ են օգտվում համացանցից և այս ժամանակահատվածում այս տարքիային խմբի կողմից էկրաններից օգտվելու ցուցանիշն աճել է 17 տոկոսով։

Հետևաբար, եթե ընդունենք, որ համացանցը մի աշխարհ է, որտեղ առկա են և՛ հնարավորություններ և՛ սպառնալիքներ, շատ կարևոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ երեխաներն ու դեռահասները համացանցից օգտվող ամենախոցելի խումբն են՝ հետաքրքրասիրության ու անփորձության պատճառով։ Դա նշանակում է, որ համացանցի վտանգները նրանց համար ավելի շատ են, քան մյուսների։

Հաղորդաշարի շրջանակում ներկայացնելու ենք համացանցում նրանց համար գոյություն ունեցող վտանգները, ինչպես նաև այդ կապակցությամբ գործող միջազգային օրենքները։

Հաղորդաշարի առաջին համարում կխոսենք համացանցից  չափազանց շատ օգտվելու հետևանքով առաջացած ֆիզիկական վնասների մասին։

Երեխաների համար բջջային հեռախոսների, պլանշետների և համացանցից օգտվելու ժամանակ առաջացող վնասները կարելի է բաժանել երեք խմբի՝ ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական։  Այս հաղորդման ընթացքում կխոսենք ֆիզիկական վնասի մասին, որը ներառում է տեսողության վատացում, նյարդային խնդիրներ, քնի պակաս և այլն։

Էկրանից օգտվելու համար մարդու մարմնի ամենակարևոր օրգանն աչքն է։ Եվրոպացի գիտնականների հետազոտությունները պարզել են, որ պլանշետով շատ երկար զբաղվելը կարող է լուրջ վնաս հասցնել երեխաների նյարդային համակարգին ու տեսողությանը։

AllAboutVision.com կայքը գրում է, որ թվային էկրաններին չափազանց երկար նայելու հետևանքով աչքերի լարվածությունը, կամ համակարգչային տեսողության համախտանիշը, կարող է լուրջ խնդիրներ առաջացնել երեխաների ու դեռահասների համար։

Անշարժությունը և խաղերի ժամանակ առաջացող հուզմունքը երեխաների մոտ կարող են առաջացնել նյարդային խնդիրներ։ Այս խնդիրն առաջանում է նաև թվային էկրանների և լույսի աղբյուրի հետ երկար ժամանակ աշխատելու արդյունքում։

Բրիտանացի գիտնականները նշում են, որ դեռահասության և ավելի հասուն տարիքում հայտնաբերվող գլխուղեղի ուռուցքները թվային էկրանների չափից ավելի շատ օգտագործելու հետևանք են։ Իսկ քանի որ ուռուցքի ձևավորման ու դրա ախտորոշման միջև ընկած միջին ժամանակահատվածը կարող է տևել տասնամյակներ, երեխայի մոտ առաջացած ուռուցքը կարող է հայտնաբերվել չափահաս տարիքում։

2011թ․ այս ոլորտում իրականացված հետազոտության տվյալները վկայում են, որ էլեկտրոնային սարքերից օգտվելու ժամանակի և հասուն տարիքում հայտնաբերված ուղեղի ուռուցքի միջև կապ գոյություն ունի։ Ըստ այդ հետազոտության՝ որքան շատ է երեխան օգտվում էլեկտրոնային սարքերից, այնքան մեծ է նրա մոտ հասուն տարիքում ուռուցքի հայտնաբերման հավանականությունը։

Էլեկտրոնային սարքերից ու թվային էկրաններից չափից դուրս օգտվելն ազդում է նաև մարդու քնի որակի վրա։ Հետազոտությունները վկայում են, որ քնելուց առաջ հեռախոսների,  պլանշետների ու այլ սարքերի օգտագործումը նվազեցնում է երեխաների քնի որակը։

Մթության մեջ էլեկտրոնային էկրանին նայելու արդյունքում լույսի կարճ ալիքի ազդեցության պատճառով, մելատոնինի արտազատումն ուշանում է, ինչն ազդում է քնի վրա։ Հյուսթոնի համալսարանի մասնագետների անցկացրած հետազոտության տվյալներով՝ թվային էկրանները նվազեցնում են քնի հորմոնների մակարդակը և ազդում քնի որակի վրա։ Իսկ քիչ քնի հետևանքով առաջացող խնդիրները երեխաների մոտ ավելին են քան պարզապես քնկոտությունը կամ հոգնածությունը։ Կանոնավոր քնի պակասը կարող է հանգեցնել դեպրեսիայի, գիրության, սրտի կաթվածի, ուղեղի կաթվածի և դիաբետի առաջացման։  

Էլեկտրոնային սարքերից օգտվելու հետևանքով առաջացող ամենատարածված խնդիրներից է ավելորդ քաշը։ Պատճառը երկար ժամանակ նույն տեղում նստելն է և անշարժությունը։

Ավելի քան հազար գեր երեխաների շրջանում ամերիկացի մասնագետների կողմից  իրականացված հետազոտության արդյունքների համաձայն՝ պլանշետների ու բջջային հեռախոսների կիրառման տարածմանը զուգահեռ, երեխաների մոտ առավել քան երբևէ ավելի շատ է նկատվում գիրության խնդիրը։ Իսկ դա իր հերթին հանգեցնում է այլ հիվանդությունների առաջացման։

Թվային էկրաններին նայելը, անշարժությունն ինչպես նաև այդ ընթացքում ուտելը, կրկնապատկում են երեխաների ու դեռահասների գիրանալու հավանականությունը։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ ճարպակալության խնդիր ունեցող երեխաներն էկրանների առջև անցկացնում են օրական ավելի քան 4 ժամ։

Համացանցում երկար ժամանակ անցկացնող երեխաների մոտ հանդիպող մյուս խնդիրը հոգեկան խանգարումների առաջացումն է։ Ռուս մասնագետները նշում են, որ չափազանց մեծ թվով  տեքստային հաղորդագրությունների ուղարկումը դեռահասների մոտ վերածվում է մոլուցքի։ Իսկ բջջային հեռախոսի ավելորդ օգտագործումը նպաստում է սթրեսի առաջացմանը։ Այս խանգարումներն իրենց հերթին կարող են առաջացնել հոգեկան ու նյարդաբանական մի շարք հիվանդություններ։ Որպես օրինակ՝ անձին կարող է օրվա մեջ մի քանի անգամ թվալ, թե իր հեռախոսը զանգում է։ 

Բացի վերոնշյալից, որոշ օնլայն խաղերում ու ֆիլմերում կարող են լինել անպատշաճ տեսարաններ, որոնք նույնպես կարող են հանգեցնել հոգեկան խանգարումների։

Երեխաների մոտ առաջացող ֆիզիկական խնդիրների թվում կարելի է նշել նաև կմախքի դեֆորամցիան։  Ամերիկյան մանկաբուժության ակադեմիան զգուշացնում է, որ էլեկտրոնային սարքերի սենսորային էկրաններից երկարատև օգտվելու հետևանքով կարող են վնասվել երեխաների մատները։ Մատների մկանները  կարող են թուլանալ, իսկ շարժումները՝ խանգարվել։

Հաղորդման առաջին բաժնում խոսեցինք էլեկտրոնային էկրաններից օգտվելու հետևանքով երեխաների մոտ առաջացող ֆիզիկական խնդիրների մասին։ Իսկ ինչպե՞ս կարել է կանխել այդ խնդիրների առաջացումը։ Կառավարելով համացանցում երեխայի անցկացրած ժամանակը, ծնողներն անկասկած կարող են լուծել խնդիրը։ Եթե սահմանվի համացանցից օգտվելու հստակ ժամանակ, երեխաներն ու դեռահասները ավելի քիչ կզբաղվեն էլեկտրոնային սարքերով, ինչն իր հերթին կնվազեցնի նրանց մոտ ֆիզիկական խնդիրների առաջացման հավանականությունը։ Դրան կարող է նպաստել նաև երեխաների հետ խաղալը և ժամանակ անցկացնելը։ Կարևոր է, որ ծնողները ժամանակ հատկացնեն երեխաների հետ ակտիվ խաղերին։ Միգուցե հաշվի առնելով ներկա աշխարհում ծնողների զբաղվածությունը, դա բարդ է թվում, սակայն անհնար չէ։ Երեխային պետք է խրախուսել զբաղվել սպորտով  ու ակտիվ խաղերով, քանի որ դա նրանց կակտիվացնի ու կկանխի այնպիսի հիվանդությունների  առաջացումն ինչպես ճարպակալումը։

Սկսեք հենց հիմա։ Տանը սահմանեք կանոններ՝ համացանցից օգտվելու համար և ինքներդ էլ հետևեք այդ կանոններին։ Նաև ժամանակ հատկացրեք ձեր երեխաների հետ խաղերին ու նրանց նման երեխայություն արեք, որպեսզ ինքներդ նույնպես նրանց նման զվարթ ու ակտիվ լինեք։

Երեխաների համար մտերմիկ ու ակտիվ մթնոլորտ ստեղծելով, դուք նրանց կպաշտպանեք համացանցի վտանգներից։

․․․․

Սիրելի ունկնդիրներ, մեր այսօրվա հաղորդումն ավարտվեց։

Հաղորդման ընթացքում ներկայացրեցինք էլեկտրոնային սարքերից չափից դուրս շատ օգտվելու հետևանքվ երեխաների ու դեռահասների մոտ առաջացող ֆիզիկական խնդիրները և դրանց առաջացումը կանխելու ոիղիները։

Հաղորդաշարի հաջորդ թողարկման ընթացքում խոսելու ենք էլեկտրոնային սարքերից ու համացանցից  չափից դուրս շատ օգտվելու հետևանքով առաջացող հուզական ու հոգեբանական խնդիրների մասին։

Մինչ նոր հանդիպում մնացեք խաղաղությամբ; Աստված ձեզ պահապան։