Կայուն անվտանգություն Իրանի սահմաններին. սպառնալիքների դեմ պայքարից մինչև սահմանային առևտրի աշխուժացում
Իրանի սահմանապահ ծառայության հրամանատարը, ընդգծելով երկրի սահմանների կայուն անվտանգությունը, հայտարարել է, որ Իրանի բոլոր սահմանային անցակետերը գործում են առավելագույն կարողություններով, իսկ անվտանգության սպառնալիքները չեն կարողացել խաթարել առևտրային գործունեությունն ու սահմանային տեղաշարժը։
Իրանի ռադիոհոեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդմամբ՝ երկրի արևմտյան Իլամ նահանգում սահմանապահ ծառայության հրամանատարների պաշտոնների ստանձնման և հրաժեշտի արարողության ժամանակ գեներալ Ալի Աքբար Ջավիդանը նշել է, որ չնայած տարածաշրջանում առկա շարունակական սպառնալիքներին և ագրեսիվ գործողություններին՝ երկրի առևտրային գործունեությունը շարունակվում է առանց խափանումների։
Նա հավելել է, որ սահմանապահ ծառայությունը, անվտանգության ապահովմանը զուգահեռ, կարևոր դեր ունի սահմանային տնտեսական և առևտրային գործունեության դյուրացման գործում։
Գեներալ Ջավիդանը նաև հայտնել է, որ վերջին վեց ամիսների ընթացքում երկրի սահմաններում հայտնաբերվել և առգրավվել է ավելի քան 10 տոննա թմրանյութ, 1 500 միավոր հրազեն և 50 հազար տարբեր տեսակի զինամթերք։
Իլամի նահանգապետ Ահմադ Քարամին, անդրադառնալով «սահմանային սպառնալիքից» դեպի «սահմանային անվտանգություն» պարադիգմի փոփոխությանը, նշել է, որ սահմաններում անվտանգության զգացողության ձևավորումը ներդրումների և սահմանային առևտրի զարգացման հիմնական նախապայմանն է։
Նա հավելել է, որ երկիրը քայլեր է ձեռնարկում սահմանային սպառնալիքներից դեպի սահմանային անվտանգություն անցնելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով երկրի առաջընթացի համար օգտագործել սահմանների տնտեսական ներուժը։