Արտադրության բարգավաճումը՝ զարգացման առանցք (19)
Իրանի երկրամասն օժտված է բազմազան բնությամբ: Իրանի աշխարհագրական շրջանների կլիմայական պայմանները տարբերվում են ջերմաստիճանի, խոնավության, մթնոլորտային ճնշման, քամու, տեղումների և օդերևութաբանական այլ հատկությունների առումով: Այս հանգամանքը նպաստել է իրանական գյուղատնտեսական հատվածում ցանքի և երկրագործության մոդելի, ինչպես նաև այգեգործական ու երկրագործական բերքի բազմազանությանը:
Յուրաքանչյուր շրջանում ծառերն ու բույսերը աճում և հարմարվում են պայմաններին համապատասխան՝ հարաբերական առավելություն տալով երկրի որոշ շրջաններին հատուկ մշակաբույսերի արտադրության հարցում: Այս շաբաթ «Արտադրության բարգավաճումը՝ զարգացման առանցք» հաղորդաշարում անդրադառնալու ենք Իրանի որոշ գյուղատնտեսական արտադրանքների հարաբերական առավելությանը:
***
Զաֆրանը Իրանի բնիկ բույսերից է, որը գոյություն է ունեցել Մեդերի իշխանության ժամանակաշրջանից (մ.թ.ա. 17-րդ դար) Իրանի արևմուտքում գտնվող Համեդանում Ալվանդի լեռան լանջերին և դրա մոտակայքում: Ասում են, որ իրանցիներն առաջինն են ճանաչել, ցանել և մշակել այս արժեքավոր բույսը: Իրանի պատմության մեջ զաֆրանի մասին ամենահին գրառումը մ.թ.ա. ապրող հույն դրամատուրգ Էշլիի անդրադարձն է`Իրանի արքա Դարե Մեծի զաֆրոնի գույնով գուլպային: Զաֆրանը, որը Իրանում հայտնի է որպես կարմիր ոսկի, հին ժանակներից Իրանում երջանկության ու օրհնության խորհրդանիշ է: Ամեն տարի նոյեմբեր ամսին եղանակի ջերմաստիճանի նվազմանը զուգահեռ այս թանկարժեք բույսը դուրս է գալիս բերրի հողից և կարմիր ադամանդի պես պայծառացնում է ամբողջ իր ցանքատարածքը:
Զաֆրանը հայտնի է որպես տոկուն բույս, որը կարողանում է դիմակայել ծայրահեղ տապին և ցրտին: Այն կարելի է մշակել ամենուր, սակայն այս արժեքավոր բույսի աճի լավագույն կլիման մերձարևադարձային շրջաններն են, որտեղ ամառը լինում է տաք ու չոր, իսկ ձմեռը՝ մեղմ: Իրանում ավելի քան 100,000 հեկտար գյուղատնտեսական տարածքներ գտնվում են զաֆրանի ցանքի տակ: Իրանի բազմաթիվ նահանգներում, ինչպիսիք են `Զանջանը, Քերմանշահը, Համադանը, Արդեբիլը, Լորեստանը և ..., իրականացվում է զաֆրանի ցանք, այդուհանդերձ երկրում արտադրվող զաֆրանի 85-90 տոկոսը վերաբերում է երեք նահանգներին՝ Հյուսիսային Խորասանին, Խորասան Ռազավիին և Հարավային Խորասանին:
Զաֆրանի ցանքը գրեթե անջրդի է: Զաֆրանի սոխուկն աճում և բազմապատկվում է հողի տակ: Տնկելուց 7-10 տարի անց այն ոռոգման կարիք ունի տարեկան ընդամենը երեք անգամ: Ծաղկման սեզոնում, որն ամբողջ տարվա ընթացքում տեղի է ունենում մեկ ամիս ժամկետով (նոյեմբերից մինչև դեկտեմբեր), ամեն առավոտ թարմ ծաղիկներ է տալիս: Զաֆրանի թուփն ունի ասեղաձև տերևներ, և դա դժվարացնում է զաֆրանի բերքահավաքը: Զաֆրանի բերքահավաքի բոլոր փուլերն իրականացվում են ձեռքով:
Չնայած այս արժեքավոր բերքի հավաքման դժվարությանը, զբաղվածության բարձր մակարդակն ու ցանկալի եկամուտը ներքին ու համաշխարհային շուկաներում պատճառ են դարձել, որ այս բույսի մշակումը տնտեսապես ձեռնտու լինի: Իրանը զաֆրանի խոշորագույն արտադրողն է աշխարհում: Իրանի զաֆրանը գերազանց որակի է երկրի բնակլիմայի բազմազանության շնորհիվ:
Իր բազմաթիվ սննդային ու բուժիչ հատկությունների շնորհիվ զաֆրանը հայտնվել է աշխարհում շատ մարդկանց ուշադրության կենտրոնում: Զաֆրանով պատրաստված թեյը ըստ էության հակադեպրեսանտ և աշխուժացնող է: Այսօր մի շարք եվրոպական դեղագործական ընկերություններ այն օգտագործում են որպես հակադեպրեսանտ: Զաֆրանը օգնում է բարելավել մարսողական համակարգը: Այն նաև նպաստում է մեզարտադրության գործառույթին և օգտակար է երիկամների ու միզապարկի լվացման համար: Զաֆրանը նպաստում է նաև մարսողությանը, ստամոքսի փքվածության վերացմանը, արյան շրջանառությանն ու արյան արտադրությանը: Այն ունի նաև հակաօքսիդային և հակաքաղցկեղային հատկություններ:
Անցյալ տարի՝ 2019թ. իրանական զաֆրանի արտադրությունը կազմել է ավելի քան 400 տոննա, որի մեծ մասը արտահանվել է: Օմանը, Ռուսաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Իսպանիան, Իտալիան, ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Ֆրանսիան, Շվեդիան, Արգենտինան, Սաուդյան Արաբիան, Հոնկոնգը, Միացյալ Թագավորությունը և Շվեյցարիան համարվում են Իրանի զաֆրանի լավագույն գնորդները: Որոշ երկրներ, ինչպես Իսպանիան, ներմուծում են մեծ քանակությամբ իրանական զաֆրան, որը վերամշակելուց և փաթեթավորելուց հետո իրենց ապրանքանիշով վերարտահանում են երկրորդային սպառողական շուկաներ:

Հաշվի առնելով, որ Իրանն աշխարհում զաֆրանի արտադրության բնօրանն է, այս համեմունքը շուկայում վաճառվում է տարբեր ապրանքանիշերով, որոնցից յուրաքանչյուրն ունի տարբեր որակներ: Լավ զաֆրանը պետք է ընտրված լինի բույսի ամենաառողջ ծաղիկներից: Իրանական շուկայում լավագույն ապրանքանիշի ու բրենդի կոչումը վաստակած կարևոր ընկերություններն են՝ Շահսավանդը, Շահմիրզադը, Սահարխիզը, Բահրամանը, Մոստաֆավի զաֆրանը, Մոջթաեդին և Ջահան զաֆրանը: Այսպիսով, եթե դուք փնտրում եք իրանական լավագույն զաֆրանը, ապա դիմեք այս ապրանքանիշերին:
***
Իրանի կարմիր ոսկուց՝ զաֆրանից հետո, անդրադառնանք իրանական կանաչ ոսկուն՝ պիստակին: Նավթի, գորգի և խավիարի կողքին, պիստակն իր հաճելի համով ու հատկություններով, աշխարհի տարբեր երկրներում մեծ պահանջարկ ունեցող Իրանի կողմից արտահանվող ոչ նավթային ապրանքներից մեկն է: Իրանն աշխարհում պիստակի խոշորագույն արտադրողներից մեկն է և այս ապրանքի արտահանման բևեռներից է: Պիստակի արտադրանքի արտահանման առումով Իրանն աշխարհում միշտ զբաղեցրել է առաջին և երկրորդ տեղերը:
Պիստակը բույս է, որը հին ժամանակներից հանդիպել է Իրանի տարբեր մասերում: Իրանի հյուսիսարևելյան մասում և Թուրքմենստանին ու Աֆղանստանին սահմանակից շրջաններում գտնվող պիստակի անմշակ ու վայրի անտառները եղել են պիստակի աճման տարածքներ: Ասում են, որ պիստակի ծառ Իրանում տնկվել և մշակվել է մոտ 3-4 հազար տարի առաջ: Իրանում առաջին պիստակի կուլտուրաները ձեռք են բերվել պիստակի վայրի ծառերի մշակմամբ, որոնց քանակը եղել է սահմանափակ, իսկ արտաքին տեսքը նմանվել է պիստակի վայրի սորտին։
Իրանում ավելի քան 360,000 հեկտար տարածք գտնվում է պիստակի ցանքի տակ: Իրանում պիստակի արտադրության մեծ մասը գալիս է Քերման նահանգից, սակայն պիստակի արտադրության ոլորտում ակտիվ են նաև այլ նահանգներ, ինչպիսիք են Յազդը, Խորասան Ռազավին և հարավային Խորասանը, Սեմնանը, Ղազվինը, Ֆարսը, Ղոմը, Թեհրանը, Իլամը, Քերմանշահը, Քրդստանը, Արևելյան Ատրպատականը, Արևմտյան Ատրպատականը, Համադանը, Լորեստանը, Զանջանը և Արդաբիլը:

Այն, ինչ իրանական պիստակին հարաբերական առավելություն է տալիս իր մրցակիցների նկատմամբ, դրա բարձր որակն ու բազմազանությունն է: Իրանն ունի պիստակի ավելի քան 70 իգական ու բազմաթիվ արական սեռի գենոտիպեր և հանդիսանում է աշխարհում պիստակի սորտի բարեփոխման մեջ կիրառվող գենետիկական ժառանգական պաշարների կարևորագույն աղբյուրներից մեկը: Իրանական պիստակը լինում է բազմաթիվ տեսակների՝ ձևի, գույնի, արտաքին տեսքի, չափսերի և մեծության, ինչպես նաև միջուկի բնութագրերի առումով: Իրանական պիստակը յուրահատուկ և համեղ է: Իրանական պիստակի ամենահայտնի տեսակներն են՝ Քալեղուչի, Աքբարի, Մոմթազ, Բադամի Զառանդ, Նողի Սպիտակ պիստակ, Ահմադ Աղայի, Օհադի, Խանջարի Դամղան, Դամղանի Շահփասանդ և Ղազվինի տեսակները:
Որոշ առումներով պիստակի սննդային արժեքի առավելությունը մի շարք այլ սննդարար ուտելիքների, այդ թվում՝ խավիարի, ծովախեցգետինի, կարմիր և սպիտակ մսի նկատմամբ ապացուցվել է: 100 գրամ պիստակի միջուկից ստացվող էներգիայի քանակը կազմում է մոտ 626 կիլոկալորիա: Պիստակը հարուստ է պղինձով, մագնեզիումով և B վիտամինի տեսակներով, որոնք ամրացնում են մարմնի իմունային համակարգը: Պիստակի օգտագործումն օգնում է արյան կարմիր գնդիկների ստեղծմանը և կալցիումի լավագույն աղբյուրներից է: Պիստակը օգտակար է նաև մաշկի համար, քանի որ այն հարուստ է վիտամին E-ով: Պիստակը ամենաշատ սննդային մանրաթելերը պարունակող միջուկներից մեկն է, որը կարող է նպաստել մարսողությանը, խոլեստերինի և արյան շաքարի իջեցմանը: Պիստակը նաև երկաթի հիանալի աղբյուր է`սակավարյունությունը կանխելու համար: Պիստակի յուղը շատ սննդարար է և հարուստ է A, D, E և K վիտամիններով և օգտագործվում է ավանդական բժշկության և կոսմետիկայի բնագավառներում:
Այսօր աշխարհում պիստակի արդյունաբերությունը մի քանի միլիարդ դոլարի արժողությամբ բիզնես է: Տարիներ շարունակ պիստակի արտահանման եկամուտները հանդիսացել են Իրանի կարևորագույն արտարժութային եկամուտներից մեկը։ Այն նշանակալի դեր է խաղացել նավթի եկամուտներից կառավարության համընդհանուր բյուջեի կախվածությունը նվազեցնելու գործում: Որպես Իրանի ռազմավարական գյուղատնտեսական արտադրանքի՝ պիստակի տնտեսական արժեքը կազմում է մեկուկեսից երկու միլիարդ դոլար: Հեռավոր Արևելքը, հատկապես Չինաստանը, Եվրոպան, հյուսիսային հարևանները և արաբական որոշ երկրներ հանդիսանում են իրանական պիստակի արտահանման նպատակային երկրները:
Վերջին տարիներին գիտելիքահենք որոշ ընկերությունների ձևավորմամբ մենք ականատեսն ենք դարձել որոշակի քայլերի՝ արտահանվող պիստակի ավելացված արժեքը բարձրացնելու նպատակով: Անկասկած, արտադրանքի վերամշակումն ու փոխակերպումը ավելի արժեքավոր ապրանքների, ինչպիսիք են պիստակի մարմալադը, պիստակի կարագը, պիստակի կաթը, պիստակի հալվան և շոկոլադը կարող են երկրին առեվել շատ եկամուտներ բերել չմշակված տեսքով արտահանելու համեմատ՝ միևնույն ժամանակ բարձրացնել նաև զբաղվածության ցուցանիշը: