Արտադրության բարգավաճումը՝ զարգացման առանցք (25)
Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող երկրների (Թուրքիա, Ադրբեջան և Հայաստան) հետ Իրանի տնտեսական հարաբերություններին:
Տնտեսագիտության տեսությունների համաձայն, հարևան երկրների հետ առևտրային հարաբերությունների հաստատումն առավելություն է համարվում առևտրային ծախսերի իջեցման պատճառով: Իրանի տնտեսական քաղաքականության ուղղություններից է առաջնահերթություն տալ հարևանների հետ տնտեսական հարաբերությունների զարգացմանը. Այնպես որ 2018 թ. Իրանի արտահանումների ավելի քան 50 տոկոսը վերաբերում էր այն երկրներին, որոնց հետ Իրանն ունի ցամաքային և ջրային սահման: Առևտրի աշխարհում Իրանի Իսլամական Հանրապետությունը կարևոր նշանակություն ունի՝ իր աշխարհաքաղաքական դիրքի և 15 երկրների հետ սահմանակից լինելու շնորհիվ: Իրանի և հարևան երկրների միջև պատմական և մշակութային ընդհանրությունների առկայությունը ուժեղացնում է տնտեսական փոխհարաբերությունները: Հետևաբար, հարևան երկրների հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը գերակա ռազմավարություն է համարվում երկրի փորձագետների շրջանում: Իրանի և նրա հարևանների ոսկե դիրքը փոխադարձ շահեր է առաջացնում տարածաշրջանի բոլոր երկրների համար:
Իրանի և հարևանների միջև փոխադարձ տնտեսական հարաբերությունները կարող են լինել ապրանքների և ծառայությունների փոխանակման, ապրանքների տարանցման, կապի և տրանսպորտի, ֆինանսական, դրամական, բանկային և ապահովագրական համագործակցության ոլորտներում, ինչպես նաև միմյանց հսկայական շուկաների օգտագործման հարցում: Յուրաքանչյուր երկիր ունի իր տնտեսական հատկանիշները, որոնք համարվում են նրանց առավելությունները: Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես ցանկացած այլ երկիր, այս հատկանիշների հիման վրա տնտեսական հարաբերություններ է հաստատում հարևան երկրների հետ: Օրինակ, հաշվի առնելով Իրանի տնտեսության դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները՝ Թուրքիան լավ տարանցիկ ուղի է ապրանքների և էներգիայի տարանցման համար՝ իր ռազմավարական աշխարհագրական դիրքի, ինչպես նաև հարավարևմտյան Ասիայի և Եվրոպայի միջև անցակետ լինելու շնորհիվ:
Իրանը 500 կմ երկարությամբ ընդհանուր սահման ունի իր հյուսիսարևմտյան հարևանի՝ Թուրքիայի հետ: Իրանի առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Փեդրամ Սոլթանին նկատում է. «Իրանը և Թուրքիան տարածաշրջանի երկու խոշոր ու կարևոր երկրներ են, որոնք էականորեն ազդում են միմյանց տնտեսության վրա։ Իրանը կամուրջ է Հեռավոր Ասիայի, Հնդկական ենթամայրցամաքի և Կենտրոնական Ասիայի միջև, իսկ Թուրքիան կամուրջ է Միջին Արևելքի և Եվրոպայի միջև: Երկու երկրներն էլ ունեն հատուկ աշխարհառազմավարական դիրք, իսկ բնակչության թվաքանակի առումով գրեթե հավասար են: Հարևանության շնորհիվ Իրանն ու Թուրքիան ունեն նշանակալից ու հսկայական տնտեսական կապեր. Մինչդեռ հաշվի առնելով երկու երկրների շուկաների չափերն ու աշխարհագրական առանձնահատկությունները՝ այստեղ աճի ավելի մեծ ներուժ կա ... Քանի որ նրանց միջև կա հսկայական ծավալով տնտեսական հարաբերություններ, ուստի նրանց տնտեսությունները խիստ ազդվում են միմյանցից: Այս ազդեցությունները փոխադարձ են: Գազամատակարարման առումով Թուրքիան մեծապես կախված է Իրանից: Հարկ է նշել, որ այս երկրին անհրաժեշտ է կայուն և երկարաժամկետ էներգիա: Իսկ փոխարենը, Թուրքիան գտնվելով Եվրոպայի ու Իրանի ճանապարհին, կարող է ազդել և՛ Իրանի և՛ Եվրոպայի առևտրի վրա, այնպես, ինչպես Իրանն է կարող ազդել Կենտրոնական Ասիայի և Աֆղանստանի հետ Թուրքիայի առևտրի վրա»:
Թուրքիայի հետ Իրանի տնտեսական հարաբերությունների ամենակարևոր մասը, որը ռազմավարական նշանակություն ունի Թուրքիայի համար, էներգետիկայի բնագավառում է: Իրանի Իսլամական Հանրապետությունը Թուրքիայի բնական գազի և չմշակված նավթի մատակարարներից մեկն է: Իրանը և Թուրքիան ECO տարածաշրջանային համագործակցության կազմակերպության, ինչպես նաև D8 կազմակերպության անդամ են: 2018 թվականի պաշտոնական վիճակագրության համաձայն, Իրանի և Թուրքիայի միջև երկկողմ արտաքին առևտրի ծավալը կազմել է մոտ 11 միլիարդ դոլար, որից Իրանի նավթային և ոչ նավթային արտահանումները դեպի Թուրքիա կազմել են 7,5 միլիարդ դոլար: Վերջին տարիներին դեպի Թուրքիա Իրանի արտահանումները ներառում են նավթը և նավթաքիմիական արտադրանքները, գյուղմթերքները, ինչպիսիք են ձմերուկը, արմավը, նուշը, պիստակը և ընկույզը, շաքար ու շաքարավազը, շինարարական սարքավորումները, լվացող և սանիտարական միջոցները, մշակված մորթի, երկաթի հանքաքարը , ալյումինը և պղինձը:
Ադրբեջանի Հանրապետությունը ևս Իրանի հարևաններից է, որը գտնվում է Կասպից ծովում արևելքում՝ Իրանի հյուսիս-արևմուտքում: Ադրբեջանի հետ կապված Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականությունը Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ու Կովկասում մեր երկրի ընդհանուր քաղաքականության բաղադրիչներից է, որը քաղաքականություն է խարսխված համակողմանի համագործակցության վրա՝ ուղղված վստահություն ստեղծելուն, կայուն խաղաղություն հաստատելուն, բնական ռեսուրսների արդար օգտագործելուն և կայուն տարածաշրջան ստեղծելուն։ /Մինչև 1828թ. Ադրբեջանի Հանրապետությունը իրանական քաղաքակրթական տարածքի մաս էր կազմում։ Մոտ երկու դար առաջ Թուրքմենչայի դաշնագրի համաձայն, այն անջատվեց Իրանից և հանձնվեց ցարական Ռուսաստանին: 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից հետո այս հանրապետությունը հռչակեց իր անկախությունը:
Ադրբեջանի Հանրապետությունը մշտապես մեծ նշանակություն է ունեցել Իրանի քաղաքական և տնտեսական փոխհարաբերություններում: Այս հանրապետության անկախացումից հետո բարենպաստ հող ստեղծվեց Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունների ընդլայնման համար։ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ադրբեջանը ունեն ավելի քան 700 կիլոմետր ընդհանուր սահման: Պատմական ընդհանրությունների և ընդհանուր մշակութային արմատների առկայությունը լավ հիմք է ստեղծել երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների համար: Երկու երկրների գործարարները ակտիվ ներգրավված են միմյանց շուկաներում: Աստարան, Ջոլֆան, Բիլեհ-Սավարը և Փոլդաշտը (Սանամ Բոլաղի) Ադրբեջանի Հանրապետության հետ Իրանի չորս սահմանային անցակետերն, որոնց միջոցով տեղի է ունենում երկու երկրների միջև ապրանքների տարանցում:
Վերջին տարիներին ԱՊՀ երկրների շրջանում Իրանի արտահանումների մեծ մասը եղել է դեպի Ադրբեջան: Երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումները քաղաքական-տնտեսական բարձր մակարդակներում խոստումնալից են Իրանի և Ադրբեջանի երկու ժողովուրդների միջև տնտեսական համագործակցության զարգացման առումով: Երկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով Իրանի և Ադրբեջանի քաղաքականության մշակողների համար հետաքրքրական հարցեր են երկու երկրների միջև առևտուրն ընդլայնելուն ուղղված արտոնյալ սակագների սահմանումը, համատեղ ներդրումների դյուրացումը, մասնավոր և պետական հատվածի ներդրումների համար երաշխիքների ստեղծումը՝ էներգետիկայի, բանկային, արդյունաբերության, տրանսպորտի, ամբարտակների կառուցման, էլեկտրակայանների և գիտելիքահենք արտադրանքների արտահանման բնագավառներում։ Իրանի և Ադրբեջանի միջև երկկողմ համագործակցության ընդլայնման լուծումներից է Անզալիի ազատ գոտում և Ադրբեջանի Հանրապետությունում մասնագիտացված և համատեղ ցուցահանդեսների կազմակերպումը՝ երկու երկրների տնտեսական ակտիվիստների այցելության համար: Երկու երկրների տնտեսական փոխգործակցությունը կարելի է տեսնել նաև զբոսաշրջության ոլորտում: Իրանի կողմից վիզայի ռեժիմի միակողմանի չեղարկման պատճառով Իրանում ամեն տարի ավելի քան 3 միլիոն ադրբեջանցիների այցելությունը նպաստել է Իրանում ուխտագնացության, շրջագայության և առողջության բնույթի զբոսաշրջության բարգավաճմանը:
Իրանի հյուսիսային հարևաններից է Հայաստանը: 1991թ. Հայաստանի անկախացումից հետո Երևան-Թեհրան քաղաքական, տնտեսական ու մշակութային հարաբերությունները հետզհետե զարգանում են՝ հիմնվելով տարբեր ոլորտներում ակտիվ երկխոսության ու սերտ համագործակցության վրա: Երկու երկրների պաշտոնյաները բազմիցս ընդգծել են, որ երկկողմ տնտեսական հարաբերությունները մեծ ներուժ ունեն, որը պետք է օգտագործվի տնտեսական փոխհարաբերությունների հետագա զարգացման համար: 2018թ. Իրանի ներմուծումները Հայաստանից կազմել է ավելի քան 94 միլիոն դոլար, իսկ արտահանումները դեպի՝ շուրջ երեք միլիոն բնակչություն ունեցող Հայաստան կազմել է մոտ 270 միլիոն դոլար։ Իրանը և Հայաստանը ցանկանում են մեծացնել երկկողմ առևտրաշրջանառության մակարդակը մինչև ավելի քան 320 միլիոն դոլար, որի համար կարող են քայլեր ձեռնարկել գյուղատնտեսություն, անասնաբուծություն, գազի, էլեկտրաէներգիայի ու էներգիակիրների փոխանակման, և տրանսպորտի ոլորտներում: 2019 թվականի հունվարի դրությամբ Հայաստանում գրանցվել է իրանական կապիտալով 5000-ից ավելի ձեռնարկություն, որոնց մեծ մասը ձեռներեցներ են: Սա Հայաստանում գրանցված ընկերությունների ընդհանուր թվի ավելի քան 36 տոկոսն է: Իրանական կապիտալով խոշոր ընկերություններն ավելի ակտիվ են տեղեկատվական տեխնոլոգիաների, արդյունաբերության, շինարարության, անշարժ գույքի, առևտրի, գյուղատնտեսության, զբոսաշրջության և տրանսպորտի բնագավառներում:
Տարանցման հարցը առանձնահատուկ նշանակություն ունի Իրան-Հայաստան հարաբերությունների զարգացման գործում: Հայաստանը եվրասիական գոտու անդամ միակ երկիրն է, որի հետ Իրանը ունի ընդհանուր ցամաքային սահման: Հետևաբար, այս երկիրը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի և Եվրասիական տարածաշրջանի և ապահովել Իրանի մուտքը այս շուկա: Գտնվելով Պարսից ծոց-Սևծովյան միջանցքում, Հայաստանը կարևոր դեր է խաղում որպես ամենակարճ ռազմավարական ուղի ԵՄ-ին ասիական շուկաներ միացնելու համար և հակառակը: Իրանը շահագրգռված է Պարսից ծոցի և Օման ծովի ավազանը միացնել Սև ծովյան ավազանին, որպեսզի կարողանա դրա միջոցով էներգակիրների աղբյուրներն ու ապրանքները փոխանցել եվրոպական երկրներին: Այս նպատակին հասնելու առկա տարբերակներից է Հայաստանի և Վրաստանի ճանապարհը: Հայաստանը կարող է նաև դառնալ տարանցիկ երկիր՝ իրանական գազը տարածաշրջանի և Եվրոպայի երկրներ հասցնելու համար: Տեխնիկապես հնարավոր է Հայաստանի տարածքով իրանական գազը տեղափոխել այլ երկրներ: Իրանից Հայաստան տեղափոխման ու բեռնաթափման տարեկան կարողությունը կազմում է մոտ 2,3 միլիարդ խորանարդ մետր:
Վերջում պետք է ընդգծել, որ Իրանը և նրա հարևանները, հատկապես Կենտրոնական Ասիայում և Կովկասում, մի խոսքով, եվրասիական գոտում ձգտում են ուժեղացնել իրենց տնտեսությունները, և հարևանության քաղաքականության ամրապնդումը կնպաստի տարածքային կարողությունների փոխադարձ օգտագործմանը, որի արդյունքում լինելու է փոխադարձ շահույթը: Այսպիսով հարևանը օգուտ է քաղում իր հարևանից, և կողմերը միասին կարող են այլ հարևանների հետ կապ հաստատել և հող պատրաստել եռակողմ և բազմակողմանի համագործակցություն ապահովելու համար: