Իսլամի մարգարեն՝ արևելագետների տեսանկյունից (28)
Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Ներկայացնում ենք Իսլամի մարգարեն՝ արևելագետների տեսանկյունից հաղորդաշարի վերջին թողարկումը։Ընկերակցեք մեզ։
Իսլամի պատմության սկզբում, մարգարեի ջանքերով, տեղի ունեցավ մեծ հեղափոխություն նոր սկզբունքներով և չափանիշներով: Մարդկային արժանապատվությունը, ազատությունը, արդարությունը, սոցիալական խտրականության վերացումը և բարոյական վերափոխումը մարգարեի հեղափոխության հիմնական առանցքն էին: Մադինա քաղաքում մարգարեի ներկայության տասնամյա ժամանակահատվածը մարդկության պատմության մեջ ամենապայծառ իրադարձություններից է: Մի դարաշրջան, որում ստեղծվեց իսլամական համակարգը, որը ներկայացնում էր կրոնական իշխանության մոդել՝ Աստծո Մարգարեի կողմից բոլոր վայրերի և բոլոր ժամանակների համար: Իրականում, մարգարեի հեղափոխությունը և նոր համակարգը հեղափոխության ճանապարհային քարտեզ են կատարելագործմանը ձգտող մարդկանց համար, ովքեր փնտրում են լավագույն և ամենապարզ կրոնը: Մարգարեն իր օրինակելի համակարգը հստակ ցուցանիշներով ստեղծեց Մադինայում և այն ներկայացրեց մարդկությանը:
Իսլամի և մարգարեի կյանքի վերաբերյալ արևելագետների շատ ուսումնասիրություններ հաճախ ուղեկցվել են քաղաքական միտումներով կամ հատուկ մշակութային նպատակներով: Իսլամի ակնհայտ աճը և մարգարեի անձի գրավչությունը ստիպեցին, որ որոշ եվրոպացի քահանաներ խոսեն նրա մասին, ոչ թե ազնվությունից և արդարությունից ելնելով, այլ փորձեցին վարկաբեկել մարգարեի կյանքն ու ուսմունքը: Այս հաղորդաշարի ընթացքում մենք փորձեցինք ներկայացնել իսլամի մեծ մարգարեի գեղեցիկ և աստվածային կերպարն արևելագետների տեսանկյունից: Իսլամի մարգարեն այն փայլող արևն է, որը կարիք չունի հաստատվելու կամ հերքվելու:
Ղուրանում ասված է.«Ով մարգարե, մենք քեզ ուղարկել ենք, որպես վկա և ավետաբեր և Աստծո հրամանով քեզ նշանակել ենք Աստծո լուսապարգև առաքյալը»:

Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք պրոֆեսոր Աննեմարի Շիմմելի գրած «Մուհամմադը Աստծո առաքյալը» գրքի մասին:
Իսլամի մարգարեին ներկայացնելիս ՝ այս գերմանացի արևելագետը չի բավարարվել ասածներով ու լսածներով, այլ փորձել է հետ մղել վարագույրները և հիմնվելով պատմական փաստերի և ղուրանական ապացույցների վրա պարզել մարգարեի բնավորության խորությունը: Հենց այդ պատճառով նա փորձել է ներկայացնել իսլամի մարգարեի հոգևոր կերպարը, և ցավ է հայտնել այն սխալ ընկալումների և անարգանքի համար, որ եղել են արևմտյան որոշ գիտնականների մոտ:
Շիմմելն ասում է.«Մուհամմադի լույսը փայլեց իր պայծառ գոյության ողջ ընթացքում: Աստված իր լույսը, որը չի սահմանափակվում միայն որոշակի ժամանակով և վայրով ՝ փայլատակեց աշխարհում մարգարեի միջոցով»:
Նա փայլող լույս էր, որը ի հայտել է եկել անտեսանելի աշխարհից և մարմնավորվում է տիեզերքում:Այս լույսը հայտնվեց Ադամի մոտ և այնուհետև մարգարեների, մինչև որ այն կատարելագործվեց Մուհամմադի մոտ և տիեզերքի արարման երևույթներն ավարտվեցին»:
Շիմմելն ասում է.««Չնայած Մուհամմադը հասավ լուսավորության շատ բարձր մակարդակի, սակայն բարձրագույն դիրքերում նա շարունակեց մնալ Աստծո ծառան և արարածը: Երբ մուսուլմանները աղոթում են նրա առաքելության մասին են վկայում, նրանք խոստովանում են, որ Մուհամմադը Աստծո ծառան է: Մարգարեի մարդկային դեմքը համահունչ է նրա հոգևոր ճշմարտությանը: Միստիկները ոգեշնչվել են Մուհամմադի լույսով և բարձր են գնահատել նրա մարդկային հատկությունները:
Շիմմելի կարծիքով, այն մարդը, ով Աստծո կողմից ուղարկվում է մարդկանց առաջնորդության համար, պետք է ունենա վեհ առանձնահատկություններ,լինի ճշմարիտ ու ազնիվ։
Նա գրում է «Մանուկ հասակում Մուհամմադը խուսափեց Մեքքայում կռապաշտության անվայել սովորությունից և չէր մասնակցում իր մանկության ընկերների խաղերին»:
Իրականում կարևոր է հետևել Մուհամմադին, քանի որ նա զերծ էր բոլոր սայթաքումներից և մեղքերից և կարողացավ օրինակ հանդիսանալ մարդկանց համար: Նա երբեք մեղք չգործեց: Մուհամմադը կատարյալ մարդ էր, ով զսպել էր իր բնազդն ու ցանկությունները: Իր կյանքի ընթացքում, մտքով և գործով, նա իրականացրեց Աստծո կամքը և սատանային հաղթեց իր անպարտելի կամքով: Մուսուլմանները աղոթքի ժամանակ Աստծուն խնդրում են, որ նրանց գոյությունը զարդարվի Մուհամմադի գեղեցիկ հատկություններով: Մուհամմադի առանձնահատկություններն այնքան յուրահատուկ են, որ գիտնականներն ընդգծում են, որ մարգարեի անսահման հարգանքը պահպանելու համար չպետք է նրան համեմատել էմիրների և աշխարհի այլ պաշտոնյաների ու քաղաքական գործիչների հետ:
Պրոֆեսոր Շիմմելը իր գրքում իսլամի մարգարեի հրաշքները համարում է նրա հոգևոր անհատականության դրսևորում և ասում է.«Ղուրանը նրա հիանալի հրաշքն էր»: Ղուրանի մեկնաբանները, գիտնականները, միստիկները և բանաստեղծները Ղուրանում բավականաչափ նյութեր են գտել և դրանից ստեղծել գեղեցիկ պատմություններ: Նա ավելացնում է.«Մուհամմադի ժողովրդականությունը ևս մեկ զարմանք է, որն ավելացնում է նրա հրաշքները: Այն մարդը, որ գրել և կարդալ չգիտեր, ինչպես կարող էր անցյալի և ապագա իրադարձությունների մասին տեղյակ լինել: Աստծո կողմից նրան շնորհված իմաստությունը հնարավորություն տվեց Մարգարեին իմանալ աշխարհում ամեն ինչ, նույնիսկ ապագան և մարդկային հասարակության մեջ խորը փոփոխություն առաջացնել: Շիմմելը, ուշադիր ուսումնասիրելով իսլամի մարգարեի կյանքը, համոզվում է որ Մարգարեն բարիք է աշխարհի համար: Նա գրում է. «Ըստ Ղուրանի այաների ՝ հավատացյալներն առանց վարանելու կարող են ապավինել նրան, քանի որ մարգարեն կարող է կենդանություն պարգևել մեռած սրտերին և ապաստան տալ սիրահարներին: Մուսուլման բանաստեղծները խոսել են մարգարեի ողորմածության, շնորհի և վեհ անհատականության մասին»:
Այս գերմանացի պրոֆեսորի տեսանկյունից Մարգարեի մեծությունը կարելի է հասկանալ նույնիսկ նրա անուններից: Անուններ, ինչպիսիք են Մուհամմադ և Ահմադ, առանձնահատուկ նշանակություն ունեն, և այնպիսի բանաստեղծներ, ինչպիսիք են Աթթար Նեյշաբուրին և Ջամին, գեղեցիկ նկարագրություններ ունեն այս անունների և մարգարեի այլ հատկանիշների մասին: Մուսուլմանները հատուկ օրհնություն ունեն մարգարեի անվան համար: Նրանք մարգարեի անունը հիշում են հատուկ օրհնանքներով: Սալավաթը աղոթք է, որը մեծացնում է մարգարեի փառքը: Հավատացյալները զգում են, որ Մուհամմադը վերահսկում է իրենց գործողություններն ու պահվածքը:
Իսլամական մշակույթի և քաղաքակրթության խորը ուսումնասիրության արդյունքում Շիմմելը իսլամը անվանեց Մարգարեի մեծ պարգևը և արևմտյան լրատվամիջոցների թունավոր մթնոլորտում նա հայտարարեց.«Ինձ համար շատ ցավալի է, որ արևմտյան շրջանակները իսլամը դիտում են բացասական հայացքով: Իսլամն ունի բարձր դիրք, որին պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել: Մուհամմադի ուսմունքը խաղաղության, հանգստության և արդարության կրոն է: Այս կրոնը դատապարտում է ահաբեկչությունը և մարդկանց սպանելը»:
Աննեմարի Շիմմելն իր գրքում գրել է.«Հենց այն որ Ամենակարող Աստված ինքը գովաբանել է իր առաքյալին, դժվարացնում է բանաստեղծների աշխատանքը նրա առաքինությունները նկարագրելու համար: Եգիպտացի Բուսիրի մեկնաբանությամբ, այն փաստը, որ լեզուներն անկարող են ըստ արժանավույն արտահայտել նրա արժանապատվությունը, հենց մարգարեի հրաշքներից մեկն է»: