Գարնանն ընդառաջ (1.Նվիրված Նովռուզին)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i136238-Գարնանն_ընդառաջ_(1.Նվիրված_Նովռուզին)
Այս օրերին գարան շունչն ամենուր է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 19, 2021 15:58 Asia/Tehran

Այս օրերին գարան շունչն ամենուր է։

Օդում գարնան բույր ու շունչ կա։ Գարունը գալիս է՝ բուռ-բուռ բողբոջներ շաղ տալով ամենուր։ Օդը  հագեցած  է  մասրենիների  ու երիցուկների բույրով։ Գարնանային արևն իր շողերով ողողել է ամենուրեք: Ծաղիկների բույրը ավետում է բնության զարթոնքը և Նովռուզի ու նոր կյանքի գալուստը։ Ասես ողջ աշխարհն ու բնությունը ողողվել են րփներանգ ծառերի ու ծաղիկների  բույրով և ձյան սավանի տակից ծնվում է նոր կյանք: Թռչունները  սիրո երգերով ձմռան թմբիրից արթնացնում   են   բնությանը: Ամեն տարի մարդիկ սպասում են այս հրաշքին։ Նրանք տոնում են բնության զարթոնքը և փառաբանում Աստծու արարչությունը: Նրանք մեծ ուրախությամբ  և հույսերով լի սրտերով Աստծուց հայցում են  իրենց սրտերի վերափոխումը, քանի որ Նովռուզը պետք է դիմավորել նոր գաղափարներով և սիրով ու բարությամբ լի սրտերով։ Ավելի քան մեկ տարի է, որ բոլորիս սրտերում տիրում են վիշտն ու թախիծը։ Կորոնավիրուսն արդեն մեկ տարի է, որ ստվերել է աշխարհի ժողովրդի կյանքը։ Փոխվել է մարդկանց կենսակերպը։ Փոխվել է նրանց առօրյան։ Նույնիսկ Նովռուզը, այս պատմական տոնը ազդվել է այդ վիրուսից։ Բոլորի առջև փակվել են դռները, սահմանափակվել են հանդիպումները։ Բոլորը հոգնած են։ Մարդկանց դեմքին թախիծ կա։ Բոլորը սպասողական վիճակում են, սպասում են սիրո և բարեկամության դրսևորումների և ցանկանում են այս տարի  ժպիտներով ու ողջագուրվելով դիմավորել գարունը։

Բողբոջները  և գույնգգույն ծաղիկները սառը հողի սիրտը ճեղքելով  ծլարձակում են ու թարմություն պարգևում , և ամենուրեք  մեծ ոգևորություն ու խանդավառություն է տիրում։ Արդյոք  մարդու կյանքում էլ նման փոփոխություն կլինի՞։ Արդյոք նոր սկիզբ կդրվի՞ մարդու կյանքում։

Սուրբ Ղուրանում Աստված  իր արարածներին ասում է չհուսահատվել Աստծու ողորմությունից, հատկապես որ այս տարվա գարունը տարբերվում է մյուս գարուններից: Գարունն այս տարի կրկնակի իմաստ ունի։  Բնության հոսող ջրերի պարզությունը հիշեցնում է այն մեծ մարդկանց հոգիների մաքրությունն ու պարզությունը, որոնց ծննդյան օրը նշվելու են Նովռուզին՝  Նոր տարվան նախորդող օրերին: Լեռների ամրությունն  ու բարձրաբերձ ծառերի  գեղեցկությունը հիշեցնում  են   Հոսեյնի, Աբբասի և Սաջադի նման մեծ մարդկանց վեհությունն ու հզորությունը: Գարունն այս տարի հանգուցվել է  Շաաբանի սրբազան ամսվա հետ: Այս ամիս ծնվածների արևաշող դեմքերը, ինչպես թարմ ծաղիկները ոգևորում են սրտերը և  հույսի ու սիրո սերմեր ցանում:  Տա Աստված, որպեսզի  աշխարհում տիրեն  խաղաղություն, առողջություն և անվտանգություն: Ով մարդիկ, բացեք ձեր  լուսամուտները: Որքան կարող եք խորը շնչեք, այդ ժամանակ կզգաք կյանքի ու գարնան բույրը, որին ուղեկցում են թռչունների դայլայլը և ջրվեժների ձայնը: Լայն բացեք ձեր աչքերը, ու վայելեք արարչագործությունը։ Թող որ Ձեր կյանքը լեցուն լինի գարնան քնքշաբույր ծաղիկներով և գարնանային մեղմ զեփյուռի շոյանքի տակ դիտեք Աստծո վեհությունը։

 

*** 

Եկել է գարունը, և կյանքը նորից թափ է ստացել: Նովռուզը գալիս է մեկամյա ճանապարհորդությունից հետո, և գարնան թարմությամբ տարվա հոգնածությունն անցնում է պատմության գիրկը: Ամեն տարի այս նորից նորացող պատմությունը կրկնվում է, որպեսզի  սեր և բարություն պարգևի բոլորին և նոր շունչ հաղորդի սրտերին: Որքան ավելի ծավալվում ու բարդանում է   մարդկային քաղաքակրթությունը, այնքան մարդու համար  կենսական է դառնում   վերադարձը դեպի բնությունը: Այդ պատճառով Նովռուզը, հակառակ շատ ավանդույթների, որոնք երբեմն հնանում են, շարունակում է  մնալ կենդանի ու կայուն, պարգևելով երիտասարդություն և կենսունակություն: Այս թարմությունը ազդում է ոչ միայն հոգու, այլ նաև մարդու մարմնի վրա: Գարնանամուտին Նովռուզի նշումը համարվում է արարչագործության վերածնունդը: Նովռուզը կյանքի ծաղկման  և  բնության զարթոնքի խորհրդանիշ է: Կրոնական ավանդույթներում  ցանկացած տոնի սկիզբը նշվում է որպես  մեղքից և Աստծուն անհնազանդությունից զերծ մնալու և մաքուր կյանքի սկիզբ, ուստի հավատացյալներն այս օրերի ուրախությունը կապում են Շաաբան ամսվա  աղոթքների ուրախության և հոգևոր արժեքների պահպանման հետ: Շաաբան ամսվա վեհության մասին շատ է խոսվել: Այս ամսվա համար շատ աղոթքներ կան: Մոհամմադ մարգարեն, Շաբանի օրերից մեկում քարոզ կարդաց այս ամսվա մասին և ասաց. «Շաաբան ամիսը սրբազան ամիս է։  Այն իմ ամիսն է։ Ինչպես Ռամազանի ամսին այս ամսին, հավատացյալների սնունդը բաժանվում է և մարդկանց բարի գործերը  բազմապատկվում են»։ 

 

***

Սուրբ Ղուրանը գարունը համարում է Աստծո զորության  նշան, իսկ ձմռան չոր  ու խստաշունչ եղանակը գարնան թարմ եղանակի վերածվելը՝ լուսավոր այա,  վերստին  ապրելու  համար: Ֆաթեր սուրահի 9-րդ այայում ասված է. «Աստված Նա է, Ով ուղարկեց հովերը, որպեսզի շարժվեն ամպերը: Ապա մենք այդ ամպերը քշեցինք դեպի ցամաքած երկիր և դրանցով երկրին իր մահից հետո կյանք ենք պարգևում»:

Հաջ սուրահի 5-րդ և 6-րդ այաներում ասված է․-«Նայիր այն հողին, որ երաշտից անպտուղ դարձավ: Մենք անձրև ենք տեղում այդ հողի վրա, և այն իրար է գալիս ու արտադրում ամեն տեսակ բույսեր, որ կազմում են իր զարդն ու հարստությունը:  Այս հրաշքներն ապացուցում են, որ Աստված Ինքն է ճշմարտությունը, որ կյանք է տալիս մեռածներին, ու Նրա զորությունն ընդգրկում է տիեզերքը»:

Այլ կերպ ասած՝ նովռուզյան տոնը գիտելիքների գիրք է, որն ամեն տարի բացվում է իմաստուն և խորաթափանց մարդկանց առջև, որպեսզի սիրեցյալի դեմքն իր կակաչների դեմքը տեսնելով  և իր  հոգին ու միտքը նորոգելով,  համահունչ դառնա բնության հետ և  քինախնդրության ու թշնամության  փոխարեն   սիրով ու բարությամբ տոգորվի Նովռուզն առիթ է, որպեսզի մենք հիշենք, որ տարիներն անցնում են և մենք մեր կյանքի բոլոր պահերի արժեքը պետք է իմանանք»:

***

Իրանցիներն արդեն  մարտի սկզբին պատրաստվում են դիմավորել նովռուզը։ Այն ավարտվում է նոր տարվա 13-րդ օրը՝ Ֆարվարդինի 13-ին։ Մարդիկ այդ օրն անցկացնում են բնության գրկում, դաշտերում ու այգիներում։ Նովռուզին նախորդում են տան մաքրման հետ կապված  խորհրդանշական արարողություններ: Տան ընդհանուր մաքրությունը կոչվում է խանե թեքանի կամ տան թափահարում և տևում երեքից չորս շաբաթ: Իրանցիները միշտ էլ մեծ կարևորություն են տվել մաքրությանը, հատկապես որ իսլամը դրան հատուկ ուշադրություն է դարձնում, և իսլամի  մարգարեն այն համարում է հավատի նշան: Նախքան նովռուզը, քաղաքների շուկաները լինում են մարդաշատ։ Բոլորը գնում են նոր հագուստ , զանազան ուտեստներ, այդ թվում՝ չարազ, քաղցրավենիք և այլն։ Քանի որ բոլորը ցանկանում են Նովռուզին վերափոխել իրենց կյանքը և նոր տարին դիմավորել նոր հագուստով ու մեծ ուրախությամբ։ Իհարկե ներկա պայմաններում, երբ ողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ և արդեն սկսվել են այդ հիվանդության դեմ պատվաստումները,  մինչև այս վիրուսի արմատախիլ լինելը, պետք է պահպանել առողջապահական ցուցումները։ Հետևաբար  հանուն մեր և հանուն մյուսների առողջության, հավուր պատշաճի չենք կարողանում կատարել մեր ծեսերն ու արարողությունները։ 

Այնուամենայնիվ, բնությունը պահ առ պահ նորոգվելով վերափոխում է մարդկային կյանքը։ Նոր տարին սկսվում է սիրով լի ժպիտով և  կենսուրախությունը, մաքրությունը,  գեղեցկությունն ու սերը ալեկոծվում են մարդկանց մեջ։ Մարդիկ գարնանային գեղեցիկ աղոթքով դիմավորում են  նովռուզյան տոնը,  և Աստծուն հայցում են, որ իրենց պարգևի բարձր տրմադրություն և հոգու ջերմություն։

Ով սրտերի ու հայացքների վերափոխող, ով գիշերն ու ցերեկն ստեղծող, ով տարին ու վիճակները տնօրինող, տնօրինիր մեր տրամադրությունը և լավագույնը պարգևիր մեզ։

Շնորհավորում ենք  Նովռուզի՝ իրանական Նոր տարվա  կապակցությամբ․․․