Գարնանն ընդառաջ (1.Նվիրված Նովռուզին)
Այս օրերին գարան շունչն ամենուր է։
Օդում գարնան բույր ու շունչ կա։ Գարունը գալիս է՝ բուռ-բուռ բողբոջներ շաղ տալով ամենուր։ Օդը հագեցած է մասրենիների ու երիցուկների բույրով։ Գարնանային արևն իր շողերով ողողել է ամենուրեք: Ծաղիկների բույրը ավետում է բնության զարթոնքը և Նովռուզի ու նոր կյանքի գալուստը։ Ասես ողջ աշխարհն ու բնությունը ողողվել են րփներանգ ծառերի ու ծաղիկների բույրով և ձյան սավանի տակից ծնվում է նոր կյանք: Թռչունները սիրո երգերով ձմռան թմբիրից արթնացնում են բնությանը: Ամեն տարի մարդիկ սպասում են այս հրաշքին։ Նրանք տոնում են բնության զարթոնքը և փառաբանում Աստծու արարչությունը: Նրանք մեծ ուրախությամբ և հույսերով լի սրտերով Աստծուց հայցում են իրենց սրտերի վերափոխումը, քանի որ Նովռուզը պետք է դիմավորել նոր գաղափարներով և սիրով ու բարությամբ լի սրտերով։ Ավելի քան մեկ տարի է, որ բոլորիս սրտերում տիրում են վիշտն ու թախիծը։ Կորոնավիրուսն արդեն մեկ տարի է, որ ստվերել է աշխարհի ժողովրդի կյանքը։ Փոխվել է մարդկանց կենսակերպը։ Փոխվել է նրանց առօրյան։ Նույնիսկ Նովռուզը, այս պատմական տոնը ազդվել է այդ վիրուսից։ Բոլորի առջև փակվել են դռները, սահմանափակվել են հանդիպումները։ Բոլորը հոգնած են։ Մարդկանց դեմքին թախիծ կա։ Բոլորը սպասողական վիճակում են, սպասում են սիրո և բարեկամության դրսևորումների և ցանկանում են այս տարի ժպիտներով ու ողջագուրվելով դիմավորել գարունը։
Բողբոջները և գույնգգույն ծաղիկները սառը հողի սիրտը ճեղքելով ծլարձակում են ու թարմություն պարգևում , և ամենուրեք մեծ ոգևորություն ու խանդավառություն է տիրում։ Արդյոք մարդու կյանքում էլ նման փոփոխություն կլինի՞։ Արդյոք նոր սկիզբ կդրվի՞ մարդու կյանքում։
Սուրբ Ղուրանում Աստված իր արարածներին ասում է չհուսահատվել Աստծու ողորմությունից, հատկապես որ այս տարվա գարունը տարբերվում է մյուս գարուններից: Գարունն այս տարի կրկնակի իմաստ ունի։ Բնության հոսող ջրերի պարզությունը հիշեցնում է այն մեծ մարդկանց հոգիների մաքրությունն ու պարզությունը, որոնց ծննդյան օրը նշվելու են Նովռուզին՝ Նոր տարվան նախորդող օրերին: Լեռների ամրությունն ու բարձրաբերձ ծառերի գեղեցկությունը հիշեցնում են Հոսեյնի, Աբբասի և Սաջադի նման մեծ մարդկանց վեհությունն ու հզորությունը: Գարունն այս տարի հանգուցվել է Շաաբանի սրբազան ամսվա հետ: Այս ամիս ծնվածների արևաշող դեմքերը, ինչպես թարմ ծաղիկները ոգևորում են սրտերը և հույսի ու սիրո սերմեր ցանում: Տա Աստված, որպեսզի աշխարհում տիրեն խաղաղություն, առողջություն և անվտանգություն: Ով մարդիկ, բացեք ձեր լուսամուտները: Որքան կարող եք խորը շնչեք, այդ ժամանակ կզգաք կյանքի ու գարնան բույրը, որին ուղեկցում են թռչունների դայլայլը և ջրվեժների ձայնը: Լայն բացեք ձեր աչքերը, ու վայելեք արարչագործությունը։ Թող որ Ձեր կյանքը լեցուն լինի գարնան քնքշաբույր ծաղիկներով և գարնանային մեղմ զեփյուռի շոյանքի տակ դիտեք Աստծո վեհությունը։
***
Եկել է գարունը, և կյանքը նորից թափ է ստացել: Նովռուզը գալիս է մեկամյա ճանապարհորդությունից հետո, և գարնան թարմությամբ տարվա հոգնածությունն անցնում է պատմության գիրկը: Ամեն տարի այս նորից նորացող պատմությունը կրկնվում է, որպեսզի սեր և բարություն պարգևի բոլորին և նոր շունչ հաղորդի սրտերին: Որքան ավելի ծավալվում ու բարդանում է մարդկային քաղաքակրթությունը, այնքան մարդու համար կենսական է դառնում վերադարձը դեպի բնությունը: Այդ պատճառով Նովռուզը, հակառակ շատ ավանդույթների, որոնք երբեմն հնանում են, շարունակում է մնալ կենդանի ու կայուն, պարգևելով երիտասարդություն և կենսունակություն: Այս թարմությունը ազդում է ոչ միայն հոգու, այլ նաև մարդու մարմնի վրա: Գարնանամուտին Նովռուզի նշումը համարվում է արարչագործության վերածնունդը: Նովռուզը կյանքի ծաղկման և բնության զարթոնքի խորհրդանիշ է: Կրոնական ավանդույթներում ցանկացած տոնի սկիզբը նշվում է որպես մեղքից և Աստծուն անհնազանդությունից զերծ մնալու և մաքուր կյանքի սկիզբ, ուստի հավատացյալներն այս օրերի ուրախությունը կապում են Շաաբան ամսվա աղոթքների ուրախության և հոգևոր արժեքների պահպանման հետ: Շաաբան ամսվա վեհության մասին շատ է խոսվել: Այս ամսվա համար շատ աղոթքներ կան: Մոհամմադ մարգարեն, Շաբանի օրերից մեկում քարոզ կարդաց այս ամսվա մասին և ասաց. «Շաաբան ամիսը սրբազան ամիս է։ Այն իմ ամիսն է։ Ինչպես Ռամազանի ամսին այս ամսին, հավատացյալների սնունդը բաժանվում է և մարդկանց բարի գործերը բազմապատկվում են»։

***
Սուրբ Ղուրանը գարունը համարում է Աստծո զորության նշան, իսկ ձմռան չոր ու խստաշունչ եղանակը գարնան թարմ եղանակի վերածվելը՝ լուսավոր այա, վերստին ապրելու համար: Ֆաթեր սուրահի 9-րդ այայում ասված է. «Աստված Նա է, Ով ուղարկեց հովերը, որպեսզի շարժվեն ամպերը: Ապա մենք այդ ամպերը քշեցինք դեպի ցամաքած երկիր և դրանցով երկրին իր մահից հետո կյանք ենք պարգևում»:
Հաջ սուրահի 5-րդ և 6-րդ այաներում ասված է․-«Նայիր այն հողին, որ երաշտից անպտուղ դարձավ: Մենք անձրև ենք տեղում այդ հողի վրա, և այն իրար է գալիս ու արտադրում ամեն տեսակ բույսեր, որ կազմում են իր զարդն ու հարստությունը: Այս հրաշքներն ապացուցում են, որ Աստված Ինքն է ճշմարտությունը, որ կյանք է տալիս մեռածներին, ու Նրա զորությունն ընդգրկում է տիեզերքը»:
Այլ կերպ ասած՝ նովռուզյան տոնը գիտելիքների գիրք է, որն ամեն տարի բացվում է իմաստուն և խորաթափանց մարդկանց առջև, որպեսզի սիրեցյալի դեմքն իր կակաչների դեմքը տեսնելով և իր հոգին ու միտքը նորոգելով, համահունչ դառնա բնության հետ և քինախնդրության ու թշնամության փոխարեն սիրով ու բարությամբ տոգորվի Նովռուզն առիթ է, որպեսզի մենք հիշենք, որ տարիներն անցնում են և մենք մեր կյանքի բոլոր պահերի արժեքը պետք է իմանանք»:
***
Իրանցիներն արդեն մարտի սկզբին պատրաստվում են դիմավորել նովռուզը։ Այն ավարտվում է նոր տարվա 13-րդ օրը՝ Ֆարվարդինի 13-ին։ Մարդիկ այդ օրն անցկացնում են բնության գրկում, դաշտերում ու այգիներում։ Նովռուզին նախորդում են տան մաքրման հետ կապված խորհրդանշական արարողություններ: Տան ընդհանուր մաքրությունը կոչվում է խանե թեքանի կամ տան թափահարում և տևում երեքից չորս շաբաթ: Իրանցիները միշտ էլ մեծ կարևորություն են տվել մաքրությանը, հատկապես որ իսլամը դրան հատուկ ուշադրություն է դարձնում, և իսլամի մարգարեն այն համարում է հավատի նշան: Նախքան նովռուզը, քաղաքների շուկաները լինում են մարդաշատ։ Բոլորը գնում են նոր հագուստ , զանազան ուտեստներ, այդ թվում՝ չարազ, քաղցրավենիք և այլն։ Քանի որ բոլորը ցանկանում են Նովռուզին վերափոխել իրենց կյանքը և նոր տարին դիմավորել նոր հագուստով ու մեծ ուրախությամբ։ Իհարկե ներկա պայմաններում, երբ ողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ և արդեն սկսվել են այդ հիվանդության դեմ պատվաստումները, մինչև այս վիրուսի արմատախիլ լինելը, պետք է պահպանել առողջապահական ցուցումները։ Հետևաբար հանուն մեր և հանուն մյուսների առողջության, հավուր պատշաճի չենք կարողանում կատարել մեր ծեսերն ու արարողությունները։
Այնուամենայնիվ, բնությունը պահ առ պահ նորոգվելով վերափոխում է մարդկային կյանքը։ Նոր տարին սկսվում է սիրով լի ժպիտով և կենսուրախությունը, մաքրությունը, գեղեցկությունն ու սերը ալեկոծվում են մարդկանց մեջ։ Մարդիկ գարնանային գեղեցիկ աղոթքով դիմավորում են նովռուզյան տոնը, և Աստծուն հայցում են, որ իրենց պարգևի բարձր տրմադրություն և հոգու ջերմություն։
Ով սրտերի ու հայացքների վերափոխող, ով գիշերն ու ցերեկն ստեղծող, ով տարին ու վիճակները տնօրինող, տնօրինիր մեր տրամադրությունը և լավագույնը պարգևիր մեզ։
Շնորհավորում ենք Նովռուզի՝ իրանական Նոր տարվա կապակցությամբ․․․