Գրքի հմայքը (8)
Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Նախորդ հաղորդման ընթացքում խոսել ենք աշխարհի ամենամեծ և ամենահին գրադարանների մասին: Գրադարաններ,որոնք հիմնադրվում էին Կառավարությունների կողմից և հազարավոր հատոր գրքեր էին պահվում այդ գրադարաններում, սակայն սակավաթիվ մարդիկ հասանելիություն ունեին այդ գրքերին: Այս հաղորդման ընթացքում կպատմենք անցյալում եղած Իրանի մեծ գրադարանների մասին: Ընկերակցեք մեզ:
Գրադարանն իր ընդհանուր տեսքով սոցիալական հաստատություն է, որը ստեղծվել է համայնքին ծառայելու համար: Այդ պատճառով ցանկացած գրադարանի գնահատման առաջին չափանիշը նրա կողմից մատուցվող ծառայությունների տեսակն ու որակն է: Որքան ավելի բազմազան և ընդգրկուն են այդ ծառայությունները, այնքան բարձր է գրադարանի գնահատականը: Այս ծառայությունների ընդհանուր գնահատումը դժվար չէ, քանի որ հաջող սպասարկման համակարգի հետքերը ակնհայտ են ամբողջ գրադարանում: Օրինակ՝ աշխարհի լավագույն գրադարաններում գրքերի մեծ մասը դարակների փոխարեն, մարդկանց մոտ են: Այդ գրադարաններում գրքերը նախատեսված են ոչ թե հավաքագրման և պահպանման համար, այլ օգտագործման համար:
Բայց ինչպե՞ս է եղել անցյալում: Արդյոք հին գրադարանները նույն ընթացակարգն ունեի՞ն:
Ինչպես պատմությունն է վկայում, աշխարհի ամենահին գրադարանները կառուցվել են պալատներում և արքաների կողմից, և գրքերը հասանելի էին որոշակի մարդկանց: Նախորդ հաղորդումներում անդրադարձանք այդ գրադարաններից մի քանիսին, իսկ այս հաղորդման ընթացքում կներկայացնենք Իրանի ամենահին գրադարաններից մի քանիսը:
Իրանում առաջին գրադարանը Պերսեպոլիսի գրադարանն էր: Այս գրադարանը գտնվում էր Պերսեպոլիսի նկուղներում, և այդ ժամանակի բոլոր պատվերները, հրամաններն ու հաշվետվությունները պահվում էին հում աղյուսի վրա։Այդ աղյուսները չորացնում էին արևի տակ և պահում Պերսեպոլիսի գրադարաններում: Երբ Ալեքսանդրը հրկիզեց Պերսեպոլիսը, այս կավերը չորացան, կարծրացան և աղյուս դարձան, և այսօր այդ ժամանակաշրջանից ավելի քան 70,000 արձանագրություն է մնացել: Այդ գրադարանի դրական առանձնահատկությունն այն էր, որ այնտեղ պահվում էին այդ ժամանակվա բոլոր փաստաթղթերը: Օրինակ, այժմ մենք այդ փաստաթղթերից հասկանում ենք, որ Պերսեպոլիսը չի կառուցվել ստրուկների կողմից, և կառուցվել է աշխատողների կողմից, որոնք վարձատրվում էին, ի տարբերություն չինական Մեծ պարսպի և եգիպտական բուրգերի:
Իրանում Աքեմենյան իշխանության օրոք (մ.թ.ա. 600-ից 300 թվականներ) Զրադաշտի ժամանակների իրանական գիտական և կրոնական գրքերը արխիվացվել էին Պերսեպոլիսի և Թախթե Սոլեյմանի գրադարաններում: Հավանական է, որ այս գրքերը փիլիսոփայության, աստղագիտության, ալքիմիայի և բժշկության թեմաներով էին, որոնք բոլորը այրվել են Ալեքսանդր Մակեդոնացու Իրան ներխուժելուց հետո: Հիջրայի 4-րդ դարի գրող և մատենագետ՝ Իբն Նադիմը գրել է.«Քեյ Զահակը կառուցեց քաղաք և իր անունը վերցրեց Յուպիտերից և այն դարձրեց գիտության և գիտնականների տեղը: Նա տասներկու պալատները կոչեց երկնային աշտարակների թվերի անունով և դրանց մեջ գանձարաններ կառուցեց գիտական գրքերի համար և այդ պալատներում տեղավորեց գիտնականներ: Պարսկաստան ներխուժելու համար, Հունաստանի թագավոր՝ Ալեքսանդրը դուրս եկավ Մակեդոնիա կոչված քաղաքից և սպանեց Դարա թագավորի որդուն: Նա ավերեց քաղաքները և ավերեց ազնվականների կողմից կառուցված պալատները: նա պատճեններ վերցրեց արձանագրություններից և թարգմանեց դրանք հռոմեական և ղպտի լեզուներով, ապա այրեց այդ բոլորը: Նա նրանցից վերցրեց այն, ինչ ուզում էր աստղագիտության, բժշկության և հոգեբանության և այլ գիտական ոլորտներում, նա թալանեց գիտությունը, հարստությունն ու գիտնականների ունեցվածքը և Եգիպտոս ուղարկեց»:
Ըստ այդ փաստաթղթերի ՝ իրանցի գիտնականների աշխատանքներից մնացել էր միայն այն, ինչ նրանք պատճենել կամ ուղարկել էին Չինաստան, Հնդկաստան և աշխարհի այլ երկրներ:
Ալեքսանդրի արշավանքից առաջ իրանական գրադարանների առանձնահատկություններին վերաբերող մեկ այլ փաստաթուղթ է իրանցի Աբու Մեշար Բալխիի գրչին պատկանող «Զիջաթի տարբերությունը» գիրքը: Այս նշանավոր գրողն ու աստղագետը ապրել են հիջրայի երկրորդ և երրորդ դարերում և իր գրքում գրել է. «Իրանի թագավորները մեծ հոգ էին տանում գիտելիքների պահպանման մասին: Նրանք գրքեր ընտրեցին ամենաամուր և ամենածանր գործիքը, որը կարող էր դիմակայել ցանկացած իրադարձության և չազդվել վարակից ու չփտել: Այդ գործիքը պատրաստված էր կաղամախի ծառի կեղևից, որը կոչվում էր Տուզ: Այնուհետև չինացիները և այլ երկրների բնակիչները հետևեցին նրան»:
Նա պատմում է, որ իրանցիները գրելու և գիտելիքները պահպանելու լավագույն միջոցները ձեռք բերելուց հետո, փնտրում էին գրադարաններ և գրախանութներ հիմնելու լավագույն վայրերը: Որտեղ երկրաշարժ տեղի չի ունենում, և ցեխը կպչուն է, որպեսզի հարմար լինի ամուր և կայուն շենքերի համար: Երկար ուսումնասիրելուց հետո նրանք վերջապես գտան մի քաղաք այդ բոլոր հատկություններով և այդ քաղաքը Սպահանն էր: Այնտեղ, քաղաքի տարբեր հատվածները ուսումնասիրելուց հետո, նրանք լավագույն վայրը համարեցին Ջեյ գյուղը: Այդ գյուղում ընտրեցին Քոհան Դեժի շրջանը և այնտեղ վսեմ շինություն հիմնեցին»:
Դարեր անց հնէաբաններն այդ տարածքում գտել են այդ շենքի մնացորդները, որի սենյակներում եղել են գրքեր, որոնք գրվել են նախնիների կողմից կաշվի վրա: Այդ գրքերը տարբեր գիտությունների մասին էին և գրված էին հին պարսկերեն լեզվով:
Մ.թ.ա. 250 թվին Իրանում բացվեց Ջոնդիշափուրի գրադարանը, որը հյուրընկալում էր գիտնականներին և գիտությամբ հետաքրքրվողներին: Գրադարանը տեղակայված էր Ջոնդիշափուրի համալսարանում, որը համարվում է Հին աշխարհի բժշկական կրթության և հետազոտության, փիլիսոփայության և գրականության ամենամեծ կենտրոնը: Համալսարանում դասավանդում էին իրանցի, հնդիկ, հույն և հռոմեացի դասախոսներ:
Ջոնդիշափուրի համալսարանը Մերձավոր Արևելքի ամենահին համալսարաններից մեկն է: Այս համալսարանը գտնվում էր Խուզեստան նահանգում՝ Դեզֆուլ քաղաքի մերձակայքում, և նրա ավերակները մնացել են մինչ օրս: Ցավոք, այս գրադարանն այրվել է, և դրա գիտական ու գրական հարստություններից նշույլ անգամ չի մնացել:
Ջոնդիշափուրի համալսարանում մեծ աշխատանք է կատարվել, ներառյալ սանսկրիտերենի թվային համակարգի հանրահռչակումը: Ասում են, որ Սասանյան դարաշրջանի գիտնական, բժիշկ՝ Բորզույեն Ջոնդիշափուրի համալսարանի շրջանավարտ էր և այնտեղ էր դասավանդում: Օրգանների փոխպատվաստումը (ձեռքեր, ոտքեր և մատներ) այդ համալսարանի դասախոսներին վերագրվող այլ աշխատանքներից են:
Հիջրայի 120-ից 165 թվականներին ընկած ժամանակահատվածում Ջոնդիշափուրի գիտական կազմակերպությունները հետզհետե տեղափոխվեցին Բաղդադ և հիջրայի 201թ.Մամուն Աբբասիի օրոք, Բաղդադում ստեղծվեց «Բեյթ Ալ-Հիքմա» կոչվող գիտական հիմնադրամը, և ստեղծվեց մահմեդական թարգմանության և գիտական հետազոտությունների կենտրոն:
Ջոնդիշափուրը գիտության կենտրոն էր, որի ճակատին գրված էր՝ «Գիտելիքն ու առաքինությունը գերազանցում են ուժն ու թուրը»:
****************
Մոնղոլական արշավանքների պատճառած ավերակների վրա ականավոր գիտնական, մաթեմատիկոս և աստղագետ Խաջե Նասիրեդդին Թուսիի ջանքերով կառուցվեց ակտիվ քաղաքակրթական կենտրոն: Այս գիտնականի առանձնահատկությունները հանգեցրին այս կենտրոնի ձևավորմանը և լուսավոր կետի առաջացմանը, որը խորհրդանշում էին Մարաղեի աստղադիտարանը և այս հսկայական աստղադիտարանի գրադարանը: Մարաղեի աստղադիտարանը ոչ միայն աստղերը դիտելու համար էր, այլ այն մեծ գիտական կազմակերպություն էր, որտեղ ուսուցանվում էին տարբեր գիտելիքներ, և որտեղ հավաքվում էին աշխարհի ամենահայտնի գիտնականները:
Մարաղեի աստղադիտարանը կառուցվել է լուսնային հիջրայի 657թ. Ջամադի Ալ-Աուալ ամսի 4-ին, (մ.թ. 1259 թ. մայիսի 6) Խաջե Նասիրեդդին Թուսիի պատվերով և Հուլաքու խանի հրամանով: Հուլաքուն հատուկ նվիրատվություններ արեց հետազոտական կազմակերպությանը աջակցելու համար, իսկ կազմում գրադարան՝ 400,000 գրքերով և աստղագիտական գործիքներով:
Աստղադիտարանի հյուսիսային ցանկապատի տակ գտնվող բլրի հյուսիսարևմտյան անկյունում հայտնաբերվել են շենքի մնացորդներ, որոնք, ըստ տարբեր ասպեկտների, կարող են համարվել համալիրի գրադարանը: Տարբեր պատմական տեքստերը Մարաղեի աստղադիտարանի գրադարանի մասին անդրադառնում են մի ստեղծագործության, որի վեհությունն աննախադեպ էր:
Մարաղեի աստղադիտարանում գրադարանավար է եղել իրանցի պատմաբան և գիտնական՝ Քեմալեդդին Աբդուլ Ռազաղ իբն Ահմեդ իբն Մուհամմեդը, որը հայտնի է որպես Իբն Ալ-Ֆուվատի կամ Իբն Սաբունի (25 հունիս 1244 - 12 հունվար1323 թ.): Նա Խորասանի մարվիներից էր: Նա տիրապետում էր պարսկերեն լեզվին և պարսկերեն բանաստեղծություններ է գրել: Նրա ամենահայտնի գիրքը «Մաջմա Ալ-Ադաբ ֆի Մուաջամ Ալ-Ալղաբ»-ն է՝ 50 հատորով, որից միայն մեկ հատոր, այն էլ չորրորդ հատորն է մնացել: Ըստ Իբն Ֆուվատիի, հինգ իմաստուններ են ներկայացվել Հուլաքուին` Խաջե Նասիրի առաջարկով` այս աստղադիտարանի և դրա օժանդակ օբյեկտների հիմնադիրը լինելու համար: Աստղադիտարանում նրանց գործունեության շնորհիվ Մարաղեն դարձավ գիտական կենտրոն: Մարդիկ, ովքեր աշխատում էին աստղադիտարանում, հայտնի դարձան որպես «դիտորդ»: