Ընտելանանք (9)
Լավ կյանք ունենալու համար շատ կարևոր է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջությունը:Երբեմն անհրաժեշտ է ապրելակերպի փոփոխություն՝ ձեր ուզած կյանքին հասնելու համար:«Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում միասնաբար կփորձենք վատ սովորությունները փոխարինել լավ սովորություններով։
Հարկ է նշել, որ այս հաղորդաշարի շրջանակներում ներկայացվելիք խորհուրդներն ընդհանուր են, և կարող է դրանցից մի քանիսը հարմար չլինեն բոլորի համար: Անհրաժեշտության դեպքում ձեր կենսակերպում փոփոխություններ մտցնելու համար կարող եք խորհրդակցել ձեր բժշկի կամ խորհրդատուի հետ:

Ինչպես գիտեք, անձնական աճն ու զարգացումը հաջողության և ավելի լավ կյանքի հասնելու կարևորագույն հիմքերից են: Այդ նպատակով մի քանի հաղորդումների ընթացքում կանդրադառնանք անհատական աճի և զարգացման ձևերին: Լավ սովորույթներ զարգացնելու ամենակարևոր ձևերից մեկը՝ ինքնաճանաչումն է, որպեսզի այդպիսով անհատը ճանաչելով իր ուժեղ և թույլ կողմերը, հետաքրքրությունները և վախերը, ցանկություններն ու ձգտումները, և ի վերջո ճանաչելով իր կյանքի նպատակը, կարողանա ազատվել իր սխալ սովորույթներից և բարեփոխել դրանք: Նախորդ ծրագրում մենք անդրադարձել ենք ինքնաճանաչման հասնելու խոչընդոտներին և դրանց հասնելու ուղիներին: Այս ծրագրում կքննարկենք ինքնաճանաչման գործոններն ու փուլերը, ինքնաճանաչման պակասի բացասական հետևանքները և ինքնաճանաչման կարևորության պատճառները:
Շատ գործոններ են առաջարկվել ինքնաճանաչման հասնելու համար։ Շատ հեշտ կլիներ, եթե բոլոր մարդկանց ինքնաճանաչման հասնելու համար մեկ դեղատոմս նշանակվեր: Բայց նայելով այս ոլորտում կատարված բազմաթիվ հետազոտություններին՝ տեսնում ենք, որ իրականությունն այլ բան է։ Ինքնաճանաչման ճանապարհը բոլորի համար կազմակերպված է այնպես, որ ուժեղացնում է նույն անձի անհատական հմտություններն ու պատկերացումները: Այս բոլոր տարբերություններով հանդերձ, որոշ դեպքերում բոլոր մարդկանց միջև կան ընդհանրություններ։ Միավորներ և առանձնահատկություններ, որոնց ծանոթ լինելով մենք կարող ենք ավելի լավ անցնել այս ուղին: Գիտնականների և հոգեբանների մեծամասնությունը հետևյալ քայլերը համարում են ինքնաճանաչման փուլեր։

Ինքնաճանաչողության հասնելու առաջին փուլը ծնողի գոհունակության կարևորությունն է (ego-parent): Կյանքի այս փուլում մեզ միայն բավարարում է ծնողների գոհունակությունը։ Փաստորեն, մենք դժգոհ ենք, երբ մեզ պատժում են, և գոհ ենք, երբ մեզ քաջալերում են։ Միգուցե կարծում եք, որ այս փուլը կապված է միայն մանկության հետ։ Բայց հարկ է իմանալ, որ այս փուլերից ոչ մեկի համար տարիքային բաժանում չկա, և կան մարդիկ, ովքեր ամբողջ կյանքում մնում են մեկ փուլում և չեն անցնում դրանից այն կողմ։
Եթե առաջին փուլում մեր բոլոր ջանքերն ուղղված էին մեզ ընտանիքին ապացուցելու և ծնողների կարելիների ու չի կարելիների համաձայն գործելուն, ապա երկրորդ փուլում, որը կոչվում է ego-world, մենք ամեն ջանք գործադրում ենք մեզ ապացուցելու աշխարհին: Այս փուլում մարդու համար շատ կարևոր է ընկերների և անծանոթների հավանությունը, և այդ հավանությունը ստանալու համար անձը կարող է նույնիսկ անսովոր և աննորմալ վարքագիծ դրսևորել կամ խախտել օրենքը: Իրականում, ուրիշների ուշադրությունը շահելը ամենաշատն է, որ անհատը կարիք ունի այս փուլում: Եթե ցանկանում ենք նայել այս փուլի ավելի հասուն մասերին, կարող ենք նշել, որ մարդը ձգտում է գտնել իդեալական աշխատանք և պատշաճ դիրք իր կյանքում:
Ինքնաճանաչման երրորդ փուլը ego-self է կոչվում: Այս փուլը յուրաքանչյուր մարդու զարգացման և ինքնաճանաչման ամենագրավիչ փուլերից է։ Երբ մենք հասնում ենք այս փուլին, մենք ոչ մեկին չենք ընդունում այս հսկայական աշխարհում այնքան, որքան ինքներս մեզ: Ինքն իրեն ընդունելը չի նշանակում հպարտություն կամ ինքնասիրություն: Այլև, այս փուլում մենք մեզ լավ ենք ճանաչում, գիտակցում ենք մեր թույլ և ուժեղ կողմերը, և մրցում ենք ինքներս մեզ հետ և ուզում ենք ինչ-որ բան ապացուցել հենց մեզ։ Այս փուլում, մենք հասկանում ենք, որ այլևս չենք դրսևորում այն վարքագծերը, որոնք նախկինում անում էինք ուրիշներին ուրախացնելու համար, քանի որ այդ վարքերը վնասում էին մեզ, և փոխարենն այնպիսի վարքեր ենք դրսևորում, որոնք գոհացնում են մեզ: Այս փուլում մարդը կարող է հրաժարվել իր նախկին աշխատանքից, պաշտոնից, և անել այն աշխատանքը, որի մասին երազել է միշտ և որը գոհացնում է իրեն:

Ինքնաճանաչման վերջին և չորրորդ փուլը ego-god է կոչվում: Այս փուլում նույնիսկ մեզնից ենք անցնում: Շատերն ասում են, որ այս փուլում միակ բանը, որ իրենց համար կարևոր է Աստծու գոհությունն է: Սա ճիշտ է, եթե ճիշտ սահմանենք Աստված հասկացությունը և համարենք նրան որպես կյանքի արարիչ և ավելի վեհ ուժ, քան մյուս բոլոր ուժերը: Այս փուլում մարդն անցնում է իր սահմանափակ գոյության միջով և միավորվում աշխարհի անսահման գոյության հետ։ Ինքնագիտակցության այս ոլորապտույտ ճանապարհի վերջում, մենք հասկանում ենք, որ այս ամենը ոչինչ է կյանքի ցիկլը մղող ուժի համեմատ, և միայն այս պահին են իմաստավորվում երջանկությունը, իսկական սերը և գոհունակությունը: Կարևոր չէ, թե ինչպիսին է աշխարհը կամ կյանքի պայմանները։ Մարդը, ով հասնում է այս փուլին, խորապես խաղաղ է իր և ուրիշների հետ:

Ընդհանրապես, ինքնաճանաչումը մեզ ավելի մեծ երջանկության և բավարարվածության ուղի է ցույց տալիս: Գրող, փիլիսոփա Ալեն դը Բոտոնի կարծիքով, ինքնագիտակցության բացակայությունը ենթարկում է պատահարների և սխալ ցանկությունների։ Այդպիսով մենք մեզ անապահով ու անհանգիստ ենք զգում ինքնաճանաչման պակասի պատճառով կամ հեշտությամբ ազդվում ենք իրավիճակից։ Այդ դեպքում դժվարություններ կունենանք թողնելու անցանկալի սովորությունները: Հարաբերություններում մտահոգ կլինենք: Սխալ ընտրություններ կանենք կամ սխալ ամբիցիաներ կհետապնդենք։ Եվ վերջապես, մենք մեր ժամանակն ու գումարը կներդնենք այնպիսի բաների վրա, որոնք մեզ երջանկություն չեն բերելու:
Հաշվի առնելով ինքնաճանաչման պակասի բացասական հետևանքները, ինքնաճանաչման կարևորությունը ավելի ու ավելի պարզ է դառնում: Ներկայացնում ենք մի քանի հիմնական պատճառ՝ ինքնաճանաչման կարևորությունը ցույց տալու համար:
Երբ դուք կարողանաք արտահայտել այն, ինչ կաք, ավելի երջանիկ կլինեք, և ձեր ցանկություններն արտահայտելը կբարձրացնի դրանց հասնելու ձեր հնարավորությունները: Մեկ այլ պատճառ, որն ավելի կարևոր է դարձնում ինքնաճանաչումը, ավելի քիչ ներքին կոնֆլիկտ ունենալն է: Դուք ավելի քիչ ներքին կոնֆլիկտ կզգաք, երբ ձեր արտաքին գործողությունները համահունչ լինեն ձեր ներքին զգացմունքներին և արժեքներին: Երբ ճանաչեք ինքներդ ձեզ, կարող եք ավելի լավ որոշումներ կայացնել ցանկացած դեպքում: Իսկ փոքր որոշումների համար, ինչպիսիք են բաճկոն գնելը, ամուսնության որոշումը և զուգընկեր ընտրելը, դուք կունենաք գործեղանակներ, որոնք կարող եք օգտագործել ձեր կյանքի տարբեր խնդիրներ լուծելու համար:
Ինքներդ ձեզ վերահսկելը ևս մեկ կարևոր պատճառ է ինքնաճանաչման համար: Երբ դուք տիրապետում եք ինքնաճանաչման գիտելիքին, կիմանաք, թե ինչն է ձեզ դրդում դիմակայել վատ սովորություններին և ձևավորել լավ սովորություններ։ Դուք ձեռք կբերեք պատկերացումներ, որոնք կօգնեն ձեզ բացահայտել արժեքներն ու նպատակները, որոնք ակտիվացնում են ձեր կամքի ուժը: Այս հատկանիշի առկայությունը կօգնի նաև ձեզ ավելի դիմացկուն լինել սոցիալական ճնշման նկատմամբ: Երբ գիտեք ձեր արժեքներն ու նախասիրությունները, ավելի լավ կարող եք «ոչ» ասել և մի կողմ թողնեք հաճոյախոսությունը։ Ձեր թուլությունների և խնդիրների գիտակցումը նաև օգնում է ձեզ կարեկցել և հասկանալ ուրիշներին: Եվ վերջում դա ձեզ մեծ ուրախություն ու հաճույք է պատճառում։ Այնպես որ իրական լինելն օգնում է ձեզ կենդանի զգալ: Այն նաև կյանքի փորձը դարձնում է ավելի հարուստ, ավելի լայն և ավելի հետաքրքիր:
