Հայաստանի քաղաքացիների ձայները գողացվել են. Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նիստում
https://parstoday.ir/hy/news/armenia-i247072-Հայաստանի_քաղաքացիների_ձայները_գողացվել_են._Մամիջանյանի_ելույթը_ԵԽԽՎ_լիագումար_նիստում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին զրկում է իրենց հիմնարար իրավունքներից մեկից՝ ընտրական իրավունքից։
(last modified 2026-06-26T14:49:43+00:00 )
Հունիս 26, 2026 18:13 Asia/Tehran
  • Հայաստանի քաղաքացիների ձայները գողացվել են. Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նիստում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին զրկում է իրենց հիմնարար իրավունքներից մեկից՝ ընտրական իրավունքից։

Այսպիսի  հայտարարությունն արել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը` ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում։

Նա հայտարարել է, որ ժողովրդավարության մասին խոսելուց զատ կարելի է մի խաղ խաղալ։

«Ինչպե՞ս կանվանեիք այն քաղաքական գործչին, որը զրկում է քաղաքացիներին իրենց հիմնարար իրավունքներից մեկից՝ ընտրական իրավունքից։ Ճիշտ պատասխանն է «Բ»՝ բռնապետ։ Իսկ ինչպե՞ս կանվանեիք այն քաղաքական գործչին, որը յուրաքանչյուր օր ձերբակալում է իր քաղաքական հակառակորդներին։ Բառացիորեն ամեն օր որևէ մի այլախոհ ձերբակալվում է սեփական կարծիքն արտահայտելու համար։ Չեմ կարծում, որ հարցի պատասխանը գտնելու համար դահլիճի օգնության կարիքը լինի։ Ճիշտ պատասխանն է «Դ»՝ դիկտատոր։ Կամ ինչպե՞ս կանվանեիք այն պաշտոնյային, որն իրեն պահում է այնպես, կարծես միաժամանակ և՛ վարչապետ է, և՛ ոստիկանապետ, և՛ գլխավոր դատախազ, ու նույնիսկ հավակնություններ ունի ղեկավարելու եկեղեցին։ Այս հարցի պատասխանը նույնն է՝ «Բ» - բռնապետ»,–ասել է Մամիջանյանը։

Նա մեջբերել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության նախնական զեկույցում տեղ գտած ձևակերպումները` ճնշում պետական աշխատողների վրա, օրենքի ընտրողական կիրառում, նախնական կալանքի չարաշահում, ոստիկանական բռնությունների անբավարար քննություն և դատական անկախության նվազեցում։

Մամիջանյանն ընդգծել է, որ Հայաստանում հազարավոր ընտրողներ զրկվել են ընտրելու իրենց իրավունքից, քանի որ 2026թ. Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ երեք ընտրատեղամասերի արդյունքներ պարզապես չեղյալ են հայտարարվել։

«Սա կարևոր արձանագրում է, քանի որ այդ որոշման արդյունքում ընդամենը մի քանի հարյուր ձայնի պատճառով ընդդիմադիր կուսակցություններից մեկը չհաղթահարեց ընտրական շեմը՝ ձայներ, որոնք ուղղակի խլել են նրանցից»,– ասել է պատգամավորը։

Նա շեշտել է, որ այդ բոլոր խախտումները կատարվել են մի նպատակով, որպեսզի իշխող կուսակցությունը խորհրդարանում կարողանա ապահովել իր 3/5-րդ մեծամասնությունը։

«Հայաստանում կայացած ընտրությունների գնահատականը չափազանց պարզ է՝ Հայաստանի քաղաքացիների ձայները գողացվել են։ Նույնիսկ եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու»,–ասել է նա։

Մամիջանյանը հուսով է, որ միջազգային կազմակերպությունները կարձագանքեն արձանագրված խախտումներին ավելի շուտ, քան կբանտարկվեն բոլոր նրանք, ովքեր բարձրաձայնում են այս խախտումները։

Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։