Իրանական պատվիրակության հանդիպումը Երևանի պետական համալսարանի ղեկավարության հետ
Իրանական պատվիրակությունն հանդիպել է Երևանի պետական համալսարանի ղեկավարության հետ։
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև գիտամշակութային, համալսարանական և կրոնագիտական համագործակցության ընդլայնման շրջանակում Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում Մորթեզա Ջավադի Ամոլիի, Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավար Մոհամմադ Ասադի Մովահեդի և ԵՊՀ ակադեմիական/ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր տիկին Էլինա Ասրիյանի, իրանագիտության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Վարդան Ոսկանյանի, ինչպես նաև համալսարանի ղեկավար-դասախոսական կազմի մասնակցությամբ։

Հանդիպման ընթացքում Երևանի պետական համալսարանի պրոռեկտորը ողջունեց իրանական պատվիրակությանը և ընդգծեց Հայաստանի ու Իրանի միջև պատմամշակութային և գիտական կապերի կարևորությունը։
Նշվեց, որ երկու երկրների համալսարանների միջև համագործակցության զարգացումը կարող է նպաստել փոխադարձ ճանաչողության խորացմանը և գիտական ու մշակութային երկխոսության ընդլայնմանը։
Մոհամմադ Ասադի Մովահեդն իր խոսքում ներկայացրեց Այաթոլլահ Ջավադի Ամոլիի գիտական և մտավոր ժառանգության կարևորությունը և Հոջաթոլէսլամ վալ-մուսլիմին Մորթեզա Ջավադի Ամոլիի այցը Հայաստան գնահատեց որպես արժեքավոր հնարավորություն՝ երկու երկրների համալսարանական և կրոնագիտական կենտրոնների միջև գիտական ու մշակութային կապերի ամրապնդման համար։ Նա կարևորեց մշակութային կապերը գործնական և շարունակական ծրագրերի վերածելու անհրաժեշտությունը՝ մասնավորապես համատեղ մասնագիտական քննարկումների, դասախոսների և ուսանողների փոխանակման, գիտական աղբյուրների ներկայացման և համատեղ ուսումնասիրությունների միջոցով։
Մորթեզա Ջավադի Ամոլին իր ելույթում անդրադարձավ մարդաբանության կարևորությանը հումանիտար գիտությունների համակարգում՝ ընդգծելով, որ մարդու ճիշտ ճանաչումը հիմք է գիտության, մշակույթի, տնտեսության, քաղաքականության և կառավարման ոլորտների ճիշտ կազմակերպման համար։ Նա, ներկայացնելով մարդու վերաբերյալ Սուրբ Ղուրանի մոտեցումը, նշեց, որ իսլամական մտածողության մեջ մարդը սահմանափակված չէ միայն նյութական և երկրային կյանքով, այլ ունի հավիտենական գոյության հեռանկար, ինչը կարող է նոր հորիզոններ բացել հումանիտար գիտությունների ուսումնասիրության մեջ։
Այնուհետև պրոֆեսոր Վարդան Ոսկանյանը խոսեց Երևանի պետական համալսարանում իրանագիտության նշանակության մասին՝ նշելով, որ այստեղ իրանագիտությունը չի սահմանափակվում Իրանի՝ որպես քաղաքական միավորի ուսումնասիրությամբ, այլ ընդգրկում է նաև մշակութային, պատմական և քաղաքակրթական Իրանը։ Նա հայտնեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Իրանի գիտական և հետազոտական կենտրոնների հետ։
Հանդիպման ավարտին կողմերը կարևորեցին գիտական կապերի շարունակականությունը, համատեղ քննարկումների կազմակերպումը, պարսից լեզվի ուսուցման ամրապնդումը, իրանագիտական ուսումնասիրությունների զարգացումը և գիտական աղբյուրների փոխանակումը։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև Այաթոլլահ Ջավադի Ամոլիի մի շարք աշխատություններ, մասնավորապես Ղուրանի տեսանկյունից մարդաբանությանը վերաբերող գրքերը, նվիրաբերել ԵՊՀ իրանագիտության ամբիոնին՝ դասախոսների, հետազոտողների և ուսանողների օգտագործման համար։