Նովռուզյան Հաֆթ սինը (2.Նվիրված գարնան առաջին օրվան)
Շնորհավոր Նովռուզը, հարգելի ունկնդիրներ: Այսօր իրանական 1402թ. առաջին օրն է՝ ֆարվարդին ամսի մեկը:
Ողջույն Ձեզ, հարգելի ունկնդիրներ: Այսօր իրանական 1402թ. առաջին օրն է՝ ֆարվարդին ամսի մեկը: Ներկայացնում ենք «Նովռուզյան Հաֆթ սին»-ը հաղորդաշարի հերթական թողարկումը: Հուսով եմ, աշխարհի որ կետում էլ որ լիենք, ուրախ եք ու երջանիկ:
Հաղորդման սկզբում խոսելու ենք նովռուզյան տրամադրության մասին:
Նովռուզը և Հաֆթ սին սեղանը՝ օրհնված ու առատ սեղան, որին գեղեցկություն է պարգևում Սուրբ գիրքը:
Իրանի մուսուլմանների մեծ մասը Հաֆթ սինի սեղանին դնում է Ղուրանը, իսկ զրադաշտները՝ Ավեստան: Նախկինում, երբ տները կառուցված էին ավանդական ձևով, Նովռուզի տոնական սեղանի ու հյուրասիրության համար նախատեսվում էր առանձին սենյակ: Հաֆթ սինի սեղանի մոտ մեկ այլ սփռոցի վրա դրվում էին տարբեր տեսակի քաղցրավենիքներ, մրգեր ու խորտիկներ և հյուրերը հավաքվում էին այդ սփռոցի շուրջը:

Այսօր Իրանի շատ շրջաններում Նովռուզի սեղանը շարունակում են ավանդաբար փռել գետնին, սակայն ժամանակակից կյանքը Հաֆթ սինը տեղափոխել է սեղանի վրա: Սակայն սեղանին, թե ավանդական ձևով փռված Հաֆթ սինի սփռոցի վրա անպայման դրվում է խնձոր (սիբ), սումախ, սամանու (ածիկով պատրաստվող քաղցրավենիք), սխտոր (սիր), սեքքե (մետաղադրամ), սենջեդ (փշատ) և սաբզե (տանը ծլեցված ցորեն):
Այժմ միասին լսենք «Ամադ բահարե ջանհան» գեղեցիկ երգը Մոհսեն Չավուշիի կատարմամբ։
Լսեցինք «Ամադ բահարե ջանհան» գեղեցիկ երգը՝ Մոհսեն Չավուշիի կատարմամբ:
Նովռուզի ծեսերի ձևավորման հիմքում ընկած տարրերը, մշակութային կառուցվածքի կողքին, ձևավորում են նաև մարդկանց կյանքն ու ինքնությունը: Այդ տարերրից մեկը Հաֆթ սինի սեղանն է: Հաֆթ սինի սեղանին դրվում է նաև երկու մոմ, հայելի, կարմիր ձկնիկ, շիմշատի ու նարնջի ծառի ճյուղեր, նարգիս, հակինթ և ծլեցված ցորեն:
Իրանում տարբեր տոների համար սեղան զարդարելու և տարբեր կերակուրներ պատրաստելու ավանդույթը գալիս է դարերի խորքից: Հնագույն շրջանից մինչև իսլամական շրջան, որպես մշակութային և կրոնական իրականություն, այն իր դերն է ունեցել Իրանի ժողովրդի կյանքում։ Նման օրինակներից են հարսանեկան սեղանը, Հաֆթ սին սեղանը, իմամների անուններից տրվող մատաղի սեղանները, Յալդայի գիշերվա սեղանը և այլն:
Հարկ է նշել, որ Իրանի տարբեր շրջաններում սոցիալական, մշակութային և կլիմայական պահանջներին համապատասխան և տարբեր ժամանակաշրջաններում, Հաֆթ սինի սեղաններին դրվող սննդամթերքը տարբերվել է:
Իրանի շրջանների մեծ մասում Հաֆթ սինի սեղանին դրվում է Ս տառով սկսվող 7 տեսակ ուտելիք: Որոշ մասնագետներ կարծում են, որ Ս տառն այս դեպքում սինի բառի հապավումն է: Հնում, Նովռուզի կապակցությամբ, թարմ ու չորացված մրգերը յոթը պղնձե սինիներով տանում էին թագավորի և պալատականների համար: Այս մթերքներից յուրաքանչյուրը խորհրդանշում էր Իրանում աճեցվող միրգն ու բանջարեղենը:
Իրանի հնագույն մշակույթն ուսումանսիրող մասնագետները կարծում են, որ իրանցիների անցյալի կրոնական տարրերն ուշադիր ուսումնասիրելու դեպքում, պարզ է դառնում, որ Հաֆթ սինի յոթը տարրեը համապատասխանում են յոթ սուրբ հրեշտակներին: Մասնագետների մի մասը կարծում է, որ զրադաշտներն այս սեղանը փռում էին յոթ հրեշտակների (Համշասպանդներ կամ Միրասպանդներ՝ զրադաշտականության մեջ տարածված բարի էակներ) համար:
Հաֆթ միմի մասին
Իրանի որոշ շրջաններում, օրինակ՝ Խորասան, Ֆարս, Խուզեստան նահանգների որոշ գյուղերում ու քաղաքներում, Նովռուզին դնում են Հաֆթ միմ սեղան: Հաֆթ միմի սեղանին դնում են հավ (մորղ), ձուկ (մահի), ծովախեցգետին (մեյգու), մասղաթի (քաղցրավենիք), չամիչ (մավիզ տեսակի), քաղցր կիտրոն (մադանի), կարմիր ոսպ (մաշ), և յոթ տարբեր տեսակի միրգ ու հյութ:
Այս մթերքներից յուրաքանչյուրը խորհրդանշում է իրանցիների անցյալի ու ներկայի ընկալումն աշխարհից ու տիեզերքից:
Հաֆթ սինի սեղանը, որ տոնական օրերին միավորում է բոլոր տները, ծագում է իրանցիների պատմական հավատալիքներցի ու ծեսերից: Այն միավորում է ընտանիքի անդամներին մի սեղանի շուրջ, որտեղ նրանք մոռանում են բոլոր տարաձայնությունները և որի շուրջ տիրում է համերաշխություն:
Նովռուզի սեղանը կարևոր դեր է ունեցել ընտանիքի հիմքերն ամուր պահելու հարցում և մինչ օրս պահպանել է իր դերակատարությունը: Եթե իրանցիների կողքին լինեք, կհասկանաք նրանց համար ընտանիքի կարևորությունը: Իրանցիները մեծ հարգանք ունեն տան մեծերի նկատմամբ, և դրա պատճառներից են Նովռուզի գեղեցիկ ծեսերը:
Որտեղ էլ որ լինեն իրանցիները, նրանք ամեն կերպ փորձում են Նովռուզն անցկացնել ընտանիքի՝ ծնողների, ամուսինների, երեխաների, քույր եղբայրների ու մյուս անդամների հետ: Ժողովրդական հավատալիքների համաձայն, եթե ընտանիքի անդամներից մեկը Նովռուզի սեղանին ներկա չէ, ամբողջ տարվա ընթացքում նա հեռու կլինի իր տնից և ընտանիքից և կզրկվի Աստծու օգնությունից:
Հաֆթ սինն իր խորը փիլիսոփայության հետ մեկտեղ, մարդկությանը հղում է այն ուղերձը, որ մոլորակը և դրա վրա գտնվող ամեն ինչ՝ ջուրը, բույսերը, կենդանիները, մետաղը և այլն, պետք է լավ պաշտպանված լինեն և պատշաճ կերպով օգտագործվեն:
Գարունը և Նովռուզը մեզ հիշեցնում են, որ ինչպես բնությունը, որտեղ գիշերն ու ցերեկը հավասարվում են և արևը հայտնվում է գարնանային գիշերահավասարում, մենք նույնպես պետք է ներդաշնակ ապրենք: Հիմա, երբ ձմեռային ցուրտ օրերն անցել են, մենք՝ որպես այս բնության մի մասնիկը, պետք է մի կողմ դնենք մեր մտքերի ձմեռը և նորոգենք մեր մտքերն ու վերաբերմունքն ամեն ինչի նկատմամբ:
Թող մեր հոգում ծլեն բարեկամության, խաղաղության և հույսի ծաղիկները: Մեր հոգում ու մարմնում տոնենք այս սկիզբը և Հաֆթ սինի սեղանի մոտ աղոթենք աշխարհի բոլոր մարդկանց հարատև խաղաղության և հանգստության, սրտակցության և խաղաղ գոյակցության համար։
Իսկ այժմ առաջարկում ենք լսել Հոմայուն Շաջարյանի կատարմամբ՝ Նովռուզ երգը
Հարգելի ունկնդիրներ, ավարտվեց մեր հերթական հաղորդումը: Միացեք մեզ նաև հաջորդ ծրագրում՝ ավելի շատ բան իմանալու Նովռուզի մասին:
Աստված ձեզ պահապան։