Բահրեյնի ժողովրդի հեղափոխությունը՝ սկզբնավորումից առ այսօր
(last modified Wed, 17 Aug 2016 10:40:28 GMT )
Օգոստոս 17, 2016 15:10 Asia/Tehran

Հայացք նետելով Բահրեյնի ժողովրդի պահանջատիրությանը պարզվում է, որ նրանք ձգտում են ինքնորոշման իրավունքի իրացմանը և բռնապետությունից ու խտրականությունից ձերբազատմանը: Սակայն Բահրեյնի ժողովուրդը ոչ միայն միջազգային շրջակաների ու արևմտյան պետությունների կողմից լուրջ հովանավորության չի արժանացել, այլև նրա հեղափոխության մասին լուրերն անուշադրության են մատնվում:

Նախորդ համարում անդրադարձանք Ալե Խալիֆայի ու նաև Բրիտանիայի գաղութարարության դեմ Բահրեյնի ժողովրդի պայքարի պատմությանը և ասացինք, որ այս երկրի ներկա իշխան Շեյխ Համադ Բեն Իսան 2001 թվականին ժողովրդավարական բարեփոխումների խոստումով մի հռչակագիր հանրաքվեի դրեց սակայն գործնականում դրա հանդեպ հավատարիմ չգտնվեց: Տասը տարի անց ու այն պայմաններում, երբ Բահրեյնն էլ արաբական այլ երկրների նման բռնապետական մեթոդներով էր կառավարվում, Թունիսից սկսվեց արաբական հեղափոխությունը և կործանվեց այդ երկրի բռնապետ Զեյնեդդին Բին Ալիի իշխանությունը: Այնուհետև հերթը հասավ Եգիպտոսին, որտեղ 2011 թվականի փետրվարի 11-ին պաշտոնազրկվեց բռնապետ նախագահ Հուսնի Մուբարաքը: Իսկ Բահրեյնի մուսուլման ժողովուրդն էլ, որ ավելի վաղ բռնապետության ու խտրականության դեմ ընդվզման անցյալ ուներ, կրկին անգամ ոտքի կանգնեց Ալե Խալիֆայի դեմ: Սակայն այս անգամ ընդվզումն առավել ծավալուն, լուրջ ու երկարատև էր ի համեմատություն նախկին ու նույնիսկ արաբական այլ երկրների ընդվզումների:

2011 թվականի փետրվարի 14-ը Բահրեյնի ժողովրդի հեղափոխության սկզբնավորման կետն էր, երբ տասնյակ հազարավոր քաղաքացիներ երթ կազմակերպելով պահանջեցին ժողովրդավարություն հաստատել և վերջ տալ Ալե Խալիֆայի բռնապետությանը: Այնուհետև բողոքարարներն ամեն օր փողոց էին դուրս գալիս և հանրահավաք կազմակերպելով «Ալ-Լոըլո» հրապարակում ընդգծում էին իրենց ազատատենչական պահանջները:

Այս հանրահավաքների ժամանակ անվտանգության ուժերի իրականացրած բռնարարքների հետևանքով սպանվեցին ու վիրավորվեցին մի քանի բողոքարարներ: Ժողովրդի գլխավոր պահանջն էր հաստատել իրական սահմանադրական թագավորական իշխանություն, որտեղ երկիրը կառավարում են ժողովրդի ընտրյալ պատգամավորները: Այս պահին սահմանափակ լիազորություններով խորհրդարան է գործում Բահրեյնում: Միևնույն ժամանակ Ալե Խալիֆան խորհրդարանական ընտրություններն այնպես է նախագծում ու կազմակերպում, որ երկրում ավելի քան 70 տոկոս մեծամասնություն կազմող շիաները 50 տոկոսից ավելի քիչ մանդատների են տիրանում, որպեսզի դրա արդյունքում չվտանգվի բռնապետ իշխանավորի ու նրա արտասահմանցի հովանավորների շահերը:  

Բահրեյնի ժողովրդի մյուս պահանջը կուսակցությունների ու մամուլի ազատությունն ու քաղբանտարկյալների ազատ արձակումն է: Ալե Խալիֆայի իշխանությունը 2011 թվականին ընդվզման առաջին իսկ օրից ձերբակալել, բանտարկել ու կտտանքների է ենթարկել մեծ թվով քաղաքացիների: Միջազգային իրավապաշտպան կառույցներ շատ ուշ խոստովանեցին այդ դառն ու անմարդկային իրականությունը: «Բանտային ուսումնասիրություններ» ինտերնետային կայքի հաղորդման համաձայն, Բահրեյնը 4028 կալանավորներով Ասիայի արևմուտքում իր բնակչության համեմատությամբ ամենամեծ թվով բանտարկյալներն ունի ու այդ տեսակետից նույնիսկ գերազանցում է Սիոնիստական ռեժիմին: Այսօր Բահրեյնում որևէ ընդդիմադիր օրաթերթ չի հրապարակվում և ընդդիմադիր կուսակցությունները լուծարված են:

Բահրեյնի վարչապետ և թագավորի հորեղբայր Խալիֆա Բեն Սալմանի պաշտոնազրկումը բահրեյնցի հեղափոխականների մյուս պահանջն էր: Նա 1971 թվականից զբաղեցնում է այս պաշտոնը և կարևոր դերակատարություն է ունեցել ժողովրդին հալածանքի ենթարկելու և երկրում քաղաքական փակ մթնոլորտ ստեղծելու հարցում: Այդ պատճառով էլ Բահրեյնի ժողովուրդը երկար ժամանակ է ինչ պահանջում է 81-ամյա վարչապետի պաշտոնազրկումը:

Հայացք նետելով Բահրեյնի ժողովրդի պահանջատիրությանը պարզվում է, որ նրանք ձգտում են ինքնորոշման իրավունքի իրացմանը և բռնապետությունից ու խտրականությունից ձերբազատմանը: Սակայն Բահրեյնի ժողովուրդը ոչ միայն միջազգային շրջակաների ու արևմտյան պետությունների կողմից լուրջ հովանավորության չի արժանացել, այլև նրա հեղափոխության մասին լուրերն անուշադրության են մատնվում: Իրականության մեջ Բահրեյնի ժողովուրդն արժանացել է մարդու իրավունքների ու ժողովրդավարության հարցերի հանդեպ արևմուտքի երկակի վերաբերմունքին ու Ալե Խալիֆայի հանդեպ արևմուտքի պաշտպանության պատճառով ազատության ու ինքնորոշման նրանց իրավունքը պաշտոնապես չի հովանավորվում արևմտյան պետությունների ու նրանց քարոզչամեքենայի կողմից:

Բահրեյնցիների պահանջն է վերջ տալ Ալե Խալիֆայի բռնապետությանը և երկրում հաստատել ժողովրդի կամքի իշխանությունը, այդ պատճառով էլ դա արժանացել է իշխանությունների հակառակության: Բահրեյնի ժողովուրդը մեկ ամիս շարունակ իր ընդարձակ հանրահավաքներով ճնշման տակ էր դրել Ալե Խալիֆայի իշխանությանը: Այդ ընթացքում բահրեյնցի ընդդիմադիրներ, այդ թվում ընդդիմադիր գլխավոր կուսակցություն «Ալ-Վեֆաղ»-ը ժողովրդի արդար պահանջների իրագործման ուղղությամբ բանակցում էին իշխանությունների հետ: Սակայն կարելի էր կռահել, որ իշխանությունները նպատակ չունեն բավարարել ժողովրդի պահանջները ու այդ պատճառով էլ բանակցությունները ձախողեցին: 2011 թվականի մարտի 15-ին ԱՄՆ-ի պաշտպանության ժամանակի նախարար Ռոբերտ Գեյթսի Բահրեյն կատարած ուղևորության հետ միաժամանակ Արաբիան իր հազարավոր զորայինների մտցրեց Բահրեյն ու դրա հաջորդ օրը տանկերի ու ուղղաթիռների միջոցով սկսեց ժողովրդի դեմ սաստիկ հալածանքներ գործադրել: Տասնյակ անմեղ մարդիկ զոհվեցին ու վիրավորվեցին: Ավերվեց ժողովրդի հանրահավաքների վայրը համարվող «Ալ-Լոըլո» հրապարակը և արգելվեց հանրահավաքների կազմակերպումը:

Մի քանի օր անց Բահրեյն գործուղվեցին Էմիրությունների 500 զորայիններ, որպեսզի Արաբիայի ուժերի ներկայությունն արդարացվի Պարսից ծոցի համագործակցության խորհրդի պաշտպանական պայմանագրի շրջանակներում: Մինչդեռ «Թերակղզու վահան» կոչված այս պայմանագիրը արտաքին ոտնձգություններից պաշտպանվելու համար է, ոչ թե ներքին ժողովրդային ընդվզման դեմ պայքարի: Այդուհանդերձ անարդարության ու բռնության դեմ ուղղված Բահրեյնի ժողովրդի հեղափոխությունը չի մարել ու շարունակվել է մինչև այսօր, երբ շուրջ 5.5 տարի անցնում է դրա սկզբնավորումից: Ալե Խալիֆայի պաշտոնյաները սաուդական ուժերի օժանդակությամբ բազմաթիվ ոճրագործություններ են կատարել: Բազմաթիվ անմեղ քաղաքացիներ նահատակվել ու վիրավորվել են և կամ բանտերում ենթարկվել են կտտանքների: Ավերվել են բազմաթիվ տներ ու մզկիթներ և ժողովրդին նույնիսկ չի թույլատրվում ուրբաթօրյա և կամ հավաքական աղոթքներ կազմակերպել: Այդուհանդերձ ժողովրդային խաղաղ ընդվզումը շարունակվում է:

Բահրեյնի ժողովրդի շարժման հարատևության պատճառներից մեկը կարելի է դրա արմատավոր լինելը համարել: Թեև այս ընդվզումն բոցավառվեց 2011 թվականի սկզբին՝ արաբական հեղափոխությունների հետ միաժամանակ, սակայն երկար անցյալ ունի: Իրականության մեջ արաբական աշխարհի զարգացումները միայն պատրվակ էին, որպեսզի ժողովուրդը կրկին անգամ պայքարի դուրս գա բռնապետության ու խտրականության դեմ: Բացի այդ Ալե Խալիֆայի ավելի քան երկու դար տևած բռնապետական իշխանության փորձը պատճառ է դարձել, որ ժողովուրդն ընդվզման համար առավել մղում ունենա: Ի դեպ, թեև Բահրեյնի ժողովուրդը 170 տարիներից հետո, առերևույթ ձերբազատվեց Բրիտանիայի գերիշխանությունից և 1971 թվականին անկախություն նվաճեց, սակայն այդ թվականից այս կողմ հօգուտ Ալե Խալիֆայի` դիմագրավել է Բրիտանիայի, ԱՄՆ-ի ու Ալե Սաուդի միջամտությունները: Արտաքին միջամտությանն ու ներազդեցությանն ընդդիմանալը և իրական անկախության հասնելը Բահրեյնի շարժման ձևավորման ու գոյատևման մյուս պատճառն է:

Բահրեյնի ժողովրդի ընդվզման մյուս պատճառը չքավորությունն ու խտրականությունն է: Չքավորությունը արմատ է գցել ժողովրդի գլխավոր բաժն կյանքում ու իշխանության զայրույթին արժանացած շիաներն այդ չքավորությունն ավելի շատ են զգում: Նավթի պաշարների վերջ գտնելով ակնկալվում է, որ Բահրեյնի ժողովրդի չքավորությունն էլ ավելի կխորանա: Չնայած գործազրկության բարձր տոկոսին, Ալե Խալիֆայի իշխանությունը էթնիկական կառույցն ի վնաս շիաների խախտելու նպատակով արտասահմանյան երկրներից աշխատուժ է ներկրում: Այս չքավորությունն այն պայմաններում է, որ Ալե Խալիֆան ֆինանսական որևէ խնդիր չունի և այդ գերդաստանի անդամներն ապրում են բարեկեցիկ պայմաններում:

Տարիներ տևած պայքարի ընթացքում Բահրեյնի ժողովուրդը մեծ փորձ է կուտակել ու ծանոթացել է իշխանությունների հնարքներին: Այդ պատճառով էլ արաբական որոշ երկրների հեղափոխությունների նման հեշտությամբ չի ընկնում Ալե Խալիֆայի ու նրա հովանավորների խոստումների թակարդը: Նրանք Շեյխ Իսա Ղասեմի նման զգաստ առաջնորդ ունեն, որը ժողովրդի հեղափոխությունն առաջնորդում է ճիշտ ուղղությամբ: Այդ պատճառով էլ շատ փորձագետներ Բահրեյնի ժողովրդի ազատատենչական ընդվզումը ճնշելը հեշտ գործ չեն համարում և համոզված են, որ ժողովրդի իրավունքները չվերականգնվելու դեպքում հեղափոխությունը շարունակվելու է:

Ի դեպ սաուդացիները ամենաշատն են մտահոգ Բահրեյնի ժողովրդի հեղափոխության հաղթանակի համար: Քանի որ Ալե Սաուդն էլ Ալե Խալիֆայի նման հալածում է շիաներին ու հրաժարվում է հարգել նրանց քաղաքացիական իրավունքները: Արաբիայի շիաները երկար ժամանակ է ինչ իրենց հասարակության մեջ ազատության ու խտրականության վերացման են ձգտում: Հետևաբար բահրեյնցի հեղափոխականների հաղթանակը ուղղակի ազդեցություն է գործելու Արաբիայի շիաների վրա և նրանց առավել վճռակամ է դարձնելու իրենց պահանջատիրության հարցում: Բացի այդ Բահրեյնում ժողովրդավարության հաստատումը անցանկալի կարող է լինել Պարսից ծոցի հարավային երկրներում իշխող թագավորական բռնապետական իշխանությունների համար: Քանի որ նման իշխանություն կարող է օրինակ ծառայել այդ երկրների ժողովուրդների համար: Այդ դեպքում Ալե Սաուդը, որ իրեն համարում է բռնապետական իշխանությունների մեծ եղբայրը ամենաշատն է զգալու կործանման վտանգը: Այսպիսով Պարսից ծոցի հարավում ու Արաբիայի հարևանության մեջ գտնվող Բահրեյնի աշխարհագրական դիրքը թեև դյուրին է դարձնում Բահրեյնում սաուդացիների ռազմական միջամտությունը, սակայն Ալե Սաուդի վահաբիական գերդաստանի կողմն ուղղված այլ սպառնալիքներ է պարունակում: