Ֆիդել Կաստրո՝ Կուբայի հեղափոխության առաջնորդ (2)
55 տարի առաջ Ֆիդել Կաստրոյի կողմից Կուբայում հիմնադրված հեղափոխությունը դեռ շարունակում է մնալ կենսունակ: Այդ ժամանակաշրջանում Կուբան կտրել է վայրիվերումներով լի ճանապարհ:
Ազգայնական հեղափոխությունից մինչև սոցիալիստական հեղափոխության վերածվելը և Արևմտյան գերտերությանը դիմակայելուց մինչև Արևելյան գերտերության դաշնակից դառնալը՝ Կուբան երկար ճանապարհ է կտրել: Տարիներ շարունակ Կարիբյան ծովում գտնվող այդ փոքր կղզին Արևելքի և Արևմուտքի միջև սառը պատերազմի սպառազինական մրցակցությունների կենտրոնում է եղել։: Նույնիսկ Կուբայի վերահսկողության համար աշխարհի գերտերությունները մոտեցել էին միջուկային պատերազմի վտանգի շեմին:
Սառը պատերազմը ավարտվելով Կուբան կարողացավ ապահով մնալ կոմունիզմի փլուզման տհաճ հետևանքներից: Այդուհանդերձ ԱՄՆ-ի կողմից սահմանված շրջափակումների և կոմունիստական համակարգի տնտեսական ծրագրերի անարդյունավետության հետևանքով Կուբան մեծ վնասներ կրեց: Այդ ամբողջ տարիներում երկրի քաղաքականությունը, տնտեսությունը և մշակույթը ղեկավարվում էր Ֆիդել Կաստրոյի կողմից: Իսկ նրա մահից հետո, ինչպե՞ս է լինելու Կուբայի ապագան:
Ֆիդել Կաստրոն և նրա զինակից Էռնեստո Չե Գևարան իդեալիստներ էին, որոնք ցանկանում էին արդարություն, հավասարություն և անկախություն հաստատել Կուբայում: Նրանք փորձեցին կապիտալիստական համակարգի վրա հիմնված հին կարգերը լիովին փոփոխության ենթարկել Կուբայում: Հետևաբար Կուբայի հեղափոխական համակարգը առաջին քայլում բարեփոխումներ իրականացրեց այդ երկրում:
Կաստրոն նախ ամերիկացիների և մեծ հողատերերի վերահսկողության տակ գտնվող հողատարածքները և գործարանները ազգայնացրեց և Կուբայի կապերը խզեց Վաշինգտոնի հետ: Կուբայի ժողովուրդը հովանավորեց հեղափոխականների այդ քայլերը և ժողովրդի մեծ մասը միացավ հեղափոխական շարժմանը: Կուբայում իշխող նախկին դասակարգը և ամերիկացի կապիտալիստները կորցրեցին իրեն ազդեցությունը և երկրի հարստությունը ազգայնացվեց: َԱյս քայլով նախկին իշխող դասակարգը և արտասահմանցի կապիտալիստները միացան Կուբայի հեղափոխականների թշնամիներին:
Ֆիդել Կաստրոյի գլխավորած Կուբայի նոր իշխանությունները երբ պայքարի դուրս եկան տեղական ու արտասահմանցի կապիտալիստների ձեռքերում կուտակված կապիտալների դեմ, երբեք չէին ենթադրում, որ այդ քայլերով ինչ թշնամիներ էին ստեղծում իրենց նոր իշխանության և Կուբայի ժողովրդի համար: Կուբայի այն օրերի հեղափոխական ղեկավարությունը մտածում էր, որ երկրի հարստության արդարացի վերաբաշխումը, կոռուպցիայի դեմ պայքարը և ազգային հպարտության վերականգնումը ժողովրդի անօտարելի իրավունքներն են: Սակայն, ազատության և անկախության դրոշի ծածանումը, այն էլ ԱՄՆ-ի նման գերուժի հարևանությամբ անչափ մեծ գին ունեցավ Կուբայի համար:
Կուբայի հեղափոխությունից դեռ երեք տարի չէր անցել , երբ թշնամիները ձեռնարկեցին իրենց հակահեղափոխական առաջին քայլը: Միացյալ Նահանգների ԿՀՎ-ի աջակցությամբ մի խումբ հակահեղափոխական զինված կուբացիներ 1961 թ.-ի ապրիլին, «Խոզերի ծոցը» կոչվող ռազմական գործողություն իրականացրեցին Կուբայի ափերում: Աքսորված կուբացիների ռազմական գործողությունը անմիջապես տապալվեց: ԿՀՎ-ի նախաձեռնած գործողության խայտառակ ձախողումը դարձավ մղձավանջ ԱՄՆ-ի ժամանակի նախագահ՝ Ջան Էֆ. Քենեդիի համար:
ԱՄՆ-ի նման գերուժի կողմից կազմակերպված «Խոզերի ծոց»-ը օպերացիայի տապալումն մեծ հաջողություն էր համարվում Կուբայի նման փոքր երկրի համար: Այս դեպքից հետո փոխվեց Կուբայի քաղաքական և տնտեսական զարգացումների ուղին: ԱՄՆ-ի բացահայտ հարձակումների դիմաց Կուբայի հեղափոխության կյանքը փրկելու նպատակով Կաստրոն դիմեց Խորհրդային միության աջակցությանը: Այսպես Կուբայի հեղափոխական շարժումը ակամայից վերածվեց կոմունիստական գաղափարախոսության:
Խորհրդային Միությունը Կուբային տնտեսական աջակցություն ցուցաբերելու խոստումներով կարողացավ այդ կղզում ռազմական բազա տեղակայել:
Այսպես Խորհրդային միությունից ստացած տնտեսական աջակցությամբ Կուբան կարողացավ փրկվել ԱՄՆ-ի տնտեսական շրջափակումներից: Սակայն, Կուբայի և Խորհրդային Միության համագործակցությունները ի վերջո հանգեցին Կուբայի միջուկային ճգնաժամին:
Խնդիրը ծագեց այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի հետախուզական կազմակերպությունները տեղեկացան Ռուսաստանի կողմից Կուբայում տեղակայված հրթիռային բազաների մասին:
Քենեդիի կառավարությունը ռազմածովային շրջափակման ենթարկեց Կուբան: Վաշինգտոնի կողմից ներկայացված վերջնագրով աշխարհին սպառնում էր միջուկային պատերազմի վտանգը: Ի վերջո Խորհրդային Միության ժամանակի ղեկավար Նիկիտա Խրուշչովը հրաման արձակեց դեպի Կուբա գործուղված միջուկային հրթիռներով բեռնավորված նավերը հետ կանչել Կուբայի ափերից: Այսպես աշխարհը փրկվեց միջուկային պատերազմի վտանգից:
Կուբայի հրթիռային ճգնաժամը ավարտվելով այդ երկիրը որոշ չափով զերծ մնաց աշխարհի երկու գերտերությունների հակամարտության դաշտից:
Միակուսակցական, կոմունիստական տնտեսության և Կուբայի քաղաքատնտեսական մեկուսացումը շարունակվեց հաջորդ տարիներում: Այնուհետև ԱՄՆ-ի տնտեսական ճնշումների հետևանքով Կուբայի հեղափոխությունը որոշ չափով հեռացավ իր նպատակներից: Ներքին ընդդիմադիրների ճնշման ենթարկվելով ՝ աստիճանաբար մոռացության հանձնվեց հեղափոխության խոստացված ազատությունները: Կոմունիստական և մատերիալիստական գաղափարախոսության ստվերի ներքո հոգևոր արժեքները կորցրեցին իրենց իմաստը և Կուբան անցավ Արևելյան գերտերության վերահսկողության տակ: Այդուհանդերձ շրջափակման պայմաններում Կուբան կարողացավ շարունակել զարգացումը: Կուբան բժշկական, դեղորայքի և կրթության ոլորտներում մեծ ձեռքբերումներ արձանագրեց և կարողացավ, որպես հեղափոխական երկիր օրինակ հանդիսանալ աշխարհի այլ ժողովուրդների համար:
Խորհրդային Միության փլուզմամբ Ֆիդել Կաստրոյի ղեկավարած Կուբան տնտեսական մեծ դժվարություններ դիմագրավեց: Չնայած տնտեսական դժվարություններին Կուբայի ժողովուրդը շարունակեց պահպանել հեղափոխական գաղափարները: Խորհրդային միության և կոմունիստական ճամբարի փլուզմամբ Կուբան կորցրեց իր քաղաքատնտեսական դաշնակիցներին: Սակայն, խնայողական տնտեսության քաղաքականության որդեգրմամբ և ժողովրդի հովանավորությամբ Կաստրոն կարողացավ կոմունիստական համակարգի փլուզուման հետևանքով որոշ արևելյան բլոկի երկրներում առաջացած ճգնաժամերից փրկել Կուբայի տնտեսությունը: Կաստրոն կարողացավ Սառը պատերազմից հետո նոր համակարգի օրինակ հանդիսանալ կոմունիստական երկրների համար:Պահպանելով մարքսիստական-լենինիստական գաղափարախոսությունը Կուբան կարողացավ հաղթահարել Խորհրդային Միության փլուզմանը հաջորդող շրջանի դժվարությունները:
Նա ապացուցեց, որ կոմունիստական համակարգի բացակայության դեպքում, անպայման չպետք է կապիտալիստական համակարգ ստեղծել երկրում:
2008 թվականին կես դար իշխելուց հետո Ֆիդել Կաստրոն հեռացավ իշխանությունից: Հիվանդության պատճառով 80 ամյա առաջնորդը այլևս չէր կարողանում շարունակել աշխատանքը: Հետևաբար Ֆիդել Կաստրոն իր եղբայր Ռաուլ Կաստրոյին նշանակեց, որպես Կուբայի ղեկավարը: Ռաուլ Կաստրոն ևս հավատացյալ կոմունիստ է: Այնուամենայնիվ միջազգային զարգացումները նաև ազդել է Կուբայի հասարակության վրա:
Ֆիդել Կաստրոյի քաղաքական ասպարեզից հեռանալուց հետո, վերջին տաս տարիների ընթացքում քաղաքական, տնտեսական և հասարակական մեծ բարեփոխումներ են իրականացվել Կուբայում:
Այժմ Կուբայի որոշ բաժիններում պաշտոնապես ընդունվել է սեփականատիրությունը և այդ երկրի դռները բացվել են արտասահմանյան ներդրողների առջև: ԱՄՆ-ը ևս չեղարկել է Կուբայի նկատմամբ սահմանած շրջափակումները:
Կուբացիները հուսով են, որ կշարունակվեն տնտեսական բարեփոխումները և կմեծանան քաղաքացիական ազատություններն այդ երկրում:
Ֆիդել Կաստրոն այն պայմաններում մահացավ, երբ ավելի են նվազել ներքին ու արտաքին ճնշումները Կուբայի հեղափոխության վրա: Սակայն, 21-րդ դարում ևս կշարունակվի նախորդ դարաշրջանի քաղաքական մեծ ղեկավար՝ Ֆիդել Կաստրոյի թողած ավանդը աշխարհում: