Երեխաները՝ պատերազմի հիմնական զոհերը արաբական երկրներում(2)
Գաղտնիք չէ, որ պատերազմը արատավոր և բազմաթիվ դժբախտություններ բերող երևույթ է։ Այն որպես այդպիսին ունի երկու տեսակ ազդեցություն։ Առաջին ազդեցությունը այն է, որը միանգամից է երևում, այսինքն սպանություններ, ավերածություններ և այլն։ Բայց կա նաև մեկ այլ՝ ոչ պակաս վտանգավոր ազդեցություն, որը նկատելու համար երկար ժամանակ է պահանջվում։
Երեխաների համար պատերազմի կործանարար հետևանքներից մեկն այն է, որ նրանք զրկվում են կրթություն ստանալու հնարավորությունից։ Դպրոցների փակվելը, ուսուցիչների և երեխաների անօթևան դառնալը, ինչպես նաև երեխաներին պատերազմի գործիք դարձնելը այն պատճառներն են, որոնք զրկում են երեխաներին կրթության անօտարելի իրավունքից։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի 2015 թվականի սեպտեմբերին հրապարակած զեկույցում նշվում է, որ վեց երկրներում՝ Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, Եմենում, Պաղեստինում և Սուդանում տեղի ունեցած ավերիչ պատերազմների հետևանքով ավելի քան 13 միլիոն երեխաներ զրկվել են կրթություն ստանալու հնարավորությունից։ Պատերազմական գործողությունների և համատարած բռնությունների պատճառով այդ վեց երկրներում ավելի քան 8500 դպրոցներ շարքից դուրս են եկել և այժմ օգտագործման ենթակա վիճակում չեն գտնվում։ Սիրիայում ամեն չորս դպրոցներից մեկը պատերազմի հենց սկզբից փակվել է։ Վիճակագրական տվյալների համաձայն այդ երկրում ավելի քան 52 հազար ուսուցիչներ կորցրել են իրենց աշխատանքը։ Ահաբեկիչները ամեն կերպ խոչընդոտում են երեխաների կրթություն ստանալուն։ Նրանք գողանում, տանջում ու սպանում են կրթության բնագավառում աշխատող անձնակազմի անդամներին։ Կարելի է ասել, որ նման գործելակերպը ահաբեկիչների համար օրակարգային խնդիրների շարքին է պատկանում։
2011 թվականի պատերազմից առաջ Սիրիան ուներ բավականին ուժեղ կրթական համակարգ։ 2004 թվականին կատարված հաշվարկների համաձայն այդ երկրում գրագիտության մակարդակը տղամարդկանց մոտ կազմում էր՝ 86, իսկ կանանց մոտ 73.6 տոկոս։ Սակայն ստացված տեղեկությունների համաձայն, ներկայումս Սիրիայի 4.3 միլիոն երեխաներից 2.8 միլիոնը, որոնք տարբեր դպրոցական տարիքում են, զրկված են կրթություն ստանալու հնարավորությունից։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի 2016 թվականի մարտի 14-ին ներկայացրած զեկույցի համաձայն Սիրիայի մանուկներից 2.1 միլիոնը և Սիրիայից դուրս գտնվող ևս 700 հազար երեխաներ այժմ կրթություն չեն ստանում։
Human Rights Watch կազմակերպությունը 2015 թվականի նոյեմբերին հրապարակած զեկույցում նշել է, որ Թուրքիան ավելի քան երկու միլիոն Սիրիացի փախստականների է ընդունել, որոնցից ավելի քան 708 հազարը դպրոցական տարիքի երեխաներ են, սակայն նրանցից 400 հազարը այժմ դպրոց չի գնում այդ երկրում։ Հայտարարվել է, որ այս խնդիրը ունի բազմաթիվ պատճառներ, որոնցից են փախստականների թուրքերեն չիմանալը և ֆինանսապես ոչ կայուն վիճակում գտնվելը։ Նման խնդիրներ առկա են նաև Պաղեստինում, Եմենում և Իրաքում։ Եմենում 2015 թվականի մարտից հետո, երբ Սաուդյան Արաբիան հարձակվեց այդ երկրի վրա, հարյուրավոր դպրոցներ և կրթական հաստատություններ են փակվել։
ՅՈՒՆԻՍԵՖ կազմակերպությունը 2015 թվականի աշնանը հայտարարեց, որ մոտ երկու միլիոն իրաքցի երեխաներ զրկված են կրթության իրավունքից։ Կազմակերպությունը զգուշացրեց, որ պատերազմական գործողությունները և բռնությունները շարունակելու դեպքում այդ թվին կավելանա ևս մեկ միլիոն երկու հարյուր հազարը։ Իրաքցի անօթևան մեկ միլիոն երեխաների մոտ 70 տոկոսը զրկված է դպրոց գնալու հնարավորությունից։ Երկրում ավելի քան 5300 կրթական հաստատություններ վթարային վիճակում են կամ էլ օգտագործվում են որպես ժամանակավոր կացարաններ անօթևանների համար։
Պատերազմի կործանիչ հետևանքներից մյուսը հոգեկան շեղումներն են, որոնց բուժումը շատ երկար ժամանակ է պահանջում։ Որոշ դեպքերում անգամ նման շեղումները ուղեկցում են մարդուն մինչև նրա կյանքի վերջը։
Որպես օրինակ կարող ենք նշել, որ 2015 թվականին Գազայի հատվածում կատարված հաշվարկների համաձայն՝ Սիոնիստական ռեժիմի հարձակումներից և 50-օրյա պատերազմից հետո ավելի քան կես միլիոն երեխաներ հոգեկան տարբեր խնդիրների են բախվել։
Պատերազմների ընթացքում տեղի են ունենում բազմաթիվ անօրեն, սառնասիրտ և դաժան գործողություններ․ զինվորները հաճախ հարձակումներ են կատարում խաղաղ բնակչության վրա, երեխաների ծնողները դաժանաբար սպանվում են, անչափահասները ենթարկվում են սեռական բռնությունների։ Այս շարքը կարելի է թվարկել անվերջ։ Նմանատիպ գործողությունների զոհ դառնալը կամ նույնիսկ ականատես լինելը հատկապես երեխաների հոգեկան վիճակի վրա լուրջ բացասական ազդեցություն է թողնում։ Պատերազմի գոտում եղած արաբ մանուկները իրենց մաշկի վրա զգացել են պատերազմի ողջ դաժանությունը։
Չնայած երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված բազմաթիվ միջազգային կոնվենցիաներին, արաբական երկրներում դեռևս շարունակում են մանուկների նկատմամբ հանցագործությունները։ Երեխաների իրավունքների պաշտպանությունը մշտապես գտնվել է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ 1924 թվականին Ժնևում, ինչպես նաև 1959 թվականի նոյեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կարևորվել է այս հարցը։ Պատահական չէ, որ երեխաների իրավունքների պաշտպանությանը մեծ կարևորություն է տրված նաև Մարդու իրավունքների միջազգային հռչակագրում։
Գաղտնիք չէ, որ պատերազմական գոտիներում գտնվող երեխաների իրավունքների պաշտպանությունը վերահսկելու համար գոյություն ունեն բազմաթիվ միջազգային մարդասիրական կազմակերպություններ, սակայն պետք է փաստել, որ այդ կազմակերպությունները արաբական երկրներում բավականաչափ ուշադրություն չեն դարձրել այդ խնդրին։
1989 թվականին ստորագրված Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի ութերորդ հոդվածում նշված է․ « Եթե երեխան անօրինական կերպով զրկվում է իր ինքնության որոշ կամ բոլոր տարրերից, մասնակից պետությունները տրամադրում են համապատասխան աջակցություն և պաշտպանություն՝ շուտափույթ կերպով նրա ինքնությունը վերականգնելու նպատակով»։ Նույն կոնվենցիայի 35-րդ հոդվածում ասվում է․«Մասնակից պետություններն ազգային, երկկողմ և բազմակողմ մակարդակներով ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները երեխաների առևանգումը, նրանց վաճառքը կամ ցանկացած նպատակով և ցանկացած ձևով նրանց առուվաճառքը կանխելու համար»։
Հատկանշական է նաև սույն կոնվեցիայի 36-րդ հոդվածը, որտեղ նշված է․ «Մասնակից պետությունները երեխային պաշտպանում են նրա բարեկեցությանը որևէ տեսանկյունից վնասող շահագործման բոլոր այլ ձևերից»։ Նշենք նաև 38-րդ հոդվածի 4-րդ կետը․ «Զինված ընդհարումների ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության առթիվ միջազգային մարդասիրական իրավունքով, իրենց ստանձնած պարտավորությունների համաձայն, մասնակից պետությունները պարտավորվում են ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները՝ զինված ընդհարումից տուժող երեխաների պաշտպանությունն ու խնամքն ապահովելու նպատակով»։
Պատերազմների բերած դաժան արհավիրքներից մյուսը կանանց և երեխաների նկատմամբ իրականացվող սեռական բռնություններն են։ Եթե հնարավոր է հստակ հաշվարկել պատերազմում զոհվածների կամ անօթևան դարձածների թվաքանակը, ապա կանանց, աղջիկների և երեխաների նկատմամբ կատարված սեռական բնույթի բռնի գործողությունների թիվը հնարավոր չէ որոշել հստակ։ Նման գործողությունները սարսափելի հետևանքներ են ունենում՝ հատկապես վերոնշյալ երկրներում, որտեղ բռնաբարության ենթարկված աղջիկը այլևս իրեն լիարժեք չի զգում հասարակության մեջ և անգամ զրկվում է ամուսնանալու հնարավորությունից։ Պետք է նշել, որ պատերազմների հետևանքով տեղի ունեցած նման դեպքերի հետևանքները Իրաքի, Եմենի և Պաղեստինի կանանց և երեխաների վրա երկարաժամկետ բացասական ազդեցություն են թողնում։
Սիրիայի իշխանությունները բազմիցս ահազանգել են Թուրքիայում սիրիացի փախստականների նկատմամբ բռնի գործողությունների, ինչպես նաև ճամբարներում տեղի ունեցող բազմաթիվ բռնաբարությունների կապակցությամբ։ Սակայն պետք է փաստել, որ այս խնդիրը Թուրքիայում հեշտությամբ չի լուծվի։ Բռնության ենթարկված կանանց համար այդ վերքերը բաց են մնում մինչև իրենց կյանքի վերջը։ Անչափ կարևոր է, որպեսզի կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները համապատասխան քայլեր ձեռնարկեն ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։
Պատրերազմների մյուս բացասական հետևանքը առաջանում է դրանց ծախսատար լինելու պատճառով։ Պատերազմները միլիարդավոր դոլլարների հասնող ծախսեր են պահանջում, ինչը բնականաբար ձեռնտու չէ ոչ մի կողմին։ Ռազմական գործողությունների հետևանքով շատ դեպքերում տուժում են պատերազմող երկրների տնտեսական ենթակառուցվածքները։ Այս ամենը անասելի արագությամբ աղքատացնում է երկիրը, քանի որ նույնիսկ պատերազմի ավարտից հետո այդ երկրները ստիպված են լինում իրենց տնտեսությունը վերականգնելու համար ահռելի ֆինանսական միջոցներ ծախսել։ Նմանատիպ իրավիճակներում մշտապես տուժում են սովորական քաղաքացիները, քանի որ նրանց կենսամակարդակը նկատելիորեն իջնում է։
«The Guardian» անգլիական օրաթերթի հաղորդման համաձայն՝ Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի տարածքում կատարված հարձակումների մեկ երրորդը ուղղված է եղել ոչ ռազմական օբյեկտների՝ այդ թվում դպրոցների, հիվանդանոցների և տնտեսական ենթակառուցվածքների վրա։ Նույն թերթը հաղորդել է նաև, որ ահաբեկիչների դեմ պարտադրված պատերազմը Սիրիայում 275 միլիարդ դոլարի հասնող ծախսեր է պահանջել։ Հաշվարկների համաձայն, եթե ճգնաժամը շարունակվի ևս հինգ տարի այս գումարը կկրկնապատկվի։