Հունվար 08, 2017 13:41 Asia/Tehran

Ողջույն հարգելի՛ ռադիոլսողներ, այս թողարկումը նվիրված է «Արևմտյան Ասիան 2016 թվականին» թեմային, ընկերակցե՛ք մեզ։

Անցած տարվա ընթացքում Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրները քաղաքական իրավիճակի բավականին  բարդ և սուր զարգացումների ականատեսը եղան․ տարվա ընթացքում տեղի ունեցան բազմաթիվ ոճրագործություններ Սիրիայում, Եմենում, Իրաքում, Պաղեստինում։ Նման ոճրագործությունները, որոնք բազմիցս լուսաբանել ենք ձեզ համար, ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում մեծ արձագանք են գտել։ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների համար անցած տարին բավական բարդ էր։ Տարվա ընթացքում անընդհատ աճում էին ռազմական ծախսերը և դրան զուգընթաց առաջանում էին բյուջեի դեֆիցիտ, ինչպես նաև տնտեսական բազմաթիվ դժվարություններ։ Սաուդյան Արաբիան անդադար ջանքեր էր գործադրում Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը Պարսից ծոցի համագործակցության միություն դարձնելու ուղղությամբ։ Նշենք, որ այդ ջանքերը մինչ այժմ ապարդյուն են եղել։ Տարածաշրջանում բավականին լուրջ խնդիրներից է նաև Օմանի հակասությունները խորհրդի մյուս երկրների հետ, ինչը բնականաբար ավելորդ լարվածության տեղիք է տալիս։

Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների շարքում Բահրեյնը համեմատած ավելի շատ բարդություններ է ունեցել։ Բահրեյնում շարունակվում էին ժողովրդական բողոքները Ալե-Խալիֆայի անարդար քայլերի դեմ։ Անցած տարվա ընթացքում Բահրեյնում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններից մեկը շեյխ Իսա Ղասեմի և շեյխ Ալի Սալմանի դեմ Ալե-Խալիֆայի դատարանի կայացրած դատավճիռներն էին։ 2016 թվականին Ալե-Խալիֆայի դատարանը Բահրեյնի հոգևոր առաջնորդ շեյխ Իսա Ղասեմին ազգային անվտանգության համար սպառնալիք հանդիսանալու մեղադրանքով զրկեց քաղաքացիությունից։ Այս քայլը Բահրեյնի ժողովրդի շրջանում մեծ արձագանք գտավ։ Շեյխ Իսա Ղասեմը Բահրեյնում մեծ ժողովրդականություն է վայելում և մարդիկ ընդհուպ մինչև 2016 թվականի վերջը ամեն ուրբաթ հավաքվում էին նրա տան առաջ՝ աղոթք անելու համար։ Նրանք պահանջում են հանել տնային կալանքի դատավճիռը և թույլատրել ականավոր հոգևորականին ուրբաթօրյա աղոթք կազմակերպել։ Շեյխ Ալի Սալմանը Բահրեյնի մյուս կարևոր հոգևորականներից մեկն է, ով նույնպես դարձել է Ալե-Խալիֆայի դատարանի անարդար դատավճռի զոհը։ 2014 թվականի դեկտեմբերին երկրի անվտանգության համար սպառնալիք հանդիսանալու մեղադրանքով նա ձերբակալվեց։ Շեյխ Ալի Սալմանի համար երկու դատավճիռ է կայացվել։ Սկզբում նա ենթարկվեց չորս տարի ազատազրկման, այնուհետև երկու տարի անց վերաքննիչ դատարանը նրա ազատազրկման ժամկետը դարձրեց ինը տարի։ Հետագայում այս վճիռը փոփոխության չենթարկվեց։

Սիրիան անցած տարվա ընթացքում ամենաճգնաժամային երկիրն էր ամբողջ աշխարհում։ Ահաբեկիչները հիմնվելով ստացվող աջակցությունների վրա Սիրիայի տարբեր տարածքներում շարունակում էին ոճիրներ գործել անմեղ սիրիացիների նկատմամբ։ Անցած տարվա ընթացքում մշտապես տեսանյութեր էին ստացվում Եվրոպայում սիրիացի փախստական երեխաների անմխիթար վիճակի մասին։ Սարսափազդու կադրեր էին ստացվում նաև եվրոպական երկրների ճանապարհին ջրասույզ եղած մարդկանց մասին, որոնց դիակները ծովի ալիքները բերում և կուտակում էին Եվրոպայի ափերին։ Այնուամենայնիվ Սիրիայում իրավիճակը ավելի թեժացավ, երբ սկսվեց ահաբեկիչներից Հալեպի ազատագրման գործընթացը 2016 թվականի հունիսին։ Հակառակորդին պարտության մատնելու և ոճրագործություններին մեկընդմիշտ վերջ տալու նպատակով ծավալվեցին բազմաթիվ թեժ մարտեր։ Ահաբեկչական խմբերին հայտնաբերելու և վնասազերծելու նպատակով Սիրիայի բանակը ձեռնարկեց օպերատիվ հսկայածավալ գործողություններ, որոնք բարեբախտաբար պսակվեցին հաջողությամբ և Հալեպի արևմտյան մասը վերջնականապես ազատագրվեց ոճրագործների ձեռքից։ Հալեպցիները մեծ ցնծությամբ ընդունեցին հայրենի քաղաքի ազատագրման հաջող ընթացքի մասին լուրը։ Այժմ նրանցից շատերն արդեն վերադարձել են հայրենի եզերքը՝ այն կրկին շենացնելու նպատակով։

Հալեպ քաղաքի արևմտյան մասի ազատագրումից հետո Սիրիայի բանակը և նրա դաշնակիցները ձեռնամուխ եղան կոմունիկացիոն նշանակության գլխավոր ճանապարհները ազատագրելու գործին։ Կաստելոյի կոմունիկացիոն մայրուղին ահռելի նշանակություն ունի Հալեպի համար, քանի որ միացնում է դրա արևմտյան և արևելյան հատվածները, ինչպես նաև կապող օղակ է հանդիսանում մյուս նահանգների հետ։ Ինքնին հասկանալի է, որ նման կարևոր  հաղորդակցության ուղու ազատագրումը մեծ առավելություն կապահովեր Սիրիայի բանակի համար և վերջնականապես կթուլացներ ահաբեկիչների դիրքերը՝ նրանց մեկընդմիշտ զրկելով ստրատեգիական կարևոր միավորից։ Ազատագրման գործընթացին մեծապես խանգարում էր Ամերիկան։ Այդ երկիրը անգամ քաջություն չունեցավ, որպեսզի պահպանի սեպտեմբերին կնքված հրադադարը։ Ամերիկյան կործանիչները հրադադարի վերջին ժամերին հարձակվեցին Սիրիայի բանակի դիրքերի վրա, որի հետևանքով տասնյակ զինվորներ սպանվեցին և վիրավորվեցին։ Սակայն դա չկոտրեց սիրիացիների վճռականությունը և դեկտեմբերի 13-ին վերջապես ազատագրվեց նաև Հալեպի արևելյան մասը։

Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի դեմ շարունակվող պատերազմը 2016 թվականի դառը իրողություններից մեկն է։  Այդ պատերազմը Արաբիայի հրահրմամբ սկսվել է 2015 թվականի մարտի 26-ին։ Սաուդական կործանիչները անցած տարվա ընթացքում շարունակել են Եմենի ռմբակոծումը։ Եմենում կատարվող ոճրագործությունների և տեղի ունեցող հումանիտար աղետի մասին ահազանգել են բազմաթիվ միջազգային կազմակերպություններ։ Միևնույն ժամանակ Եմենի քաղաքական խմբավորումների միջև բանակցություններ էին ընթանում ստեղծված նոր քաղաքական իրավիճակից դուրս գալու և ճգնաժամը հաղթահարելու համար։  Բանակցությունները տեղի էին ունենում Քուվեյթում 2016 թվականի օգոստոսից, սակայն Սաուդյան Արաբիայի դավադրական քայլերի պատճառով այդպես էլ չհաջողվեց որևէ լուրջ ձեռքբերում ունենալ բանակցություններում։ Բանակցությունների տապալման ֆոնին Անսարալլահ շարժման և Ժողովրդական կոնգրես կուսակցության միջև ազգային փրկության կառավարություն կազմելու պայմանավորվածություն ձեռք բերվեց։ Կառավարությունը սկզբնապես կազմված էր լինելու տաս անդամներից՝ հինգ անդամը Անսարալլահից, մյուս հինգը՝ Ժողովրդական կոնգրես կուսակցությունից։ Նոր կազմավորված կառավարական խորհրդի՝ ազգային փրկության աշխատանքային կազմը ներկայացվեց միայն 2016 թվականի նոյեմբերին։

Իրաքը անցած տարվա ընթացքում իր տարածքում ահաբեկչական խմբավորումների թուլացման ականատեսը եղավ։  Իրաքի բանակն ու ժողովրդական ուժերը իրենց բազմաթիվ օպերատիվ գործողությունների շնորհիվ կարողացան ահաբեկչական խմբերի օկուպացիայից ազատագրել իրենց հայրենի տարածքներից շատերը։ Անբարի և Մոսուլի ազատագրումը Իրաքի բանակի և ժողովրդական ուժերի իրականացրած կարևորագույն ռազմական գործողություններից էին, որոնք մեծ արձագանք գտան ամբողջ աշխարհում։ Անբարի ազատագրման գործողությունները սկսվել են 2016 թվականի ապրիլին՝ Ռամադիի մարտերով։ Անբարի օպերացիայից հետո կարևոր էր նաև Ֆալուջայի ազատագրումը, որին Իրաքի բանակը ձեռնամուխ եղավ հունիսին։ Վերջնական հարվածը ահաբեկիչներին Մոսուլի ազատագրումն էր, որը Ամերիկայի վարած երկդիմի և սադրիչ քաղաքականության հետևանքով բավականին ուշացավ։ Բացի այդ հակասություններ կային նաև իրաքցիների միջև Մոսուլի հետագա կարգավիճակի վերաբերյալ։ Այդուհանդերձ Մոսուլի ազատագրումը սկսվեց 2016 թվականի հոկտեմբերի 17-ին։ Իրաքի ուժերը կարճ ժամանակում մեծ հաջողություններ արձանագրեցին և հասան քաղաք։ Ահաբեկիչները լուրջ պաշտպանություն էին կազմակերպել Մոսուլում։ Նրանք մինչև անգամ օգտագործում էին քաղաքի բնակիչներին որպես կենդանի վահաններ։ Ահաբեկիչները օժանդակություն էին ստանում նաև արտերկրից, սակայն այս ամենը չկոտրեց իրաքցիների կամքը և նրանք մինչև տարվա վերջ ազատագրեցին Մոսուլը։

Պաղեստինում 2016 թվականին շարունակվեցին Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները։ Պաղեստինի ինթիֆադան, որը մեկնարկել էր 2015 թվականի հոկտեմբերից  2016-ին նույնպես շարունակվեց։ Երուսաղեմի ինթիֆադայի զոհերի թիվը մինչև 2016 թվականի ավարտը հասել է 270-ի։ Սիոնիստական ռեժիմի մյուս հանցավոր գործունեությունը գրավված տարածքներում քաղաքավանների կառուցումն է։ Միջազգային հանրության բուռն քննադատությունները չստիպեցին այս ռեժիմին դադարեցնել շինարարությունը։ Ստեղծված պայմաններում ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը դեկտեմբերի 23-ին բանաձև ընդունեց Իսրայելի քաղաքաշինության դեմ, ի դեպ, որին ԱՄՆ-ը ձեռնպահ էր քվեարկել։ Անվտանգության խորհրդի մյուս տասնչորս անդամները բանաձևին կողմ են քվեարկել։  Սա բացառիկ դեպք էր, քանի որ նախկինում ԱՄՆ-ը մշտապես վետո էր դնում Իսրայելի քաղաքավանների կառուցման բանաձևերի վրա։ Ըստ բանաձևի՝ Պաղեստինի գրավված տարածքներում ցանկացած քաղաքաշինական աշխատանքներ դեմ են միջազգային կանոնակարգին։ Նման գործելակերպը լուրջ վտանգի է ենթարկում տարածաշրջանի անվտանգությունը։ Այս բանաձևի ընդունումը հարուցեց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի զայրույթը։ Որպես հակադարձում Իսրայելը հայտարարեց, որ մեկ ամսով խզում է բոլոր կապերն ու համագործակցությունները ՄԱԿ-ի հետ։ Դոնալդ Թրամփը նույնպես այս բանաձևի մասին բացասական վերաբերմունք ունի։ Հիշեցնենք, որ Թրամփի երդման արարողությունը տեղի է ունենալու հունվարի 20-ին։ Այս առիթով նա ասել է․«ՄԱԿ-ում իրավիճակը կփոխվի հունվարի 20-ից հետո»։

Պիտակ