Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից մեկ տարի անց (1)
Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը ուժի մեջ մտավ 2016 թվականի հունվարի 16-ին։ Այժմ արդեն մեկ տարի է անցնում այդ պայմանագրի իրագործումից։ Ի՞նչ արդյունքներ է ունեցել այս համաձայնությունը։ Արդյո՞ք համաձայնության կողմերը Իրանի նմանությամբ հավատարիմ են ՀԳՀԾ-ի շրջանակներում ստանձնած իրենց հանձնառությունների իրականացմանը և արդյո՞ք ԱՄՆ-ի թշնամական քաղաքականությունը Իրանի նկատմամբ այս ընթացքում որևէ փոփոխություն է կրել։
Ահա այս հարցերի վերաբերյալ բազմաթիվ քննարկումներ են ընթանում։ ՀԳՀԾ-ի մեկամյակի կապակցությամբ պատրաստված երկու մասից բաղկացած այս հաղորդման ընթացքում կփորձենք պատասխանել այդ հարցերին։
2015 թվականի հուլիսի 14-ին աշխարհի մեծ երկրները պաշտոնապես ընդունեցին Իրանի միջուկային ակտիվ գործունեությունը։ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի ստորագրման ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը այդ պայմանագիրը մեծ ձեռքբերում է համարել միջազգային հանրության համար։ Նա կարևորել է ՀԳՀԾ-ն որպես միջուկային զենքի չտարածման ուղղությամբ արված կարևոր քայլ։ ՄԱԿ-ի նախորդ գլխավոր քարտուղարը Վիեննայում ստացված արդյունքների ամփոփման ընթացքում շեշտել է, որ համաձայնությունը մեծ առաջընթաց է միջազգային հանրությանը Իրանի միջուկային ծրագրերի խաղաղասիրությունն ապացուցելու ուղղությամբ։ Նրա բնութագրմամբ Իրանի հետ բազմակողմ համագործակցությունները մեծ նպաստ կբերեն համաշխարհային անվտանգության ապահովվման գործին։
Այսպիսի մոտեցումը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին խոսում է դրա համաշխարհային նշանակության մասին։
Այս տեսանկյունից հուլիսի 14-ի համաձայնությունը մեծ կարևորություն ունի, քանի որ այն ազդարարեց քաղաքական բավականին բարդ շրջանի ավարտը, ինչպես նաև ՀԳՀԾ ստորագրող կողմերի համար փորձություն հանդիսացավ՝ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների կատարմանը հավատարիմ լինելու տեսանկյունից։
Համաձայնության շրջանակներում պաշտոնապես ճանաչվեցին Իրանի միջուկային իրավունքները՝ մասնավորապես ուրանի հարստացման ոլորտում և չեղարկվեցին երկրի դեմ կիրառվող միջուկային շրջափակումները, քանի որ Իրանը կամավոր կերպով հանձն առավ իր միջուկային ծրագրերի խաղաղասիրության երաշխավորման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկել։
Հուլիսի 14-ը Իրանի Իսլամական Հանրապետության Արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆի և ԵՄ-ի արտաքին քաղաքականության հանձնակատար և լիազոր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի համատեղ հայատարարությամբ հռչակվել է պատմական կարևորագույն օր։ Մասնավորապես համատեղ հայտարարության մեջ նշված է․ «Այսօր պատմական օր է բոլորիս համար, քանի որ մենք այժմ սկիզբ դրեցինք երկկողմ համագործակցությունների համար նպաստավոր պայմանների ստեղծման և մեր հարաբերություններին նոր տեմպ հաղորդելու գործընթացին»։
Լոնդոնում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան` Համիդ Բաիդինեժադը, ով նաև Իրանի միջուկային հարցերով բանակցող խորհրդի անդամ է եղել, Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի մեկամյակի կապակցությամբ հրապարակած դիվանագիտական նոտայում նշել է այդ համաձայնության գործարկումից անցած մեկ տարվա ընթաքում գրանցված առաջխաղացումները։ Նոտայում մասնավորապես նշված է․ «Իրանի միջուկային իրավունքների ճանաչումը, ուրանի հարստացումը, միջուկային ռեակտորների կառուցումը և միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործումը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի կարևոր ձեռքբերումներից են»։ Նա համոզված է, որ միջուկային ծրագրերի իրականացման համար նորագույն տեխնոլոգիաների տեղափոխումը Իրան և համատեղ պրոյեկտները «5+1» զարգացած երկրների, ինչպես նաև աշխարհի շատ այլ երկրների հետ բազմիցս ապացուցել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը միջուկային ոլորտում բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում։ Բրիտանիայում Իրանի դեսպանը գրում է․ «Այս համաձայնագրի ստորագրմամբ Իրանի միջուկային ծրագրերը դուրս եկան միջազգային սպառնալիքների ցանկից և միջազգայնորեն ընդունվեց դրանց խաղաղ բնույթը, իսկ դա նշանակում է, որ Իրանից հեռացավ պատերազմի կամ այդ միջուկային հարցերի պատճառով հնարավոր ռազմական բախումների վտանգը»։
Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի համաձայնագրի կնքումից առաջ Իրանը, համաձայն Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի կանոնադրության գլուխ 7-ի, համարվում էր միջազգային սպառնալիք, սակայն համաձայնությունից հետո ԻԻՀ-ը դուրս եկավ այդ կարգավիճակից, ինչը նշանակալիորեն պակասեցրեց սպառնալիքները։ Այնուամենայնիվ ԱՄՆ-ի Իրանի նկատմամբ վարած թշնամական քաղաքականությունը դեռևս շարունակվում է։
ԱՄՆ-ը երկարաձգում է Իրանի դեմ կիրառվող շրջափակումները կեղծ լուրեր տարածելով այն մասին, թե իբր Իրանում մարդու իրավունքները խախտվում են, կամ մտահգություն հայտնելով Իրանի հրթիռային կարողության կապակցությամբ, կամ էլ հավակնելով ,թե Իրանը հովանավորում է ահաբեկչությունը։ Այս ամենը որպես պատրվակ են ծառայում շրջափակումները երկարաձգելու համար։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի համաձայնությունն ուժի մեջ մտնելուց մեկ օր հետո հայտարարեց, որ Իրանի հրթիռային ծրագրի պատճառով ավելացնելու է իրանական այն ընկերությունների ցուցակը, որոնց նկատմամբ էմբարգո է սահմանված։
ՀԳՀԾ-ի գործարկումից վեց ամիս անց Համաշխարհային բանկը հայտարարեց, որ չի պատրաստվում վերսկսել աշխատանքը Իրանում։ Նույն ժամանակահատվածում Ամերիկայի ֆինանսների նախարարության պաշտոնայներից մեկը ֆրանսիացի լրագրողին տված հարցազրույցում նշել է, որ Համաշխարհային բանկում ԱՄՆ-ը ներկայացուցիչը պետք է դեմ քվեարկի Իրանին վարկ տրամադրելու ցանկացած ծրագրի։
Ամերիկայի Միացյալ Նահանգների Խաղաղության ինստիտուտը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց մի քանի ամիս հետո տեղեկացրեց, որ Կոնգրեսի որոշմամբ շրջափակումների ենթարկված Իրանի քաղաքացիների ցուցակը համալրվել է նոր անուններով։
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Շվեյցարիայի Դավոս քաղաքում տեղի ունեցած Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ CNN լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ԱՄՆ-ի նման վերաբերմունքի մասին ասել է․ «Ամերիկան պետք է մեկընդմիշտ հասկանա, որ Իրանի հետ հարաբերություններում շրջափակումները չեն աշխատում, իսկ հարգանքն ու երկխոսությունը միշտ աշխատում են»։
Գուցե Իրանի արտգործնախարարի այս բնորոշումը ամենաճիշտ կերպով է արտահայտում Իրան-ԱՄՆ ներկայիս հարաբերություններում տիրող իրավիճակը։ Զարիֆը ԱՄՆ-ի նման վերաբերմունքը Իրանի նկատմամբ նմանեցնում է մի մարդու վերաբերմունքի, ով վնասակար կախվախություն ունի և չնայած շատ լավ գիտակցում է, որ իր կախվածությունը վնասակար է, այնուամենայնիվ չի կարողանում ձերբազատվել դրանից։
Իհարկե, բոլորս էլ հասկանում ենք, թե ինչ նպատակներ է հետապնդում ԱՄՆ նման քաղաքականություն որդեգրելով։ ԱՄՆ-ի գլխավոր նպատակը Իրանի զարգացումը կանխելը և միջագային ասպարեզում զբաղեցրած դիրքերի թուլացումն է։ Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակաբար պնդում է, որ չի ընդունում Իրանում ծանր ջրի արտադրությունը։ Այս կապակցությամբ Անվտանգության խորհուրդը բանաձև էր ընդունել, ըստ որի Իրանում Արաքի ծանր ջրի ռեակտորը պետք է ապամոնտաժվի։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Իրանի դեմ առաջին սահմանափակումների մասին բանաձևը ընդունել է 2006 թվականին։ Դրանից հետո ընդունվել են ևս 5 բանաձևեր։ 2006-ից 2009 թվականները ընկած ժամանակահատվածում Իրանի դեմ կիրառվող շրջափակումները գնալով սաստկանում էին և ընդգրկում նորանոր ոլորտներ։ Շրջափակումներ սկսեցին կիրառվել Իրանի Իսլամական Հանրապետության նավագնացության ընկերության նկատմամբ և արգելվեցին իրանական ծովային և օդային բեռնափոխադրումները։ Լայնամասշտաբ շրջափակումներ սկսեցին կիրառվել նաև բանկային, ապահովագրական, արդյունաբերական, նավթային և բազմաթիվ այլ ոլորտներում։ Ստեղծված պայմաններում ԱՄՆ-ի նպատակը Իրանի դեմ իրականացվող շրջափակումների երկարաձգելն էր։
Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի համաձայնությունը կնքվեց այնպիսի պայաններում, երբ միջուկային հարցերի շուրջ ընթացող բանակցությունների սկզբում Օբանան հայտարարել էր, որ այդ քաղաքական երկխոսության արդյունքում համաձայնություն է ձեռք բերվելու, ըստ որի Իրանը մեկընդմիշտ զրկվելու է ուրանի հարստացման իրավունքից և ստիպված է լինելու ապամոնտաժել միջուկային փորձարկումների համար նախատեսված բոլոր օբյեկտները։ Նա նաև նշել էր, որ շրջափակումները չեն չեղարկվելու, քանի դեռ Իրանը չի համապատասխանում ստուգման որոշակի ստանդարտների։ Օբանան հավաստիացրել էր, որ եթե իր ասածները տեղի չունենան, ԱՄՆ-ն դուրս կգա քաղաքական երկխոսությունից։
Ներկայումս ավարտվել է Բարաք Օբամայի պաշտոնավարման շրջանը։ Միևնույն ժամանակ Թրամփի թիմը կրկնում է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի նախկին դիրքորոշումները։ Իրականությունն այն է, որ Իրանի նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների թշնամական վերաբերմունքը դեռևս չի փոխվել։ ԱՄՆ-ն Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից հետո անընդհատ Իրանի դեմ դուրս գալու պատրվակներ է փնտրում։
Այս ամենը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն դեռևս ցանկանում է խոչընդոտներ հարուցել ՀԳՀԾ-ի իրագործման ճանապարհին։ Հենց այս պատճառով է, որ որոշ ժամանակ առաջ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպման ժամանակ ասել է․ «Համոզված եմ, որ ԱՄՆ-ը միայն թղթի վրա է չեղարկել շրջափակումները, և Վաշինգտոնը շարունակելու է իր վերջին մի քանի տասնամյակների վարած քաղաքականությունը»։ Զարիֆի կարծիքով ՀԳՀԾ-ն միայն այն ժամանակ կայուն հիմքի վրա կլինի, երբ բոլոր կողմերը հասկանան, որ այն շահավետ է։