Ճնշվածների ձայնը Բահրեյնի սրտից
(last modified Sat, 28 Jan 2017 12:02:06 GMT )
Հունվար 28, 2017 15:32 Asia/Tehran

Բահրեյնցի երեք երիտասարդների սպանությունը իր հետևից բերեց Ալե Խալիֆայի ռեժիմի դեմ բողոքի մի մեծ ալիք։ Հազարավոր մարդիկ դուրս եկան Բահրեյնի քաղաքների և գյուղերի փողոցներ, որպեսզի իրենց բողոքի ձայնը բարձրացնեն Ալե Խալիֆայի անօրեն գործողությունների դեմ։

Բահրեյնը իր գերակշռող շիա բնակչությամբ (ողջ բնակչության մոտ 70 տոկոսը), շիաբնակ երկրների շարքում զբաղեցնում է երրորդ տեղը։ Երկիրը բաղկացած է 33 մանր ու մեծ կղզիներից։ Բահրեյնի կենտրոնը Մանաման է։ Անցյալում Բահրեյնը Իրանի կայսրության մաս է կազմել։16-րդ դարի առաջին կեսում Պարսից ծոցը և Հնդկական օվկիանոսը հայտնվում են Պորտուգալիայի ազդեցության տակ, և Բահրեյնը գրավվում է այդ երկրի կողմից։

  Բահրեյն

                                            

Պորտուգալացիների կողմից Բահրեյնի գրավումից մոտ մեկ դար անց պարսից Շահ Աբաս թագավորը 1602 թվականին արշավանք ձեռնարկեց դեպի Բահրեյն, այն հետ գրավեց պորտուգալացիներից և կրկին միացրեց Իրանին։ Դրանից հետո Բահրեյնի կղզախումբը 180 տարի մնաց Իրանի կազմում և նրա լիակատար վերահսկողության տակ։ 1783 թվականին շեյխ Ահմադ Իբն Խալիֆան՝ Բանի Ուտբա ցեղից և Խալիֆա ընտանիքի սերունդներից, որոնք արմատներով Սաուդյան Արաբիայից էին, հարձակվեց Բահրեյնի վրա և գրավեց այն։ Բահրեյնի նոր իշխանությունը ստացավ Բրիտանիայի լիակատար օժանդակությունը և այդ ժամանակներից ի վեր մնաց Ալե Խալիֆա ընտանիքի ձեռքում։ Բահրեյնի ներկայիս թագավորը նույնպես այդ ընտանիքից է։

Մինչև իրանական 1346 թվականը Իրանի շահը երբեք չի հրաժարվել Բահրեյնի նկատմամբ իր իրավունքներից։ Քաղաքական բազմաթիվ վայրիվերումներից և տևական ժամանակ Բրիտանիայի գաղութը լինելուց հետո Բահրեյնը 1971 թվականի օգոստոսի 8-ին վերջապես հայտարարում է իր անկախության մասին։ Հատկանշական է, որ Իրանը առաջին երկիրն էր, որը պաշտոնապես ճանաչեց Բահրեյնի անկախությունը։

Բահրեյնի երեք անմեղ երիտասարդները

Ներկայումս երկրում հաստատված ռեժիմը ամեն կերպ խեղդում է իր գոյությանը սպառնացող ցանկացած երևույթ։ Ալե Խալիֆան արդեն տարիներ շարունակ երկրում խախտում է մարդու իրավունքները և անհարգալից վերաբերմունք դրսևորում մարդու իրավունքների միջազգային հռչակագրի նկատմամբ։ Վերջերս Ալե Խալիֆայի բռնի ռեժիմը մահապատժի ենթարկեց բահրեյնցի երեք երիտասարդների՝ ներկայացնելով ստահոդ մեղադրանքներ։ Այդ երեք երիտասարդների սպանությունը իր հետևից բերեց Ալե Խալիֆայի ռեժիմի դեմ բողոքի մի մեծ ալիք։ Այդ անարդար և պախարակելի քայլից հետո հազարավոր մարդիկ դուրս եկան Բահրեյնի քաղաքների և գյուղերի փողոցներ, որպեսզի իրենց բողոքի ձայնը բարձրացնեն Ալե Խալիֆայի անօրինական գործողությունների դեմ։

Բահրեյնցի երեք երիտասարդներին մահապատժի ենթարկեցին առանց նրանց մեղքը հաստատող որևէ փաստաթուղթ ներկայացնելու։ Նրանք ձերբակալվել էին 2014 թվականին Արաբական միացյալ էմիրությունների  երկու և պակիստանցի մեկ զինվորական սպանելու մեղադրանքով։ Նրանց մահապատժի մասին որոշում ընդունելուց հետո Բահրեյնի ժողովուրդը բազմիցս բողոքել և ցույցեր է կազմակերպել այդ անարդարության դեմ, սակայն իշխանությունները անդրդվելի են մնացել՝ անուշադրության մատնելով իրենց ժողովրդի արդարամիտ բողոքը։ Այդ հանցավոր ռեժիմը ոչ միայն անարդարացիորեն մահապատժի ենթարկեց երեք անմեղ երիտասարդների, այլև մահապատժից հետո անգամ չհամաձայնեց զոհվածների մարմինները հանձնել իրենց սգավոր ընտանիքներին՝ ինքնագլուխ կերպով նրանց թաղելով «Մահվազ» կոչվող գերեզմանատանը։ Ինքնին հասկանալի է, որ Ալե Խալիֆան ի սկզբանե ծրագրել էր խաղաղ և բավականին զգուշությամբ իրականացնել այդ հանցագործությունը՝ առանց լուրջ ցնցումներ առաջացնելու։ Սակայն անմեղ երիտասարդների արյուն թափելը ծանրագույն մի հանցագործություն էր, որը էժան չի նստի և մեծ հետևանքներ կունենա այդ հանցավոր ռեժիմի համար։

Բահրեյնի իսլամական շարժման գլխավոր քարտուղարի տեղակալ Աբդոլլահ Սալեհը երեք բահրեյնցի երիտասարդներին մահապատժի դատապարտելու կապակցությամբ ասել է․«Նախ ցանկանում եմ իմ խորին ցավակցությունը հայտնել այդ նահատակների ընտանիքներին։ Այնուհետև կցանկանամ շեշտել, որ այս երիտասարդների արյունը վերջ է դնելու Բահրեյնի ներկայիս դիկտատուրային։ Ինչպես հիշում ենք, 1960 թվականին հանգուցյալ Իսա Ղանբարի նահատակությամբ վերջ դրվեց նախորդ թագավորի՝ ներկայիս թագավորի հոր դիկտատուրային։ Ես համոզված եմ, որ այդ անմեղների մահապատիժը ևս մեկ քայլ էր ներկայիս թագավորի իշխանության կործանման ուղղությամբ»։

Շեյխ Ալբոլլահ Սալեհ

 

                                              

Բահրեյնի մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Յուսեֆ Ռաբիհը այդ ցավալի դեպքի կապակցությամբ ասել է․ «Երեք երիտասարդների սպանությունը ճգնաժամի քաղաքական լուծման բոլոր դռները փակեց։ Ալե Խալիֆան երկրում ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն է»։ Նա ավելացրեց․ «Բահրեյնցի երիտասարդների մահապատիժը երկրում տիրող իրավիճակը մեծապես բարդացրեց։ Ալե Խալիֆայի ռեժիմը պետք է ընդունի հանցագործության ողջ պատասխանատվությունը»։

    Բահրեյնի թագավոր Համադ Իբն Իսա Ալ Խալիֆա

 

                      

Որոշ քաղաքական վերլուծաբաններ Ալե Խալիֆայի ռեժիմի կողմից նման քայլի դիմելը կապում են Արաբական միացյալ էմիրությունների կողմից գործադրվող ճնշման հետ։ Նրանց կարծիքով Ալե Խալիֆան ստիպված էր մեղավորներ գտնել և մահապատժի ենթարկել, որպեսզի երկու պետությունների հարաբերությունների մեջտեղից կարողանար մաքրել «սև բիծ» հանդիսացող2014 թվականի դեպքը։ Ալե Խալիֆայի դեմ Էմիրությունների մի շարք ճնշումներից հետո այդ հանցավոր ռեժիմը դիմեց նմանօրինակ քայլի։

Թվում է, թե երեք երիտասարդներին մահապատժի ենթարկելով Բահրեյնը հագուրդ է տվել իրեն զորքերի դուրսբերմամբ սպառնացող Արաբական միացյալ էմիրությունների  և Սաուդյան Արաբիայի ցանկություններին։ Իրականում հենց այդպես էլ կա, քանի որ Արաբական միացյալ էմիրությունների  և Սաուդյան Արաբիայի զորքերը դեռ վաղուց են մտել Բահրեյն՝ այն հեղափոխական շարժումներից զերծ պահելու համար։

    Ժողովրդական բողոքներ

 

 

Ներկայումս Բահրեյնը բավականին զգայուն է հեղափոխական շարժումների նկատմամբ և զգում է Սաուդյան Արաբիայի և  Արաբական միացյալ էմիրությունների  զորքերի պաշտպանության կարիքը։ Երկրի ղեկավարությունը շատ լավ է գիտակցում, որ այդ զորքերի դուրսբերման դեպքում իրենք անպաշտպան կմնան և կզրկվեն իշխանությունից։

Ալե Խալիֆայի ռեժիմը, որը Սիոնիստական ծախու ռեժիմի դաշնակիցն է, սեփական ժողովրդի վրա ճնշում գործադրելու համար ոչ մի բանի առաջ կանգ չի առնում։ Այդ ռեժիմը շարունակում է իր անօրինական գործողությունները՝ կեղեքելով ժողովրդին և անուշադրության մատնելով նրանց արդարացի պահանջները։ Ոչ հեռավոր անցյալում Ալե Խալիֆայի ռեժիմի կողմից տնային կալանքի ենթարկվեց և Բահրեյնի քաղաքացիությունից զրկվեց երկրի շիա մուսուլմանների հոգևոր առաջնորդ շեյխ Իսա Ղասեմը։ Այդ քայլը նույնպես ժողովրդական բողոքի մի մեծ ալիք բարձրացրեց ամբողջ երկրում։ Մարդիկ հավաքվեցին նրա տան դիմաց, որպեսզի հարկ եղած դեպքում կարողանան պաշտպանել իրենց հոգևոր առաջնորդին անիրավներից։

Հետաքրքրական է այն հանգամանքը, որ այդ ռեժիմը զրկեց Իսա Ղասեմին քաղաքացիությունից այն դեպքում, երբ օտարերկրացիներին հեշտությամբ քաղաքացիություն է տրամադրում՝ նույնիսկ Սադամի բաասականներին։ Ալե Խալիֆայի ռեժիմը դիմում է նման քայլերի, որպեսզի, հենվելով բաասականների վրա,աջակիցներ ձեռք բերի ժողովրդի շրջանում։ Այդ բաասականները արնախում Սադամի կողմնակիցներից են եղել։ Բավական է միայն հիշել, թե նրանք իրենց երբեմնի առաջնորդի հետ միասին, ինչ մեծ վնասներ են հասցրել ոչ միայն Իրաքին, այլ նաև հարևան երկրներին՝ այդ թվում նաև Իրանին։

Շեյխ Իսա Ղասեմ

 

Արդեն վեց տարի է, ինչ բահրեյնցիները համբերատարությամբ համակված տառապում և բողոքում են իշխանության դեմ։ Քաղաքացիությունից զրկումը, անտեղի ձերբակալությունները, մարդկանց անհետացումները երբեք չեն կարողացել հիասթափեցնել ժողովրդին և նրանցից խլել հեղափոխական ոգին։ Բահրեյնցիներին նման ծանր պայմաններում չեն աջակցում նաև մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները։ Հակառակ այս ամենի Ալե Խալիֆայի հանցավոր ռեժիմը ստանում է բազմաթիվ օգնություններ արտասահմանից, բայց միևնույն է այդ ռեժիմին չի հաջողվում լռեցնել համաժողովրդական բողոքի ձայնը։ Այդ բողոքը 2011 թվականին իր առաջացման պահից ի վեր ոչ միայն երբեք չի մարել, այլև օրեցօր ավելի է կոփվել ու կայունացել՝ ընդգրկելով հասարակության նորանոր զանգվածներ։ Մոտ վեց տարի է անցել պայքարի սկզբնավորումից, բայց ժողովուրդը դեռևս պայքարում է իր օրինական իրավունքների համար։ Ալե Խալիֆայի՝ մինչև ատամները զինված ռեժիմի հանցավոր գործունեության հետևանքով ամեն օր խախտվում են մարդկանց հիմնարար իրավունքները այդ երկրում։ Երեք անմեղ երիտասարդներին մահապատժի ենթարկելը իր հետ բերեց ժողովրդական անհանգստությունների մի նոր ալիք։ Խաղաղ ցույցերը Բահրեյնում կարծես փոխում են իրենց երանգները վերջին դեպքերից հետո։

Խոշտանգումներ Ալե Խալիֆայի ռեժիմի կողմից

 

              

Երեք անմեղ երիտասարդների մահապատիժը Ալե Խալիֆայի ռեժիմի կողմից թույլ տված քաղաքական անփութությունների շղթայի ևս մեկ արյունոտ օղակներից էր, որն էլ ավելի բորբոքեց պայքարի կրակը մարդկանց սրտերում։ Անկասկած պետք է նշել, որ վերջին դեպքերը մեծապես ցնցել են այդ անարժան ռեժիմի հիմքերը։

Ամփոփելով վերոբերյալը գալիս ենք այն եզրակացությանը, որ Ալե Խալիֆայի ռեժիմի կողմից Բահրեյնի շիաների հոգևոր առաջնորդի և երեք անմեղ երիտասարդների նկատմամբ կատարված մի դեպքում անօրինական, մյուս դեպքում ծայրահեղ դաժան և անմարդկային գործողությունները գնալով ավելի են խորացնում Բահրեյնում արդեն իսկ առկա ժողովուրդ-իշխանություն անդունդը՝ հարկադրելով ժողովրդին շեղվելու խաղաղ պայքարի ուղուց։