Արդյոք հնարավոր է Դոնալդ Թրամփին իմպիչմենթի ենթարկել
Ամերիկացի մի խումբ փորձագետներ համոզված են, որ Դոնալդ Թրամփն այլևս իրավասություն չունի շարունակել վարել նախագահի պաշտոնը, քանի որ վերջին 50 օրերի ընթացքում նրա գործողությունները հիմք են տալիս նրան իմպիչմենթի ենթարկել:
Սակայն ԱՄՆ նախագահին իմպիչմենթի խնդիրը ներկա դրությամբ որքանով է իրական: Հարցին պատասխանելու համար նախ անդրադառնանք այն խնդրին, թե ԱՄՆ-ում ինչպես է տեղի ունենում իմպիչմենթի գործընթացը: Միացյալ Նահանգների Սահմանադրության համաձայն` ԱՄՆ-ում հակառակ աշխարհի շատ երկրների, իմպիչմենթի կարող են ենթարկվել դաշնության բոլոր պաշտոնյաները, այդ թվում նաև նախագահը: Այդուհանդերձ, հակառակ որոշ երկրների, ամերիկացի պաշտոնյաներին հնարավոր չէ քաղաքական տարաձայնությունների կամ նրանց գործունեությունը քննադատելու նպատակով իմպիչմենթի ենթարկել: Իմպիչմենթը համարվում է ԱՄՆ որևէ պաշտոնյայի նկատմամբ դատական պրոցեսի վերջին փուլը: Այլ կերպ ասած` եթե կոնգրեսականները նախագահի հետ որևէ տարաձայնություն ունենան, կամ չհավանեն նրա աշխատանքային ոճը, չեն կարող վերջինիս իմպիչմենթի ենթարկել: Իմպիչմենթի գործընթացում առաջին քայլն այն է, որ պաշտոնյայի դեմ դատական հայց է ներկայացվում: Իրականում, եթե պաշտոնյան որևէ լուրջ խախտում չի կատարել, նրա դեմ դատական գործ չի հարուցվում: Իսկ լուրջ խախտումներ են համարվում դավաճանությունը, կաշառակերությունը, սուտ վկայությունը և այլն: Առանց նման մեղադրանքների հնարավոր չէ դաշնային պաշտոնյաներին և նախագահին իմպիչմենթի ենթարկել: Իհարկե, ներկա դրությամբ պետք է ասել, որ այն կոնֆլիկտը, որ առկա է նախագահի և նրա հակառակորդների միջև, կարող է վճռորոշ դերակատարություն ունենալ այս հարցում: Այլ խոսքով, եթե ԱՄՆ նախագահի հակառակորդները զգան, որ նա արդեն խոցելի է դարձել կամ նախագահը չկարողանա իր հակառակորդների հետ որոշակի երկխոսության մեջ մտնել, հնարավոր է, որ նրա դեմ նոր դատական հայց հարուցվի ու նրան իմպիչմենթի ենթարկեն: Այդպես տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի ժամանակ` անբարո կապերի պատճառով: ԱՄՆ-ում քաղաքական ավանդույթի համաձայն` նախքան յուրաքանչյուր իմպիչմենթի գործընթացի սկսելը, որոշվում է հատուկ դատախազ, ով զբաղվելու է այդ հարցով: Իսկ քանի որ երկրի գլխավոր դատախազը նշանակվում է նախագահի կողմից, այդ դատախազը չի կարող զբաղվել իմպիչմենթի գործով: Հենց այս պատճառով, ԱՄՆ նախագահը քաղաքական ճնշումների պատճառով պարտավոր է այս գործի համար նշանակել հատուկ դատախազ: Վերջինս անկախ կերպով կազմում է գործը: Եթե գործի ընթացքում պարզվի, որ նախագահը մեծ խախտումներ է թույլ տվել, գործը ուղարկվում է Ներկայացուցիչների պալատի դատական հանձնաժողով` որոշում կայացնելու համար: Եթե հանձնաժողովի անդամները ցանկություն են հայտնում գործի կապակցությամբ ավելի մանրամասն հետաքննություն իրականացնել, հարցը քննվում է Ներկայացուցիչների պալատի խորհրդարանում: Այս փուլում 435 հոգանոց խորհրդարանը որոշում է, թե արդյոք հարցը քննելու համար նոր դատական գործի կարիք կա, թե ոչ: Եթե պատասխանը լինի «Այո», գործը այնուհետև քննարկվում է Սենատում: Այս փուլը համարվում է Իմպիչմենթի գործընթացի ավարտական փուլը: Այս փուլում տեղի են ունենում նիստեր, որոնք նախագահում է Դաշնային գերագույն դատարանի նախագահը: Նիստերի ժամանակ հատուկ դատախազը ներկայացնում է մեղադրանքները, իսկ նախագահը պետք է պաշտպանի ինքն իրեն: Սենատորները նիստերին մասնակցում են որպես վկա կամ դիտորդ: Նրանք նաև կատարում են դատարանի ատենակալների դերը: Սենատում նիստերի ավարտին սենատորները կարծիք են հայտնում մեղադրյալի մեղավոր լինելու կամ չլինելու կապակցությամբ: Եթե սենատի մեծամասնությունը նախագահին մեղավոր համարի, վերջինս պաշտոնանկ է լինում: ԱՄՆ պատմության ընթացքում տեղի է ունեցել իմպիչմենթի 16 գործընթաց: Դրանց հետևանքով մեկ Սենատոր, մեկ նախարար, երկու դաշնային դատավոր և երկու նախագահ ենթարկվել են իմպիչմենթի: Նախագահները եղել են 19-րդ դարում Էնդրյու Ջոնսոնը և 20-րդ դարում` Բիլ Քլինթոնը: Առաջինը `ներքին պատերազմի ժամանակ դավաճանության, իսկ երկրորդը` Սպիտակ Տան նախկին աշխատակցուհի Մոնիկա Լևինսկիի գործի շրջանակներում սուտ վկայություն տալու համար: Երկու դեպքում էլ նախագահներին հաջողվեց խուսափել պաշտոնանկությունից` ընդամենը մեկ ձայնի պատճառով:
1970 թ. Ռիչարդ Նիքսոնը Ուոթերգեյթի խայտառակ միջադեպի պատճառով հայտնվեց նման իրավիճակում: Սակայն մինչև հարցաքննության կանչվելը, նա հրաժարական ներկայացրեց, որպեսզի իր անունը պատմության մեջ չգրանցվի որպես առաջին նախագահ, ում ենթարկել են իմպիչմենթի: Բայց նա դարձավ առաջին նախագահը, ով ինքնակամ հրաժարվեց իր պաշտոնից: Այժմ հարց է ծագում, թե իսկապես գոյություն ունեն լուրջ նախապայմաններ` Թրամփին իմպիչմենթի ենթարկելու համար: Մի քանի պատճառներով հարցին կարելի է պատասխանել Ոչ: Առաջինը. քանի որ չի թվում, թե Դոնալդ Թրամփը կատարել է լուրջ խախտումներ: Երկրորդ` նրա գործը դեռևս չի բացվել և հատուկ դատախազ չի նշանակվել: Դա այն դեպքում, երբ Կոնգրեսի երկու խորհրդարաններում էլ հանրապետականները մեծամասնություն են կազմում: Իսկ այն հանձնաժողովները, որոնք պարտավոր են զբաղվել այս հարցով, նորից գտնվում են հանրապետականների ազդեցության տակ: Թեև Թրամփի ու նրա համակուսակից հակառակորդների` Սենատորներ Ջոն Մաքքեյնի և Լինսի Գրահամի միջև գոյություն ունեն տարաձայնություններ, այդուհանդերձ դժվար թե կուսակցության ղեկավարները համաձայնեն, որ իրենց կուսակից նախագահն իմպիչմենթի ենթարկվի: Իհարկե այս վիճակը կշարունակվի մինչև այն ժամանակ, երբ չհայտնաբերվեն լուրջ խախտումներ: Այդ դեպքում թվում է, որ հանրապետականներն իրենց հեղինակությունը պահպանելու համար կհամաձայնեն նախագահին իմպիչմենթի ենթարկել: Չնայած որոշ փորձագետների կարծիքով, եթե 2018թ. միջանկյալ ընտրություններին դեմոկրատները կարողանան Կոնգրեսում ձեռք բերել որոշակի առավելություն, հնարավոր է, որ գործընթացը սկսվի: Այդուհանդերձ, Դոնալդ Թրամփի անվտանգության թիմի գաղտնի շփումները մինչ վերջինիս Սպիտակ Տուն մտնելը, այն թեման է, որով նախագահի հակառակորդները կարող են մանևրել: Եթե ուսումնասիրությունները պարզեն, որ Թրամփը տեղյակ է եղել Վաշինգտոնում ՌԴ դեսպանի հետ Մայքլ Քլինի հեռախոսազրույցի մասին, հնարավոր է նախագահին նոր մեղադրանքներ առաջադրվեն: Ամեն դեպքում, հանրապետական կուսակցության ղեկավարներն ԱՄՆ կոնգրեսում համամիտ են, որ ՌԴ-ի դեմ պետք է խիստ պատժամիջոցներ կիրառել: Սակայն Սպիտակ Տունը դեմ է այս հարցին: Եթե Սպիտակ տան պաշտոնյաները ցանկանան առանց Կոնգրեսի զգուշացումների Ռուսաստանի և այդ երկրի նախագահի որոշակի կապերի մեջ մտնել, հնարավոր է, որ դա լուրջ խնդիր դառնա Թրամփին իմպիչմենթի ենթարկելու հարցում: Գեներալ Մայքլ Ֆլինի պաշտոնանկությունը, ով համարվում էր ԱՄՆ ազգային անվտանգության ծառայության կարևոր խորհրդականներից և ով հեռախոսազրույց էր ունեցել ռուս պաշտոնյայի հետ, կարող է ահազանգ լինել Թրամփին` Ռուսաստանի հետ հաշտություն կնքելու համար, որպեսզի թույլ չտրվի անցնել ԱՄՆ-ում իշխող վարչակարգի կողմից ճշտված կարմիր գծերից: