Միգրացիայի ճակատագրի փոփոխումը՝ ներդրում պարենային անվտանգության բնագավառում (Նվիրված Պարենի համաշխարհային օրվան)
(last modified Mon, 16 Oct 2017 11:34:22 GMT )
Հոկտեմբեր 16, 2017 15:04 Asia/Tehran

Հոկտեմբերի 16-ը Պարենի համաշխարհային օրն է: Այդ օրը հռչակվել է 1945 թվականին ՄԱԿ-ի պարենի ու գյուղատնտեսության կազմակերպություն FAO-ի հիմնադրման առիթով: Այս օրը հարմար առիթ է արթնացնելու թմբիրի մատնված խղճերը և զորակցելու սովահարների հետ, որոնք զրկված են կյանքի ամենատարրական իրավունքը համարվող սննդից: Ներկայացնում ենք այս օրվան նվիրված հատուկ հաղորդում:

Սնունդը ոչ միայն մարդու այլ բոլոր կենդանի արարածների տարրական կարիքներից է: Սովը հագեցնելու բնազդը արարչագործության առաջին օրից ընկերակցել է մարդուն և նույնիսկ կարելի է ասել, որ արդյունաբերության ու գյուղատնտեսության բնագավառում մարդու զարմանահրաշ առաջադիմությունը պարտական ենք նույն այս տարրական ու պարզ բնազդին տրված պատասխանին: Ղուրանում նույնպես ակնարկ է կատարվել այս հարցին և որոշ սուրաների անունները սկսվում են ուտելիքների անուններով: Որոշ այաներում ակնարկ է կատարվել ուտելիքների որոշ հատկություններին, իսկ որոշներում էլ անդրադարձ կա կենդանիներին, որոնք մարդկության համար հարմար ու հաճելի սնունդ են համարվում: Դժբախտաբար ներկա դարում թերսնումն ու սովը շատ հասարակություններում ու հատկապես երրորդ աշխարհում լուրջ ճգնաժամի է վերածվել, իսկ չքավորություն այս ճգնաժամի գլխավոր պատճառներից է համարվում:

ՄԱԿ-ը 2017 թվականին աշխարհում պարենային անվտանգության ու սնման վիճակի մասին իր վերջին զեկույցում հայտարարել է, որ սովի տոկոսը մեկ տասնամյակ շարունակ կրճատվելուց հետո կրկին վերաճ է արձանագրում: Համաձայն այս զեկույցի 2016 թվականին շուրջ 815 միլիոն մարդ՝ աշխարհի բնակչության շուրջ 11 տոկոսը, տառապել է սովից ու թերսնումից: Այս զեկույցում ակնարկ կատարվելով այն հարցին, որ տարբեր տեսակի թերսնումները աշխարհում սպառնում են միլիոնավոր մարդկանց կյանքին, ընդգծվել է, որ ներկա պահին մինչև 5 տարեկան 155 միլիոն երեխաներ իրենց տարիքի համեմատությամբ կարճահասակ են, իսկ 52 միլիոն երեխաներ իրենց հասակի համեմատությամբ նվազ կշիռ ունեն: Կանանց մոտ սակավարյունությունն էլ մտահոգիչ պարագաներից է: Համաձայն այս զեկույցի անցած տարվա համեմատությամբ սովից տառապողների թվի 38 միլիոն հոգով հավելում կրելը բրտարարքներով հագեցած հակամարտությունների և կլիմայական ճգնաժամերի արդյունքն է:

ՄԱԿ-ի զեկույցում նշված վիճակագրական տվյալների համաձայն այսօր աշխարհում սովի մատնված 815 միլիոն հոգուց 520 միլիոնը Ասիայում, 243 միլիոնը Աֆրիկայում, իսկ 42 միլիոնը Լատին Ամերիկայում ու Կարաիբյան տարածաշրջանում են բնակվում: Նույն զեկույցի ընդգծմամբ Ասիայում բնակչության 11.7, Աֆրիկայում՝ 20, Աֆրիկայի արևելքում՝ 34 և Լատին Ամերիկայում ու Կարաիբյան տարածաշրջանում՝ 6.6 տոկոսը տառապում է սովից: Այս զեկույցն ընդգծում է, որ աշխարհում սովի մատնված 815 միլիոն հոգուց 489 միլիոնը բնակվում են պատերազմի մատնված երկրներում: Հակամարտություններից ազդված երկրներում սովի տարածումը 1.4 տոկոսից 4.4 տոկոսով գերազանցում է մյուս երկրներին: Այն երկրներում, որտեղ պատերազմը շրջակա միջավայրի ու պետական կառույցների ոչնչացման պատճառ է դարձել սովի տարածումը 11-ից 18 տոկոս գերազանցում է այլ տարածաշրջաններին: Պատերազմի մատնված երկրներում բնակվող ժողովուրդները այլ տարածքների բնակիչների համեմատությամբ 2.5 անգամ ավելի են թերսնման մատնվում:

Պատերազմի ու սովի միջև եղած կապի բացահայտ օրինակներից մեկն այսօր նկատելի է Եմենում: 2015 թվականի մարտից արաբական մի քանի երկրների ընկերակցությամբ և ԱՄՆ-ի ու Բրիտանիայի հովանավորությամբ Արաբիայի կողմից հարձակման ենթարկված Եմենն այսօր դիմագրավում է սովի, հիվանդության ու մահվան ճգնաժամ: ԱՔՍՖԱՄ փրկարարական միջազգային հաստատության գործադիր տնօրեն Մարք Գոլդրինգը մի հարցազրույցում հայտարարել է, որ Եմենը դանդաղ կերպով սովից ոչնչանում է: Ռմբակոծությունները նախ ոչնչացրեցին այդ երկիր կատարվող ներկրումները՝ առավել քան որևէ բան ազդելով սննդամթերքի վրա: Այնուհետև ռմբակոծվեցին նավահանգիստները, պահեստները, ճանապարհներն ու կամուրջները: Նման կենտրոնների դեմ իրականացվող ավիահարվածները պատահական բնույթ չէին կրում և Արաբիայի միջոցով ռմբակոծությունները կատարվում էին լիովին ծրագրավորված կերպով:

«Այդ երկրի տնտեսությունը և նրա կառույցներն ու ժողովրդին սնելու և նրա համար խնամք տանելու կառավարության կարողությունը փլուզման սեմին է գտնվում: Դեռ նահանջի հնարավորություն գոյություն ունի, նախքան այն որ խրոնիկ սովը համատարած սովի վերածվի պատերազմը պիտի դադարեցվի և նավահանգիստները պիտի բացվեն»,-հավելել է նա:

Այս պահին Եմենն իր 26.7 միլիոն բնակչությանն անհրաժեշտ սննդամթերքի միայն կեսն ունի և Սաուդյան Արաբիայի կողմից պատերազմի պարտադրումից ամիսներ անց այսօր Եմենը սովահար երկրի է վերածվել: Այս պահին ՄԱԿ-ի օժանդակություններն էլ չեն գերազանցում անհրաժեշտ ծավալի 60 տոկոսը և 540 միլիոն եվրո բաց գոյություն ունի: Նկատի առնելով Եմենում տիրող իրավիճակի ծանրությունը ԱՔՍՖԱՄ-ը հայտարարել է, որ Եմենը սովից ոչնչանում է և Բրիտանիան պիտի դադարեցնի Եմենում տնավեր պատերազմ հրահրած Սաուդյան Արաբիային սպառազինության լայնամասշտաբ վաճառքը:

Դժբախտաբար այսօր պատերազմն ու բրտարարքներն աշխարհի շատ երկրների սովի են մատնել: Ստոկհոլմի խաղաղության միջազգային հաստատության հետազոտության արդյունքների համաձայն 2015 թվականին աշխարհում ռազմական ծախսերը գերազանցել են 1700 միլիարդ դոլարը և անցած չորս տարիների ընթացքում առաջին անգամ մեկ տոկոս աճ են արձանագրել: Այս զեկույցը նաև վկայում է, որ թեև 2014 թվականին ԱՄՆ-ի ռազմական ծախսերը 2.4 տոկոսով կրճատվել են, սակայն այդ երկիրն աշխարհում իրեն է հատկացնում ռազմական ծախսերի ամենախոշոր բաժինը: Չինաստանի ռազմական ծախսերն էլ 2015 թվականին 7.4 տոկոս հավելում կրելով գերազանցեցին 215 միլիարդ դոլարը: Չինաստանը ռազմական ծախսերի տեսակետից հաջորդում է ԱՄՆ-ին: Սաուդյան Արաբիան ու Ռուսաստանը զբաղեցնում են 3-րդ և 4-րդ հորիզոնականները, իսկ Բրիտանիան եզրափակում է առաջին հնգյակը, իսկ դա այն դեպքում երբ փորձագետների հետազոտությունների արդյունքների համաձայն աշխարհում իրականացված ռազմական ծախսերի միայն 10 տոկոսը բավարար է նվաճելու համար առաջիկա 15 տարում չքավորությանն ու սովին վերջ տալու նպատակը:

Վերջերս Սննդի համաշխարհային ծրագրի կողմից պարենային անվտանգության, պատերազմի ու միջազգային միգրացիայի մասին ներկայացված զեկույցում նշված է, որ սննդամթերքի պակասի ու սովի առաջացման պատճառ դարձող պատերազմներն ու հակամարտությունները միգրացիայի գլխավոր գործոններից են համարվում: Այսօր դրա բացահայտ նմուշը կարելի է նկատել  Միանմարում ու Բանգլադեշում: Մինչ այսօր հազարավոր ռոհինգյա մուսուլմաններ սննդամթերքը վերջանալու պատճառով պարտավորվել են գաղթել: Ռոհինգյա մի կին «Ֆրանս Պրես»-ին տված հարցազրույցում անդրադառնալով այս դառն իրականությանն, ասել է. «Ուզում ենք Բանգլադեշ գնալ, քանի որ մնալու դեպքում սովից մահանալու ենք, որովհետև մենք դրամ չունենք, որ մաքսանենգներին վճարենք»: Վերջին շրջանում Բանգլադեշ ժամանած փախստականներն էլ ասել են, որ սովը նոր զենք է, որը Ռախինի բուդիստները կիրառում են մուսուլմանների դեմ»:

Պատերազմներից բացի կլիմայական փոփոխություններն ու տնտեսական ճգնաժամերն էլ միգրացիայի գլխավոր ու արմատական պատճառներից են համարվում, որը հանգեցնում է սննդի անապահովության: ՄԱԿ-ի Մանուկների պաշտպանության հիմնադրամ ՅՈՒՆԻՍԵՖ-ը «Ժամանակը կորցնում ենք» խորագրով մի հաղորդագրություն հրապարակելով անդրադարձել է այս իրականությանը և հայտարարել է, որ շուրջ 22 միլիոն երեխաներ Սոմալիում, Նիգերիայում, Հարավային Սուդանում ու Եմենում պարտավորվել են գաղթել, զրկվել են ուսում ստանալու իրավունքից և սովի ու հիվանդության են մատնվել: Համաձայն այս հաղորդագրության գրեթե 1.4 միլիոն երեխաներ էլ սաստիկ թերսնման հետևանքով մահվան վտանգ են դիմագրավում և նրանց անհրաժեշտ սննդի շտապ հայթայթման համար պահանջվում է 225 միլիոն դոլար:

FAO-ի տնտեսական ու հասարակական զարգացման բաժնի գերատեսչի օգնական Կոստաս Ստամոլիսն ասում է, որ աշխարհում չքավոր ու սովահար մարդկանց երեք չորրորդը բնակվում են գյուղական տարածքներում և անհրաժեշտ է, որ ներդրում կատարվի գյուղական զարգացման բաժնում, որպեսզի միգրացիան կան՛խվի: Քանի որ միգրացիան որոշում է, որ ընդունվում է ապրուստի և ճկունության առիթների ստեղծման փոխարեն: Նա միևնույն ժամանակ ասում է, որ FAO-ի համոզմամբ գյուղական տարածքներից մարդկանց տեղաշարժից տուժում է գյուղատնտեսության բաժինը: Նկատի առնելով, որ այս միգրանտների խոշոր տոկոսը երիտասարդներ են, գյուղական և գյուղացիության ճկունություն ընդունող կենցաղային բաժիններում ներդրում կատարելով կարելի է մեղմել միգրացիայի ներկա մարտահրավերը:

Նկատի առնելով հարցի կարևորությունը 2017 թվականին Սննդի համաշխարհային օրվա կարգախոս է ընտրվել «Միգրացիայի ճակատագրի փոփոխումը՝ ներդրում պարենի անվտանգության և գյուղական զարգացման բնագավառում»-ը, որպեսզի հմտությունների ընդլայնմամբ, գործարարության բնագավառում դյուրությունների ստեղծմամբ և գյուղական բիզնեսներին զարկ տրվելով պարենային անվտանգության ապահովմանը զուգահեռ նաև կանխվի աննախընթաց միգրացիան: