Միացյալ նահանգները 2017 թվականին
2017թ. Միացյալ նահանգների կառավարության հակաիրանական քաղաքականությունն ավելի սրվեց: 2017թ. հենց սկզբից, երբ ԱՄՆ նախագահ ընտրվեց Դոնալդ Թրամփը, ամերիկյան պաշտոնյաների հակաիրանական անհիմն մեղադրանքների տարափն ուժեղացավ:
Հակառակ ԱԷՄԳ-ի պնդումներին, որի համաձայն Իրանը հավատարիմ է միջուկային համաձայնությանը, Թրամփը ՀԳՀԾ-ն հարցականի տակ դրեց ու դրա վերաբերյալ երկրի դիրքորոշումը վերանայելու նպատակով այն ուղարկեց Կոնգրես` քննարկման համար: Սակայն հանրապետականների ու դեմոկրատների միջև այս կապակցությամբ առկա տարաձայնությունները և մյուս կողմից եվրոպացիների ճնշումները ԱՄՆ-ի վրա, պատճառ դարձան, որ Կոնգրեսը հստակ քայլեր չձեռնարկի այս կապակցությամբ: Կոնգրեսին իհարկե մտահոգեց նաև Իրանի հավանական պատասխան քայլը: 2017թ. ԱՄՆ-ն բազմաթիվ մեղադրանքներ հնչեցրեց Իրանի դեմ: Դոնալդ Թրամփը, հասկանալով, որ չի կարող չեղարկել ՀԳՀԾ-ն, հայտարարեց, որ Իրանն ապակայունացնում է Ասիայի արևմտյան հատվածը` հեռահար հրթիռների փորձարկմամբ ու դիմադրության խմբերին հոնավանավորելով: Այնուհետև Թրամփը պատժամիջոցների վերաբերյալ նոր օրենք գործադրեց, որի թիրախում ԻԻՀ Պահակազորն էր: Մյուս կողմից, ամերիկացի պաշտոնյաները փորձեցին սրել Իրանի հետ տարածաշրջանի որոշ երկրների տարաձայնությունները և տարածաշրջանում իրանաֆոբիա տարածելով, իրականացնել իրենց ծրագրերը: Այդուհանդերձ, մինչև 2017թ. ավարտը ՀԳՀԾ-ն մնաց անփոփոխ, Իրանը շարունակեց իր հրթիռային ծրագիրը, իսկ Դիմադրության ճակատը Իրաքում ու Սիրիայում լուրջ հաղթանակներ արձանագրեց ԱՄՆ-ի ղեկավարած արաբական-արևմտյան կոալիցիայի նկատմամբ:
2017թ. հունվարի 20-ին, երբ Դոնալդ Թրամփը որպես նախագահ մտավ Սպիտակ տուն, արդեն պարզ էր, որ Վաշինգտոնի հակաիրանական թշնամական քաղաքականությունն ավելի է սրվելու: Բարաք Օբամայի նախագահության ժամանակ, ԱՄՆ կառավարությունը, նկատի առնելով Իրանի հաջողությունները ՀԳՀԾ- ի հարցում, պարտավոր եղավ 5+1 խմբի շրջանակներում բանակցության սեղանի շուրջ նստել Իրանի հետ: 20 տարի անց, Արևմուտքը վերջապես ընդունեց, որ Իրանն ինչպես մյուս երկրները, իրավունք ունի իրականացնել միջուկային խաղաղանպատակ ծրագիր: Միևնույն ժամանակ, Իրանը լուրջ քայլեր արեց, որպեսզի փարատի այս կապակցությամբ համաշխարհային հանրության մտահոգությունները: Իհարկե որոշ սահմանափակություններով հանդերձ, արդյունքում միջուկային համաձայնության փաստաթուղթը ստորագրվեց: Այդպիսով չեղարկվեցին ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը` հակաիրանական պատժամիջոցների վերաբերյալ: Իսկ ԱՄՆ նախագահը մասամբ չեղարկեց հակաիրանական շրջափակումները: Այս ընթացքը շարունակվեց, մինչև Թրամփը մտավ Սպիտակ տուն: Նախքան այդ, իր նախընտրական քարոզարշավի ժամանակ, Թրամփը հայտարարել էր, որ ՀԳՀԾ-ն ամենավատ համաձայնությունն է ԱՄՆ պատմության մեջ և բացի այդ, Իրանը խախտել է այն: Թրամփը խոստացավ, որ Սպիտակ տուն մտնելուց հետո կչեղարկի ՀԳՀԾ-ն: Այդուհանդերձ, ԱՄՆ նորընտիր նախագահը 2 անգամ 90 օրյա ժամանակաշրջանից հետո հայտարարեց, որ Իրանը հավատարիմ է եղել միջուկային համաձայնությանը: Իսկ ԱՄՆ-ում հաստատվեց մի օրենք, որը կոչվում է "ՀԳՀԾ-ն վերանայելու օրենք": Համաձայն այդ օրենքի, ԱՄՆ նախագահը պարտավոր է յուրաքանչյուր 90 օրը մեկ Կոնգրեսին զեկույց ներկայացնել ՀԳՀԾ-ի նկատմամբ Իրանի հավատարմության մասին: 2017թ Թրամփը ներկայացրեց նման երկու զեկույց, որոնցում նշեց, որ Իրանը հավատարիմ է եղել ՀԳՀԾ-ին ու միևնույն ժամանակ, կախված վիճակում թողեց հակաիրանական շրջափակումները: Արդյունքում, ՀԳՀԾ-ն որևէ փոփոխության չենթարկվեց:
2017թ. հոկտեմբերին, ԱՄՆ նախագահը որոշում կայացրեց հրաժարվել ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմության վերաբերյալ հաստատման պարտականությունից: Սեպտեմբերին կայացած ՄԱԿ-ի ԳԱ-ում Թրամփը խիստ ելույթ ունեցավ Իրանի դեմ, որն աննախադեպ էր վերջն 40 տարվա ընթացքում: Նա հայտարարեց, որ Իրանը խախտել է ՀԳՀԾ-ն ու հրթիռային փորձարկում իրականացնելով, խաթարել է համաշխարհային խաղաղությունն ու անվտագությունը: Թրամփը նշեց, որ Իրանը տարածաշրջանն ապակայունացնող քայլերով վտանգում է ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների շահերը: Միևնույն ժամանակ, Թրամփը ցանկություն հայտնեց ԳԱ շրջանակներում հանդիպել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հետ: Թրամփը հույս ուներ, որ այս հանդիպմամբ կապացուցեր, որ Իրանն իր ելույթից հետո նահանջել է իր դիրքերից: Թրամփի ելույթից հետո, մինչև հոկտեմբերի կեսերը, ամերիկյան պաշտոնյաների հակաիրանական հայտարարություններն ավելի խստացան: Այդ ընթացքում նրանք հայտարարեցին, որ Իրանը խախտում է միջուկային համաձայնությունը, հակառակ ԱԷՄԳ-ի զեկույցների, որոնք վկայում են հակառակը: Գործակալությունն իր զեկույցներում հայտարարել է, որ այս ընթացքում ճշգրիտ ու լայնածավալ մոնիտորինգ է իրականացրել Իրանում: Սակայն Թրամփը փորձելով հավատարիմ մնալ իր նախընտրական խոստմանը, կրկին հայտարարեց, որ Իրանը խախտել է ՀԳՀԾ-ն: Նա առանց որևէ փաստաթուղթ ներկայացնելու այդ կապակցությամբ, եվրոպացիներին ու Կոնտգրեսին կոչ արեց Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանել: Նա այնքան առաջ գնաց, որ նույնիսկ իր ելույթում Պարսից ծոցի փոխարեն օգտվեց Արաբական ծոց եզրույթից, որպեսզի իր երախտագիտությունը հայտնի սաուդցիներին, ովքեր մի քանի միլիարդ դոլարի սպառազինական պայմանագրեր կնքեցին ամերիկյան ընկերությունների հետ:
2017թ. Կոնգրեսն ավելի խստացրեց հակաիրանական գործողությունները: Կոնգրեսի ներկայացուցիչները հաստատեցին նոր օրենք, որը կոչվեց "Պատժամիջոցներով ԱՄՆ թշնամիների դեմ պայքարելու օրենք": Այն հնարավորություն տվեց նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ: Պատժամիջոցներ կիրառվեցին նաև ԻԻՀ Պահակազորի դեմ: Ամերիկացիները հայտարարեցին, որ Իրանը Պահակազորի , հատկապես Ղոդս ստորաբաժանման միջոցով, վնասում է Իրաքի, Սիրիայի, Եմենի, Լիբանանի շահերին: Եվ հենց այդ ժամանակ, առաջին անգամ պատժամիջոց կիրառվեց որևէ երկրի ռազմական ուժի դեմ: Իհարկե այս փորձերը որևէ ազդեցություն չունեցան և Իրանը շարունակեց իր հրթիռային ծրագիրը, հայտարարելով, որ այդ ծրագիրն ուղղված է ինքնապաշտպանությանը:
ՌԴ քաղաքական ռազմավարությունների կենտրոնի նախագահ Սերգեյ Միխիևի ասելով. "ԱՄՆ-ն տարածաշրջանում լարվածություն է ստեղծում, որպեսզի կարողանա միջամտել տարբեր երկրների ներքին հարցերին, ապահովելով իր գեոպոլիտիկական գերակայությունը: Սա վերածվել է ԱՄՆ-ի քաղաքականության անքակտելի մասի":
2017թ ԱՄՆ կոնգրեսը չկարողացավ որևէ որոշում կայացնել ՀԳՀԾ-ի դեմ: Երբ Թրամփը հայտարարեց, որ չի կարող հաստատել Իրանի հավատարմությունը ՀԳՀԾ-ին, Կոնգրեսը 60 օր ժամանակ խնդրեց, որպեսզի այս կապակցությամբ որոշում կայացնի: Այս ընթացքում, Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու կապակցությամբ ներկայացվեցին բազմաթիվ նախագծեր: Որպես օրինակ`հանրապետական սենատրոներ Բոբ Քորքերը և Թոմ Քաթենը ներկայացրին նախագիծ, որում նշվում էր, որ Իրանի պատժամիջոցներն ավտոմատ ձևով վերականգնվելու են, եթե Իրանը հրթիռային փորձարկում իրականացնի: Կոնգրեսի մյուս անդամները առաջարկեցին միջուկային ու գիտական ոլորտի սահմանափակումներ կիրառել Իրանի դեմ, որպեսզի միջուկային բանակցությունները վերսկսվեն: Այդուհանդերձ, այդ նախագծերից ոչ մեկը չհաստատվեց, քանի որ դրանցից յուրաքանչյուրի գործադրմամբ, ՀԳՀԾ-ն կչեղակվեր: CIA-ի նախկին պետ Դևիդ Պետրեուսի ասելով, ՀԳՀԾ-ի չեղարկումը հավանաբար ավելի կմեկուսացնի ԱՄՆ-ին:
Ինչևէ, 2017 թվականն ավարտվեց ու պետք է տեսնել, թե ԱՄՆ նախագահն ինչպիսի վերաբերմունք կցուցաբերի ՀԳՀԾ-ի նկատմամբ հետագայում: Հունվարի 15-ին ավարտվում է կոնգրեսում ՀԳՀԾ-ի վերաբերյալ Թրամփի զեկույցի 90 օրյա ժամկետը: Քանի որ կոնգրեսը 2017թ. այս հարցի վերաբերյալ լռություն պահեց, այժմ Դոնալդ Թրամփը պարտավոր է հայտնել այս կապակցությամբ իր զեկույցը: Իսկ եթե նա ինչպես հոկտեմբերին, խուսափի հաստատել ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմությունն ու շարունակի կախված վիճակում պահել միջուկային պատժամիջոցները, փաստորեն ՀԳՀԾ-ն կչեղարկվի: Այս դեպքում կասկածից վեր է, որ Իրանի միջուկային ծրագիրը որակապես կվերադառնա նախքան ՀԳՀԾ-ի ստորագրման ժամանակը: Իսկ հետևանքների համար պետք է պատասխանատու լինեն ԱՄՆ-ի կառավարությունը և Դոնալդ Թրամփը, իրենց արկածախնդիր քաղաքականությամբ: