Հայացք մոդայի երևույթին
Կան մարդիկ ում ամենակարևոր զբաղմունքը մոդային հետևելն է, և ուրիշներին նմանվելու կամ նրանցից զանազանվելու փորձերը: Հաստատ դուք էլ հանդիպել եք անձանց, ովքեր հագնվում կամ հարդարվում են մյուսներից տարբեր ձևով:Նրանք հետևում են կոնկրետ մոդայի: Դա երևույթ է, որն առկա է բոլոր հասարակություններում:
Մարդն իր էությամբ ձանձրանում է միապաղաղությունից և մշտապես փնտրում է նորություն: Մարդու մեջ կա նորանալու հատկություն և այս գեղեցիկ հատկությունը պատճառ է դառնում, որ մարդու կյանքն ավելի գեղեցիկ դառնա: Հարդարվելու և շրջապատը գեղեցկացնելու ցանկությունը գոյություն ունի մարդու էության մեջ, ինչի շնորհիվ մարդու կյանքը բարեփոխվում է: Սակայն պետք է զգույշ լինել, որպեսզի այս վիճակը դուրս չգա բնականոն ընթացքից, որովհետև դա հետագայոմ կարող է մոլորությունների առիթ ստեղծել:
Մարդն իրեն ուշադրություն դարձնելով, դրսևորում է նաև գեղեցիկի ու կատարելագործվելու նկատմամբ իր սերը: Սակայն եթե դա բնականոն ընթացքից դուրս գա, կվերածվի ցուցամոլության, գոռոզամտության, ինքնահավանության: Սրանցից յուրաքանչյուրն իր հերթին պատճառ է դառնում տարբեր սխալ վարքագծերի, ինչպես` անառողջ մրցակցություն, վատնում, շվայտ կյանք, որի հետևանքով էլ գեղեցիկի նկատմամբ համակրանքը կմղվի երկրորդական պլան:
Ներկա ժամանակաշրջանը կոչվում է կապի ժամանակաշրջան: Այսօր այլևս ոչ նամակատար աղունիկների ենք հանդիպում և ոչ էլ մունետիկների: Եվ այս ժամանակաշրջանոմ, ապրելակերպի ու կենսակերպի յուրաքանչյուր փոփոխություն տարածվում է ամբողջ աշխարհում: Եվ այդ փոփոխությունները վերաբերում են ոչ միայն հագուստին, այլև ավտոմեքենաներին, պայուսակներին, կահույքին, և նույնիսկ քաղաքական գրականությանը և մարդկային հարաբերություններին: Նման վիճակում հանկարծ տեսնում ենք, որ երկու տարբեր հասարակություններում երիտասարդներն ունեն նույն վարքագիծը և հետևում են նույն մոդային: Թերևս առաջին հայացքից դա հետաքրքիր կլինի, որովհետև այդ բազմազանությունն ու գեղեցիկի նկատմամբ ձգտումը հաճելի է և նույնիսկ իսլամը դրան դեմ չէ: Իսլամը մարդկանց խրախուսում է լինել գեղեցիկ, մաքուր, շարժվել դեպի կատարելություն և հաժարվել միապաղաղությունից: Սակայն վտանգը գալիս է այն ժամանակ, երբ մոդային հետևելը վերածվում է ծայրահեղության և հատկապես երիտասարդների ու պատանիների համար արժեքները միմյանցից զատելու գործը բարդանում է: Իսկ դա հանգեցնում է նրան, որ տվյալ անձը հասարակության կողմից ընդունված արժեքների հետ հակասական վիճակում է հայտնվում: Սա զգալի է հատկապես երրորդ աշխարհում, ինչը մտահոգում է սոցիոլոգներին:
Հոգեբան Ղոլամալի Աֆռուզը գտնում է , որ մոդային հետևելը և անսովոր հագ ու կապ ունենալու պատճառը նրանում է, որ տվյալ անձը ուշադրության չի արժանացել ընտանիքի կողմից, ու նրա հոգեկան ցանկությունները չեն բավարարվել: Իսկ դա ըստ երևույթին անտեսվել է ընտանիքի, հատկապես ծնողների կողմից ու չի գնահատվել: Դրա հետևանքով մարդը դառնում է ցուցամոլ: Դժբախտաբար, վերջին տարիներին մոդային հետևելը ծայրահեղ բնույթ է ստացել և պատռված տաբատներն ու կիսամերկ հագնվելը, տատուաժը և այլն դարձել են ցուցամոլության դրսևորումներից:

Արևմտագետ դոկտոր Հասան Բալխարիի ասելով. "Գլոբալիզացիայից հետո, հատկապես տնտեսության ոլորտում, երբ աշխարհը բաժանվեց հարուստ և աղքատ բևեռների, մենք մուտք գործեցինք նոր ժամանակաշրջան, որտեղ չափանիշը դարձավ հարստությունը: Իսկ այդ դեպքում, նրանք, ովքեր փորձում են իշխել աղքատների վրա, ազդում են նաև հանրային մշակույթի վրա: Իսկ հարուստ հասարակությունները փորձում են իրենց իշխանությունը տարածել տարբեր միջոցներով, այդ թվում` մոդայի միջոցով: Դա մոդային հետևողներին պարտադրում է նոր չափանիշներ: Եվ նոր մոդան լցնում է մարդու կյանքը, նրան ստիպելով դառնալ սպառող ու մակերեսային: Նման մթնոլորտում անձին այլևս չի հետաքրքրում կատարելագործվելը և վեհ արժեքներին հետևելը": Այսպիսով, հասկանում ենք, որ հոլիվուդյան մեդիադաշտը, ցուցադրելով ֆիլմեր, փորձում է նաև մարդկանց խրախուսել գնել կոկրետ ընկերությունների արտադրանքը և այդ նպատակին հասնելու համար արվում են մեծ ներդրումներ: Մոդայի տները հոլիվուդյան աստղերին առաջարկում են կրել իրենց արտադրած հագուստը: Եվ խոշոր ընկերությունները այդպիսով մեծ շահույթ են ապահովում: Սպորտային մրցույթների ժամանակ, այդ ընկերությունները դառնում են հովանավոր և փորձում որոշ անձանց միջոցով տարածել հագնվելու ձև, գույն, հատուկ դիզայն, մազի հարդարում և այլն: Եվ նրանք այդ ամենը ներկայացնում են որպես բրենդ: Այսպիսով, մոդան դառնում է մի չափորոշիչ, որտեղ անձն իր համակրանքն է ցուցաբերում տվյալ անձի կամ տվյալ խմբի նկատմամբ: Մոդայի նկատմամբ ծայրահեղ վերաբերմունքը ոչ միայն մարդուն սպառող է դարձնում, այլև նրանից խլում է իր ինքնությունը, և երբեմն նաև վնասում անձի առողջությանը: Բժիշկները համոզված են, որ մոդայի ոլորտում աշխատողները որևէ ապրանք արտադրելիս ուշադրություն չեն դարձնում մարդու առողջությանը: Դրա համար էլ երբեմն ծագում են այսպիսի խնդիրներ, ինչպես` ոտքի ցավ, մեջքի ցավ, քաղցկեղ, հորմոնային ու նյարդային խախտումներ: Այս ամենն առաջանոմ է ոչ ստանդարտ ապրանքներ օգտագործելու հետևանքով: Նման ապրանքներից են նեղ հագուստը, անորակ ապրանքները: Բժիշկների կարծիքով, այն հագուստը, որ ներկայացվում է դիզայներների կողմից, հատկապես եթե այն սինթետիկ է, քրտնելու պատճառ է դառնում, ինչը դժվարացնում է մարդու նյութափոխանակությունը: Հագուստի ձևը, կտորը և դիզայնը նշանակություն ունեն առողջ և հանգիստ ապրելու հարցում: Իսկ հարդարման ոչ ստանդարտ միջոցները կարող են հիվանդությունների պատճառ դառնալ: