Ղազախստանում գումարված մերձկասպյան երկրների 5-րդ գագաթնաժողովի ամփոփիչ հաղորդագրությունը (1)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i96870-Ղազախստանում_գումարված_մերձկասպյան_երկրների_5_րդ_գագաթնաժողովի_ամփոփիչ_հաղորդագրությունը_(1)
Մերձկասպյան երկրների 5-րդ գագաթնաժողովը օգոստոսի 12-ին գումարվեց Ղազախստանի Ակտաու քաղաքում:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Օգոստոս 15, 2018 00:15 Asia/Tehran

Մերձկասպյան երկրների 5-րդ գագաթնաժողովը օգոստոսի 12-ին գումարվեց Ղազախստանի Ակտաու քաղաքում:

Մերձկասպյան հինգ երկրների ղեկավարները Կասպից ծովի իրավական նոր կարգավիճակի կոնվենցիան ստորագրելուց հետո համատեղ հաղորդագրությամբ հանդես գալով հայտարարեցին, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի կոնվենցիան մշակվել է կոնսենսուսի միջոցով՝ նկատի ունենալով բոլոր կողմերի փոխադարձ շահերը: Այս կոնվենցիան 21 տարիներ տևած բանակցություններից հետո և առանց անդրադարձ կատարելու ծովի հատակի ու ընդերքի նաև սահմանային գծերի հստակեցմանը ափամերձ հինգ երկրների ղեկավարների միջոցով ստորագրվեց Ղազախստանի Ակտաու քաղաքում: Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան իրականության մեջ պարունակում է ջրային այս տարածքի միջանկյալ գծերի հստակեցման մեթոդը, նավարկության համակարգի մշակումը և Կասպից ծովում գիտական հետազոտությունների հարցը:

Մերձկասպյան երկրների առաջին գագաթնաժողովը գումարվեց 2001 թվականին՝ Աշխաբադում, երկրորդը՝ 2007 թվականի հոկտեմբերին՝ Թեհրանում, երրորդը՝ 2010 թվականին՝ Բաքվում, իսկ չորրորդը՝ 2014 թվականին՝ Ռուսաստանի նավահանգստային Աստրախան քաղաքում: Մերձկասպյան երկրների ԱԳ նախարարներն ընդհանուր հաշվով անցած երկու տասնամյակներում 8 համատեղ նստաշրջան են գումարել: Բացի այդ անցած տարիների ընթացքում մերձկասպյան հինգ երկրների միջև պայմանավորվածության ձեռք բերման նպատակով գումարվել են 53 փորձագիտական նիստեր: Իրականության մեջ Ղազախստանում ստորագրված համաձայնությունը պիտի համարել հիշյալ բոլոր նստաշրջանների հանրագումարը:

Մերձկասպյան երկրների նախկին նստաշրջանների ժամանակ ափամերձ երկրների ներկայացուցիչների միաձայնությամբ ընդունվել են որոշ որոշումներ: Ափամերձ երկրների չափազանց կարևոր համաձայնություններից մեկը վերաբերում է Կասպից ծովում օտար ուժերի ռազմական ներկայության արգելքին: Բացի այդ պիտի ասել, որ տարածքային ծովի և կամ ազգային ինքնիշխանության տարածման սահմանների դեպքում աշխարհում ընդունված կարգը 12 ծովային մղոն է, սակայն մերձկասպյան երկրների ներկայացուցիչները նախորդ գագաթնաժողովի ժամանակ պայմանավորվեցին 15 ծովային մղոնի շուրջ: Այսպիսով Կասպիցը միակ ծովն է, որտեղ ազգային ինքնիշխանության տարածքի սահմանները 3 ծովային մղոն ավելի առաջ են գնում:

Կասպից ծովը ջրային տարածք է, որ հարավից սահմանափակվում է Իրանով, հյուսիսից՝ Ռուսաստանով, արևմուտքից՝ Ռուսաստանով ու Ադրբեջանով, իսկ արևելքից՝ Ղազախստանով ու Թուրքմենստանով: Նրանից հետո երբ 1991 թվականին Կասպից ծովի ափերում Խորհրդային Միությունը փոխարինվեց Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի ու Ղազախստանի հանրապետություններով, նավթի ու գազի պաշարների գոյության պատճառով Կասպից ծովը ռազմավարական յուրահատուկ նշանակության տեր է դարձել: Կասպից ծովը 1200կմ երկարություն, 220կմ-ից 550կմ լայնք ունի, շրջագիծը կազմում է 6500կմ, իսկ դրա ափերի 657կմ-ը պատկանում են Իրանին:

Ժամանակին Կասպիցը սահմանափակվում էր միայն Իրանով ու ԽՍՀՄ-ով: Այսինքն 1921 և 1940 թվականին Թեհրանի ու Մոսկվայի միջև կնքված պայմանագրերով Կասպիցն Իրանի ու ԽՍՀՄ-ի միջև ընկած միացյալ ծով էր համարվում: Դա պատճառ էր դարձել, որ հանրության մոտ այն տպավորությունը ստեղծվի, թե մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը և նորանկախ հանրապետությունների ձևավորումն ԽՍՀՄ-ն ու Իրանը 50 տոկոսանոց հավասար շահագործման իրավունք են ունեցել Կասպից ծովում: Անկախ այս հավակնությունը ճիշտ կամ սխալ լինելուց դա պատճառ է դարձել, որ ափամերձ հինգ երկրների միջից այս ծովից Իրանին հասնող բաժնի շուրջ որոշ զգայնություններ առաջանան և որոշ փորձագետներ քննադատեն այն կոնվենցիան, որի ստորագրվելը կամ չստորագրվելու հարցը անորոշության մեջ էր գտնվում:

Իրանում որոշ փորձագետներ նույնպես քննադատական հայացք ունեին դրա հանդեպ:

Համալսարանի դասախոս և Միջազգային գերագույն ուսումնասիրությունների Կենտրոնական Եվրասիայի ծրագրի տնօրեն Էլահե Քուլային ասում է. «Կասպից ծովի իրավական կարգավիճակի շուրջ պայմանավորվածության հանգելու համար ներքին ու արտաքին պայմանները նպաստավոր չեն: Չպիտի այս լճում Իրանի ժողովրդի իրավունքների ու կարգավիճակի մասին որևէ փաստաթուղթ  ստորագրել: Ռուսաստանի ԱԳ նախարարության հաղորդագրությունը հստակ կերպով վկայում է Ղազախստանի Ակտաուի նստաշրջանի փաստաթղթի նախագծում Ռուսաստանի շահերի ապահովման մասին»:

Կասպիցի միջազգային ուսումնասիրությունների հաստատության տնօրեն Մեյսամ Արաին Թեհրանում տպագրվող «Իրան» օրաթերթին տված հարցազրույցում ասել է. «Ղազախստանը, Թուրքմենստանն ու Ադրբեջանը կոնվենցիան արդյունքի հասցնելու և դրամից տնտեսական օգուտներ քաղելու նպատակով շահարկել են Իրանի ու Ռուսաստանի համար ստեղծված պայմանները»:

Միևնույն ժամանակ բարդություններ էին առաջացրել Կասպից ծովի կենտրոնական գծերին մերձակա չորս ավազանների շուրջ Ադրբեջանի ու Թուրքմենստանի միջև որոշ տարաձայնություններն ու նաև Չինաստանին Թուրքմենստանի գազի հետ կապված պարտքի հարցը: Կասպից ծովի իրավական կարգավիճակի բարդություններից մեկն էլ վերաբերում էր այս ջրային տարածքում վերտարածաշրջանային ուժերի ռազմական ներկայության հարցին: ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ Կասպից ծովի ափամերձ  որոշ երկրների սերտ կապերը և Կասպից ծովի ջրերում ռազմական ներկայության համար ԱՄՆ-ին արտոնություն տրվելու հավանականության շուրջ այլ երկրների մտահոգությունն ընդգծում էին այս հարցի կարգավորման նշանակությունը: Կասպից ծովում տարածաշրջանից դուրս գտնվող ուժերի և մասնավորապես արևմտյան երկրների ու ԱՄՆ-ի զորայինների ներկայության հետ կապված Իրանն ու Ռուսաստանը յուրահատուկ զգայնությունն են ունեցել: Հաղորդումների համաձայն Կասպից ծովում երրորդ կողմ հանդիսացող երկրների զինված ուժերի ներկայությունն արգելող սկզբունքը նույն հիման վրա է տեղ գտել կոնվենցիայում և Թեհրանն ու Մոսկվան դա համարում են կոնվենցիայի դրական կետերից մեկը: