Սաուդական պատերազմի ցավալի հետևանքները և եմենցի երեխաները
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i98654-Սաուդական_պատերազմի_ցավալի_հետևանքները_և_եմենցի_երեխաները
Եմենցի երեխաները համարվում են այդ երկրի դեմ սաուդական կոալիցիայի սանձազերծած ու անարդար պատերազմի գլխավոր զոհերը:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Սեպտեմբեր 26, 2018 16:53 Asia/Tehran

Եմենցի երեխաները համարվում են այդ երկրի դեմ սաուդական կոալիցիայի սանձազերծած ու անարդար պատերազմի գլխավոր զոհերը:

Պատերազմը ծանր հետևանքներ է ունեցել երեխաների համար: Ծանր հետևանքեր, որոնց մի մասը եղել է ուղղակի, իսկ մյուս մասն անուղղակի ազդեցություն է թողել նրանց վրա: Հաղորդման ընթացքում խոսելու ենք սաուդցիների և նրանց դաշնակիցների հրահրած պատերազմի հետևանքների մասին:

Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի պատերազմը սկսվել է 2015 թ.-ի մարտին : 2018թ.-ի սեպտեմբերի 26-ին  պատերազմից անցնում է 42 ամիս: Պատերազմից ամենաշատը տուժել են երեխաները, որոնց դեմ սաուդցիների իրականացրած հարձակումներն անդառնալի հետևանքներ են թողել: Հաշվի առնելով պատերազմի թողած ծանր հետևանքները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և միջազգային այլ կառույցների պատասխանատուներ եմենյան պատերազմը համարել են վերջին տասնամյակների մարդկային ամենամեծ աղետը : 

 

Ցավալի դրվագներ ՝ եմենցի երեխաների սովի մասին

Եմենցի երեխաները սովի են մատնվել: Կմախքի վերածված եմենցի երեխաները նմանում են քայլող դիակների: Սովն այնքան է երկրում տարածվել, որ որոշ ընտանիքներ ծառի տերևներով են կերակրում իրենց երեխաներին: Հաջջա նահանգի Մաշրադա գյուղի Ասլամի թաղամասի բնակիչներից մեկն ասել է .«Որոշ ժամանակ է գոյատևում ենք ծառի տերևներով սնվելով: Դրանք մեզ փրկել են»: Մեկ ուրիշն ասել է.«Երբ չկան քաղցրավենիքներ, երեխաներին կերակրում ենք ծառի տերևներով»:

Ասոշիեյթեդ պրես ամերիկյան գործակալությունը ցավալի զեկույց է հրապարակել Եմենի հյուսիսային Հաջջա նահանգի երեխաների կենսապայմանների մասին, գրելով.«Ասլամի բուժկենտրոնը լի է սովի մատնված երեխաներով: Բուժքույրերի հավաստմամբ, երեխաների մոտ նկատելի են թերսնման ծանրագույն ազդանշաններ: Ընթացիկ տարում նվազագույնը քսան եմենցի երեխաներ սովամահ են եղել: Իրական թվերն ավելի մեծ են, քանի որ ոչ բոլորն են խոսում երեխաների մահվան մասին»:

Ամերիկյան գործակալությունը հղում է արել Եմենի առողջապահության նախարարության սննդի բաժնի վարիչ ՝ Վալիդ Ալ-Շամշանին, գրելով.«Տարվա առաջին կիսամյակում Հաջջա նահանգում գրանցվել է թերսնման 17 հազար դեպք: Թերսնված երեխաները բուժում ստանալուց հետո սովորաբար իրենց տներ են վերադառնում ՝ չունենալով ուտելիք և խմելու ջուր : Ավելի ուշ ավելի ծանր վիճակում կրկին բուժկենտրոններ են դիմում, ի հարկե եթե մինչ այդ արդեն մահացած չլինեն»:

«Ալ-Մենար» հեռուստաընկերությունն անդրադարձել է եմենցի երեխաների մասին ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացրած վիճակագրական տվյալներին, հաղորդելով.«Ավելի քան երկու միլիոն եմենցի երեխաներ թերսնված են, շուրջ 400 հազարը մահից ընդամենը մի քանի քայլով են հեռու: Ավելի քան 11 միլիոն երեխա ՝ այն է մինչև 18 տարեկան բնակչության 80 տոկոսին սպառնում են տարատեսակ հիվանդություններ»:

Ավելի հավաստի է ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցը: «Եթե դպրոցում չէ» ՝ «If not in School» խորագրով զեկույցում ՄԱԿ-ի մանուկների հիմնադրամը նշել է.«Եմենում թերսնված են 1.8 միլիոն երեխաներ, 1.1 միլիոն հղի և կրծքով կերակրող կանայք: 2014 թվականի համեմատությամբ թվերը 128 տոկոսանոց աճ են արձանագրել»:

 

Եմենցի երեխաները հիվանդ են, վիրավոր ու անօթևան

Սաուդական պատերազմի հետևանքով եմենցի զոհված, վիրավորված ու տանիքից զրկված երեխաների մասին հստակ տվյալներ չկան: ՅՈՒՆԻՍԵՖ-ի 2015 թ.-ի օգոստոսի տվյալներով, եմենական պատերազմի առաջին եռամսյակում զոհվել է 398 երեխա, 60-ը վիրավորվել է: Հիմնադրամի 2016 թ.-ի տվյալների համաձայն, զոհված երեխաների թիվը կազմում է 1121, իսկ վիրավորներինը ՝ 1650 : Մայրաքաղաք ՝ Սանաայում հաստատված «Իրավունքների և զարգացման օրինական կենտրոն»-ն իր զեկույցում թվեր է հրապարակել Եմենի դեմ հազարօրյա պատերազմի մասին: Այդպիսով զոհվել է 13,603 մարդ, վիրավորվել են 21,812 ուրիշներ ՝ այդ թվում 2722 երեխաներ: Վերջին կիսամյակում թվերը մեծացել են: Օգոստոսի 9-ին Սաադայի Զահյանում երեխաներ փոխադրող մեքենայի վրա սաուդցիների հարձակման հետևանքով, զոհվել ու վիրավորվել են ավելի քան 120 երեխաներ:

Մեծ թվով զոհերից ու վիրավորներից բացի, շուրջ երեք միլիոն եմենցիներ հայտնվել են փոխստականի կարգավիճակում: Դա եմենցի երեխաներին սպառնացող մյուս վտանգն է: ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությամբ, ավելի քան մեկ միլիոն եմենցի խոլերայով է վարակվել, որոնցից 2200-ը զոհվել է: 16 միլիոն եմենցիներ ՝ այդ թվում 8.2 միլիոն մանուկներ խմելու ջուր ունենալու համար, հումանիտար օգնությունների կարիք ունեն: Բուժօգնության կարիք ունեցող եմենցիների թիվը պատերազմին նախորդող տարիների համեմատությամբ, երեք անգամ մեծացել է ՝ հինգ միլիոնից 16 միլիոնի հասնելով: Նրանց մեծ մասը երեխաներ են:

 

Եմենցի երեխաները զրկվել են ուսումից . նրանց մութ ապագա է սպասվում

Եմենցի երեխաները զրկվել են ուսում ստանալու հնարավորությունից: 2018թ.-ի մարտին ՅՈՒՆԻՍԵՖ-ը հրապարակել է մի զեկույց, համաձայն որի ավելի քան երկու միլիոն եմենցի երեխաներ զրկվել են ուսումից: Պետական դպրոցների ուսուցիչների երեք քառորդն աշխատավարձ չի ստանում: Եվս 4.5 միլիոն երեխա հայտնվել է ուսումից զրկվելու վտանգի առջև:

«Եթե դպրոցում չէ» ՝ «If not in School» խորագրով  ՄԱԿ-ի մանուկների հիմնադրամի զեկույցում կարդում ենք.«Ավելի քան 2500 դպրոց օգտագործման ենթակա չէ, դպրոցների երկու երրորդը տուժել է պատերազմից, դպրոցների 27 տոկոսը փակվել է, իսկ յոթ տոկոսն օգտագործվում է ռազմական նպատակների համար կամ էլ դարձել է փախստականների կացարան»: Իրականում այդ զեկույցը կարդալով հարցեր են ծագում, որ եթե երեխաները դպրոցներում չեն, ապա ո՞ւր են և ի՞նչով են զբաղված: 

2015 թ.-ի մարտից ի վեր 2416 եմենցի տղա երեխաներ համալրել են ռազմական խմբերի շարքերը: Կանանց երեք քառորդը դեռ չափահաս չդարձած, հարկադրաբար ամուսնացել են, որոնց 44.5 տոկոսը չեն բոլորել 15 տարեկանը: 

Եմենում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ ՝ Մերիչել Ռելանոն հայտարարել է.«Եմենցի երեխաների մի սերնդի մութ ապագա է սպասում ՝ սահմանափակ ուսում ստանալու կամ դպրոցից զրկվելու պատճառով: Անգամ նրանք, ովքեր կարողացել են մնալ դպրոցներում , չեն ստանում որակյալ ուսում»:

 

Երկարատև պատերազմն ունի նաև հոգեբանական հետևանքներ

Եմենի դեմ Արաբիայի և նրա դաշնակիցների սանձազերծած պատերազմի թողած հետևանքները չեն սահմանափակվում ֆիզիկական ու կենսական վնասվածքներով: Այնուամենայնիվ, պատերազմի պատճառով ընտանիքներ են քայքայվել: Երեխաները դարձել են ծնողազուրկ , կորցրել են իրենց հարազատներին: Այս բոլորը թողնելու են հոգեբանական հետևանքներ: Հոգեբանների համոզմամբ, պատերազմական վիճակներում ապրող երեխաներին սպառնում են սթրեսային խանգարումները, որի հաղթահարումն անկասկած հեշտ չի լինելու: