Հաֆեզը, որպես մնայուն արժեք` ողջ պատմության ընթացքում
Իրանական օրացույցում հոկտեմբերի 12-ը Հաֆեզի մեծարման օրն է: Ձեզ ենք ներկայացնում այս կապակցությամբ հատուկ հաղորդում:

Խոջա Շամս ադ-Դին Մուհամմեդ Հաֆեզ Շիրազին, լուսնային հիջրեթի 8-րդ դարի ամենահայտնի բանաստեղծներից է, ով եղել է իրանցիների ինքնության և պատմական հիշողության խորհրդանիշը: Հաֆեզն իրանական հասարակության ենթագիտակցության խիղճն է և ողջ Իրանի ամենասիրված բանաստեղծը` պատմության ընթացքում: Իրանում եղել են բազմաթիվ բանաստեղծներ, սակայն անշուշտ, նրանցից ոչ մեկը չի կարողացել գրավել մարդկանց սրտերն ու դառնալ ամենասիրվածը և' ազգային և' համաշխարհային մասշտաբով: Հաֆեզն այն բանաստեղծն է, որ մտնում է յուրաքնաչյուրի սիրտը, ինչ ազգից, մշակույթից ու խավից էլ որ լինեն: Հենց այդ պատճառով է, որ նրա ժողովածուն, Ղուրանից հետո, ամենավաճառվող գիրքն է Իրանում: Բազմաթիվ արարողությունների ժամանակ, այդ թվում նոր տարուն կամ ամուսնության արարողության ժամանակ, այն դրվում է սեղանին: Յուրաքանչյուր իրանցու տանն անպայման կա Հաֆեզի ժողովածուն:
Աշխարհը նույնպես Հաֆեզին ճանաչում ու սիրում է ինչպես իր սեփական բանաստեղծին: Զարմանալի է նրա խոսքի ու բառի ազդեցությունը ոչ իրանցիների վրա: Բազմաթիվ են մարդիկ, ովքեր պարսկերենով սովորում են Հաֆեզի բանաստեղծությունները, որպեսզի ավելի լավ հասկանան նրան:
Գերմանացի բանաստեղծ Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն (1749-1832) այն եվրոպացի մտավորականներից էր, ով դարձավ Հաֆեզի երկրպագուներից: Նրա կապվածությունն այնքան մեծ էր, որ իր “Արևելյան ժողովածու”-ում նա ասում է. «Երբ այս զարմանահրաշ ու մեծ մարդը մուտք գործեց իմ կյանք, ես սկսեցի խելագարվել»: Որպեսզի կարողանա Հաֆեզի լեզվով կարդալ նրա ստեղծագործութուններևը, Գյոթեն սկսեց սովորել պարսկերեն: Գյոթեի մահից հետո, նրա սեղանին գտան մի թուղթ, որի վրա, պարսկերենով ու մի ձեռագրով, որը նման էր մանկան ձեռագրի, գրված էր Հաֆեզի բանաստեղծություններից մեկը: 1819թ. “Արևելյան ժողովածու” գրքում Գյոթեն գրում է. «Ով Հաֆեզ, քո խոսքը հավերժություն է: Մեծ հավերժություն: Որովհետև այն ոչ սկիզբ ունի և ոչ էլ ավարտ: Հնարավոր չէ հասկանալ, թե որտեղ է քո գազելն ավարտվում կամ սկսվում: Որովհետև այն, ինչ դու ասում ես, կատարյալ է: Հաֆեզ, ցանկանում եմ ընդօրինակել գազելներ ստեղծելու քո արվեստը: Ցանկանում եմ քեզ պես հանգեր հորինել, որպեսզի իմ բանաստեղծությունը զարդարեմ քո գազելների մանրուքներով»:
Գերմանացի լեզվաբան Ֆրիդրիխ Յունկերը նույնպես Հաֆեզի երկրպագուներից էր: Նա գրում է. «Այս գարնանային հաճելի լուսաբացին, ես ամենից շատ քեզ եմ հիշում: Ով, պոեզիայի աշխարհի հավերժ ստեղծագործող: Ով, արևելքի ծաղիկ, ով հեքիաթասաց բլբուլ, որ աշխարհի դաշտը հեղեղել ես քո երգով: Քեզ եմ հիշում, ով ներշնչանքի ու արվեստի աղբյուր: Ով Շիրազի Հաֆեզ, որ աշխարհը հագեցրել ես քո թարմ ու երկնային աղբյուրով»:

Կոմունիզմի հիմնադիր Կառլ Մարքսի ընկերը` Ֆրիդրիխ Էնգելսը, ով դիալեկիտիկ մատերիալիզմի հիմնադիրն էր, հատուկ հարգանք ուներ Հաֆեզի նկատմամբ: Մարքսին ուղղված մի նամակում նա գրում է. «Քանի դեռ չենք հասկացել Հաֆեզի մտածողությունը, չենք կարող իրականացնել մեր գաղափարները: Հենց այդ պատճառով, ես այսօրվանից որոշել եմ պարսկերեն սովորել և քեզ էլ առաջարկում եմ նույնն անել»:
Անցած 600 տարիների ընթացքում, պարսից լեզվի ու գրականության մեջ ի հայտ են եկել բազմաթիվ գրողներ: Նրանցից յուրաքանչյուրն այս ոլորտում ունի իր ուրույն տեղը: Սակայն նրանցից ոչ մեկը չի կարողացել Հաֆեզ դառնալ: Իսկ որն է պատճառը, բացի այն, որ Հաֆեզն ուներ մի միտք, որ ոչ ժամանակ էր ճանաչում և ոչ էլ տեղ: Հաֆեզի ուղերձը համաշխարհային էր: Եվ նշանակություն չունի, թե մարդն աշխարհի որ երկրում է ապրում, սևամորթ է սպիտակամորթ, կարմրամորթ է թե` դեղնամորթ: Հարավում է ապրում, թե հյուսիսում, արևելքում, թե արևմուտքում: Հաֆեզն աշխարհի բոլոր մարդկանց հետ խոսում է խաղաղության, բարեկամության, համբերության ու սիրո մասին: Մի հարազատ ընկերոջ նման նստում է քո կողքին ու զրուցում: Հենց այդ պատճառով է, որ նրա բանաստեղծությունները հռչակվել են որպես պարսից բանաստեղծության շաքար: Երբ նա կենդանի էր, նրա բանաստեղծությունները տարածվում էին Բենգալիայից մինչև Հնդկաստան, Քաշմիր ու Սամարղանդ: Եվ այս մտքի թռիչքը դեռևս շարունակվում է, անտեսելով ժամանակն ու տեղանքը: Ոմանք համոզված են, որ Հաֆեզի միտքը խտացնում էր իրենից առաջ եղած բանաստեղծներին: Եվ Հաֆեզն այս խտացումն իր լեզվով է ներկայացնում: Ալի Դաշթին, համեմատելով իրանցի երեք բանաստղեծներին` Խայամիին, Սաադիին ու Մոլավիին, ասում է. «Հաֆեզը Խայամի հուսահատ միտքն էր, Ջալալէդդին Մուհամմադ Բալխիի խանդավառ ու հուսալի հոգին և Սաադիի ողջ տաղանդը: Նա այս երեքն ի մի բերելով ստեղծեց բանաստեղծական մի նոր աշխարհ, որ ոչ Խայամ էր, ոչ Մոլավի և ոչ էլ Սաադի: Սակայն նա երեքից էլ օգտվել էր, ինչպես մի մետաղ, որ կազմված էր մի քանի այլ մետաղներից, սակայն իր հատկություններով ու ազդեցություններով տարբերվում էր մյուսներից»:
Ճիշտ է, որ Հաֆեզի պոեզիան իր ժամանակից առաջ է անցել, սակայն իրականւթյունն այն է, որ Հաֆեզի պոեզիայի մեջ կա մի գաղտնիք և նրան չի կարելի սահմանափակել միայն նրանով, որ նա ազդվել է իր նախորդներից: Պետք է ավելացնել, որ Հաֆեզը եղել է իր միջավայրի ու ողջ մարդկության բարոյական կապիտալի ժառանգորդը: Նրա բանաստեղծությունը ներկայացնում է Իրանի ժամանակի մտավոր ու մշակութային շարժումները և խորհրդանշում մարդկանց գաղափարները, կարիքները, տխրություններն ու ուրախությունները, հին ժամանակներից մինչև մեր օրերը:
Անգլիացի բանաստեղծ Սամյուել Ջոնսոնն ասել է. «Շեքսպիրը ժամանակի հոգին է»: Հաֆեզին նա նույնպես որպես ժամանակի հոգի է բնութագրել: Սակայն ոչ միայն իր ժամանակի, այլ բոլոր ժամանակների:
Այն, ինչը Հաֆեզին առանձնացնում է մյուս բանաստեղծներից և դարձնում մնայուն արժեք, Իրանի պատմության ու մշակույթի մեջ, միայն նրա մտքի թռիչքն ու բառերը զարդարելու և բառակապակցություն դարձնելու նրա կախարդական կարողությունն են: Նրա բանաստեղծության մեջ կարելի է տեսնել նրա միտքը, շունչը և հոգին, որոնք միմյանց հետ շաղախվելով, ստեծել են հատուկ միջավայր: Այն յուրաքանչյուր պարսկերեն խոսողի մասնակից է դարձնում: Եվ յուրաքանչյուր պարսկալեզու մարդ զգում է, որ այդ մթնոլորտը պատկանում է իրեն: Եվ հենց այդ պատճառով էլ Հաֆեզը դարձել է յուրաքանչյուր գաղտնիքի բացահայտողը: Այս զգացմունքը, սրտակցությունը, մարդու պատմական ու հասարակական ձեռքբերովի կամ ժառանգական ցավերն են բոլոր սերունդերում ու ժամանակներում: Այնպիսի ցավեր, ինչպես` խաբեություն, ամբոխավարություն, անարդարություն, իրավունքների ոտնահարում, բարոյական արժեքների վաճառք, գոռոզամտություն, բռնություն և այլն: Որոշ գրականագետներ համոզված են, որ Հաֆեզն իր ժամանակի հայելին է: Սակայն այն, ինչ նրանք տեսնում են այս հայելու մեջ, միայն մի ժամանակի կամ իրականության արտացոլանքը չէ: Այս հայելու մեջ կարելի է տեսնել անցած պատմության մեջ և Հաֆեզին հաջորդող ժամանակաշրջաններում Իրանի ժողովրդի մտավոր ու հոգեկան կյանքի արձագանքը: Հաֆեզի բանաստեղծություններն այսօր համաշխարհային համբավ են վայելում: Ուստի կարելի է ասել, որ Հաֆեզի բանաստեղծությունը ողջ մարդկության կյանքի հայելին է բոլոր ժամանակներում: Հաֆեզի բանաստեղծությունը կյանքի հեքիաթն է` նվաստացումից մինչև կատարելագործություն: Հաֆեզը խոսում է այն սիրո մասին, որ դրված է նրա ուսին: Սեր, որը մարդուն վերելքի է հասցնում: Հաֆեզի բանաստեղծությունը խոսում է խարդախության ու անարդարության մասին: Այստեղ սկսվում է այն կետը, որտեղ մարդը հեռանում է Աստծուց: Հաֆեզը կենդանի է և իր բանաստեղծությունների միջոցով խոսում է մեզ հետ: Հաֆեզի մնայուն լինելը կայանում է հենց այս սրտակցության մեջ: Նա մեզ հետ խոսում է իր ցավերից ու դառնություններից: Մեզ հետ միասին իր ձայնն է բարձրացնում ընդդեմ բռնատերերի ու խարդախների: Նա մեզ հետ երազում է նոր ժամանակաշրջան ստեղծել աշխարհում, որը հիմնված է արդարության վրա:
Հոկտեմբերի 12-ը` Հաֆեզի օրը, շնորհավորում ենք Հաֆեզի բոլոր երկրպագուներին: